«Աշխատանքային իրավունքները հաճախ են խախտվում աշխատողի իրազեկվածության պակասի պատճառով». ՀԱՄԿ
Ի՞նչ խնդիրների են բախվում աշխատողները գործատուի հետ իրենց աշխատանքային հարաբերությունները պատշաճ կերպով չձևակերպելու հետևանքով: Ամենաթարմ օրինակները կապված են համավարակի ընթացքում պետության կողմից տրամադրվող փոխհատուցումներից հենց այդ պատճառով զրկվելու հետ: Քիչ չեն դեպքերն, երբ աշխատողները գիտակցում են հետևանքները միայն կենսաթոշակային տարիքի հասնելու պես… Եվ խոսքը ոչ միայն ոչ ֆորմալ դաշտում աշխատելու ընթացքում փաստաթղթերի բացակայության, այլ եղած փաստաթղթերում ակնհայտ սխալների մասին է… Նման դեպքերի մասին WomenNet.am -ին պատմեցին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) իրավաբանական բաժնի մասնագետները:
Երևանի Նուբարաշեն համայնքի բնակչուհի Արշալույս Ավետիսյանը կենսաթոշակային ստաժից դուրս է մնացել Հանրապետական անասնաբուժական սանիտարական կայանում աշխատած չորս տարիների վերաբերյալ աշխատանքային գրքույկում կատարված սխալ գրառման պատճառով: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) իրավաբանական բաժնի խորհրդով նա դիմել է Միասնական սոցիալական ծառայությանը, որի պատասխան նամակում նշվել է, որ աշխատանքային գրքույկը լրացվել է ժամանակագական կարգի խախտումով, այն է աշխատանքի ընդունման ճշգրիտ՝ 15.10.81 թվականի փոխարեն լրացվել է 12.06.1985թ. բացի դա աշխատանքի ընդունման տարեթիվը գրված է ջնջումով:
Եվ քանի որ Անասնաբուժական սանիտարական կայանի աշխատակազմի վերաբերյալ փաստաթղթերը չեն հանձնվել արխիվ և հնարավոր չէ պարզել աշխատանքային գրքույկում սխալ գրառման պատասխանատուին, ուստի մնում էր հետևել ՀԱՄԿ-ի իրավախորհրդատու Աննա Բարիկյանի խորհրդին, այսինքն, վերականգնել փաստաթղթային շտկումները վկաների ցուցմունքով, ինչը հնարավոր է վերականգնել միայն դատարանի միջոցով: Այժմ Արշալույս Ավետիսյանը դիմել է դատարան չգրանցված աշխտանքային չորս տարիների ստաժը վերականգնելու հայցով:
Փորձը ցույց է տալիս, որ դատական ատյաններում վիճարկվող իրավունքի քննումը երբեմն ձգձգվում է, ինչի արդյունքում արդարացի լուծման հեռանկարը տուժված աշխատողի մոտ ստեղծում է թերահավատություն իր խախտված իրավունքների վերականգնման հանդեպ:
Այսպիսի իրավիճակում է հայտնվել կենսաթոշակառու Լյուդմիլա Ավագյանն, ով դեռևս մի քանի տարի առաջ է սկսել պայքարել իր խախտված աշխատանքային իրավունքների հետևանքով պատճառված վնասը վերականգնելու համար: Իր խոսքով, երիտասարդ տարիքից միշտ աշխատել է, սակայն հիմնականում առանց գրանցման ու աշխատանքային գրքույկի: Աշխատանքի վերջին վայրը մի ընկերություն էր (անունը չի նշվում տուժողի շահերից ելնելով- խմբ.), որտեղ երկար տարիներ աշխատել է որպես հավաքարար, ընդ որում առանց հանգստյան օրերի, անգամ ամանորին: Գործատուն հավաստիացրել էր նրան թե իրեն արձակուրդ չի հասնում: Եվ միայն կենսաթոշակի անցնելու համար, երբ հարկ է լինում դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Լյուդմիլայի համար պարզ է դառնում, որ գործատուի կողմից իր հանդեպ իրականացված խախտումը չի սահմանափակվել միայն հասանելիք արձակուրդից օգտվելու իրավունքից զրկելով, կազմակերպությունը աշխատանքից ազատելիս նրան չի վճարել դրամական հատուցում նաև 12,5 տարվա չօգտագործած արձակուրդի համար: Մինչդեռ դա պետք է արվեր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասով, ըստ որի «ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս»:
Այսօր նա ստանում է 30 հազար դրամ թոշակ, որն, ըստ իրեն, շատ քիչ է իր աշխատած տարիների համար: Իրավաբանական խորհրդատվություն ստանալու նպատակով Լյուդմիլան դիմում է ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանին, ով նրան խորհուրդ է տալիս խնդիրը կարգավորել դատական կարգով: Արդյունքում 2019 թ. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վճռում է գործատուից բռնագանձել 801 957 ՀՀ դրամ հօգուտ Լյուդմիալ Ավագյանի: Սակայն կազմակերպությունը հրաժարվում է տուժողին վճարել սահմանված գումարը և դատարանի վճռի դեմ ներկայացնում է վերաքննիչ բողոք: Տարիներ ձգվող դատական գործի արդյունքը Լյուդմիլա Ավագյանի համար անորոշ է. «Նախքան դատարան դիմելը գործատուն ինձ առաջարկեց 200 հազար դրամ պայմանով, որ չդիմեմ դատարան: Չգիտեմ, ճի՞շտ եմ վարվել, որ չեմ համաձայնվել, բայց եթե հրաժարվում է դատարանի վճիռը կատարելուց, արդեն անհանգստանում եմ, որ առհասարակ ինձ կվճարի«, – ասում է նա մեզ հետ զրույցում՝ հավելելով, որ, ցավոք, չափազանց ուշ է գիտակցել , որ իր աշխատանքային իրավունքը խախտվել է :
WomenNet.am-ի հետ զրույցում ՀԱՄԿ-ի իրավախորհրդատու Աննա Բարիկյանը հավասարապես կարևորում է աշխատանքային հարաբերություններում թե′ գործատուի բարեխղճության ու օրինականության, թե′ աշխատողի իրազեկվածության դերը:
–Խնդիրն այն է, որ աշխատողները մեծամասամբ անտեղյակ են իրենց աշխատանքային իրավունքներին, հաճախ նույնիսկ չեն վերցնում աշխատանքային պայմանագրի իրենց օրինակը, որպեսզի ծանոթանան իրենց աշխատանքային պայամաններին և պարտավորություններին, -ասում է Աննա Բարիկյանը:
Նրա հավաստմամբ աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ բողոքները բարձրաձայնվում են աշխատանքային պայմանագրի լուծումից հետո կամ վերջնահաշվարկի ժամանակ: Քիչ չեն նաև աշխատանքային գրքույկի վարման կարգին առնչվող ոչ պատշաճ գրառումների դեպքերը, որոնք լուծարված կազմակերպությունների կողմից ժամանակին արխիվ չհանձնելու հետևանք են: Նման խնդիրները վիճարկվում են դատական կարգով:
Աննա Բարիկյանի խոսքով վերոնշյալ դեպքերով բողոքների մի զգալի մասը արհմիությունների կոնֆեդերացիան ստանում է հանրապետության մարզերից, որտեղ Հայաստանի անկախացման առաջին տարիներին լուծարված գործարանների ու կազմակերպությունների աշխատանքային փաստաթղթերը պահպանված չեն ու չեն հանձնվել արխիվ:
Ասում է , որ շատ են նաև աշխատանքային պայմաններին, աշխատաժամանակին առնչվող աշխատանքային իրավունքների խախտման դեպքերը, ընդ որում տնտեսության բոլոր ոլորտներում և հատկապես առևտրի ոլորտի երիտասարդ աշխատողների շրջանում, այդ թվում երիտասարդ աղջիկների ու կանանց, որոնք հաճախ են համաձայնվում ցածր վարձատրվող, առանց հանգստյան ժամերի և օրենքով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանող աշխատանքին: Նրա տեղեկացմամբ, աշխատանքային իրավունքների խախտման դեպքերում ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի կողմից տրվում են անվճար խորհրդատվություններ, ՀԱՄԿ-ի Կազմակերպաուսումնական կենտրոնն անցկացնում է սեմինար-քննարկումներ, պատրաստում ռադիո-հեռուստահաղորդումներ, տեսահոլովակներ.. Եվ այդ ամենը մեկ նպատակ ունի՝ բարձրացնել աշխատողների իրավագիտակցության մակարդակը:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 702