Երիտասարդ կանայք աշխատանքի շուկայում. ինչու՞ են նրանք առավել խոցելի
-287 000 երիտասարդ Հայաստանում տնտեսապես ոչ ակտիվ է,
– Չսովորող և չաշխատող երիտասարդների 66% -ը կանայք են…
-10 երիտասարդից չորսը համալրում են տնտեսապես ոչ ակտիվ աշխատուժը։
-Երիտասարդների 50 տոկոսի աշխատանքը չի համապատասխանում իրենց կրթական մակարդակին. վերջինս ավելի բարձր է,
– Աշխատանք փնտրող երիտասարդների ընդամենը 4 տոկոսը պետական, իսկ 5 տոկոսը ոչ պետական զբաղվածության աջակցության ծրագրերից են օգտվում,
– Յուրաքանչյուր 6-րդ երիտասարդ գործազուրկ է,
– 5 երիտասարդ վարձու աշխատողից 1-ը աշխատում է ստվերում:
Այս և աշխատանքի շուկայում երիտասարդների բազմաթիվ այլ խնդիրների մասին է վկայում 2018-ին հրապարակված «Հայաստանում երիտասարդակենտրոն ու գենդերազգայուն» հետազոտությունը, որը իրականացվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում (2018-2020թթ․)` «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության պատվերով Մեդիա Մոդել ՍՊԸ կողմից։ Հատկանշական է, որ հետազոտության ադյունքներով երիտասարդ կանայք առավել խոցելի են աշխատանքի շուկայում։ Ինչու՞…
Երեխայի խնամքը՝ տնտեսապես ոչ ակտիվ լինելու պատճառ
Հայաստանում 10 երիտասարդից չորսը համալրում են տնտեսապես ոչ ակտիվ աշխատուժը ։
Տնտեսապես ոչ ակտիվ հարցվածների մոտ 33%-ը աշխատանք չեն փնտրել, քանի որ խնամել են ընտանիքի անդամի, երեխայի կամ գտնվել են երեխայի խնամքի արձակուրդում։ Գենդերային խզումն այստեղ ակնհայտ է, քանի որ նման պատասխան են տվել միայն իգական սեռի հարցվածները։ Ամենայն հավանակությամբ, նրանք երիտասարդ մայրեր են, ովքեր ոչ միայն հնարավորություն չունեն երեխաներին տանել նախադպրոցական կրթության կամ խնամքի հաստատություն, այլև նրանք, ում ընտանիքի այլ անդամները ուղղակի չեն թույլատրում աշխատել։ Ընդհանուր առմամբ, երիտասարդ կանանց սերունդը աշխատուժից դուրս մնալու կամ խոցելի ու ցածրորակ աշխատանքում ներգրավվելու ռիսկի տակ է ոչ թե կրթության պակասի, այլ ընտանիքում խնամողի դերում՝ նրանց վերագրվող սպասումների պատճառով։
Ըստ հետազոտության տվյալների, երիտասարդ կանայք տնտեսապես ոչ ակտիվ են՝ պայմանավորված ընտանեկան պարտականություններով, երեխայի խնամքով կամ տնային գործերով ավելի շատ (47.5%), քան տղամարդիկ (3.7%)։
Հետազոտության հեղինակները փաստում են՝ գոյություն ունի կրթության անարդյունավետ կառավարման խնդիր, քանի որ հասարակությունն ավելի շատ ռեսուրսներ է ծախսում կանանց կրթելու համար, սակայն չի արտոնում նրանց մուտքը աշխատաշուկա՝ դուրս թողնելով կանանց տնտեսապես ակտիվ աշխատանքային ռեսուրսների շրջանակից։ Արդյունքում, չնայած երիտասարդ կանայք ավելի շատ են ստանում բարձրագույն կրթություն, քան տղամարդիկ, ավելի քիչ հավանական է, որ նրանք կդառնան ակտիվ աշխատաշուկայի մաս և կունենան զբաղվածություն թե՛ որպես վարձու աշխատող, թե՛ որպես ոչ վարձու աշխատող։ Ըստ էության , տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդ կանանց մեծ խումբ կա, ովքեր աշխատունակ են, ունեն կրթություն և հմտություններ, սակայն դուրս են մնում աշխատանքային ռեսուրսներից ընտանեկան և երեխաների խնամքի հետ կապված պարտականությունների պատճառով: Հետազոտողներն ընդգծում են, կանանց այս խումբը պետք է զբաղվածության քաղաքականության հատուկ հասցեատեր դառնա, որպեսզի բացահայտվեն նրանք, ով ունակ է աշխատել, բայց հնարավորություն չունի կազմակերպելու երեխայի խնամքը և որպես հետևանք դուրս է մնում աշխատանքի շուկայից ։
