Լուիզա Ռևազյան. «Հեղափոխություն եղավ նաև իմ մեջ, իմ մտքում ու մտածողության մեջ»

 

Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներից է Սարիգյուղը: Սեպտեմբերի 29-ին այստեղ ՏԻՄ ընտրություններ են նշանակված: Ավագանու 5 անդամի համար առաջադրվել է 11 թեկնածու, նրանցից 3-ը՝ կանայք: 

 

Սարիգյուղի դպրոցի տնօրեն Լուիզա Ռևազյանն առաջադրված 3 կանանցից մեկն է: Ակտիվ է իր էությամբ, նախաձեռնող  ցանկացած գործի մեջ: Մի քանի տարի առաջ համագյուղացի կանանցով հավաքվել և այլ համայնքներում գյուղատնտեսական կոոպերացիայի հաջողությունները տեսնելով՝ դիմել էին Օքսֆամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությանը և ջերմոցային տնտեսություն հիմնել:

 

 -Կանայք գործազուրկ էին, տղամարդիկ էլ անընդհատ արտագնա աշխատանքի մեջ: Զգում էի, որ պետք է կանանց կապել գյուղին: Հարևան գյուղերի հաջողված օրինակով ստեղծեցինք բանջարաբոստանային տնտեսություն: Ուզում էի նաև, որ գյուղաբնակ կնոջը ամոթխած, իրավազուրկ, քաշված, չկայացած լինելու կարծրատիպը կոտրեմ և կանայք զգան՝ ընտանիքի հոգսը որոշակիորեն իրենք էլ են թեթևացնում, գումար են բերում ընտանեկան բյուջե և ինչու չէ, նաև ընտանիքում կարող են վճռորոշ ձայն ունենալ: Ու եթե կինը, մայրը չցանկացավ լքել իր հողը, տունը, տղամարդը ինչքան էլ մեկնի արտագնա աշխատանքի, հետ է գալու,-ասում է Լուիզա Ռևազյանը՝ նկատելով, որ սահմանամերձ գյուղում ընտանիքներին պահելն ու ամրացնելը որքան կարևոր, բազմաթիվ անգամ էլ դժվար գործ է:

 

 -Իմ կյանքում շրջադարձային էր 2016թ., երբ ընտրվեցի դպրոցի տնօրեն, այնպիսի դպրոցի, որտեղ չկային տարրական կենսապայմաններ: Մեծ պատասխանատվություն էի վերցնում իմ ուսերին: Բայց հաղթահարեցի, որովհետև մենակ չէի, և այսօր վստահաբար կարող եմ ասել, որ դպրոցն անճանաչելի է.  կարգավորեցինք ջրահեռացման խնդիրը, դպրոցը խմելու ջրով ապահովվեց, հրաժեշտ տվեցինք փայտի վառարաններին, դրանք փոխարինվեցին էլեկտրական սալօջախներով, վերանորոգվեց ճաշարանը, ձեռք բերեցինք սառնարաններ… Բարերարների աջակցությամբ վերանորոգվեց տարրականի հատվածը, այս տարի էլ, նույն բարերարների աջակցությամբ վերանորոգվեցին սանհանգույցները, 5 դասասենյակ ու 1 միջանցք, նվեր ստացանք արևային մարտկոցներ: Ընկեր-բարեկամներն օգնեցին աշակերտական սեղաններով, օգտագործված էին, բայց վերանորոգեցինք, տեսքի բերեցինք. ներկեցինք, գեղեցկացրինք դպրոցի այգու պտուղների վաճառքից առաջացած գումարով,-Լուիզա Ռևազյանը ուրախ և չթաքնված հպարտությամբ թվարկում է իրենց բազմաթիվ ձեռքբերումների մի փոքր մասը միայն…

 

 

Առաջիկայում, իր խոսքով, նպատակ կա վերանորոգել սպորտդահլիճն ու նիստերի դահլիճը, բայց կա նաև մի մեծ խնդիր, որի համար կառավարության աջակցությունն է պետք: Դա դպրոցի համար ապաստարանի հարցն է.

