Մարիամ Ծատրյան. «Ես չեմ ուզում կանանց տեսնել միայն գազօջախի կողքին»

«Քաղաքական ակտիվությանս հետ չի համակերպվում միայն իմ 84-ամյա տատսԱսում է՝ ես խոխա չեմ պահել, մեծացրել, որ հանձնեմ պետությանը», –պատմում է 25-ամյա Մարիամ Ծատրյանը: Նրա տատն անհագստացել էր, որ թոռնուհին որոշել էր մեծ քաղաքականություն մուտք գործել, առաջադրվել արտահերթ խորհրդարանական ընտրություններում որպես պատգամավորի թեկնածու «Իմ քայլը» դաշինքի կողմից: Չնայած տատը դեմ էր, բայց Մարիամը ռեյտինգային ընտրակարգով Սյունիքն ու Վայոց ձորն ընգրկող ընտրատարածքում 4455 քվե էր ստացել:

 

Մարիամը քաղաքականությամբ սկսել էր հետաքրքրվել 19 տարեկանից, ասում է՝ ու հարազատների համար սկզբում խորթ էր նրա քաղաքական ակտիվությունը,  անհանգստանում էին, երբեմն դեմ լինում բողոքի ցույցերին նրա մասնակցությանը: «Շատ էին անհանգստանում, երբ քաղաքացիական ակցիաների էի մասնակցում, հաճախ ուշ վերադառնում տուն, հաճախ թրջված, մրսած, հոգնած, ասում էին՝ ոչինչ չի փոխվի, քեզ խնայիր, այլ հետաքրքրություն գտիր: Ընկերներից շատերը՝ նույնպես:

Մարիամը հիշում է Ազատության հրապարակում 2011-ի տասնօրյա հայտնի նստացույցերը, երբ քաղաքական գործիչներն էին կալանավորվել. Ասում է դասերից հետ էր ընկնում, իսկ չորս կողմից սաստում էին՝ շուտ տուն արի: Հետո հիշում է իր մասնակցությունը «Էկեկտրիկ Երևան»  բողոքի ցույցին: Իսկ  2015 թվականն իր քաղաքական պայքարի հասունության շրջանն էր, երբ սահմանադրական փոփոխությունների էին նախապատրաստվում, ու «Ոչ»-ի պայքարը սկսել է համալսարանից, որտեղ պրակտիկայի էր՝ բանասերների համար  դասախոսություններ էր կարդում: Հենց այստեղ էլ Մարիամը «Ոչ»-ի իրազեկում էր նախաձեռնել, ինչպես ինքն է ասում՝ այն ժամանակ իներտ ուսանողությանը հասկացնում էր՝ կոմպրոմիս չպիտի լինի այդ իրականության հետ: Այս նախաձեռնության համար Մարիամին հրավիրել էին ռեկտորի մոտ, իբրև քաղաքական զսպվածության սկզբունքն էր խախտել ուսանողության հետ շփումներում:

Համալսարանում ավարտական աշխատանքի հանձնման ժամանակ («ԼՂ հարցը որպես ՀՀ արտաքին քաղաքականության հիմնահարց 91-98 թ.թ.») հանձնաժողովի անդամներն ու նախագահն չեն ողջունել նրա քաղաքական դիրքորոշումը, երբ առաջին նախագահի հրաժարականն է հիշեցրել՝ նշելով, որ  գեղեցիկ քաղաքական մշակույթ է, լավ կլինի գործող նախագահն էլ  օրինակ վերցնի:  Ապա հիշում է «Ոչ»-ի հանրաքվեի օրը, երբ ընկերներով վերահսկում էին գործընթացը Նոր Նորքի դպրոցներից մեկում.«Թաղի խուժանն էր ու մենք՝ երեք աղջիկներով և մեր ընկերը՝ ապաքաղաքական, պատմության ուսուցիչ մի տղա: Տեղամասերը փակվելուց հետո սկսվեցին սպառնալիքները՝ չնկարե՛ք, հեռախոս վերցրեցին, սկսեցին հետապնդել և այլն: Առավոտյան արթնացա ու կյանքիս ամենամշուշոտ ու կոտրված օրն էր: Ռեժիմը անտեսել էր ՀՀ քաղաքացու կարծիքը, ոտնահարել մեր Ես-ը: Բայց համոզված  էի, եթե հանրաքվեն կամ ընտրությունները կեղծելը հնարավոր է, բայց հնարավոր չէ կառավարել մի հանրություն, որի կամքը ոտնահարել են»:

Թեև Մարիամը հիասթափվել էր, բայց չէր նահանջում, լավատես էր:  Հետո եղավ ամենահետաքրքիրը.որոշեցի ջրին հակառակ լողալ՝ռեժիմի տարիներին աշխատանքի անցա Մեղրիի համայնքապետարանում: Համակարգում էի տեղեկատվության և հանրային կապերի ոլորտը: Իմ նկատմամբ ցուցաբերվեց քաղաքական լայնախոհություն. Դարձյալ շարունակում էի նույն քաղաքացիական կեցվածքով ապրել, համայնքի կյանքում ինչ-որ բան փոխել և հաճախ բաց ճակատով խփել հաստ պատերին»:

