Կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը բխում է թե՛ ընտանիքի, թե՛ գործատուի, թե՛ պետության շահերից
Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրը՝ հոկտեմբերի 7-ին, ամփոփվեցին «Վաղ մայրության շրջանում գտնվող կանանց իրավունքների պաշտպանության ջատագովություն» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները, որն իրականացվել է «Կետ 33» հասարակական կազմակերպության և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հետ համագործակցությամբ։
«Կանանց աշխատանքային իրավունքների, նրանց ներուժի սահմանափակ իրացման խնդիրները արդիական են ոչ միայն Հայաստանում։ Գերմանիայում ևս կանայք հաճախ առնչվում են ընտանիք -կարիերա հավասարակշռման խնդրին։ Քովիդով պայմանավորված աշխատաժամերի փոփոխությունը, ճկուն աշխատաժամերի շուրջ գործատու-աշխատող համաձայնությունը հնարավորություն տվեց Գերմանիայում վերհանել մի վիճակագրություն, որը հավաստում է երեխաներ ունեցող կանանց աշխատանքային պարտավորությունների պատշաճ կատարելու մասին։ Այսինքն՝ լիովին հնարավոր է համատեղել կարիերան, որակյալ աշխատանքը՝ միաժամանակ լինելով տանը՝ երեխայի կողքին»,- այս մասին ողջույնի խոսքում ասաց «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հարավկովկասյան երկրների համար իրավասու տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ֆելիքս Հեթը։
«Կետ 33» կազմակերպության նախագահ Աստղիկ Կարապետյանը ներկայացրեց ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, այդ թվում՝ նկարահանված ոգեշնչող տեսահոլովակները՝ կարիերայում հաջողությունների հասած կանանց մասին, ովքեր թեև դժվարությամբ, սակայն կարողացել են հաջողությամբ համատեղել ընտանիքն ու աշխատանքը: Միևնույն ժամանակ, այս կանանցից շատերը, ովքեր նաև առաջնորդներ են ու ղեկավար պաշտոններ ունեն, փորձում են հարմարավետ միջավայր ստեղծել իրենց կառույցներում՝ երեխա ունեցող գործընկերների հոգսը թեթևացնելու համար:
Ծրագրի շրջանակում ստեղծվել են նաև նկարազարդում-պատմություններ, որոնց նպատակը կանանց իրազեկումն է իրենց իրավունքների մասին։
Իրականացվել և տպագրվել է նաև հետազոտություն՝ վաղ մայրության շրջանում կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավական երաշխքիների ու աջակցման ծրագրերի վերաբերյալ:
Հետազոտության աշխատանքները ներկայացնելիս Աստղիկ Կարապետյանը նշեց, որ խնդիրը դիտարկվել է ոչ միայն կնոջ, այլև ընտանիքի բարեկեցության և ընտանիքամետ մոտեցումների տեսանկյունից: Նրա խոսքով, աշխատավայրում ընտանիքամետ միջավայրի ստեղծումը նպաստում է ոչ միայն ընտանիքի նյութական ու հոգեհուզական բարեկեցությանը, այլև բխում է գործատուի ու պետության շահերից:
«Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ ընտանիքամետ միջավայր ունեցող կազմակերպությունները ոչ միայն հեղինակություն են վայելում, այլև գրավիչ են բարձր որակավորում ունեցող կադրերի համար, նրանց աշխատողներն ավելի քիչ են բացակայում, աշխատում են նվիրավծությամբ և բարձր մոտիվացիայով, ունեն աշխատանքի բարձր արդյունավետություն: Բարեկեցիկ և հարմարավետ միջավայրն, իր հերթ, ուղղակի ազդեցություն ունի ընտանիքի՝ ևս մեկ երեխա ունենալու որոշման վրա։ Մյուս կողմից, կանանց պասիվությունը կամ չներգրավվածությունը աշխատաշուկայում և նրանց ռեսուրսների անտեսումը շռայլություն է պետության համար․ չկա վարձրատրվող աշխատանք, չկա վարձատրություն, չեն վճարվում հարկեր և այլ վճարումներ»,– ասվում է հետազոտության մեջ։
Հետազոտության շրջանակում նաև տեղեկություն ստանալու հարցումներ են ուղարկվել ՀՀ նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի աշխատակազմեր, 12 նախարարություններ՝ աշխատանքային ժամերի, կերակրասենյակների առկայության վերաբերյալ: Օրինակ, պատասխաններից պարզ է դարձել, որ այս կառույցներից որևէ մեկում չկան կերակրասենյակներ և պատճառաբանությունն այն է, որ դրանք ունենալու կարիքը չի եղել: (Նկար 1. 2. 3. 4)
Հետազոտության արդյունքում վերհանված խնդիրների և դրանց լուծման առաջարկությունների վերաբերյալ իր դիտարկումներն արեց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը և պատրաստակամություն հայտնեց համագործակցության և դրանց շուրջ համատեղ աշխատանքի:
Ս. Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 873