«Մայրերի խնդիրներն աշխատաշուկայում չեն սկսվում և ավարտվում ֆիզարձակուրդի շրջանում»…
Մեզանում թյուր կարծիք կա, որ մայրերի խնդիրներն աշխատաշուկայում սկսվում և ավարտվում են ֆիզարձակուրդի շրջանում, մինչդեռ խնդիրները բազմաշերտ են՝ օրենսդրական բացերից՝ մինչև մշակութային, – ասում է WomenNet.am-ի հետ հարցազրույցում «Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր, նախագահ, լրագրող Աստղիկ Կարապետյանը;
Ժամանակին WomenNet.am-ը ներկայացրել է իր ընթերցողներին կազմակերպության կողմից իրականացված հետազոտությունը «Վաղ մայրության շրջանում գտնվող կանանց իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված ուսումնասիրությունը , այս անգամ զրուցում ենք առկա հիմնախնդիրների հնարավոր լուծումների և երիտասարդ մայրերի իրազեկությունն իրենց աշխատանքային իրավունքների մասին բարձրացնելու մասին:
Հիմնական նպատակը՝ Հայաստանում ընտանիքամետ աշխատանքային միջավայրի ստեղծումն է
Հիշեցնենք, որ կազմակերպությունը հիմնադրվել է 2020 թվականի հուլիսի 1-ին և Հայաստանում միակն է, որ զբաղվում է վաղ մայրության շրջանում գտնվող կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ։ Նախագահ Աստղիկ Կարապետյանի խոսքով, իրենց հիմնական նպատակը Հայաստանում ընտանիքամետ աշխատանքային միջավայրի ստեղծումն է․
«Շատ հաճախ մարդկանց թվում է, որ կազմակերպության հիմնադրման և աշխատաշուկայում մայրերի առջև ծառացած խնդիրներով զբաղվել սկսել եմ, քանի որ ինքս եմ հանդիպել ինչ–որ մեծ խոչընդոտների։ Իրականում, այդպես չէ։ Ես ինքս երկու երեխաների մայր եմ, բայց, ի տարբերություն շատերի, ինձ հաջողվել է համատեղել մայրությունն ու աշխատանքը։ Ես կարողացել եմ այնպես կազմակերպել, որ երեխաներիս ծնունդից անմիջապես հետո՝ երևի օրեր անց, անցել եմ բնականոն աշխատանքիս։ Խնդիրն այն է, որ հայտնվելով այս կարգավիճակում, ավելի լավ ես տեսնում այն բացերը, որոնք կան, այն հնարավորությունները, որոնք չեն օգտագործվում։ Դրանք ոչ միայն իմ դիտարկումներն էին, այլև ընկերներիս, գործընկերներիս փորձը, ովքեր շատ հաճախ էին դիմում ինձ այս կամ այն հարցով, քանի որ գիտեին, որ զբաղվում եմ հիմնականում իրավական թեմաների լուսաբանմամբ։ Հենց այս ամենի հանրագումարում ստեղծվեց վաղ մայրության փուլում գտնվող կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ ունենալու միտքը»,– պատմում է Աստղիկը։
«Կանանց չներգրավվածությունը աշխատաշուկայում և նրանց ռեսուրսների անտեսումը շռայլություն է պետության համար»
Կազմակերպությունը բարձրացնում է քաղաքականությունների մշակման և օրենսդրական բարեփոխումների կարևորության հարցեր, խոսում մայրերի խնդիրների ու մտահոգությունների մասին, աջակցում նրանց՝ տրամադրելով իրավական օգնություն և իրազեկելով իրենց իրավունքների ու ազատությունների մասին։
