«Ուզում եմ աշխատել, երեխայիս ու՞մ մոտ թողնեմ». բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց/ լրացված
Մանկապարտեզների խնդիրը շարունակում է մնալ ամենացավոտ սոցիալական խնդիրներից մեկը: Որքան էլ պատկան մարմինները փորձում են այն մեղմել, նոր մոտեցումներ ցուցաբերել միևնույնն է՝ ծնողներն արդարացիորեն դժգոհ են, քանի որ հիմնական խնդիրը՝ երեխաների նախադպրոցական կրթության իրավունքը հասանելի է ոչ բոլորին:
Փետրվարի 8-ին մի խումբ ծնողներ, հիմնականում մայրեր իրենց երեխաների հետ, բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի քաղաքապետարանի մոտ: Պահանջը, որ միավորել էր քաղաքացիներին, մեկն է՝ վերջապես կազմակերպել մանկապարտեզներում պատշաճ ընդունելություն, որը հնարավորինս հասանելի կդարձնի նախակրթական հաստատություն հաճախելը ավելի մեծ թվով երեխաների համար: Բացի այն, որ ակցիայի մասնակիցները իրենց բողոքն արտահայտեցին քաղաքապետարանի մոտ, նրանք նաև 108 ծնողների ստորագրություններով դիմում-պահանջագիր հանձնեցին, որով պահանջում են, որ ընդունելությունը վերսկսվի և երեխաները հաճախեն մանկապարտեզ:
Նախ նշենք, որ առցանց հերթագրման դիմում կարող է ուղարկել երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը՝ գրանցվելով Mankapartez.yerevan.am կայքում: Ըստ կարգի՝ գրանցումը կատարվում է մեկ անգամ: Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում հերթագրվում են 2 տարեկանը լրացած և մինչև 6 տարեկան երեխաներ:
Սակայն պարզվում է, որ այս կարգը թերի է ու կան բազմաթիվ ծնողներ, որոնք ժամանակին ու պատշաճ կերպով հերթագրվել են, բայց իրենց երեխաները ահա շուտով կհաճախեն դպրոց, իսկ մանկապարտեզ հաճախելու հերթը դեռ չի հասել: Մասնավորապես, ակցիայի մասնակից Լուսինե Սարգսյանը նշեց, որ իր երեխային մսուր խումբ հերթագրել է դեռ 2019 թվականին, բայց մինչ օրս իրենց չեն կանչել: Հերթագրման խնդրին էլ ավելացել է ևս մեկը՝ COVID-19-ով պայմանավորված կրթական հաստատությունների գործունեությունը կատարվում էր սահմանափակումներով ու ոչ լիարժեք ու դա ևս պատճառ դարձավ, որ շատ երեխաներ զերծ մնացին մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից.
«Կառավարությունը դարձյալ երկարացրեց կարանտինը, բացի այս հստակ չի ասվում, թե ե՞րբ է լինելու ընդունելությունը: 12 հազարից ավելի գրանցված երեխա կա այս պահին, բայց ոչ մի հստակություն, տարիներն էլ անցնում են »,- հայտարարեց նա:
«Ես մինչև երեխայիս ունենալն աշխատել եմ, իսկ հիմա, երբ երեխաս պետք է մանկապարտեզ գնա, ես էլ վերադառնամ աշխատանքի, չի ստացվում: Երեխայիս ո՞վ պետք է նայի: Տանը ես եմ, ամուսինս և երեխաս: Ես նույնպես ցանկանում եմ աշխատել, բայց այս մեկ տարի է մանկապարտեզում ընդունելությունը ոչ պատշաճ է կազմակերպվում: Ուզում եմ աշխատել, բայց ու՞մ մոտ թողնեմ երեխայիս »,- նշեց մասնակիցներից մեկ այլ կին, ով բողոք-ակցիային եկել էր իր երեխայի հետ:
Ծնողներից մեկն էլ նշեց, որ այսօր մանկապարտեզ հաճախում են միայն այն երեխաները, որոնց երկու ծնողն էլ աշխատում են և աշխատավայրից տեղեկանք են ներկայացրել այդ կապակցությամբ: Այսինքն, եթե ծնողներից միայն մեկն էլ տանը կարանտինում լինի կամ չաշխատի, ապա երեխային թույլ չեն տալիս հաճախել մանկապարտեզ, ինչը, ըստ իրեն, ճիշտ մոտեցում չէ. ամեն դեպքում երեխան պետք է ստանա նախակրթարան հաճախելու հնարավորություն: Ու թեև եկել են քաղաքապետարանի մոտ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն, մեծ հույս, այնուամենայնիվ, չունեն, որ իրավիճակի փոփոխություն կլինի կամ խնդիրը կհանգւոցալուծվի:
Ակցիայի մասնակիցներին մոտեցած քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում հավելյալ տեղեր ու խմբեր ավելացնելու համար.