 

Եվ երբ երկու տարի առաջ Երևանից Մեղրի էր տեղափոխվում Մարիամը լավ պատկերացնում էր ինչ է իրեն  սպասվում: Ասում է՝ ակտիվորեն քննարկվում էր ֆեյսբուքյան քաղաքական բնույթի իր գրառումները՝«բա չե°ս վախենում աշխատանքիցդ զրկվես», «մի քիչ կարելի է չէ° զուսպ լինել և երկրի նախագահի մասին գրելիս գոնե ազգանունը նշել», «բա քաղաքապետը դե°մ չի էդ ակտիվությանը», ու էս տեսակ լիքը «բա»-եր: Այս տարվա ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, Մարիամը համայնքապետից գրություն է ստացել՝ խախտել է համայնքային ծառայողի քաղաքական զսպվածության սկզբունքը, հանդես է եկել երթ կազմակերպելու կոչերով՝ կարգապահական խախտում արել: «Ես դրոշակակիր չեմ, բայց ինձ հաջողվեց համայնք բերել համարձակություն և անկաշկանդ խոսելու և գործելու խիզախություն»-ասում է Մարիամը:

 

Բնակվելով և աշխատելով մարզում, Մարիամն առանց վիճակագրան տվյալների գիտի՝ Սյունքի մարզը երբևէ չի ունեցել կին մարզպետ, այստեղ չի եղել կին քաղաքապետ, ավագանու կազմում նույնպես կանանց ներգրավվածության ցուցանիշը դեռ ցածր է. «Համայնքապետարանների աշխատակազմում կանանց ներգրավվածությունը բարձր է, բայց հիմնականում նրանք կրտսեր, առաջատար, գլխավոր մասնագետներ են՝ որոշումների կայացման և պատասխանատվություն կրելու առումով դարձյալ տղամարդկանց թիկունքում են»: Մարիամը համոզված է՝ այս խնդիրը պետք է շտկել,   հասարակության վերաբերմունքը  քաղաքական գործընթացներումներում ներգրավված կանանց նկատմամբ նույնպես պետք է կրի փոփոխություն՝ նաև արժեքային իմաստով:  Երիտասարդ աղջիկը վստահ է՝ հասարակությունը պետք է գիտակցի, որ անհատը, անկախ իր սեռային պատկանելությունից, համապատասխան գիտելիքների և պատրաստվածության պարագայում, կարող է հաջողությամբ ծավալել այն գործունեությունը, որը մեր երկրում ավանդաբար համարվել է «տղամարդկանց գործ»: Ասում է, իր   իսկ փորձով է զգացել քաղաքական ակտիվ պայքարում տղամարդկանց կողմից  խտրական վերաբերմունքը՝ թե դա կնոջ ի՞նչ խառնվելու գործ է.« Բայց հետո հասկացան, որ ինձ հետ հաշտ լինելու համար պիտի ընդունեն ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Հիմա գրեթե այդ խտրական, սաստող խոսքերը չեմ լսում: Անգամ հաճույքով նախընտրական քարոզարշավիս էին մասնակցում»:

 

Ի դեպ,  Վորլդ Վիժն Հայաստանի  «Առօրյայի անտեսանելի կողմը. Գենդերային կարծրատիպերը կենցաղում».  հետազոտության արդյունքները փաստում են,  որ մեր հայրիշխանական հասարակությունը ապրում է տղամարդկային փոխհարաբերությունների օրենքներով՝ դուրս թողնելով  կանանց հասարակական կյանքում իրականացվող հաղորդակցությունից, որի ժամանակ ձևավորվում կամ վերափոխվում են հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող արժեքներ, գաղափարներ, իրավիճակներ: Հետզոտությունը նաև բացահայտել է՝ կանանց մասնակցության աստիճանը համայնքային հարցերի քննարկմանն այնքան ցածր է, որ, կարելի է ասել, ընդհանրապես բացակայում է:  Ըստ նույն աղբյուրի, համայնքային քննարկումները հիմնականում տեղի են ունենում տղամարդկանց մասնակցությամբ և նրանց որոշումներով: Հասարակական այն կարծիքը, որ քաղաքական և/կամ հասարակական գործունեությունը գերազանցապես տղամարդկանց տիրույթում է, արդիական է հատկապես  մարզային համայնքներում:  «Հետազոտության մասնակիցների շրջանում երևույթի վերաբերյալ տարածված է այն կարծիքը, որ հասարակական կյանքը կառուցում են տղամարդիկ. նրանք են տիրապետում այն ձևավորելու և փոփոխելու կանոններին, իսկ կանայք՝ ոչ: Տղամարդկանց կողմից հանրային կյանքում կանանց ունեցած մասնակցությունն արգելելը կամ դրան դեմ լինելը պայմանավորված է այն հանգամանքով, որ չեն ցանկանում իրենց «իշխանությունը» հանձնել կանանց… Տղամարդ զրուցակիցները բացառում են ինչպես իրենց մասնակցությունը կանանց վերաբերող աշխատանքների հավասար իրականացմանը, այնպես էլ «տղամարդկային որոշումների» կայացման մեջ կանանց դերը, քանի որ, իրենց խոսքով,  կանայք չեն կարող բավականաչափ խելացի գտնվել և ճիշտ կողմնորոշվել»,- նշում են հետազոտության հեղինակները:

 

 

Քաղաքացիական ու քաղաքական կյանքում կանանց ներգրավվելու հարցում ընտանիքի աջակցության մասին զրուցեցինք  նաև  գենդերային հարցերով փորձագետ Լիլիթ Զաքարյանի հետ: Նրա դիտարկմամբ,  ընտանիքի աջակցության գործոնը շատ կարևոր դեր ունի կանանց առաջընթացի համար:  Փորձագետը նկատում է, որ կնոջ՝ քաղաքականություն մուտք գործելն ավելի հեշտ է լինում, երբ ընտանիքում որևէ մեկն ունեցել է պաշտոն կամ քաղաքականապես ակտիվ է եղել, հնարավոր է նաև հակառակը՝ քաղաքականապես ակտիվ չեն, բայց չեն էլ խոչընդոտում՝ եթե ընտանիքի անդամները հավատում  են, որ կինը կարող է ինչ-որ բանի հասնել: Նրա խոսքով, կնոջ թիկունքն ամուր է՝ եթե ընտանիքն աջակցում է, իսկ եթե ընտանիքում խնդիր կա,  բացի նրանից, որ կինը դրսի խոչընդոտներն է հաղթահարում, նա ստիպված է լինում նաև ներսի խոչընդոտների դեմ պայքարել ու հաղթահարել: «Բայց այսպիսի մի բանաձև կա՝ եթե կինը հասնում է հաջողության, անկախ նրանից, թե նախկինում ընտանիքի վերաբերմունքն ինչպիսին է եղել, բոլորը սկսում են աջակցել: Հենց կինը հասնում է հաջողության, կոպիտ ասած՝  գումար է վաստակում կամ ազդեցության ոլորտ է ապահովում, այս դեպքում ընտանիքի վերաբերմունքը փոխվում է և սկսում է աջակցել»,-ասում է Լիլիթ Զաքարյանը՝ նկատելով, որ մեր երկրում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո, կարծես թե դրական միտում կա. այդ իրադարձություններից հետո մեծ թվով մարդիկ, հատկապես կանայք մտան քաղաքական դաշտ, և մեդիայի շնորհիվ մարդիկ տեսան, որ քաղաքականությունը նաև կանանց գործն է:

 

  

Մարիամ Ծատրյանն էլ համոզված է՝ այս տարվա թավշյա գարունը նշված խնդրի շուրջ փոփոխություններ բերեց, սակայն կանանց ներգրավվածությունն հանրային և քաղաքական դաշտում առավել ակտիվացնելու, նրանց մոտիվացնելու համար անհրաժեշտ են իրավական կարգավորումներ: Մարիամը նկատում է՝ եթե օրենքը ոչ միայն  հավասար իրավունքներ, այլ հավասար հնարավորություններ ստեղծի բոլորի համար, ապա վստահ է, կանայք առավել մեծ շահագրգռվածությամբ ու պատրաստակամությամբ կմասնակցեն հասարական-քաղաքական գործընթացներին: Ասում է՝ կուսակցությունները նույնպես իրենց ներքին ժողովրդավարության սկզբունքները պետք է կառուցեն գենդերային զգայուն ռազմավարության շուրջ: «Բայց ուզում եմ ակտիվ քաղհասարակություն տեսնել՝ պահանջատեր, չհարմարվող, ստեղծարար: Ուզում եմ, որ  մարդիկ՝ լինի դա կին թե տղամարդ,  քաղաքացիական պարտք կատարելու պատրաստակամություն ունենան, համայնքի, երկրի ապագայի կերտումը իրենց սեփական գործը համարելու գիտակցություն ունենան: Ես չեմ ուզում կանանց տեսնել միայն գազօջախի կողքին: Ես նպաստելու եմ նրանց ինքնադրսևորման և ինքնաճանաչման համար հարթակների ստեղծմանը»,-ասում է Մարիամ Ծատրյանը:

 

Մարիամ Հովհաննիսյան

 

Լուսանկարները՝

Մարիամ Ծատրյանի ֆեյսբուքյան էջից

Դիտումների քանակը` 2385

Գլխավոր էջ