Մարտի 8. ոչ թե գեղեցկության, այլ իրավունքների օր

Մարտի 8-ի վերաբերյալ հասարակությունում առկա ընկալումները փոխելու մտադրությամբ ոչ առաջին անգամ են տասնյակ քաղաքացիներ դուրս գալիս երթի: Սա մի ակցիա է, որի գլխավոր ուղերձը գրված է քայլերթն առաջնորդող պաստառի վրա. Մարտի 8-ը կանանց իրավունքների միջազգային օրն է:

 

Երեւանի կենտրոնում անցկացվող երթն ու բացօթյա համերգը անտարբեր չթողեցին քաղաքում զբոսնող քաղաքացիներին, սակայն նրանցից շատերի համար անսովոր էին ակտիվիստների վանկարկած ուղերձները.

 

Ո՛չ բռնությանը,

Ո՛չ սահմաններին,

Ո՛չ հայրիշխանությանը,

Ո՛չ տերերին։

 

Ընտրողը ե՛ս եմ,

Ապրողը ե՛ս եմ,

Մարմինը ի՛մն է,

Ներկան՝ ոնց ուզեմ:

 

Ֆեմինիստները կանանց կոչ էին անում տեր լինել սեփական մարմնին եւ ինքնուրույն որոշումներ կայացնել. «Քույր, շնորհավորում եմ մեր Մարտի 8-ը, որը դեռևս 19-րդ դարում կանայք ընտրել են որպես կանանց ազատագրման պայքարը նշանավորելու օր,

ոչ թե որպես «գեղեցկության և կանացիության» տոն։ Չէ որ քայլում ես գլուխդ բաց, բայց աչքերդ խոնարհած։ Սովորում ես համալսարանում, բայց դիպլոմդ օժիտի համար է։

Ունես ընտրական իրավունք, բայց ձայն ես տալիս տղամարդու ասածով։ Ունես սիրելու ազատություն, բայց գերդաստանն է որոշում ում սիրես, ինչպես և երբ։ Շատ բան ես ուզում, բայց չուզողները քեզ «հավանում», «ուզում», «առնում», «տանում են»։

 

Քո չուզողները բոլոր նրանք են, ովքեր իրենց քո տերն են անվանում։ Ունես ձայնի իրավունք, բայց աղջիկ պտուղդ պահելու որոշողը դու չես։ Պետությունը պարտադրում է մայրանալդ և երեխադ հայրանունով է։ Դու ավելի լավ գիտես, թե ով ես և ինչ ես ուզում

Շարունակի՛ր ինքդ…Վերաքաղաքականացրո՛ւ Մարտի 8-դ»,- այսպիսի գրություններով թռուցիկներ էին բաժանում քայլերթի մասնակիցները։

Երթն ավարտվեց Հյուսիսային պողոտայում, որտեղ էլ բացօթյա համերգ տեղի ունեցավ: Քայլերթի ավարտին մենք հարցեր ուղղեցինք պատահական անցորդներին՝ պարզելու համար, թե որքանով են նրանք իրազեկված Մարտի 8-ի ծագման եւ նշանակության մասին, ինչպես նաեւ հասկանալու համար, թե ինչպես են կանայք ընկալում տոնի կարեւորությունը:

 

Պատահականորեն հարցված 10 կանանցից 9-ի կարծիքով՝ Մարտի 8-ը գեղեցիկ տոն է, որի ընթացքում կանայք իրենց շատ լավ են զգում, նվերներ եւ հաճոյախոսություններ են ստանում: Հարցված կանանցից միայն մեկն ասած, որ սա կանանց իրավունքների տոնն է: «Սա մեր օրն է, եւ ես կարծում եմ, որ կանայք չպետք է սպասեն, որ տղամարդիկ ինչ-որ բան անեն իրենց համար: Կանայք այսօր պետք է մտածեն իրենք իրենց մասին, իրենց դերի ու արժեքի մասին եւ եթե կարող են, թող հենց իրենք էլ որեւէ բան կազմակերպեն, ով ինչ կուզի եւ ինչ կկարողանա, կարեւորը, որ նախաձեռնող լինեն»,- ասում է 37-ամյա Սուսաննա Անտիկյանը:

 

Հարցվածներից ոչ ոք չհիշատակեց Հայաստանում կանանց իրավունքների հետ կապված առկա խնդիրները եւ չխոսեց դրանց հաղթահարման անհրաժեշտության մասին:

 

Արման Ղարիբյան

 

 

Դիտումների քանակը` 3904

Գլխավոր էջ