Մանե Թանդիլյան. «Կանանց քաղաքական ներգրավվածությունը կենսական անհրաժեշտություն է երկրի զարգացման համար»

 

WomenNet.am- ը զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի հետ կուսակցության գործունեության առանձնահատկությունների, Հայաստանի քաղաքական կյանքում կանանց դերակատարարման, ընթացիկ ՏԻՄ ընտրությունների մասին: Հիշեցնենք, որ նորաստեղծ կուսակցությունը հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններին առաջադրումներ էր արել հինգ համայնքներում և պատրաստվում է ակտիվ մասնակցություն ունենալ դեկտեմբերի  5-ին սպասվող ընտրություններում:   

 

 

 –Ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստեղծելու գաղափարը: Ովքե՞ր են Ձեր համախոհները, ի՞նչ գաղափարի շուրջ եք միավորվել:

 

-Կուսակցությունը ստեղծելու գաղափարն առաջացել է Արցախյան պատերազմից հետո՝ Արցախում, երբ ի հայտ եկավ գաղափարախոսության, առաջնահերթությունների, մեր արածի ու անելիքների վերաբերյալ նոր որակի մոտեցումների մշակման անհրաժեշտությունը: Այն, ինչ մենք տեսանք ու ապրեցինք, ինձ համար եղել է վերաիմաստավորելու, շատ հարցերում առաջնահերթությունների փոփոխության անհրաժեշտության սկիզբ: Այդ օրերին  վերոնշյալ թեմայով հաճախ ենք զրուցել Մեսրոպ Առաքելյանի հետ, կիսվել տեսակետներով ու հասկացել, որ ինչ որ  բան այնպես չենք արել և տարիների ընթացքում, ցավոք,  ձախողել ենք պետականաշինությունը, մեր պետության ամրացումը: Այս ամենը հանգեցրել է ինձ այն զգացողությանը, որ մենք «դավաճանել» ենք սահմանին կանգնած մեր զինվորներին:

 

 

Այս մտքերի, գաղափարների շուրջ համախոհներ լինելով նախաձեռնեցինք  Մեսրոպ Առաքելյանի  հետ «Ապրելու երկիր» կուսակցության ստեղծումը, ինչը նաև «Ապրելու Արցախ» գաղափարի  շարունակությունն է… 

 

 

Մենք չունենք այլընտրանք, քան կառուցել ուժեղ, զարգացած պետություն : Այն շահերի բախման խաչմերուկում, որտեղ հայտնվել է  մեր պետությունը և այն աշխարհաքաղաքական  դասավորվածությունները,  որոնց կիզակետում ենք գտնվում, մեզ ուղղակի այլ ելք չեն թողնում: Եվ եթե դա չհասկանանք, կրկին շատ ծանր հետևանքներ կունենանք: Մենք ուղղակի պարտավոր ենք շատ արագ զարգանալ, ուժեղանալ, ապահովել մեր անվտանգությունը, որից հետո միայն կկարողանանք արժանի լինել հանուն հայրենիքի զոհված  երիտասարդ  կյանքերին, արժանի լինել Արցախ ունենալուն:

 

«Մեր կուսակցության  համար առաջնահերթություն է կրթությունը, անվտանգությունը, համայնքների համաչափ և առաջանցիկ տեմպերով զարգացումը»…

 

 

Որո՞նք են Ձեր կուսակցության  երեք  ամենակարևոր առաջնահերթությունները:

 

 

-Ակնհայտ է, որ անվտանգությունն այսօր  առաջնահերթություն է Հայաստանի համար, բայց անվտանգությունը դա միայն ռազմականը չէ: Մենք կրթական, առողջապահական անվտանգության խնդիր ունենք, ինչի գիտակցումը, ցավոք, չկա: Մենք համայնքների հզորացման խնդիր ունենք, որոնք անվտանգության երաշխավոր են: Հայաստանի համայնքներում ապրող ուժեղ ու զարգացած մարդիկ են երկրի անվտանգության ու ապահովության գրավականը: Իմի բերելով պետք է փաստենք, որ մեզ համար առաջնահերթություն է կրթությունը, անվտանգությունը, համայնքների համաչափ և առաջանցիկ տեմպերով զարգացումը:

 

 

Մեզանում քաղաքական ուժերի ղեկավարները գրեթե միշտ տղամարդիկ են: Ի՞նչ առանձահատկություններ ունի քաղաքական ուժը՝  կին ղեկավար ունենալու պարագայում:

 

-Առանձնահատկությունը, ամբարտավան չհնչի, կարծում եմ՝ չարդարացված ու չհիմնավորված ամբիցիաների բացակայությունն  և ներուժի առավել համախմբման ցանկությունն է: Իմ  ամբիցիաները  ամենալավ, ամենահզոր, ամենազարգացած պետություն ստեղծելն է, բայց ոչ երբեք այս կամ այն պաշտոնը զբաղեցնելը: Եվ այդպիսին են նաև մեր թիմակիցները:  Կանանց ներգրավվածությունն ու նաև կուսացության կին ղեկավար լինելը նպաստելու են ամբիցիաների ճիշտ ձևակերպմանը և  նպատակների շուրջ  համախմբմանը: Կարծում եմ՝  կանայք մեծ ներուժ ունեն, ինչը, ցավոք,  չի օգտագործվում: Սա մեծ բացթողում է…

 

 

 

«Կանայք նախ իրենք իրենց մեջ պետք է փոխվեն, ապա՝ շրջապատի  ընկալումների առումով փոփոխությունների հասնեն»…

 

 

 

-Ո՞րն է կանանց ներուժը բավարար չափով հաշվի չառնելու պատճառն, ըստ Ձեզ:

 

-Պատճառները տարբեր են,  նախ կնշեմ այնպիսիք,  որոնք կախված են հենց կանանցից: Առաջին հերթին հենց կանայք պետք է հասկանան ու  իմաստավորեն իրենց դերակատարման կարևորությունը Հայաստանի քաղաքական կյանքում:  Միայն հասկանալով  կանանց ներգրավվածության անհրաժեշտությունը, կարելի է տեսնել նրանց բացակայության վտանգները: Խոսքը ձևի մասին չէ, թե՝ մի քիչ էլ կանայք լինեն: Մենք մտածողության, մոտեցումների տարբերություն ունենք տղամարդկանց հետ… Կանանց ներգրավվածությունն ուղղակի կենսական անհրաժեշտություն է մեր պետության զարգացման համար: Եվ դա ասում եմ առանց չափազանցության:

 

Ինչ վերաբերում է կանանց ներգրավմանը խոչընդոտող հանգամանքներին, որոնք մեզնից կախված չեն, ապա դրանք պայմանավորված են  հասարակության կողմից կնոջ ակտիվության նկատմամբ կարծրատիպային վերաբերունքով, որը  սոցիալ- մշակութային բնույթի հիմքեր ունի: Պետք է կարողանանք  հաղթահարել այդ կարծրատիպերը: Սա բարդ է, և այստեղ պայքարելու անհրաժեշտություն կա: Կանայք նախ իրենք իրենց մեջ պետք է փոխվեն, ապա՝ շրջապատի  ընկալումների առումով փոփոխությունների հասնեն:  

 

 

«Մեր համոզմամբ առանց համայնքների ուժեղացման  ուղղակի չի կարող լինել ուժեղ պետություն»…

 

 

Ապրելու երկիր» կուսակցության նկատելի առանձնահատկություններից մեկը  քաղաքական պայքարը ՏԻՄ ընտություններից  սկսելը դարձավ: Ինչո՞վ էր դա պայմանավորված և ո՞ր մարզերն են լինելու Ձեր ուշադրության կենտրոնում:

 

 