«Ընդունելություն անցած տարի չի եղել և այսօր էլ դեռ չի կատարվում՝ պայմանավորված համաճարակով: Այսօր էլ դեռ մանկապարտեզներ հաճախելիության սահմանափակումները գործում են, սակայն Երևանի քաղաքապետարանը հետևում է բացառապես կառավարության ցուցաւմներին»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն դեպքում Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժումները քննարկում են համապատասխան գերատեսչությունների հետ այս հարցին լուծում տալու հարցը և խոստացավ, որ առաջիկա օրերին «ինչ-որ լուծում կլինի, որի մասին կտեղեկացվի հանրությանը»:
Կարապետյանի արձագանքը չգոհացրեց ծնողներին։ Նրանք նշեցին, որ այդպիսի պատասխաններ նրանք շատ են լսել, բայց որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվում։ Ոչ բոլոր ծնողներն են ի վիճակի երեխային տալ մասնավոր մանկապարտեզ, իսկ պետական ընդունվելու համար ստիպված են տարիներով սպասել։
Նշենք, որ վերջերս Առողջապահության նախարարությունը տվյալներ էր ներկայացրել քաղաքապետարանին, որոնք փաստում են, թե ինչպես է մանկապարտեզների, դպրոցների բացումը և փակումը անդրադառնում համաճարակային իրավիճակի վրա: Ըստ այդ տվյալների ամեն անգամ, երբ որևէ սահմանափակում հանվում է, 14 օր հետո հիվանդությունների կտրուկ աճ է արձանագրվում: Այս առումով սահմանափակումները կարևոր են համավարակը կառավարելի դարձնելու առումով: Մյուս կողմից, ինչ-որ կերպ պետք է լուծել մանկապարտեզ չհաճախող և հերթագրված հազարավոր երեխաների ու իրենց ծնորղների աշխատելու հարցը: Քաղաքապետարանի ներկայացմամբ գործող սահմանափակումները թույլ չեն տալիս, որ խմբում լինի 18 երեխայից ավելի, և այդ առնչությամբ քաղաքապետարանը կապի մեջ է առողջապահության նախարարության հետ, որպեսզի փորձեն մեծացնել խմբերի թիվը:
Լուծման ակնկալիքով
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը դեռ փետրվարի 4-ին գրառում էր կատարել Facebook-ի իր էջում, որում անդրադարձել էր այս խնդրին: Նա, մասնավորապես, նշել էր, որ գրեթե ամեն օր նմանատիպ նամակներ է ստանում ծնողներից, որոնք հուզում է մանկապարտեզ հերթագրման խնդիրը և դրա լուծումը.
«Այս պահին մանկապարտեզներն աշխատում են։ Բայց, այնուամենայնիվ, կան սահմանված որոշակի սահմանափակումներ (ՀՀ առողջապահության նախարարի 04․08․2020թ․ N17-Ն հրաման, խմբ․ 24․10․2020թ․ 30-Ն), որոնց արդյունքում անհնարին է դառնում մանկապարտեզի բնականոն աշխատանքը հին ձևով կազմակերպելը։
Այս պահին կա մոտ 4000 երեխա, ովքեր մինչև համավարակի հայտարարումը հաճախում էին մանկապարտեզ, իսկ հիմա սահմանափակումների հետևանքով առաջացած տեղերի սղության պատճառով ստիպված են տանը նստել, մոտ 12 000 երեխա էլ հերթագրված է և սպասում է նոր ընդունելությանը։ Իսկ ընդունելություն տվյալ սահմանափակումների պայմաններում վերջին համարյա 1 տարվա մեջ հնարավոր չի եղել կազմակերպել շատ պարզ պատճառով․ եթե մանկապարտեզը նույնիսկ իր սաներին չի կարողանում տեղավորել, ինչպե՞ս նոր երեխաներ ընդունի։
Հարցը շատ զգայուն է. մի կողմից ծնողն աշխատում է, հնարավորություն չունի երեխային տանը թողնելու, մյուս կողմից չաշխատող ծնողի երեխան էլ, անշուշտ, հասակակիցների հետ շփման կարիք ունի։
Վերջերս Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ծավալուն քննարկում Երևանի քաղաքապետարանի, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որի ժամանակ մասնրամասն ներկայացվել են բոլոր այն խնդիրները, որոնք սահմանափակումների հետևանքով ծագել են նախադպրոցական ոլորտում։
Սպասվում է, որ շուտով կլինեն սահմանափակումների որոշակի մեղմացումներ, մասնավորապես կանխատեսվում է, որ մանկապարտեզների որոշ խմբերում երեխաների քանակը կարող է հասնել մինչև 20-ի, բայց պայմանով, որ խմբասենյակը կունենա համապատասխան քառակուսի մետրով տարածք, որպեսզի հնարավոր լինի հեռավորություն պահել։ Ավելի փոքր խբասենյակները, ցավոք, կրկին չեն ունենալու 20 երեխա տեղավորելու հնարավորություն։
