«Արի՛ խաղանք». առաջարկում է «ՄԱՄ» ընկերությունը 

Վերջերս Հայաստանի շուկայում  մի նորույթ է հայտնվել , որն, անշուշտ, երկար սպասված ու բավականին պահանջված է փոքր երեխաներ ունեցող ծնողների կողմից: Խոսքը մանուկների համար «ՄԱՄ» ընկերության զարգացնող խաղերի մասին է, որոնք թեև դեռ երկու ամիս է ինչ շուկայում են, բայց արդեն իսկ հասանելի են խաղալիքների մասնագիտացված խանութներում, գրախանութներում ու մի շարք մանկական կենտրոններում: Զարգացնող այս խաղերի հեղինակը Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ, 22 տարվա լոգոպեդական աշխատանքի փորձ ունեցող Արմենուհի Ավագյանն է:

WomenNet.am-ի հետ զրույցում տիկին Ավագյանը նշեց, որ իր լոգոպեդական գործունեությունը մշտապես համատեղել է գիտության, հետազոտությունների ու դասավանդման հետ, և հենց մասնագետների ու ծնողների կարիքների դիտարկման արդյունքում էլ ծնվել է «ՄԱՄ» խաղերի նախաձեռնությունը։ Դիտարկումները ցույց են տվել, որ Հայաստանում նման զարգացնող խաղերի կարիքը մեծ է:

 

 

«Այսօր մեր շուկան հայկական, հայալեզու որակյալ ու գեղեցիկ խաղերի ու խաղալիքների կարիք ունի, և հենց այդ պատճառով էլ առաջացավ այս գաղափարը: Խնդիրը նրանում է, որ եթե անգամ խաղեր շուկայում կան, դրանք կարող են զիջել իրենց որակով կամ մասնագիտորեն մտածված չլինեն: Այսինքն, առանձնացված չլինի երեխայի տարիքային խումբը, հստակ չլինեն խաղի նպատակները, մատնանշված չլինի զարգացման ենթակա թիրախային ոլորտը, որին ուղղված է խաղը։ Երբեմն առհասարակ բացակայում է ուղեցույցը ծնողի կամ մասնագետի համար: Այդ բոլոր բացերը տեսնելով մտածեցի հանդես գալ այսպիսի նախաձեռնությամբ և նպաստել հայկական զարգացնող խաղերի արտադրությանը, որոնք մտածված են, մասնագիտորեն մշակված և հասու են ինչպես մասնագետին, այնպես էլ ծնողին։ Մեր խաղերի առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանք բազմաֆունկցիոնալ են. մեկ խաղը կարելի է խաղալ բազմաթիվ եղանակներով»,- ներկայացրեց նա:

 

 

Բացի այս, խաղը իր մեջ ներառականության գաղափարն է պարունակում: Այդպես, առաջին խաղի պարկը կարել են մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդներ, իսկ երկրորդ խաղի նկարներից մեկում պատկերված է սայլակով տեղաշարժվող երեխա: Այս կերպ, բացատրեց տիկին Ավագյանը, փորձում են խաղերի միջոցով, մի կողմից, երեխայի աչքի համար սովորական դարձնել հաշմանդամություն ունեցող մարդկանց, մյուս կողմից,  ներգրավել  վերջիններիս  խաղերի ստեղծման գործընթացին:

 

 

Նորարարական մոտեցումներից մեկն էլ կայանում է նրանում, որ ընկերությունը ոչ միայն մշակում ու հանրության դատին է հանձնում նոր խաղեր, այլև անվճար վարպետաց դաս է անցկացնում այն հաստատությունների մասնագետների ու մանկավարժների համար, որոնք իրենց խաղերի մեծ քանակ են ձեռք բերում: Վարպետաց դասի շրջանակներում ներկայացվում են խաղերի անցկացման տարբերակները։ Օրինակ` «Ո՞վ կա պարկում» խաղը, համաձայն իր ուղեցույցի, ունի խաղալու յոթ տարբերակ, իսկ վարպետաց դասի ժամանակ ներկայացվում են դրանով խաղալու հավելյալ տասից ավելի տարբերակներ:

 