-Ճիշտ եք նկատել, առանձնահատուկ վերաբերմունք ունենք համայնքների զարգացման հարցում, քանզի պետությունը բաղկացած է  համայնքներից և մեր համոզմամբ  առանց համայնքների ուժեղացման  ուղղակի չի կարող լինել ուժեղ պետություն: Կարծում եմ, որ այս հարցում  մենք  30 տարվա ընթացքում չենք ունեցել բավարար պատասխանատվություն՝  ընկալելու համար, որ զարգացած համայնքն  է հանդիսանում ուժեղ պետության հենասյունը: ՏԻՄ ընտրություններին մեր մասնակցությունը հենց այդ ընկալմամբ է պայմանավորված:

 

 

Որևէ մարզ, այս առումով,  գերակայություն չունի, բացառությամբ, բնականաբար,  սահմանամերձ համայնքների: Հատկապես դրանք պարտավոր ենք  այնպես զարգացնել, որ այնտեղ  բնակչության թիվը շարունակաբար աճի: Մինչդեռ հենց սահմանամերձ տարածքներից տարիներ շարունակ ունենք ներքին արտագաղթ, և պետք է հասկանանք, որ դա անմիջականորեն վտանգում է  մեր պետականությունը: Հետևաբար, հատկապես  սահմանը  պահող  համայնքներն ու գյուղներն այս իմաստով առանձահատուկ են:

 

 

 

«Որտեղ ունենք կին թեկնածու, մեծ սիրով աջակցում ենք ու պաշտպանում նրա թեկնածությունը»…

 

 

 

Մինչ այժմ միակ քաղաքական ուժն եք, որը  ՏԻՄ ընտրություններին ընդառաջ նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականը  հատկացրել է կին թեկնածուի: Դա կանանց առաջընթացն ապահովելու հատուկ քաղաքականության արդյո՞ւնք է, թե՝ այլ պատճառ կա:

 

 

-Պետք է ասեմ, որ համայնքապետի թեկնածուի ընտրության հարցում  մենք որևէ կերպ սեռով պայմանավորված տարբերություն չենք տեսնում. ով արժանի է, նա էլ լինում է: Եվ կին լինելու հանգամանքը որևէ կերպ չի կարող խանգարել այս հարցում: Կանայք կարող են ղեկավարել և շատ մեծ հաջողութամբ: Հետևաբար, որտեղ ունենք կին թեկնածու, մեծ սիրով աջակցում ենք ու պաշտպանում նրա թեկնածությունը: Այդպես անելու ենք միշտ:

 

 

 

րքանո՞վ են կանայք պատրաստ դիմագրավել տղամարդկանց հետ տղամարդկանց կանոններով ընտրապայքարին:

 

 

-Կանայք լիարժեքորեն պատրաստ են ցանկացած տեսակի պայքարի մեջ մտնել,  դիմակայել և առաջ գնալ: Կանոնները, ճիշտ եք շեշտում, ավելի շատ տղամարդկանց կողմից են պարտադրված, բայց կանայք հենց իրենց մասնակցութամբ են այդ կանոններն աստիճանաբար փոփոխության ենթարկում: Եվ դա անում են նաև ավելի կշռադատված, ավելի ծրագրային խոսքով ու գործով:

 

 

 

-Ինչպե՞ս եք գնահատում հոկտեմբերի 17-ին կայացած  ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

 

 

-Տարբեր համայնքներում տարբեր պատկեր ունենք, տարբեր օրինաչափություններ ենք նկատում և ընտրության տարբեր պատճառներ ու հիմքեր: Միևնույն ժամանակ ամեն տեղ չէ,  որ արդար պայքարի առնչվեցինք: Հատկապես Տեղ համայնքի մասին եմ խոսում, որտեղ բոլոր արատավոր երևույթները դրսևորվեցին: Խոսքը միայն վարչական ռեսուրսի օգտագործման մասին չէ:  Դա անընդհատ արվել է և, ցավոք սրտի, շարունակվում է:  Եղան բռնության, նաև թեկնածուների ինքնաբացարկի դրդման դեպքեր, ինչն անընդունելի է: Դեռ կխոսենք այդ մասին՝ ընտրապայքարն ամփոփելուց հետո…Մեծ հաշվով, մեր արդյունքը գնահատում եմ միջին: Ավելի լավ էլ կարող ենք և անելու ենք: Բայց  պետք է նաև   արձանագրենք, որ  բոլոր 5 համայնքներում, որտեղ մասնակցել ենք ընտրություններին,  ապահովել ենք  ներկայացվածություն, ինչը նորաստեղծ կուսակցության համար, կարծում եմ, լավ արդյունք է:

