Լաուրա Մելիքսեթյան. «Թիվ մեկ խնդիրը համաճարակը հաղթահարելն է, մինիմալ կորուստներով և հնարավորինս արագ»
«Կարծում եմ, որ իսկզբանե կորոնավիրուսին պետք է ավելի լուրջ վերաբերվեինք ու նայելով մյուս երկրների փորձին ավելի շատ պատրաստ լինեինք դրան: Բայց, ցավոք, այսօր մենք մեր գրանցած թվերով առաջ ենք անցել շատ երկրներից», – ասում է WomenNet.am-ի հետ զրույցում Ալավերդի համայնքի ավագանու անդամ Լաուրա Մելիքսեթյանը:
Լաուրա Մելիքսեթյանը համարում է, որ այս իրավիճակում, հատկապես գյուղական վայրերում շատ անելիքներ ունեն ավագանու անդամները, սակայն միշտ չէ, որ գիտեն ինչը պետք է արվի առաջին հերթին, որ քայլերն են ավելի գործուն և որոնք ավելի արդյունավետ կիլինեն: Համոզված է, որ այս դեպքում ավագանու անդամների համար անհրաժեշտ են դասընթացներ, որոնք կսովորեցնեն, թե ինչպես պետք է գործի ավագանին նման արտակարգ իրավիճակում. «Հաճախ ավագանու անդամներն առաջ են քաշում գաղափարներ, բայց չգիտեն ինչպես դրանք իրագործեն, և հաճախ սպասում են թե ինչ կառաջարկեն իրենց անել համայնքապետարանները»,- ասում է նա:
Լաուրա Մելիքսեթյանի համոզմամբ, շատ կարևոր են ախտահանման միջոցառումները, հատկապես այն վայրերում, որոնցից մարդիկ հաճախ են օգտվում: Օրինակ, իր վերահսկողության տակ է վերցրել Ալավերդի քաղաքի կանգառների ախտահանումը, քանի որ դրանք կարող են վարակի փոխանցման համար նպաստավոր վայրեր լինել: Ասում է, որ անձամբ է հսկում , որ ախտահանումը կատարվի ժամանակին և հավուր պատշաճի:
-Վերջերս կայացած ավագանու նիստում որոշում կայացվեց սոցիալապես անապահով 60 ընտանիքի աջակցություն տրամադրել, այս անգամ պարենային օգնություն էր, փաթեթներում կային նաև ձեռնոցներ, դիմակներ, ալկոգել: Նախորդ անգամ էլ ֆինանսական օգնություն ենք տրամադրել 40, իսկ դրանից առաջ 20 սացիալապես շատ ծանր վիճակում գտնվող ընտանիքներին,- պատնում է նա, ավելացնելով, որ բոլորի տները այցելել է անձամբ, պահելով սոցիալական հեռավորությունը, խոսել մարդկանց հետ, հորդորել անհրաժեշտության դեպքում նորից դիմում գրեն քաղաքապետարան:
Լաուրա Մելիքսեթյանը նաև «Հույսի ափ» ՀԿ-ի նախագահն է, կազմակերպությունն աջակցում է միայնակ ծերերին, ի դեպ նշեց, որ 56 շահառուներից միայն 2-ն են տղամարդ: Այս օրերին նրանք հատկապես ունեին աջակցության կարիք և նա նաև իր սեփական միջոցներով և ընտանիքի անդամների օգնությամբ իր հնարավորությունների սահմաններում աջակցել է կարիքավորներին.
-Առայժմ չեմ կարող ասել որ բոլորին այցելել եմ, բայց 18-ին այցելել եմ, եղել եմ նույնիսկ սահմանամերձ Ջիլիզա գյուղում, այցելել եմ Աքորի, Հաղպատ, Կաճաճկուտ գյուղեր, քաղաքից վերև Սարահարթ գյուղ կա, այնտեղի բնակիչների մոտ եմ եղել… Աջակցել ենք ինչով որ կարող ենք, ամենաանհրաժեշտ պարագաներ, ձեռնոցներ, դիմակներ, ձեթ, կռուպեղեն, շոկոլադ, դրանից առաջ հագուստ ենք տարել, գիշերազգեստներ տատիկերին, – պատմում է նա:
Ավագանու անդամը հավաստացնում է, որ վերջին օրերին, երբ պարտադիր է դարձել ձեռնոցների և դիմակների կրելը փակ վայրերում և դրանց առկայությունը բացօդյա տարածքներում, շատ հետևողական՝ ոստիկանների հետ միասւն աշխատում են ` հետևելով, որ բոլորը անպայման կրեն ձեռնոց և դիմակ.
