Մանե Թանդիլյան. «Ամեն դժվարություն նոր հնարավորությունների պատուհան է»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը լիազորությունները վայր դնելու ժամանակ գրել էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով մասնակցելու է Ազգային ժողովի ընտրություններին և ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում, պատրաստ է շարունակել իր քաղաքական գործունեությունը որպես Ազգային Ժողովի պատգամավոր։ Նա նաև նշել էր, որ սոցիալական ոլորտի բարեփոխումները, քաղաքացու հոգսերը մշտապես լինելու են իր գործունեության կարևոր առաջնահերթություններից մեկը։ Այս առումով,  պատահական չէ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում մեծ  տեղ է հատկացված սոցիալական ոլորտին։

 

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը  2017 թ-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ռեյտինգային ընտրակարգով ընտրված միակ կին թեկնածուն էր։  Արտահերթ խորհրդարանական ընտրություններին նա ոչ միայն առաջադրվել է կուսակցության համապետական  ցուցակի 2 –րդ հորիզոնականում,  այլև Երևանի թիվ 4  ընտրատարածքում՝ Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք և Նուբարաշենում:

 

 

– Ո՞ր ուժին եք համարում «Լուսավոր Հայաստան» կուսակցության մրցակից և ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը։

 

-« Լուսավոր Հայաստան»-ը լինելու է երկրորդ քաղաքական ուժ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր քաղաքացիների ընտրությունը լինելու է գիտակից և մտածված։

  

 

– Որպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  ձեր պաշտոնավարման ժամանակ  եռակի ավելացավ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը, հանդես եկաք մի շարք նախաձեռնություններով, այդ թվում շրջանառության մեջ եք դրել «Պետական նպաստների մասին»  և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը։ Խորհրդարանում շարունակելո՞ւ եք աջակցել այդ նախագծերի ընդունմանը։

 

– Անպայման։ Եվ ոչ միայն այդ նախագծերի։ Կան բազմաթիվ կիսատ նախաձեռնություններ, այդ թվում՝ անշարժ գույքի երկրորդային շուկայից հիպոտեկային վարկով բնակարան ձեռք բերելու նպատակով եկամտային հարկի վերադարձի և այլ շատ կարևոր առաջարկներ, որոնք էապես բարելավելու են մեր քաղաքացիների սոցիալական վիճակը։

 

 

Իշխանափոխությունից հետո էլ կա դժգոհություն՝ կապված սոցիալական խնդիրների հետ։ Որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ըստ Ձեզ, որոնք են այն խնդիրները, որոնց պետք է առաջնահերթ լուծում տալ։ 

 

– Սոցիալական խնդիրները բազմաշերտ են և խորքային։ Բացի համակարգային խնդիրներից, սոցիալական աջակցությունը պետք է լինի հասցեական և աջակցի ընտանիքների և/կամ անհատի եկամուտ վաստակելուն։ Ինձ համար առաջնահերթություն են երեխաների խնդիրները, մեր ավագ ընկերների, հաշմանդամություն ունեցող անձանց, զբաղվածության հետ կապված խնդիրները, բազմաթիվ են հարցերը։ Բայց դրանք հետևողական և որակյալ աշխատանքի արդյունքում կունենան լուծում։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները ունեն մեծ ուշադրության կարիք, և մեր պետության առաջնահերթություններից պետք է լինեն երեխաներն ու ընտանիքների զարգացումը։ Անհրաժեշտ է ժամանակին և հասցեական աջակցություն տրամադրել նրանց:  Մեր տարեց քաղաքացիներն անուշադրության են մատնված։ Պետք է նրանց սոցիալականացմանն ու ակտիվացմանը ուղղված ծրագրեր իրականացնել։ Ներառականությունը դեռևս մնում է սոցիալական խնդիր, ընդ որում  դա չի կարող համարվել մեկ գերատեսչության պատասխանատվություն, այն պետք է ներառի կրթությունը, քաղաքաշինությունը, տրանսպորտը, առողջապահությունը և այլ ոլորտներ, եթե մենք իսկապես ցանկանում ենք ունենալ հավասար հնարավորություններով պետություն, որտեղ մարդը գերակա արժեք է։

 

 

-Ձեր վերաբերմունքը  կանանց նկատմամբ խտրականությանը և անհավասարության դրսևորումներին : Պատրա՞ստ եք արդյոք պաշտպանել կանանց շահերը խորհրդարանի ամբիոնից։

 

 

– Չեմ պատկերացնում մի իրավիճակ, որտեղ ես չբարձրաձայնեմ այդ խնդիրները։ Ցավոք, կանանց համար հավասար հնարավորությունները շարունակում են մնալ խնդիր մեր հասարակության բարքերի և պետական քաղաքականության մեջ։ Մենք պետք է առարկայական ջանքեր գործադրենք խնդրին լուծում տալու համար։ Կանանց քաղաքական ակտիվացման համար մտադիր եմ նախաձեռնել կին քաղաքական գործիչների դպրոց, որի նպատակը պետք է լինի կանանց որակյալ ներկայացվածությունը քաղաքականության մեջ և քաղաքական հետաքրքրությունների ձևավորումը։

 

 

-Ո՞րն է խորհրդարանում կանանց և տղամարդկանց հարաբերակցության Ձեզ համար նախընտրելի տարբերակը։  Կողմ ե՞ք 50/50 բանաձևին։

 

 

– Կողմ եմ բնական հավասարության, որի արդյունքում կձևավորվի 50/50 ոչ միայն խորհրդարանում, այլև կյանքի, աշխատանքի և  գործունեության տարբեր ոլորտներում։

 

 

Ամիսներ առաջ ասում էիք, որ կառավարությունում Ձեզ լավ եք զգում։ Ի վերջո, Ձեզ տեսնում եք խորհրդարանո՞ւմ, թե կառավարությունում։

 

 

– Ինձ տեսնում եմ ամենուր, որտեղ կարող եմ արժեք ավելացնել մեր պետության կայացման գործում՝ պետական շինարարության տարբեր պատասխանատվության շրջանակներում։

 

 

Տիկին Թանդիլյան, այս ընթացքում հուսահատության պահեր ունեցե՞լ եք, թողնել ամեն ինչ ու վերադառնալ Ձեր նախկին աշխատանքին, ասենք այն ժամանակ, երբ կենսաթոշակայինի շուրջ տարակարծությունների պատճառով նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեցիք։

 

 

– Երբևէ չեմ հուսահատվում։ Ոչ թե, որովհետև ամեն ինչ ճիշտ եմ անում կամ շատ խելոք եմ ու անհաջողություններ չեմ ունենում, այլ գիտեմ՝ չկա իրավիճակ, որը միայն բացասական է։ Ամեն դժվարություն նոր հնարավորությունների պատուհան է, նույնիսկ եթե հենց նույն պահին դա չեմ տեսնում։

 

 

Ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Ձեր երեխաների Հայաստանը։

 

 

– Այնպիսի Հայաստան, որտեղ երեխաները ապահով են և առողջ, ընտանիքները՝ բարեկեցիկ և համերաշխ, տարեցները՝ արժանապատիվ և անհոգ, հասարակությունը՝ հանդուրժող և առանց բռնության, պետությունը՝ անվտանգ և խաղաղ, մի խոսքով, Հայաստան, որտեղ ոչ ոք անտեսված չէ ․․․

 

Մարո Մարգարյան

Դիտումների քանակը` 1405

Գլխավոր էջ