 

 

 

«Անելու ենք ամեն ինչ, որ մարդիկ  սովորեն ավագանու լավ աշխատանքին, ինչպես նաև ավագանու միջոցով սեփական համայնքը կառավարելուն»…

 

 

 

– «Ապրելու երկիրը» ձեր նշած համայնքներում կունենա ավագանու անդամներ, բայց նրանց ձայնը կարող է  և որոշիչ  չլինել, Դիլիջանում՝ հատկապես:

 

 

-Դիլիջանում ամենամեծ թվով ավագանու անդամներն ենք ունենալու, երկրորդ ուժն ենք արդյունքներով: Ճիշտ եք, որ ազդեցությունն ավագանու որոշումների վրա այդքան մեծ չի լինելու: Բոլոր այն նախագծերին, որոնք մենք ընդունելի կհամարենք, աջակցելու ենք, դրա հետ մեկտեղ ավագանի ենք բերելու նաև մեր նախագծերը: Մեր անդամներն աշխատելու են շատ ակտիվ և   ներկայացված լինելով ավագանու կազմում,  լսելի են դարձնելու համայնքի բնակչի, շարքային քաղաքացու ձայնը: Այսինքն, անելու ենք ամեն ինչ, որ մարդիկ  սովորեն ավագանու լավ աշխատանքին, ինչպես նաև ավագանու միջոցով սեփական համայնքը կառավարելուն: Մենք փորձելու ենք ստեղծել ու տալ մարդկանց այդ հնարավորությունները ՝ անկախ ավագանու անդամների թվից…

 

 

Կան համայնքներ, որտեղ մենք ավելի քիչ թվով ավագանու անդամներ ունենք, բայց հատկանշական է, որ այդ համայնքներում մեր ազդեցությունն ավելի մեծ է լինելու, որովհետև լինելու են իրավիճակներ, երբ մեր ձայնից է կախված լինելու այս կամ այն որոշման ընդունումը…

 

 

 

«Շատ կուզեի, որ քվոտավորումը վերաբերեր ոչ թե կանանց, այլ՝ տղամարդկանց»…

 

 

 

Կնպաստի՞ արդյոք համամասնական ընտրակարգը համայնքներում կանանց ակտիվացմանն ու դերակատարման բարձրացմանը:

 

 

-Ինձ համար ակնհայտ է,  որ դեռևս քվոտավորման կարիք ունենք, բայց կանանց պատշաճ ներգրավումը երկկողմանի աշխատանք է ենթադրում: Մի կողմից, վերևից՝ օրենքների և կարգավորումների տեսքով, մյուս կողմից, ներքևից՝ կանանց հետ տարվող շարունակական աշխատանքի տեսքով:  Շատ կուզեի, որ քվոտավորումը վերաբերեր ոչ թե կանանց, այլ՝ տղամարդկանց: Այսինքն, երբ  մենք ասում ենք երեք թեկնածուներից  մեկը մյուս սեռից պետք է լինի, մի օր դա կարող է և հակառակ սեռին վերաբերել, բայց դրա համար պետք է բովանդակային աշխատանք տանել: Ես գիտեմ այն բոլոր խոչընդոտներն ու խնդիրները, որոնց կանայք առերեսվում են և որոնք նրանց հետ են պահում քաղաքանությունից, բայց պարտավոր եմ ու պատրաստ եմ օգնել  նրանց դրանք հաղթահարելու…

 

 

Միակ նախապայմանը՝ կնոջ կողմից սեփական որոշման առկայությունն է: Եթե այդ որոշումը կա, պատրաստ եմ յուրաքանչյուր կնոջն աջակցելու այդ որոշումն օր առաջ կյանքի կոչելու հարցում:

