Նոյեմբերի 14-ի ընտրություններ. Ինչպե՞ս են կանայք ներկայացված ընտրացուցակներում/ ինֆոգրաֆիկա

Նոյեմբերի 14-ին Լոռու մարզի Ստեփանավան, Տավուշի մարզի Իջևան, Սյունիքի մարզի Կապան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Նույն օրը  մեծամասնական կարգով համայնքապետ կընտրեն Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում, ավագանու ընտրություններ կանցկացվեն Լերմոնտովոյում ու Կոտայքի մարզի Արզնի համայնքում։ Եթե համամասնական ընտրություններին, որտեղ գործում է գենդերային քվոտան,  մասնակցելու հայտ ներկայացված 5 կուսակցությունների  ցուցակներում թեկնածուների 33.4 % կանայք են, ապա մեծամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու ընտրություններին առաջադրված թեկնածուների թվում կանայք 17,4% են կազմում: Համամասնական ցուցակներից ոչ մեկը կին չի գլխավորում: Կանայք չկան նաև մեծամասնական ընտրակարգով համայնքի ղեկավարի պաշտոնին առաջադրված թեկնածուների թվում:

 

 

Համամասնական ընտրություններ

 

WomenNet.am-ը վերլուծել է կանանց ներկայացվածությունը ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում։

 

 

 

Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են  «Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես», «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունները։ Նրանցից ոչ մեկի համամասնական ցուցակը կին չի գլխավորում։ Բոլոր ընտրացուցակներում կանայք ներկայացված են երրորդ հորիզոնականից:

 

Իջևանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Այստեղ էլ կուսակցությունների ցուցակներից որևէ մեկը կին չի գլխավորում։

 

Կանայք չեն գլխավորում  նաև Կապանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող «Քաղաքացիական պայմանագիր» ու «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ցուցակները։

 

 

 

Ընդհանուր առմամբ, Ստեփանավանում, Իջևանում, Կապանում անցկացվող համամասնական   ըտրություններին մասնակցելու հայտ ներկայացված 5 քաղաքական ուժերի ցուցակներում 263 թեկնածու է ընդգրկված: Նրանցից  88-ը կամ 33.4 % կանայք են։ Նշենք, որ այս երեք քաղաքների գործող ավագանիների կազմում կանայք չկան։

 

Առավել մեծ թվով կանայք ընդգրկված են Իջևանի ընտրություններին մասնակից ուժերի համամասնական ցուցակներում, կանանց ներկայացվածությունն այս համայնքում ընդհանուր առմամբ 34.2 % է, ընդ որում  բարձր ցուցանիշն ապահովել է ՀՅԴ ցուցակում կանանց մեծ ներկայացվածությունը: Կապանի ընտրություններին մասնակից ուժերի ցուցակներում կին թեկնածուները՝ 33.8 % են կազմում, Ստեփանավանի ընտրություններին մասնակից կուսակցությունների ընտրացուցակներում՝ 31.7 %։

 

Դիտարկելով կին թեկնածուների ընդգրկումը ցուցակներում ըստ համամասնական ընտրությունների մասնակից հինգ կուսակցությունների,  կարող ենք նկատել, որ առավել մեծ ներկայացվածություն կանայք  ունեն ՀՅԴ ընտրացուցակում՝ 35.7 %։  Նրան հետևում է իշխող «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունը՝ 34 % ցուցանիշով, «Շանթ»-ը՝ 33.3 % ցուցանիշով, ՀԱԿ-ը՝ 31.2 % ցուցանիշով։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում կանայք 29.4 %ն են կազմում։

 

 

Մեծամասնական ընտրություններ

 

Նոյեմբերի 14-ին մեծամասնական կարգով համայնքապետ կընտրեն Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում, ավագանու ընտրություններ կանցկացվեն Լերմոնտովոյում ու Կոտայքի մարզի Արզնի համայնքում։  Հիշեցնենք, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքները խոշորացման ծրագրում ընդգրկված չեն, հետևաբար այստեղ ընտրությունները կանցկացվեն մեծամասնական կարգով։

 

 

Հիմնականում  մոլոկաններով բնակեցված Լերմոնտովոյի գյուղապետի պաշտոնի համար առաջադրված երկու թեկնածուներն էլ տղամարդիկ են։ Գործող գյուղապետն էլ տղամարդ է։ Գյուղի գործող ավագանու կազմում կանայք չկան։

 

Գյուղի ավագանու հինգ անդամի համար պայքարում է 6 թեկնածու, որից մեկը կամ 16.7 % կին է՝ անկուսակցական Քրիստինե Խառատյանը։

 

Հիմնականում ասորիներով բնակեցված Արզնիի գործող ավագանին  9 անդամ ունի, նրանցից 3-ը կանայք են՝ Իվանովա Պոլինա Կնյազևնա, Ղուլղազարյան Սոնյա Արշակի, Յակուբովա Տատյանա Լեոնիդովնա։

 

 

Ավագանու անդամի համար առաջադրված 17 թեկնածուներից երեքը կամ 17.6 % կանայք են՝  անկուսակցական Ալեքսանովա Սուսաննա Պավլովնան, ՔՊ-ական Իվանովա Պոլինա Կնյազեվնան, որ նույն գյուղի դպրոցում ուսուցիչ է աշխատում, գործող ավագանու անդամ է և ՔՊ-ական Իվանովա Տոմա Սերգեեվնան։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին նշանակված ամամասնական ընտրությունների համար ԿԸՀ սահմանած ժամանակացույցի համաձայն, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար ընտրացուցակները համապատասխան տարածքային հանձնաժողով էին ներկայացվել սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 18։00-ն ներառյալ։

 

 

Ընտրացուցակների գրանցումը կատարվել է հոկտեմբերի 10-15-ը։ Նախընտրական քարոզչությունը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին և շարունակվելու է մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ։

 

 

Թեկնածուները, կուսակցությունները, դաշինքերը կամ դաշինքի անդամ կուսակցությունները ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 4-ը ժամը 18։00-ն։ Քվեաթերթիկների տպագրումը մեկնարկում է նոյեմբերի 4-ին, ավարտվում 11-ին։

 

Հ. Կարապետյան

 

 

Դիտումների քանակը` 1046

Գլխավոր էջ