«Միրգ-բանջարեղեն»-ի տիրուհին

Մեր զրուցակիցը՝ կին է, ով պարզապես սիրում է իր աշխատանքը … Չնկատել «Միրգ-բանջարեղեն» խանութի Լիլոյին պարզապես անհնար է։ Նիհարիկ, բայց ամրակազմ, արագաշարժ, կայծկլտուն աչքերով, ինքնատիպ հումորով և անհատական մոտեցմամբ յուրաքանչյուր հաճախորդին։ Լիլիթ Հակոբյանը պատմում է, որ ուզեցել է ընդունվել «ֆիզկուլտ ինստիտուտ»՝ վոլեյբոլի կամ ծանրաձողի բաժին, բայց հանգամանքների բերումով չի ստացվել։ Փորձել է աշխատել սովորական խանութում, մաքրության ծառայությունների ոլորտում, բայց  հասկացել, որ մրգերի ու բանջարեղենի «կայսրությունում» գտել է իրեն։

 

 

Լիլիթը հիշում է, որ բակում «տղայական» խաղեր էր խաղում ու միշտ հաղթում։ Երբ իր թիմն առաջ էր անցնում, ասում էին՝ թող Լիլոն չխաղա, որ հավասար պայմաններ լինեն։ Երբեք ոչ մի տեղ չի պարապել, չի մարզվել։ Մի օր էլ, դպրոցն ավարտելուց և աշխատանքի երկար փնտրտուքներից հետո առաջարկ ստացավ՝ աշխատելու բանջարեղենի խանութում։ 2-3 օր պահանջվեց, որ սովորի, թեև խոստովանում է, որ միշտ էլ սովորելու բան կա։ Սկզբում իրեն էին սովորեցնում, հիմա արդեն ինքը, չէ որ 12 տարի այս ոլորտում է։ «Եթե ապրանքը սկսում է փչանալ՝ չենք թափում, կողքի ենք դնում ավելի էժան, ասում ենք՝ մարդիկ կառնեն, մի բան կսարքեն։ էս գործում պետք է այնպես անես, որ թափոնը շատ չլինի», – գործի նրբություններով կիսվում է Լիլիթը։ Օրվա ռեժիմը նույնն է․  արթնանում է 7-ին, լոգանք ընդունում, հագնվում ու սիրով գալիս գործի։ «Ամեն Աստծո առավոտ տարածքը մաքրում եմ, մարդիկ չգան ասեն՝ ստեղ աղջիկ չի աշխատո՞ւմ», – ասում է Լիլիթը։ 

 

 

Համտեսման, գրազի ու ջան-ջիգյարի մասին

 

Սիրված միրգ բանջարեղեն չունի, բայց առանձնացնում է ծիրանն ու նեկտարինը։ Թեև առաջ՝ ձմերուկն ու սեխն էին, որ կարող էր «տոննայով» ուտել։ Մի անգամ էլ գրազով է կերել երկու «եմիշ», բայց դա առաջ էր, հիմա 2-3 կտորից ավել չի կարողանում ուտել։ Ասում է, որ խանութում թույլատրվում է ամեն ինչ ուտել՝ թանկ, էժան, ոչ ոք չի խոսում, ընդհակառակը, ասում են՝ «կերեք, որ ուժ ունենաք, որ հաճախորդը գա հարցնի՝ պոմիդորը քա՞ղցր է, գիլասը թթո՞ւ է,  իմանանք․ որ չուտեք, ո՞նց կարող եք ասել։ Օրինակ, հարցնում են՝ նազրվան վարունգը դառնա՞, երբ կերած եմ լինում ասում եմ՝ քաղցրա, կամ եթե դառնա, ասում եմ պոչերը կտրեք, նոր կերեք», – խոստովանում է Լիլիթն ու ասում, որ երբեք չի խաբում՝ ո՛չ խանութում, ո՛չ էլ կյանքում։ Իսկ առավել շատ չի սիրում խաբված լինել։ «Եթե ինձ խաբում են, շատ եմ նեղվում, գործի մեջ էլ է լինում, գործից դուրս էլ, բարեկամության մեջ, ընտանիքի։ Բայց հինգ րոպեյից ավել չեմ ջղայնանաում եմ, դրանից հետո ամեն ինչ նախկինի պես՝ ջան-ջիգյար է», – անկեղծանում է Լիլիթը։

 

 

Ուժեղ կնոջ բանաձևը

 

Ասում է, ծանրություն բարձրացնելը կնոջ համար չէ, ուղղակի աշխատանքի պայմաններն են ստիպում։ Թեև չի դժգոհում ո՛չ գործից, ո՛չ էլ կյանքից։ Լավ ընտանիք ունի՝ հայր, մայր, եղբայր, գործն էլ սիրում է։ Ծնողները դպրոցն ավարտելուց հետո կոշկակարություն են սովորել, հետո հանդիպել, ամուսնացել են։ «Ընտանիքս  լավ եմ պահում, նրանք ոչ մի բանի պակաս չունեն։ Երբ մի բան եմ առնում, ասում եմ՝ թող իրենք շատ ուտեն, ես քիչ, աղջիկ եմ՝ կդիմանամ, աղջիկները պինդ են, տղամարդիկ չեն դիմանում, բնության օրենքն է․․․Ծնողներից փող չեմ խնդրում, ամեն ինչին հասել եմ իմ ուժերով։ Ինձ հեռախոս եմ գնել, ոսկյա շղթա, կենցաղս եմ կազմակերպել», – արձանագրում է իր հաջողությունների շղթան Լիլիթն ու խոստովանում, որ չի ընդունում մարդուն, ով ուժ ունի, եռանդ ունի, բայց չի աշխատում, փոխարենը՝ փող խնդրում…  