 

 

«Քաղաքականությունը  հենց կնոջ տեղն է, քանի որ այդտեղ խելք ու բանականություն է պետք  կիրառել, այլ ոչ թե ձեռքի ուժ»…

 

 


Ինչպե՞ս կբնութագրեք կանանց դերակատարումը Հայաստանի այսօրվա քաղաքական կյանքում և ի՞նչ խնդիրներ եք տեսնում դրա հետ կապված:

 

 

-Տարբերակում չեմ դնի. ինչ որակ և ինչ քաղաքականություն ունենք, դա գալիս է մեր կրթությունից, մեր հարաբերություններից: Այստեղ կին-տղամարդ տարբերակելը տեղին չէ, որովհետև ինձ չի գոհացնում քաղաքականությամբ զբաղվող  գործիչների գործունեության որակը: Դա վերաբերում է բոլորին, այդ թվում նաև ինձ: Եվ այս առումով մենք շատ աշխատանք ունենք անելու: Ես ավելիին եմ ձգտելու և նաև իմ օրինակով  փորձելու եմ օգնել հատկապես կանանց, որովհետև այն արատավոր երևույթները, որոնք դրսևորվում են քաղաքականության մեջ, հետ են պահում հատկապես կանանց…

 

 

Եթե շատ հեռու չգնամ, այդ հայհոյախառն հռետորաբանությունը, որը դարձել է վերջին տարիների մեր քաղաքական խոսույթի մաս, անընդունելի է: Դա թուլության, անկարողության նշան է: Եվ այն մարդիկ, ովքեր դրա կրողն են, պետք  է իմանան, որ դա խոսում է իրենց իսկ անկարողության մասին: Նման վիճակն, առաջին հերթին  կանանց  համար է լուրջ խոչընդոտ հանդիսանում.  որևէ կնոջ հաճելի չէ գտնվել մի միջավայրում, որտեղ հայհոյախառն հռետորաբանություն է  հնչում: Եվ դա դեռ չարյաց փոքրագույնն է:

 

 

Մենք ավելի վատ երևույթներ ունենք: Օրինակ՝ ասում են քաղաքականությունը կնոջ տեղը չի: Ուզում եմ  հասկանալ՝ ինչո՞ւ:  Քաղաքականությունը  հենց կնոջ տեղն է, քանի որ այդտեղ խելք ու բանականություն է պետք  կիրառել, այլ ոչ թե ձեռքի ուժ: Եվ երբ կանայք ընդունեն,  որ ընտանիքները առանց ուժեղ պետության ուժեղ և ապահով լինել  չեն կարող, կընդունեն նաև, որ  իրենք գործ ունեն անելու ոչ միայն իրենց ընտանիքներում, այլև պետականաշինության մեջ:

 

 

«Պատրաստ եմ աջակցելու յուրաքանչյուր կնոջն իր քաղաքականություն մոտք գործելու որոշումն օր առաջ կյանքի կոչելու հարցում»…

 

 

 – Նոյեմբերին կայանալիք ընտրություններին «Ապրելու երկիրը» մասնակցության հայտ չի ներկայացրել: Ո՞րն է պատճառը: Ի՞նչ պլաններ ունեք դեկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություների հետ կապված:

 

 

 

-Ցավոք սրտի, ժամանակը բավարար չէր նոյեմբերի ՏԻՄ ընտրություններին ևս ակտիվ նախապատրաստվելու համար: Բայց դեկտեմբերի 5-ի ընտրություններին ակտիվ մասնակցություն կունենանք: Համայնքները դեռևս չնշեմ,  բայց 10-ից ավելի համայնքներում, հավանաբար, կմասնակցենք:

 

 

 

                                                                                                Զրուցեց՝ Գայանե Սարգսյանը

 

 

Լուսանկարները տրամադրվել են Մանե Թանդիլյանի կողմից,

ինչպես նաև  համացանցի բաց ռեսուրսներից

 

 

Դիտումների քանակը` 1509

Գլխավոր էջ