«Մարդկանց կարևոր է տալ ինքնուրույն ոտքի կանգնելու հնարավորություն».

«Բարի կար» արհեստանոցում արցախցի կանայք քնապարկեր են կարում

 

«Անվերջ սնունդ բաժանելով՝ մարդկանց ոտքի չես հանի», – ասում է «Բարի մամա» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Ադուլյանն ու ավելացնում՝ մարդուն օգնելու համար պետք է տալ աշխատելու հնարավորություն:

 

«Բարի մամա» ՀԿ-ի հիմնական առաքելությունը  մանկալքության դեմ պայքարն է, սակայն, ինչպես Մարինան է նշում, պատերազմն իր հետ բերեց բազմաթիվ այլ խնդիրներ, և յուրաքանչյուրի պարտքն է անել անհնարինը՝ մարդկանց աջակցելու և երկիրը վերականգնելու համար:

 

 

«Պատերազմի օրերին, համագործակցելով թե՛ պետական կառույցների, թե՛ անհատների հետ մեր հասարակական կազմակերպությունն, ինչպես և բոլորը, աջակցում էր տեղահանված ընտանիքներին և բանակին։ Հետո հասկացանք, որ անվերջ սնունդ բաժանելով՝ նրանց ոտքի չես հանի:  Այսպես ծնվեց 2 գաղափար՝ «Բարի Կար» արհեստանոցը, որտեղ կաշխատեին ու կարել կսովորեին արցախցի կանայք, և Ջրվեժ համայնքի շրջակայքում բնակվող երեխաների և իրենց մայրերի համար ստեղծեցինք վերականգնողական ծառայություններ՝ հոգեբանի, լոգոպեդի, ադապտիվ ֆիզկուլտուրայի մասնագետի», – պատմում է Մարինա Ադուլյանը:

 

 

«Բարի կար» արհեստանոցում այս պահին աշխատում և սովորում է արցախցի 10 կին:  Դեռևս կարում են քնապարկեր՝ բանակի համար, սակայն հետագայում նախատեսում են ընդլայնել ինչպես արհեստանոցում աշխատող կանանց թիվն, այնպես էլ՝ արտադրվող տեսականին․կկարեն նաև անկողնային պարագաներ, հագուստ․ 

 

«Կա մեծ խնդիր՝ թուրքական ապրանքատեսակները լցվել են հայկական դաշտ: Եվ յուրաքանչյուր դրամ, որը ծախսվում է դրանք գնելու վրա, վաղն ուղղվելու է հայերի դեմ: Տեսնելով Ամանորից առաջ բազմաթիվ հերթերը նմանատիպ խանութներում՝ որոշեցի հիմնել կարի արտադրամաս և ստանալ մատչելի ու որակով հայկական արտադրանք՝ ոչ թուրքական հումքից, – պատմում է Մարինան,- Քնապարկերի առումով ևս խնդիր կար: Պատերազմի օրերին զինվորներին ուղարկելու համար մենք գնում էինք դրանք հնարավոր ամենամատչելի տարբերակով՝ 8000 դրամով, այնինչ պարզվեց, որ քնապարկի ինքնարժեքն ընդամենը 5800 դրամ է: Հիմա մենք կարում ենք հենց ինքնարժեքով և բոլոր ցանկացողներին դրանք կտրամադրենք այդ գնով: Հուսով ենք ունենալ շատ պատվերներ և ընդլայնվել»։

 

Մարինան ցավով է արձանագրում, որ երբ նվերներ կամ սնունդ էին բաժանում, օրական ստանում էին հարյուրավոր հայտեր՝ մարդկանցից, որոնք ունեին դրա կարիքը, սակայն կարի արտադրամաս ստեղծելու մասին հայտարարությունից հետո, այդտեղ աշխատելու կամ սովորելու համար ընդամենը 21 հայտ են ստացել, որոնցից էլ կատարվել է ծրագրի մասնակիցների ընտրությունը.

 

«Կարևոր է մարդկանց մոտ չձևավորել այն զգացողությունը, որ բոլորն իրենց պարտք են: Կարևոր է տալ ինքնուրույն ոտքի կանգնելու հնարավորություն: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր գիտակցում են, որ մեկ անգամ օգնելով՝ ոչինչ չեն փոխի, և աջակցում են մեր այս նախաձեռնությանը: Շնորհակալ եմ նաև «Ավրորա» մարդասիրական հիմնադրամին՝ արցախցիների հետ կապված ծրագրերի մեր լավ գործընկերը դառնալու համար», – ասում է Մարինան:

 

 

Արցախցի կանանց հետ նա շատ է շփվում։ Ասում է՝ իրենց պատմություններով, ապրումներով կիսվում են միայն հոգեբանի հետ.  «Ինձ ոչինչ չեն պատմում: Միայն օգնում են հավատալ, որ «լյոխ լավ է լինելու»»…

 

 

Յանա Շախրամանյան

 

 

Դիտումների քանակը` 881

Գլխավոր էջ