 

 

Հումորային դիվանագիտությունը

 

 Աշխատանքային օրն առանց հումորի չի պատկերացնում, բայց ոչ բոլոր գնորդներն են հասկանում։ Հաճախորդների հարցին, թե ո՞ր վարունգը կառաջարկի՝ դրսի՞նը, թե՝ ներսինը, կատակով պատասխանում է՝ ներսինը, դրսինը իմ նման «հոգնած ա»։ «Հարցնում են՝ ունե՞ս թարմ կանաչի, ասում եմ՝ իմ նմա՞ն։ Մարդ կա հասկանում է, մարդ էլ կա ասում է՝ «ձեռ ես առնո՞ւմ»։ Պետք է իմանաս, ում հետ հումոր անես, ում հետ ոչ։ Կյանքն էլ պետք է ապրես հումորով, հակառակ դեպքում՝ ոչ մի բանի չես հասնի ու քեզ կհիշեն, որպես վատ էներգիա հաղորդող մարդ», – պարզաբանում է գործի հոգեբանական կողմը Լիլիթը։ 

 

 

Մտորումներ գործից հետո

 

 

Թվում է, թե 13-14  ժամ գործի մեջ անցկացրած մարդը, գոնե տուն գնալուց գործի մասին պետք է չմտածի, բայց Լիլիթն այդ ժամանակ էլ անհանգստանում է․ «տեսնես այսօր սխալ արե՞լ եմ, հաճախորդին կոպտել, կամ նեղացրե՞լ եմ, կարող ա՞ էլ չգա»։ Ոչ մեկին չնեղացնելը՝ խանութի ներքին կարևորագույն սկզբունքն է։ Բայց պատահում է, որ գնորդներն են նեղացնում իրենց։ «Հարցնում եմ՝ ինչո՞վ օգնեմ, ասում են, դու ինչո՜վ կարող ես օգնել․․․ասում եմ՝ կուկուրուզը քանի՞ հատ է պետք, ասում են՝ քո ինչ գործ, քանի հատ։ Հարցնում եմ, որ մաքրեմ-պատրաստեմ։ Վիրավորական է, բայց չեմ պատասխանում։ Համարում եմ, մեր մայրն ա, քույրն ա ․․․», – մեծահոգաբար ասում է Լիլիթը։

 

 

Երազանք չունի, բայց…

 

Ասում է, որ երազանք չունի, ինչ էլ ուներ՝ կամաց կամաց կատարվում է։ «Մանկուց երազել եմ, որ մի հատ ավտո առնեմ։ Ներկա պահին կարող եմ գնել, վարել գիտեմ, բայց ռիսկ չեմ անում, վստահ չեմ։ Բայց մի օր կհասնեմ նպատակիս»։

 

 

Կանացի երջանկությունն ու «թիթիզ բաները»

 

Ընտանիք կազմելու մասին Լիլիթն, իհարկե, մտածում է, ասում է, կան տղաներ, որ իրեն հավանում են, բայց չկա այն մեկը, ում նա կվստահի ամեն ինչ։ Հաճախորդների մեջ իր երկրորդ կեսին գտնելու հավանականությունը մեծ չի համարում․ «Կարող է կան մարդիկ, ում դուր եմ գալիս, բայց ցույց տվող չկա, որ ասենք, անընդհատ էտ տղեն գա։ Կարող է երթուղայինում հանդիպեմ, կարող է մետրոյում», – ոչինչ չբացառելով ասում է Լիլիթը։ «Կանացի հանդերձանք, շպար, թիթիզ բաներ չեմ սիրում։ Ոնց կամ՝ այդպես եմ…», – ասում է Լիլիթը։

 

 

Եվ մի տանիր մեզ փորձության․․․

 

Ազատ ժամանակ համարյա չի ունենում, հիմնական հետաքրքրությունը հեռախոսն ու եղբոր երեխաներն են։ Սիրում է երգել ու լսել երգեր Հայաստանի ու սիրո մասին… Հավատում է Աստծուն, եկեղեցի գնում, իսկ պատասխան չստացած խնդրանքներ էլ այսպես է մեկնաբանում․ «Մարդկանց  փորձություններ են տրվում, որ Աստված տեսնի՝ այդքանից հետո դու մարդկանց լավություն կանե՞ս, կօգնե՞ս․․․Ես շատ փորձությունների միջով եմ անցել,  բայց թշնամուս էլ չեմ ցանկանա իմ փորձություները», –  ասում է Լիլիթը։

 

 

Կանխելով նախատեսված հարցը

 

«Հաստատ էտ հարցը ինձ տալու եք՝ կուզե՞ք փոխել գործը, – անսպասելի հարցնում է Լիլիթն ու ինքն իր հարցին պատասխանում, – ներկա պահին կյանքս փոխելու հստակ ծրագրեր չունեմ։ Կամաց-կամաց գալիս է էն տարիքը, որ սկսում ես հոգնել։ 30 տարեկան եմ, որից 12 տարին այս բնագավառում եմ, էս գործը հիվանդության բուն է, ծանր արկղներ, ձմերուկներ սխալ վերցնելուց կարող է ձեռքդ ու մեջքդ վնասես, մի խոսքով աղջկա գործ չի, բայց ես գտել եմ ինձ այստեղ», – ինքնաբավ ու հաստատուն ասում է միրգ-բանջարեղենի տիրուհին։ Իսկ հայրենիքին սպառնացող վտանգների մասին խոսելիս ամենայն լրջությամբ վստահեցնում, որ եթե պետք եղավ՝ ինքը պատրաստ է գնալ ծառայելու հանուն Հայաստանի…

 

 

Սուսաննա Հովհաննիսյան

Դիտումների քանակը` 999

Գլխավոր էջ