Մարիա Կարապետյան. «Կանայք կարող են և՛ ճկուն լինել, և՛ կոշտ»

WomenNet.am-ի զրուցակիցն է  «Իմ քայլը» դաշինիքի ընտրական ցուցակի 16-րդ հորիզոնականը զբաղեցնող, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով Արարատի թիվ 5 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Մարիա Կարապետյանը:

 

 

Մարիա Կարապետյանը ավարտել է   Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետը՝ ստանալով լեզվաբան-երկրագետի բակալավրի աստիճան, այնուհետև  եվրոպագետի մագիստրոսի աստիճան։ 2013-2015 թ.թ. սովորել և ավարտել է Հռոմի երրորդ համալսարանի «Խաղաղության ուսումնասիրություններ․ Միջազգային համագործակցություն, մարդու իրավունքներ և Եվրոպական Միության քաղաքականություն» մագիստրական ծրագիրը: Դասավանդել է Երևանի միջազգային դպրոցում,  աշխատել է «Իմեջին» կոնֆլիկտների հաղթահարման կենտրոնում որպես  զարգացման գծով տնօրեն և համակարգել է տարածաշրջանային մասնագիտական ցանցերի ստեղծմանն ուղղված ծրագրեր։ 2015-2018 թվականներին եղել է «Կովկասյան հրատարակություն. Կոնֆլիկտների հաղթահարման պարբերական»-ի համախմբագիրը։ Հանդիսանում է «Ռոնդինե խաղաղության ցիտադել» իտալական հասարակական կազմակերպության ղեկավար խորհրդի անդամ։ 2018 թվականի մարտին համահիմնադրել է «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը։ 2018 թվականի հոկտեմբերից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներին։ Ծնունդով Վանաձորից է: 30 տարեկան է:

 

– Ծանոթանալով ձեր կենսագրությանը կարելի է ենթադրել, որ որպես պատագամավորության թեկնածու  ձեր առաջադրմանը նպաստել է մինչ այդ  քաղաքացիական, հասարակական ակտիվ  ձեր գործունեությունը …

 

 

-Երբ մարտ ամսին քաղաքացիական հասարակության մի քանի ներկայացուցիչներով սկսում էինք «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը, այս հարցը տվեցինք ինքներս մեզ՝ հաջողելու դեպքում պատրա՞ստ ենք արդյոք  քաղաքական պատասխանատվություն վերցնել։ Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո շատ ուրախ էի տեսնել, թե ընկերներիցս, և թե գործընկերներիցս շատերն ինչպես ստանձնեցին այդ պատասխանատվությունը։ Ինքս որոշեցի գոնե միառժամանակ շարունակել քաղաքացիական հասարակությունում իմ աշխատանքը։ Սակայն որոշ ժամանակ անց «իմ» քաղաքական թիմին օգտակար լինելու ցանկությունը և հուսամ՝ հիմնավորված հավակնությունը, հաղթեց: Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի համար շատ կարևոր է Ազգային Ժողովի՝ որպես իշխանության անկախ ճյուղի կայացումը։ Ցանկանում եմ գործընկերներիս հետ միասին կյանքի կոչել Ազգային Ժողովի օրենսդիր (այլ ոչ թե օրենսդրական առաջարկներ դակող) ինչպես նաև իշխանության մյուս ճյուղերին հավասարակշռող և վերահսկող գործառույթը։ Ցանկանում եմ, որ կայանա նաև ներկայացուցչական ժողովրդավարությունը, այն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և նրանց բոլոր խմբերը իրենց ներկայացված զգան Ազգային Ժողովում։

 

 

-Հաշվի առնելով կանանց թերի  ներկայացվածությունը օրենսդիր մարմնում, ինչպե՞ս եք վերաբերվում քվոտավորմանը,  օրինակ կանանց ու տղամարդկանց  50/50 քվոտավորման գաղափարին …

 

 

-Միայն քվոտայով իհարկե քիչ բան է փոխվում, սակայն այն անհրաժեշտ մինիմալ միջամտություն է։ Խտրականությունը ամենաքիչը վերարտադրող քվոտան 50/50-ն է։ Բայց սրա շուրջ Ազգային Ժողովում կոնսենսուս ձևավորելը նշանակում է հասնել ինստիտուցիոնալ քաղաքական մշակույթի մեծ փոփոխության։ Հարկավոր է ընտրությունից ընտրություն շարժվել դեպի այդ արդյունքը, բայց զուգահեռ այլ քաղաքականություններ մշակել, որոնք կհանգեցնեն կանանց նաև  «բնական» առաջխաղացմանը:

 

 

 

-Ի՞նչ ուղերձներով եք ներկայանում ձեր ընտրողներին…

 