«Մենք համոզված ենք, որ մայրերի խնդիրներն աշխատաշուկայում պետք է դիտարկվել է ոչ միայն կնոջ, այլև ընտանիքի բարեկեցության և ընտանիքամետ մոտեցումների տեսանկյունից: Աշխատավայրում ընտանիքամետ միջավայրի ստեղծումը նպաստում է ոչ միայն ընտանիքի նյութական ու հոգեհուզական բարեկեցությանը, այլև բխում է գործատուի ու պետության շահերից: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ ընտանիքամետ միջավայր ունեցող կազմակերպությունները ոչ միայն հեղինակություն են վայելում, այլև գրավիչ են բարձր որակավորում ունեցող կադրերի համար, նրանց աշխատողներն ավելի քիչ են բացակայում, աշխատում են նվիրավծությամբ և բարձր մոտիվացիայով, ունեն աշխատանքի բարձր արդյունավետություն: Մյուս կողմից՝ բարեկեցիկ և հարմարավետ միջավայրը ազդեցություն ունի ընտանիքի՝ ևս մեկ երեխա ունենալու որոշման վրա։ Մյուս կողմից, կանանց պասիվությունը կամ չներգրավվածությունը աշխատաշուկայում և նրանց ռեսուրսների անտեսումը շռայլություն է պետության համար․ չկա վարձրատրվող աշխատանք, չկա վարձատրություն, չեն վճարվում հարկեր և այլ վճարումներ»,– ասում է Աստղիկը։
«Կետ 33»–ի նախագահն ասում է, որ Հայաստանում կան բավարար հիմքեր՝ ընտանիքամետ աշխատանքային միջավայր ստեղծելու համար։ Կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանը օրենսդրական կարգավորումների և սոցիալական երաշխիքների իմաստով ոչ միայն չի զիջում առաջատար մի շարք երկրների, այլև՝ գերազանցում է նրանց։ Խնդիրը գործնականում այդ երաշխիքների իրականացումն ու իրավունքների իրացումն է․
«Այստեղ խնդիրները շատ բազմազան են։ Օրինակ՝ օրենսդրորեն ամրագրված է, որ հղի կնոջ նկատմամբ խտրականությունն արգելվում է, սակայն փորձը ցույց է տալիս, որ գործատուն, կարող է խտրականություն ցուցաբերել՝ առանց օրենք խախտելու, օրինակ՝ կնոջն անտեսելու, նրան աշխատանքային պրոցեսից միտումնավոր դուրս թողնելու, նրան՝ որպես աշխատող, դրսևորվելու հնարավորություններից զրկելու միջոցով։ Սա օրինակներից մեկն է միայն։ Նույնը վերաբերում է սոցիալական երաշխիքներին․ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում մանկապարտեզները բավարար մատչելի չեն, ինչի հետևանքով մինչև 6 տարեկան երեխաների շուրջ 70 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում։ Մյուս կողմից՝ պետական մանկապարտեզները, որոնք կա՛մ անվճար են, կա՛մ որոնց վճարը ցածր է, գործնականում աշխատում են մինչև ժամը 17։30-ը, իսկ աշխատող ծնողի համար հավելյալ դժվարություն է երեխային վերցնելու համար աշխատանքից ավելի վաղ դուրս գալը: 2018 թ․–ից կառավարության կողմից իրականացվում է «Դայակ պետության աջակցությամբ» ծրագիրը, որով փոխհատուցվում է դայակի կամ խնամքի կենտրոնի վճարը 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափն է: Ծրագրի գաղափարը ողջունելի է, քանի որ կարող է օգնել կնոջը՝ արձակուրդում մնալով չլճանալ և վերադառնալ աշխատանքի, շարունակել կիրառել ու զարգացնել կարողություններն ու հմտությունները, ապահովել ընտանիքի եկամուտ ստանալու հարցը, սակայն կան մի շարք հարցեր, որոնք սահմանափակում են ծրագրի արդյունավետությունը․ օրինակ՝ ծրագրից օգտվողների թիվը սահմանափակ է, և կան առաջնահերթություն ունեցող խմբեր, որոնք կարող են մասնակցել ծրագրին։ Ծրագիրն ավարտվում է երեխայի 2 տարեկանը լրանալուց հետո, այնուհետև ծնողը ստիպված է սեփական միջոցներով շարունակել երեխայի խնամքի կազմակերպումը կամ նորից աշխատանքային դադար տալ, քանի որ երեխայի համար անվճար մանկապարտեզ գտնելը շարունակում է խնդիր մնալ»,– բացատրում է Աստղիկ Կարապետյանը։
