Արցախն ականազերծող կինը
Քրիստինե Խաչատրյանն աշխատանքային օրերին արթնանում է ժամը 5-ին։ Նա իր գործընկերների հետ ամեն օր Ստեփանակերտից մոտ 2 ժամ ճանապարհ է կտրում, որպեսզի հասնի իր աշխատավայր՝ ականապատված դաշտ։ Սակրավորի աշխատանքը վտանգավոր և պատասխանատու է, ամեն մի սխալը կարող է վերջինը լինել։ «Ես չեմ վախենում, քանի որ հետևում եմ անվտանգության բոլոր կանոններին, բայց իհարկե, զգոնությունը ոչ մի վայրկյան չպետք է կորցնել»,- ասում է Քրիստինեն։
Ամուսնությունից հետո Սիսիանից Արցախ տեղափոխված Քրիստինեն չորս տարի առաջ առաջին կանանցից էր, ով համարձակվեց սակրավորի աշխատանքի համար դիմել միջազգային «Հալո Թրասթ» կազմակերպություն։ Նախ անցավ տեսական դասընթացները, ապա գործնական պարապմունքները դաշտում և քննությունը հաջողությամբ տալուց հետո միայն ընդունվեց աշխատանքի։ «Ես Քրիստինեին վստահում եմ, նա տարիների փորձով ապացուցել է, որ լավ է տիրապետում իր գործին, երբ նա դաշտում աշխատում է, ես հանգիստ եմ իր համար»,- ասում է Քրիստինեի խմբի ավագ վերահսկիչ Արկադիյ Զախարյանը։ Բացի ականազերծումից Քրիստինեն նաև վերապատրաստվել է որպես բուժակ, որպեսզի անհրաժեշտության դեպքում իր թիմակիցներին առաջին բուժօգնություն տրամադրի։
«Երբ ընդունվում էի աշխատանքի, մտածում էի, թե ժամանակավոր է, տանն էլ ասացի՝ գնամ, մի քիչ աշխատեմ, հետո դուրս կգամ։ Բայց գնալով ավելի սիրեցի այս գործը ու էլ չեմ ցանկանում փոխել այն»,- նշում է սակրավորը։ Նա հպարտությամբ է պատմում, որ իր աշխատանքի ընթացքում երկու ական է հայտնաբերել, որոնք ոչնչացվել են․ «Զգում ես, որ օգտակար գործ ես անում, քանի որ ականը կարող է մարդու կյանք խլել, վնասազերծելով այն՝ դու փրկում ես մարդկային կյանքեր»։
2000 թվականից Արցախը ականներից մաքրող «Հալո Թրասթը» 2015 թվականից է սկսել ընդունել առաջին կին սակրավորներին։ Այսօր դաշտում աշխատող ականազերծողների մոտ 10%ը կանայք են։ «Մենք որ սկսեցինք, մեզնից հետո այլ աղջիկներ, կանայք էլ եկան։ Հասկացան, որ իրենք էլ կարող են այդ աշխատանքն անել»,- հիշում է Քրիստինեն։
Տանը՝ Ստեփանակերտում, նրան սպասում են 3 տղաները, իսկ ամուսինը գյուղի տանն է, գյուղատնտեսական գործերն է անում։ «Առաջ շատ էին ասում, որ սա կնոջ գործ չի, որ դժվար կլինի, բայց հիմա արդեն սովորել են։ Տղաներս էլ ասում են, որ կուզեն ինձ հետ աշխատել որպես սակրավոր»,- ասում է մայրը։ Երրորդ տղան դեռ 2 տարեկան էր, երբ մայրն անցավ այս դժվարին աշխատանքին։ Սկզբում դժվար էր երեխաներից վաղ առավոտյան բաժանվելը, սակայն աստիճանաբար բոլորը սովորեցին կյանքի այդ ռիթմին։ Քրիստինեն գոհ է իր աշխատանքային պայմաններից, ասում է, որ «Հալո Թրասթ»-ում աշխատանքի անցնելու շարժառիթներից մեկն էլ բարձր աշխատավարձն է եղել․ «Մեր թիմը շատ լավն է, ամեն օր երկար ճանապարհ ենք գնում-գալիս միասին, բայց էնքան ենք ասում-խոսում, որ չենք էլ զգում, թե էդ երկար ճանապարհը ոնց անցավ»։
Մայրը նշում է, որ իր երեխաների լավ ապագայի համար է անցել այս աշխատանքին․ նախ երեխաները Արցախում են ապրում և նա ցանկանում է ականազերծ տեսնել ողջ Արցախը, երկրորդ՝ ցանկանում է ֆինանսապես ապահովել տղաներին։ «Եթե մարդ ունի նպատակներ, ոչ մի դժվարություն էլ նրան չի կարող կանգնեցնել։ Ես դա իմ օրինակով եմ համոզվել»,- ասում է Քրիստինեն։
Արման Ղարիբյան
Լուսանկարները` Քնար Բաբայանի, Chai Khana
Դիտումների քանակը` 2050