 

-Թավշյա հեղափոխությունից առաջ ես համոզմունք ունեի, որ եթե ռեժիմները ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ չեն կազմակերպում մարդկանց համար, այլ բռնանում են նրանց կամարտահայտման վրա, ապա մարդիկ իրենք կարող են «հանրաքվե» կազմակերպել փողոցներում ու բակերում։ Երջանիկ եմ, որ այդպես էլ եղավ՝ իշխանությունը վերադարձվեց քաղաքացուն։ Այս քարոզարշավի ընթացքում հորդորում եմ քաղաքացիներին, որ իրենց քվեով պատվիրակեն Ազգային Ժողով այն ուժին, որի թիմում կտեսնեն իրենց ներկայացնող մարդկանց` իրենցից մեկին: Այլ կերպ ասած՝ որ իշխանությունը պահեն իրենց ձեռքերում։

 

 

-Ըստ Ձեզ, որո՞նք են մեր երկրում առկա  առաջնային խնդիրները,  և դրանց լուծման շուրջ  ի՞նչ պատկերացումնե ր ունեք:

 

 

-Ներհասարակական հարցերում լուծումներ հարկավոր է փնտրել հանուն հետևյալի՝ մարդու իրավունքների պաշտպանության և անկախ արդարադատական համակարգի, աղքատացման հաղթահարման և սոցիալական ապաբևեռացման, կոռուպցիայի դեմ պայքարի և դրա կանխման գործուն մեխանիզմների ինչպես նաև տնտեսական մրցակցության հավասար պայմանների, տնտեսության արդիականացման(այո՛, տնտեսական հեղափոխության՝ ներառական, մասնակցային և ապակենտրոն), մաքուր շրջակա միջավայրի և խնայող տնտեսության, հասանելի և մատչելի կրթության և առողջապահության, ազատ արվեստի և ներառական մշակույթի, առողջ ապրելակերպի և երիտասարդացող հասարակության։ Այս ամենը և պատասխանատու կառավարումը կհանգեցնի երջանիկ քաղաքացու, հոգատար հասարակության և ժողովրդավար պետության։ Պետք է ասեմ նաև, որ ինձ համար կարևոր ոլորտ է նաև արտաքին քաղաքականությունը։ Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը և միջխորհրդարանական վեհաժողովներն ու հանձնաժողովները կարող են ավելի ակտիվ լինել Հայաստանի Հանրապետության նախաձեռնողական և ինքնիշխան արտաքին քաղաքականություն ունենալու համար։ Մյուս կողմից շատ կարևոր է Հայաստանի քաղաքացիների առջև հաշվետու և թափանցիկ արտաքին քաղաքականություն վարելը։ Հայաստանակենտրոն արտաքին քաղաքականությունը պետք է բացառի «արտաքին» և «ներքին» լսարանների համար տարբերվող ուղերձները, արտաքին հարաբերությունների կամ բանակցությունների «սակրալացումը»։ Ազգային Ժողովի դահլիճն է այն վայրը, որտեղ արտաքին քաղաքականությունը կարող է դառնալ հաշվետու և թափանցիկ։

 

 

 

-Մասնագիտությամբ կոնֆլիկտաբան եք, ինչպե՞ս կարող է ձեր մասնագիտությունը օգնել հետագայում՝ քաղաքականությունում  ձեր գործունեությանը:

 

 