 

 

-Սահմանամերձ գյուղի դպրոցը չունի ապաստարան, իսկ դա լուրջ ֆինանսներ է պահանջում, այս պահին էլ դիմում եմ բոլոր մարդկանց, ապաստարան ունենալու ակնակալիքով: Սա այսօր մեր առջև ծառացած ամենամեծ խնդիրն է: Սահմանամերձ գյուղի դպրոց է, միշտ էլ պետք է պատրաստ լինենք:

 

 

Ասում է, չեմ դադարում ամեն օր մի նոր գործի ձեռնամուխ լինելու գաղափարից: Որպես ավագանու անդամի թեկնածու Լուիզա Ռևազյանն իր նախընտրական ծրագիրն ունի, որի շրջանակում  մի շարք գաղափարներ կան,  ուղղված  համայնքի զարգացմանը: Դրանց թվում գյւողի բոլոր երեխաների համար մշակութային կրթության հնարավորության ստեղծումն է , լինի դա երաժշտական և արվեստի խմբակների կազմակերպման կամ մշակույթի տան վերականգնման միջոցով, ուսանողների տրանսպորտային ծախսերի,  համայնքում ջրահեռացման համարգի խնդիրների լուծումն է… Ջեռուցման հարցում նա նորարար գաղափարի ՝ արևային մարտկոցների միջոցով  ջեռուցման ջատագովներից է…

 

 

-Նպատակ ունեմ նաև դպրոցը ներկայացնելու, ինչու չէ նաև համայնքի և համայնքապետի աջակցությունը ստանալու ակնկալիքով, բայց առաջնայինը, մտածում եմ, ծրագրեր պետք է կազմեմ և իրականացնեմ նաև համայնքի համար: Եվ այն հաջողությունները, որ այս տարիներին տարբեր ծրագրերի օգնությամբ ունեցել է դպրոցը, ակնկալում եմ, որ նման առաջընթաց ու կյանքի բարելավում էլ կունենա նաև մեր համայնքը: Հենց այս նպատակով եմ առաջադրել իմ թեկնածությունը ավագանու կազմում,- պարզաբանում է թեկնածուն:

 

Ընտանիքի մասին պատմելով, նկատում է , որ իր դժվարությունների և աշխատանքային գործունեության ընթացքում միշտ կողքին է  եղել ամուսինը, նաև նրա օգնությամբ  է հովանավորներ ու աջակիցներ փնտրել,  բազմաթիվ շինարարական աշխատանքներ իրականացրել դպրոցում… Լուիզան ունի  երկու դուստր և մեկ որդի, աղջիկները բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ են մայրաքաղաքում, համոզված է, որ կրտսերը գյուղ է վերադառնալու՝ դպրոցում աշխատելու, սիրում է գյուղը, դպրոցը, երեխաներին:

 

-Ավագն այլ նպատակներ ունի, բոլոր գործերն էլ կարևոր են, միայն թե հնարավորություններդ ծառայեցնես հայրենիքիդ,- ասում է Լուիզան:

 

Ընտրություններում առաջադրվելու որոշումն, իր խոսքով, նաև հեղափոխության արդյունքն է: Ասում է,  2018թ. երբ սկսվեց հեղափոխական գործընթացը, առաջին հեղափոխականներից էի, քանի որ չէր կարող փողոցում մենակ թողնել իր աշակերտներին.

 

 

– Մեր, նաև մեր աշակերտների հաղթանակն ինձ պարտավորեցրեց: Բայց երեխաների վաստակած հեղափոխական ծիլերը պետք է զարգացնել: Ու եթե մինչ այդ դպրոցից դուրս ես ինձ չէի պատկերացնում, ապա այսօր արդեն  «միայն դպրոցն է իմը» գաղափարը ևս հեղափոխության ենթարկվեց իմ ներսում: Ինչ է նշանակում՝ ես դպրոցից դուրս անելիք չունեմ, ունե´մ և այն էլ ինչպիսի´ անելիք: Այսինքն, հեղափոխություն եղավ նաև իմ մեջ, իմ մտքում ու մտածողության մեջ, – պատմում Լուիզան:

 

Ավագանիում կանանց ներկայացվածության կարևորության մասով  Լուիզա Ռևազյանը հստակ դիրքորոշում ունի.

 

-Մի շատ կարևոր հանգամանք կա. ավագանու անդամները միշտ տղամարդիկ են և եթե պետք է որևէ հարց որոշվի, նրանք առաջնայնությունը տալիս են առաջնորդվելով տղամարդկանց տեսանկյունից. օրինակ, եթե քննարկվում է ներդրում անել առևտրի կետ կամ ջրագիծ անցկացնելու, կամ նախակրթարան բացելու հետ կապված հարցերում, տղամարդիկ առաջնայնությունը տալիս են առևտրի կետին, բիզնեսին, բայց կինը փորձում է բարելավել կենցաղը, ջուր ունենալով ոչ միայն կենսական հարցեր են լուծվում, նաև կնոջ գործն է թեթևանում, ասենք լվացքի մեքենա էլ կարելի է տանն ունենալ… Նախակրթական հիմնարկի առկայությունը կարևոր նախապայման է կանանց զբաղվածության համար… Տեսե՛ք, ինչքան հարցեր կարելի է լուծել միանգամից: Այսինքն, ավագանու կազմում պետք է լինեն և´ կանայք, և´ տղամարդիկ և առաջ քաշված հարցերը նրանց երկուսի կողմից պետք է բազմակողմանի քննարկվեն և այդ դեպքում ավելի ճիշտ որոշում կկայացվի:

 

Նախընտրական շրջանում մրցակցության մասին խոսելիս էլ լավատես է և կամային: Ժպիտով է վերաբերվում շատ կարծիքների.