-Բոլորս և ձեռնոցներն ենք կրում և պաշտպանիչ բոլոր միջոցառումներն ենք անում, որպեսզի չվարակենք,- ասում է նա,- ճիշտ է մի քիչ ուշ, բայց արդեն բնակչությունը հասկացավ, թե սա ինչ լուրջ հիվանդություն է և ինչ լուրջ հետևանքներ կարող է ունենալ:
Նրա խոսքով, դիմակներ և ձեռնոցներ համատարած բոլորը սկսել են կրել միայն կառավարության վերջին խստացումներից հետո, դրանք կրում են անգամ այն մարդիկ ովքեր դժգոհում են, թե դիմակ կրելը շատ դժվար է, կամ ձեռնոցներն առաջացնում են սնկային հիվանդություններ: Նշում է, որ հատկապես ծերերն են, որ չեն կարողանում դիմակներ կրել ու դժգոհում են, որ չեն կարողանում շնչել, բացի այդ հատկապես դժվար է դիմակով երթևելել տրանսպորտում:
-Եթե կառավարությունը շուտ ասեր, որ կարող եք տանը կարած դիմակներ կրել, մարդիկ ավելի շուտ կսկսեին իրենց միջոցներով պատրաստել դիմակները և պաշտպանվել դրանցով: Չնայած, որ մարդիկ տարակուսանքի մեջ են ընկնում նաև ֆեյսբուքյան և ինտերնետային տարբեր հրապարակումների պատճառով, որտեղ տարբեր ակադեմիկոսներ խոսում են, որ դիմակ կրելը իմաստ չունի, և մարդիկ չեն հասկանում, որն է ճիշտը` կրեն, թե չկրեն: էլ չեմ ասում թե գյուղացիները, իրենք իրենց տրամադրում են թե իրենք մաքուր օդում են ապրում, ունեն բարձր իմունիտետ և իրենց ոչինչ չի պատահի, բայց կարող է մեկ վարակակիր մտնել գյուղ, ունենք չէ մենք դրա օրինակը, և բոլորը վարակվեն:
Լաուրա Մելիքսեթյանն արդեն 16 տարի է Ալավերդու թիվ 5 Ստեփան Շահումյանի անվան դպրոցի տնօրենն է, վստահ է, որ եթե պատկերացնենք վատագույն սցենարը, և սեպտերին դպրոցները չվերաբացվեն և դասերը նորից առցանց անցկացվեն կրթությունը կհայտնվի կոլապսի մեջ.
– Ես հսկել եմ բոլոր ուսուցիչների և դասարանների աշխատանքը, շատ երեխաներ ինտերնետային կապ կամ անհրաժեշտ սարքավորումներ չունեն, դասարանները լիարժեք չեն հավաքվում, օրինակ, 27 երեխաներից 8-17 երեխա են միանում դասերին… Դասերն անցկացվում են, բայց այնպես չի, որ ուսուցիչը հասկանա, իր տված նյութը հասկացավ երեխան թե չէ, շատ լուրջ դժվարություններ կունենանք կրթության որակի և հասանելիության հետ կապված, եթե սեպտեմբերին էլ օն-լայն լինի:
Վերջին օրերին հետևելով մայրաքաղաքում մարդկանց աշխույժ տեղաշարժին նա անհանգստանում է.
-Ես կարծում եմ հասարակական վայրերը այսքան շուտ բացելու կարիք չկար, նայում եմ այգիները Երևանում լեփ լեցուն են, զարմանում եմ, ինչպես կարելի է, բայց մեզ մոտ բացարձակ այդպես չի, իսկապես ճիշտն եմ ասում,- հավաստիացնում է նա, ավելացնելով, որ սննդի օբյեկտներն, իր կարծիքով, պետք է մնային փակ և դա կստիպեր մարդկանց տանը նստել… թեկուզ պետության համար լրացուցիչ բեռ լիներ կորուստները փոխհատուցելու…
– Թե չէ դուրս ենք գալիս բոլորս, հասարակական տրանսպորտից ենք օգտվում, գնում ենք գնումների, մինչդեռ մոլերում ինչքան ուզում է ասեն հեռու կանգնեք` էդպես չի լինի…
Ավագանու անդամի կարծիքով, համաճարակի հաղթահարման համար պետք է դրա դեմ պայքարում հաջողությունների հասած երկրներից` Չինաստանից, Ռուսաստանից և Գերմանյաից մասնագետներ հրավիրվեն Հայաստան, և նրանց փորձը օգտագործեն այստեղ:
-Կարծում եմ, կարելի է հրավիրել դրսի մասնագետներին, որովհետև ժամանակ առ ժամանակ հայտարարվում է , որ այս կամ այն բժիշկը չկա մասնագետը կարիքը ունենք,- նշում է նա, – Բայց դրա հետ մեկտեղ պետք է գովասանքի և շնորհակալանք խոսք ասեմ մեր բժիշկների հասցեին, ովքեր, ինչպես կասեր Թումանյանը «ղոչաղ» աշխատում են, ամեն հիվանդի հետ, ամեն մարդու հետ:
Կարինե Պետրոսյան
Դիտումների քանակը` 1325