…. Քննարկում ունեցանք նաև, որի ընթացքում խոսեցինք բոլոր այն հնարավոր տարբերակների մասին, որոնց արդյունքում նախկինում հաճախող երեխաները նորից կվերսկսեն հաճախել, ինչպես նաև գոնե ոչ մեծ թվով նոր երեխաների ընդունելություն հնարավոր կլինի կազմակերպել։ Հիմա գործադիր մարմնի իմ գործընկերները ուսումնասիրություն են կատարում բոլոր մանկապարտեզներում, որպեսզի հասկանալի դառնա, թե որտեղ, քանի երեխա է հնարավոր ընդունել և ինչ սկզբունքով պետք է առաջնորդվեն։
Երբ ՀՀ առողջապահության նախարարությունը կհրապարակի սահմանափակումների նոր կարգը, կարծում եմ արդեն պատրաստ կլինեն ուսումնասիրության արդյունքները, և քաղաքապետարանը կներկայացնի, թե ինչը ինչպես է կազմակերպվելու։ Գիտեմ, որ սա ևս չի լինելու հարցի վերջնական լուծում, ցավոք, էլի սպասողներ են մնալու։ Սահմանափակումների հետագա յուրաքանչյուր մեղմացման հետ էլի ու էլի երեխաներ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կստանան»,- գրել էր նա։
Փաստորեն , այս գրառումից չորս օր անց էլ Երևանի քաղաքապետարանը որևէ հուսադրող բան չկարողացավ պատասխանել ծնողներին, որոնք շարունակում են սպասել, թե երբ իրենց երեխաները կհաճախեն մանկապարտեզ:
Լիա Խոջոյան
Հ.Գ. Բողոքի ակցիայի հաջորդ օրը՝ փետրվարի 9-ին նորանշանակ փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես եկավ հայտարարությունով, որում մանրամասնել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում վերընդունելության և ընդունելության վերաբերյալ առաջիկա սպասելիքները:
Հայտարարության մեջ , մասնավորապես , ասված է.
«Նոր կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախատեսած սահմանափակումների համաձայն՝ 2020-2021 ուստարում Երևանի ենթակայության մանկապարտեզներում ընդունելությունը չի կազմակերպվել: Միաժամանակ սահմանափակված է նաև խմբերում ընդգրկված երեխաների քանակը: Արդյունքում՝ ներկայումս նախադպրոցական կրթությունը ընդհատել է և մանկապարտեզ չի հաճախում շուրջ 3000 երեխա, իսկ հերթագրվածների թիվը գերազանցում է 12000-ը:
Խնդրին հնարավոր լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է քննարկումներ պետական լիազոր գերատեսչությունների հետ, որոնց արդյունքում սահմանափակումները որոշակիորեն կմեղմացվեն:
Երեխաների վերընդունելությունը կկազմակերպվի ըստ ներքոհիշյալի:
Նախադպրոցական կրթությունն ընդհատած երեխաներին կվերընդունեն այն հաստատությունները, որոնց խմբասենյակների տարածքը և պայմաններն ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն: Այս դեպքում առաջնահերթ կընդգրկվի այն երեխան, որի ծնողը՝
- զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ,
- 1-ին կարգի հաշմանդամ է կամ ունի ծանր հիվանդության եզրակացություն,
- ծնողներից մեկը մահացած է:
Այնուհետ, ըստ առկա տարիքային խմբերի, առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց երկու ծնողը գրանցված աշխատող են:
Հերթագրված երեխաների ընդունելություն
Այն մանկապարտեզները, որոնք ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն, կկարողանան կազմակերպել նաև հերթագրված երեխաների ընդունելություն:
- Այս դեպքում առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց ծնողը զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ:
- Արտահերթ ընդունելության իրավունք ունեցող մյուս երեխաները կընդունվեն ըստ հերթագրման օրվա հաջորդականության:
Այնուհետ, ըստ առկա տարիքային խմբերի, երեխաների ընդունելությունը կկատարվի հերթագրման հաջորդականությամբ:
Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ 2020 թվականի ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզներն առաջիկայում կվերաբացվեն, և մանկապարտեզներում երեխաների ընդգրկվածության պատկերը դրականորեն կփոխվի:
Երևանի քաղաքապետարանը շարունակում է մշտական կապ պահպանել լիազոր գերատեսչությունների հետ: Համաճարակային իրավիճակի բարելավմանը զուգընթաց ակնկալվում են սահմանափակումների հետագա մեղմացումներ, որոնց մասին կտեղեկացնենք հանրությանը»:
Դիտումների քանակը` 1145