Մանկապարտեզում երեխաներին պատանդ վերցրած քաղաքացին պահանջել է նախկին կնոջը
Դանակով զինված անձն այսօր հարձակվել է Արմավիրի մարզի «Մանուշակ» մանկապարտեզի վրա և պատանդ է վերցրել աշխատակիցներին ու երեխաներին՝ հանդիպում պահանջելով իր նախկին կնոջ հետ։
Ներկայացնելով Արմավիրի մանկապարտեզում տեղի ունեցած արտակարգ դեպքը՝ Քննչական կոմիտեն մանրամասնում է, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային։ Տղամարդն իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է պահել երեխային՝ վերջինիս ազատելու համար պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։ Վերջինս աշխատում է նույն մանկապարտեզում։
«Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հաջողվել է վնասազերծել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին եւ երեխային անվնաս ազատ արձակել։ Փոքրիկը վնասվածքներ չունի»,- տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տղամարդը մինչ երեխային պատանդ վերցնելը մանկապարտեզում դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել իր նախկին կնոջը, ով աշխատում է նույն մանկապարտեզում որպես դաստիարակչուհի և վերջինիս տատիկին, ով հանդիսանում է մանկապարտեզի տնօրենը: Երեք անձ ճանաչվել է տուժող:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի առթիվ:
Դիտումների քանակը` 3176