 

-Ասում են, եթե տնօրենը դրել է իր թեկնածությունը, ուրեմն այստեղ մի բան կա, քանի որ գիտեն, ես ուշադիր մարդ եմ, ցանկացած հարց պետք է մանրամասն ուսումնասիրեմ, հետո միայն որոշում կայացնեմ: Իհարկե, սա ոչ բոլորին դուր կգա, բայց պետք է հասնեմ դրան:

 

Իսկ թե ինչպես է կազմակերպում իր նախընտրական քարոզարշավը, Լ. Ռևազյանը պատասխանում է.

 

 -Քարոզարշավ, որպես այդպիսին, գյուղական միջավայրում չկա. հանդիպում ենք տարբեր միջոցառումների ժամանակ, դրսում, փողոցում, տանը, ծանոթ-բարեկամ-հարևանի տանը և խոսում ենք ընտրությունների, իմ ծրագրերի ու առաջարկությունների, տեսակետների ու գաղափարների մասին: Խոսելով իմ նպատակների մասին, բացատրում եմ, որ կնոջ ներկայությունն ավագանու կազմում շատ կարևոր է, և այնպես եմ ուզում, որ ավագանու 5 անդամներից 3-ը կին լինեն:

 

 

Ասում է,  որպես մայր, հայ կին, իր աղջիկներին օրինակ է  տվել և սովորեցրել, որ պետք է կարևորվի և՛ տղամարդու, և՛ կնոջ դերը հայ ընտանիքում, պետք է ամեն ինչ անել համատեղ որոշման արդյունքում:

 

 

-Մեր սերնդին պետք է սովորեցնել, որ լիդերությունը պետք է նպատակային լինի և ամենաճիշտ որոշումները կայացվում են համատեղ քննարկումների արդյունքում:  Տանն էլ պետք է ցանկացած որոշում քննարկվի և´ տղամարդու, և´ կնոջ տեսանկյունից, և նման ընտանիքը երբեք չի տուժի:

 

 

Դրա հետ մեկտեղ մի մեծ խնդիր է տեսնում,  տղմարդկանց արտագնա աշխատանքի  հետ կապված իրավիճակն է, որ կա իրենց, հարակից գյուղերում և ամենուր.

 

 

-Երբեք չեմ մտածել, որ կինը թույլ էակ է, համոզված եմ, որ ձախողվելուց չպետք է վախենա, կարևորը ցանկությունն է և կամքը: Բայց  այնուամենայնիվ, ուզում եմ, որ մեր կանայք, մեր ուժեղ կանայք մի քիչ թույլ զգան իրենց: Ինչ եմ ուզում ասել, տղամարդիկ տարվա մեծ մասը արտագնա աշխատանքի մեջ են ու մեր կանայք հիմնականում մենակ են, ստիպված անում են այնպիսի աշխատանք, որ ֆիզիկապես կնոջ համար չի, օրինակ՝ խոտ հավաքել, փայտ ջարդել և այլն…  Ուզում եմ, որ մեր կանայք իրենց տղամարդկանց կողքին մի քիչ «թույլ»  զգալու, կին զգալու հնարավորություն ունենան…

 

 

Իր հաջողության գաղտնիքի մասին խոսելուց  շատ պարզ բանաձև է ներկայացնում.

 

 

-Հաջողության գաղտնիքը ժամանակի և աշխատանքի ճիշտ պլանավորման մեջ է: 24 ժամն այն փոքր ժամնանակահատվածն է, որը ճիշտ և նպատակային տնօրինելու դեպքում, մարդը նաև հանգստի ժամանակ կունենա: Պետք է քննարկել, մտածել, հասկանալ՝ կկարողանա՞ս արդյոք ավարտին հասցնել այն գործը, որին ձեռնամուխ ես լինում: Եթե վերջը տեսնում ես, ուրեմն կարող ես սկսել, եթե մոտավոր ես գործ բռնել, ուրեմն էլի մտածիր…

 

Զրուցեց՝ Նարինե Մաթևոսյանը

 

Դիտումների քանակը` 1349

Գլխավոր էջ