Խադիջա Իսմայլովային 12 տարի ազատազրկում է սպառնում
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայլովային, ով կալանավորվել էր դեռեւս դեկտեմբերին «ինքնասպանության փորձի դրդելու» մեղադրանքով, փետրվարի 13-ին նոր մեղադրանքներ են առաջադրվել:
Նրա փաստաբան Ֆարիզ Նամազլին տեղեկացրել է, որ իր պաշտպանյալին մեղադրում են հարկերի վճարումից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրություն իրականացնելու, շորթման, ծառայողական լիազորությունները չաշահելու մեջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայութունը: Իսմայլովային, ըստ Նամազլիի, սպառնում է 12 տարի ազատազրկում:
Իսմայլովային երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել դեկտեմբերի 5-ին: Նրա դեմ «ինքնասպանության փորձի դրդելու» մեղադրանք է ներկայացրել «Ազատության» նախկին աշխատակից Թուրալ Մուստաֆաևը: Իսմայլովայի ընկերների փոխանցմամբ՝ Մուստաֆաևը լրագրողին մեղադրել է իրեն «Ազատության» աշխատանքից ազատելու մեջ: Սակայն, Իսմայլովան ռադիոկայանը ղեկավարել է 2008-2010թ.թ-ներին, իսկ դրանից հետո ընդամենը ծրագրի հաղորդավար է աշխատել: Չնայած այս փաստարկների հունվարի 27-ին Իսմայլովայի կալանքը երկարացվեց 2 ամսով, իսկ այժմ արդեն նոր մեղադրանք է ներկայացվել:
Իսմայլովան, որը «Ազատություն» ռադիոկայանում հանդես է գալիս Ադրբեջանի իշխող ընտանիքի հսկայական ֆինանսական ակտիվների մասին հրապարակումներով, պաշտոնական Բաքվի կողմից տևական ժամանակ է` հետապնդումների է ենթարկվում:
Միջազգային կազմակերպությունները մեկ անագամ չէ, ր կոչ են արել պաշտոնական Բաքվին դադարեցնել քաղաքացիական հասարակության վրա ճնշումները և ազատ արձակել ոչ միայն Իսմայլովային, այլ 50-ի հասնող ակտիվիստներին, բլոգերներին լրագրողներին, որոնք ձերբակալվել են շինծու մեղադրանքներով:
Իսմայլովայի ձերբակալությունը դատապարտել են Amnesty International-ը, Human Rights Watch-ը, ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դանիել Բայերը, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը, Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Փեիջը, ԱՄՆ-ի հրատարակչական խորհուրդը , նրա հարցին հատուկ անդարադարձ է եղել նաեւ ԵԽԽՎ վերջին նստաշրջանում:
Մամուլի ազատության պաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպություն է կոչ է արել անհապաղ ազատել Իսմայլովային, որի անունն ընդգրկված է աշխարհում խոսքի ազատության համար պայքարող 100 «մարտիկների» ցանկում: «Մենք ապշած ենք նրա դեմ կեղծ մեղադրանքներից: Իսմայլովային վարկաբեկելու արշավը սկսվել է երկու տարի առաջ, իսկ այժմ հասել է իր գագաթնակետին: Ադրբեջանում կոռուպցիայի փաստերը հետաքննող առաջատար լրագրողներից մեկի ձերբակալությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է խեղդել բոլոր նրանց, ովքեր դիմազերծում են ապօրինի գործողությունները»,- ասված է կազմակերպության հայտարարությունում:
Դիտումների քանակը` 3176