«Պետք է համառ լինես, նաև հաջողակ, որ ճիշտ, քո գաղափարին հավատացող մարդկանց հանդիպես»
Լուսինե Նալբանդյանը ագրոէկոլոգ է, «Օրգանական Հայաստան» ասոցիացիայի նախագահ, «ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ համահիմնադիր և տնօրեն:
«Մանկուց շատ եմ սիրել բնությունը ու միշտ մտահոգվել եմ բնության պահպանության հարցերով, ուստի առանց երկմտելու գործերս տվեցի ԵՊՀ-ի էկոլոգիայի բաժին։ Երբ հայտը լրացնում էի, երկու ազատ տեղ էր մնացել, ու ինձ խորհուրդ տվեցին՝ դատարկ չթողնել ու Ագրարային համալսարանը նույնպես նշել»,- պատմում է Լուսինեն և անկեղծորեն խոստովանում, որ բավական ծանր է տարել, երբ պարզվեց, որ Ագրարային համալսարան է ընդունվել: Ասում է՝ այն ժամանակ հստակ որոշում է կայացրել, որ կես կիսամյակ հետո գործերը կտեղափոխի ԵՊՀ։
«Բայց մեկ կիսամյակ հետո այնքան սիրեցի բուհն ու իմ մասնագիտությունը, որ այդ հարցը դուրս եկավ օրակարգից։ Անվանական կրթաթոշակ ստացա, մասնագիտական փորձեր սկսեցինք անել համալսարանին կից ջերմոցում, ճիշտ է՝ պայմանները անհամեմատելի էին այսօրվա հետ․ կիսաջարդված ապակիներով խարխուլ շինություն էր, բայց լուրջ փորձեր էինք անում, բույսեր աճեցնում․․․»- պատմում է Լուսինեն։
11 տարի առաջ Լուսինեի մոտ «ՕՌՎԱԿՕ» ընկերություն ստեղծելու գաղափարն է ծագում։ Նրա խոսքով, միշտ փնտրել է լուծումներ փակ շղթայի կառուցման համար, երբ մեկ արտադրության թափոնը հիմք է մյուսի համար, և դա իրեն հաջողվել է: «ՕՌՎԱԿՕ»-ի գործունեությունը թափոնների վերամշակման հետ է կապված: Ընկերությունն արտադրում է Էկոլոգիապես մաքուր և կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ, որը ստացվում է կալիֆորնիական կարմիր որդերի և միկրոօրգանիզմների միջոցով օրգանական թափոնների վերամշակման արդյունքում:
«Թափոնների վերամշակումն ինձ համար միշտ երազանք է եղել: Երբ տեսնում էի, օրինակ՝ թե ոնց էին ծաղկի խանութներում տերևները հավաքում ու թափում, ցավ էի ապրում, քանի որ դա արժեքավոր ռեսուրս է, որը թափվում ու դառնում է աղբ։ Մասնագիտական երազանքս հնարավոր դարձավ կյանքի կոչել հայ և նորվեգացի մտահոգ մարդկանց և կազմակերպությունների աջակցության շնորհիվ: Եվ այսօր, գուցե ոչ ամբողջությամբ, բայց ամեն դեպքում մենք ունենք գործարան, որը զբաղվում է օրգանական թափոնների վերամշակմամբ, և այդ տեսանկյունից, ես կարծում եմ, որ երջանիկ մարդ եմ: «ՕՌՎԱԿՕ»-ն ֆերմերին տալիս է հնարավորություն՝ հրաժարվելու վնասակար քիմիկատներից՝ փոխարենն օգտագործելով օրգանական, բնական պարարտանյութեր, և տալու վիտամիններով հարուստ, անվտանգ արտադրանք»:
Խոսելով ընկերության թիմի մասին, Լուսինեն նկատում է, որ իհարկե ղեկավարելը բարդ է, բայց սիրով է անում․ ««ՕՌՎԱԿՕ»-ն ընտանիքի պես է, ու անցյալ տարի ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ ամուր թիմ ենք: Համավարակից ու պատերազմից հետո ֆինանսական լուրջ դժվարություններ ունեինք, բայց բոլորը մեկ մարդու պես կազմակերպության կողքին կանգնեցին, ու միասին հաղթահարեցինք ճգնաժամը»։
Լուսինեի կարծիքով, գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրությունը տարիների ընթացքում աճել է․ գրեթե ամեն շաբաթ տարբեր կազմակերպություններից լավ ագրոնոմ են հարցնում, և՛ աշխարհում, և՛ Հայաստանում ոլորտը զարգանում է, և երբ խոշոր ներդրում է արվում, մասնագետների պահանջն էլ աճում է։
«Մենք էլ տարբեր դասընթացներ ենք իրականացնում, մարդկանց հետաքրքրությունը նախորդ տարիների համեմատ անհամեմատ մեծ է։ Ցանկանում ենք նաև դպրոց հիմնել»…
Բացի գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման խորհրդատվության բազմամյա փորձից, Լուսինեն համակարգել է կայուն օրգանական գյուղատնտեսության, ագրոէկոտուրիզմի, կենսաբազմազանության պահպանության, համայնքային զարգացման ծրագրեր։ Այսօր էլ գաղափարներ ունի՝ ուղղված ոլորտին, կայուն, օրգանական գյուղատնտեսությանը, հավելյալ արժեք ստեղծելուն․․․
Համոզված է՝ աշխարհում ամեն բան փոխկապակցված, փոխպայմանավորված է, և բնությունն ամենացայտուն կերպով է դա ցույց տալիս։
«Հայտնի օրենք է՝ բնության պարտքերը պետք է վերադարձնել, այն էլ՝ տոկոսներով։ Մենք միայն ուզում ենք, բայց չենք հասկանում, որ վերադարձնելու պահն էլ է գալու։ Ընտրության հարց է նաև՝ արդյոք կկարևորե՞ս, թե սերունդներին ինչ կթողնես, կապահովվի՞ արդյոք վերականգնողական ֆունկցիան, արդյոք հավատարիմ կմնա՞ս չվնասելու սկզբունքին»…
«Կարծում եմ՝ նպատակին հասնելու համար պետք է համառ լինես, նաև հաջողակ, որ ճիշտ մարդկանց հանդիպես, քեզ պես մտածող, քո գաղափարին հավատացող։ Այնպես, ինչպես գարնանային հյութաշարժի սկիզբը կայուն աճի սկիզբն է, այնպես էլ մեզ շրջապատող աշխարհում հենց սկզբից պետք է ամեն բան այնպես անել, որ այն լինի ավելի կայուն, առողջ ու անվտանգ, դա է ինձ համար ամենակարևորը։ Միշտ պետք է մտածել, թե ինչ անես, որ կայունություն ու ներդաշնակություն ապահովես քո և շրջակա աշխարհի միջև… »
Զրուցեց՝ Լ. Քոչինյանը
Դիտումների քանակը` 654