Արմենուհի Ավագյանի մոտ իր նախաձեռնությունը կյանքի կոչելու գաղափարը վաղուց է հղացել, սակայն առաջին խաղը երևանյան գրախանութներում հայտնվել է միայն 2017-ի դեկտեմբերին: Երկրորդ խաղի մուտքը շուկա սպասվում է արդեն առաջիկա օրերին: Այժմ ընկերությունը ակտիվ իրազեկման փուլում է, ներկայացնում է խաղերը հանրությանը: 

 

«Ցանկացած գործ սկսելը, իհարկե, դժվար է և ինձ էլ հենց այդ որոշակի դժվարություններն էին հետ պահում ու ստիպում անընդհատ ձգձգել այս նախաձեռնության իրականացումը: Բայց իրականում պարզվեց, որ ամենն ավելի հեշտ է, քան ինձ սկզբում թվում էր: Մտավախություններ ունենալ պետք չէ, պետք է համարձակ փորձել ու սկսել՝ ունենալով ճիշտ գործընկերներ ու գաղափարակիցներ»,-  ասում է   Արմենուհին, նշելով, որ  ամենից դժվարը հենց   գործընկերներ գտնելն էր, ովքեր օգնել են իրականություն դարձնել գաղափարը։ «Դժվար էր գտնել համախոհի, որը կկիսի ոգևորությունդ, կաջակցի գաղափարիդ իրականացմանը։ Կարևոր էր գտնել դիզայներներին, որոնք կնկարեն ու կպատկերեն քո մտահաղացումը` դա անելով որոշակի գույներով, որակով, ժամանակակից երեխայի նախապատվությունները և հետաքրքրությունների շրջանակը հաշվի առնելով։ Դժվար էր գտնել տպարան, որը այդ ամենը կդարձնի իրական: Բարեբախտաբար, ժամանակի ընթացքում այդ հուսալի գործընկերները գտնվեցին և այսօր նրանք  «ՄԱՄ»-ի կողքին են», – ասում է նա, ավելացնելով,  որ, ընդհանուր առմամբ,  իր գաղափարը կյանքի կոչելու ճանապարհին, որևէ խոչընդոտի չի հանդիպել, հակառակը՝ նկատել է մարդկանց բարեհաճ վերաբերմունքը, միշտ ձգտել են օգնել, ընդառաջել ու աջակցել: 

 

Տիկին Ավագյանը խոսեց նաև իրենց կարգախոսի  մասին:  «Սովորաբար ունենք հետևյալ պատկերը. մեր երեխաները կամ միայնակ խաղում են որևէ խաղալիքով, կամ  խաղում են ինչ-որ էլեկտրոնային գաջեթով՝ համակարգչով, պլանշեթով, բջջային հեռախոսով: Մեր ընկերության կարգախոսն է «Արի՛ խաղանք», այսպիսով մենք պայքարում ենք էլեկտրոնային գաջեթների դեմ, որոնք երեխային մեկուսացնում են և հաղորդակցման ու սոցիալիազացիայի լուրջ խնդիրներ են առաջացնում նրա մոտ: Բացի այս, մեր կարգախոսը ուղղված է նաև ծնողներին, որոնք հաճախ նոր խաղալիքը տալիս են երեխային, ասելով. «Գնա՛ խաղա», ի հեճուկս սրա, մենք ասում ենք. «Արի՛ խաղանք», քանի որ մեր նպատակն է, որ ծնողը երեխայի հետ խաղա: Մեր բոլոր խաղերը մշակված ու մտածված են այնպես, որ երեխայի հետ ինչ-որ մեկը պետք է զբաղվի»,- ասաց նա:

 

 

Առաջիկա ծրագրերի մասին խոսելիս ասաց, որ «ՄԱՄ»-ը նախագծում է առնվազն երկու-երեք ամիսը մեկ նոր խաղ ներկայացնել: Ինչպես նաև դուրս գալ միջազգային շուկա, որտեղ կա հայկական խաղերի պահանջարկ. այս պահի դրությամբ մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններ, այդ թվում նաև արտերկրից, համագործակցելու ցանկություն են հայտնել. «Այս պահին մենք խաղերի պատվերներ ունենք ԱՄՆ-ից, Լեհաստանից: Արցախում արդեն ծանոթ են մեր խաղերին: Մեզ շատ ուրախացնում է այն հանգամանքը, որ սփյուռքում էլ մեր խաղերը հասանելի կլինեն»,-հավելեց «ՄԱՄ»-ի տնօրենը:

 

Լիա Խոջոյան

Դիտումների քանակը` 4283

Գլխավոր էջ