Տնտեսապես ոչ ակտիվ այն երիտասարդների խմբում, ովքեր ասում են, որ աշխատանքի կարիք չունեն, կանայք կազմում են մեծամասնություն (65.2%)։ Սա ևս մեկ անգամ փաստում է կանանց խրախուսելու և հզորացնելու անհրաժեշտության մասին՝ խրախուսելով կրթությունից աշխատաշուկա նրանց անցումը, հակառակ դեպքում՝ առաջանում է կրթական ռեսուրսների վատնում։
Աշխատանք փնտրող կանայք և տղամարդիկ. ի՞նչ վարձատրության են համաձայն
Հարցումների համաձայն, 5 գործազուրկ հարցվածներից երկուսը աշխատանք են փնտրում արդեն ավելի քան մեկ տարի: Որքան մեծ է հարցվածների մշտական բնակության վայրը, այնքան մեծ է աշխատանքի համար դիմումների և մերժումների միջին թիվը:
Չնայած գործազուրկ երիտասարդները մերժումների հիմնական պատճառները տեսնում են աշխատաշուկայի պահանջարկի կողմում, նրանց մեկ քառորդն ընդունում է, որ աշխատանքի ընդունվելու համար չունի որոշակի կարողություններ:
Գործազուրկ երիտասարդներին խնդրել են սահմանել ամսական վարձատրության այն նվազագույն չափը, որից ցածր պայմանները իրենց համար ընդունելի չեն լինի։ Ընտրանքի կտրվածքով այդ շեմը կազմում է 130.000 ՀՀ դրամ, քաղաքային բնակավայրերում մի փոքր ավելի՝ 132.000 ՀՀ դրամ՝ համեմատած գյուղական բնակավայրերի հետ, որտեղ շեմը կազմում է 128.000 ՀՀ դրամ։
Հիշեցնենք, որ պաշտոնական վիճակագրության 2018-ի տվյալներով, ամսական նվազագույն աշխատավարձը Հայաստանում 55.000 ՀՀ դրամ էր (113 ԱՄՆ դոլար), մինչդեռ միջին ամսական աշխատավարձը կազմում էր մոտ 170.000 ՀՀ դրամ (352 ԱՄՆ դոլար)։ Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ հարցված երիտասարդ կանայք և տղամարդիկ փնտրում են նվազագույն աշխատավարձը երկու անգամ գերազանցող և միջին աշխատավարձի շեմին մոտ վարձատրվող աշխատանք։
Վերջին 4 շաբաթների ընթացքում աշխատանք չունեցողների ավելի քան 60%-ը պատրաստ է տեղափոխվել Հայաստանի այլ քաղաք, իսկ գործազուրկ երիտասարդների մոտ մեկ երրորդը պատրաստ է տեղափոխվել գյուղական բնակավայր՝ աշխատելու։ Հայաստանում ներքին աշխատանքային շարժունությունը ինտենսիվ չէ՝ ընդամենը 17.6%, և այդ գործընթացներում ավելի շատ ներգրավված են տղամարդիկ, քան կանայք։
Կանայք ավելի դժվար են աշխատանք գտնում
Զբաղվածության կարգավիճակի առումով երիտասարդ կանայք անբարենպաստ իրավիճակում են՝ ավելի դժվարությամբ են գտնում աշխատանք, քան տղամարդիկ և առերեսվում վարձատրության էական տարբերության։
Երիտասարդ կանանց համար մտահոգության մեկ այլ առիթ է գերկրթվածությունը և որակավորման անհամապատասխանությունը։ Հարցումները ցույց են տվել, որ կին աշխատողների շրջանում ավելի շատ են գերկրթված աշխատողները, մինչդեռ երիտասարդ տղամարդիկ ավելի շատ թերկրթված են, քան կանայք։ Գերկրթվածության միտումը կարող է բացատրվել, ընդհանուր առմամբ, Հայաստանի երիտասարդության, հատկապես կանանց, բարձր կրթական մակարդակով՝ հաշվի առնելով, որ երիտասարդների կեսից ավելին ունի բարձրագույն կրթություն։ Այս անհամապատասխանությունը ստիպում է երիտասարդներին կատարել ցանկացած հասանելի աշխատանք, որի համար նրանք գերորակավորված են։ Այսպես, բարձրագույն կրթություն ունեցող զբաղված երիտասարդների կեսից ավելին կամ 53.8%-ը գերկրթված են իրենց աշխատանքի դասի համար պահանջվող հմտությունների համեմատ, այդ թվում աշխատող կանանց ավելի քան երկու հինգերորդը գերկրթված են։
Հարցվածների ¼ մասը աշխատանք փնտրելու ողջ ընթացքում ավելի քան 4 անգամ դիմել են տարբեր աշխատանքների։ Անհաջող փորձերի միջին թիվը ընտրանքի կտրվածքով կազմում է 2.8 անգամ, ընդ որում, կանայք նվազ հաջողակ են, քան տղամարդիկ։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 1549