-Կոնֆլիկտը մարդու սոցիալական և քաղաքական կյանքի անբաժան, նույնիսկ այն սահմանող մասն է։ Իհարկե ժողովրդավարությունը չի կարող գոյատևել առանց որոշ արժեքների և դրանք մարմնավորվող ինստիուտներիշուրջ լիարժեք կոնսենսուսի։ Մնացած բոլոր քաղաքական հարցերը կոնֆլիկտի(բառի լայն իմաստով, որպես՝ բազմակարծություն և տարաձայնություն) մասին են։ Հակառակ դեպքում օրենքի անհրաժեշտություն չէր լինի, քանի որ այն կարգավորելու ոչինչ չէր ունենա:Ժողովրդավորությունը պետք է ծառայի հասարակության մեջ կոնֆլիտների խաղաղ արտահայտմանը՝ առանց «կեղծ օրակարգերի» ու հասարակական կարքիներն ու վախերը մանիպուլացնելու: Կոնֆլիկտաբանության մեջ ես մասնագիտացել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը նպաստելու մղումից։ Այս գործընթացում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տարածաշրջանում խաղաղ բնակչության անվտանգությունը, ինչպես նաև ժողովուրդների իրավահավասարությունն և ինքնորոշումը առաջնահերթություն են։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումն է՝ հիմնված բոլոր հասարակությունների կարիքների բավարարման վրա: Կարծում եմ՝ նախ պետք է ձևավորվի փոխվստահության մթնոլորտ, բացառվի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, պատերազմական հռետորաբանությունն ու ատելության քարոզը: Պաշտոնական բանակցային գործընթացը պետք է լինի թափանցիկ: Այն է` հասարակությունները պետք է իրազեկված լինեն գործընթացի բովանդակությանը և տրամաբանությանը: Պաշտոնական բանակցային գործընթացը պետք է լինի նաև հաշվետու: Առաջարկված որոշումները վերջնական չեն, քանի դեռ չկա հանրային լայն համաձայնություն դրանց շուրջ բոլոր հասարակություններում։ Սա կհանգեցնի բանակցային գործընթացի ժողովրդավարացման։ Նաև կարծում եմ, որ հակամարտության լուծման ուղին պետք է լինի մասնակցային: Այն պետք է ներառի բազմամակարդակ դիվանագիտություն` քաղաքացիական հասարակության, հետազոտական և կրթական շրջանակների, մեդիայի, բիզնեսի և այլ ոլորտների դերակատարների ինչպես նաև ազդակիր բնակչությունների՝ սահմանամերձ շրջանների բնակիչների, ազգային փոքրամասնությունների, տեղհանվածների, պատերազմի և հակամարտության արդյունքում տուժածների և նրանց ընտանիքների ներգրավմամբ: Կարծում եմ, որ խաղաղ և կայուն լուծման համար կարևոր է նաև, որ հակամարտութան լուծման ճանապարհը լինի մարդկակենտրոն: Այսինքն`վերջնական լուծման հիմքում պետք է ընկած լինեն մարդու իրավունքները անկախ ազգությունից:

 

 

 

-Դուք զբաղվել եք ամենազգայուն և խոցելի թեմաներով և խնդիրներով: Արդյո՞ք ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում կանայք ավելի ճկուն, իմաստուն կարող են լինել և ավելի ճիշտ լուծումներ գտնել:

 

 

-Կանայք միաձույլ հանրույթ չեն։ Կանայք կարող են և՛ ճկուն լինել, և՛ կոշտ։ Կանայք հակամարտության լուծման գործընթացի մեջ է՛լ ավելի պետք է ներգրավվեն, և ոչ թե այն պատճառով, որ նրանք որոշակի մոտեցման կրող են, այլ այն պատճառով, որ նրանք բազում մոտեցումների կրող են։

 

 

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում հասարակությունում կանանց դերի բարձարցման դաշտում:  Ձեր տեսլականն այդ ուղղությամբ…

 

 

-Ես կանանց ինքնազորեղացման կողմնակից եմ, ինչը ենթադրում է նաև, որ ինստիտուցիոնալ քաղաքականության մեջ գտնվող կանայք կամ գոնե նրանցից ոմանք հանրային ու քաղաքական տարածք պետք է բացեն, որտեղ կանայք կարող են անկաշկանդ խոսել իրենց խնդիրների մասին, փնտրել և առաջարկել դրանց լուծումները։ Հռչակելը, որ կանայք և տղամարդիկ հավասար են, շատ կարևոր է։ Սակայն եթե վերջնարդյունքում իրականությունը այլ բան է ցույց տալիս, ապա հարկավոր է օրենքները լավացնել, իրականությունը՝ փոխել։ Կանանց և տղամարդկանց հավասարության խնդիրը կսկսի գտնել իր լուծումը հենց այն պահին, երբ այդ խնդիրը բոլորը տեսնեն: Օրինակ՝ երբ Ազգային Ժողովին կամ շատ կազմակերպությունների կառավարող խորհուրդներին նայելիս, բնական չհամարենք, որ կանայք քիչ են։ Եվ ամենակարևորը՝ չվերագրենք սա կանանց «բնատուր» ունակություններին և հակումներին, քանի որ վերջիններս առավելապես սոցիալիզացիայի արդյունք են։ Չէ՞ որ դպրոցում և համալսարանում մենք բոլորս էլ նույն կերպ ենք սովորում։ Իսկ եթե առաջխաղացումը գիտելիքի և ունակությունների վրա է հիմնված, ուրեմն ինչ-որ այլ բան խանգարում է կանանց առաջխաղացմանը հասարակական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներ և դրանց ղեկավար կառույցներ։ Կարևոր է նաև հիշել, որ հավասար և ներառական հասարակություն ունենալու պարագայում շահում են բոլորը։

 

 

 

Մարիամ Հովհաննիսյան

Դիտումների քանակը` 2142

Գլխավոր էջ