«Շատերն ուղղակի չգիտեն՝ ինչպես և որ դեպքերում կարող են պաշտպանել իրենց աշխատանքային իրավունքը»
Ըստ նրա՝ մեծագույն խնդիրներից մեկն էլ կանանց իրազեկվածության ցածր մակարդակն է։ Շատերն ուղղակի չգիտեն՝ ինչպես և որ դեպքերում կարող են պաշտպանել իրենց աշխատանքային իրավունքը, հետամուտ չեն իրենց հետ գործատուի կողմից կնքված պայմանագրի կետերի հստակեցմանը, ինչպես նաև՝ իրենց պարտականությունների պատշաճ կատարմանը․
«Հղի կանայք երբեմն փաստի առաջ են կանգնում, երբ աշխատանքային պայմանագիրը կնքված է լինում որոշակի ժամկետով, իսկ ժամկետն էլ ավարտվում է մինչև մայրության արձակուրդ գնալը։ Նույն իրավիճակն է ստեղծվում նաև մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց դեպքում, երբ նրանց հետ է կնքված լինում որոշակի ժամկետով պայմանագիր։ Անհրաժեշտ է օրենսդրորեն կարգավորել հարցը, որպեսզի գործատուն չխուսափի կնոջ պայմանագրի ժամկետը երկարացնել միայն այն պատճառով, որ նա հղի է կամ ունի մանկահասակ երեխա։ Մյուս կողմից, գործատուն կարող է խուսափել պատասխանատվությունից, եթե պատշաճ կերպով տեղեկացված չի եղել աշխատակցի հղիության վերաբերյալ։ Որպես կանոն, կանայք շատ հազվադեպ են գրավոր, պատշաճ կերպով իրենց կարգավիճակի մասին տեղեկացնում իրենց գործատուներին։ Այսպիսով՝ նրանք գործատուին հնարավորություն են տալիս «չնկատել» իրենց հղիությունը և որևէ պարտավորություն չստանձնել իրենց նկատմամբ»,– ասում է Աստղիկը։
«Կանայք հաճախ են կանգնում աշխատանքի և երեխայի խնամքով զբաղվելու երկընտրանքի առաջ»
Այսօր կազմակերպությունը լրջորեն զբաղվում է կրծքով կերակրումը աշխատավայրում խրախուսելուն ուղղված ծրագրերով։ Նախկինում «Կետ 33»–ը հետազոտություն է իրականացրել այս թեմայով, որի շրջանակում նաև տեղեկություն ստանալու հարցումներ են ուղարկվել ՀՀ նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի աշխատակազմեր, 12 նախարարություններ՝ աշխատանքային ժամերի, կերակրասենյակների առկայության վերաբերյալ: Օրինակ, պատասխաններից պարզ է դարձել, որ այս կառույցներից որևէ մեկում չկան կերակրասենյակներ և պատճառաբանությունն այն է, որ դրանք ունենալու կարիքը չի եղել․
«Մայրության պաշտպանությունը միջազգայնորեն ճանաչված իրավունք է։ Կրծքով կերակրելու իրավունքը նույնպես։ Մեր օրենսդրությունը ևս այս և այլ իրավունքներ ամրագրել է, սակայն գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ հղի և մանկահասակ երեխայի խնամքով զբաղվող կանանց իրավունքները ոտնահարվում են։ Այդ պատճառով էլ հաճախ կանայք կանգնում են աշխատանքի և երեխայի խնամքով զբաղվելու երկընտրանքի առաջ։ Օրինակ՝ Աշխատանքային օրենսգրքի 258-րդ հոդվածը սահմանում է, որ կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ: Երեխային կերակրելու համար նախատեսված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վարձատրվում է միջին ժամային աշխատավարձի չափով: Այսինքն՝ 8 ժամ տևողությամբ աշխատանքային օրվա ընթացքում կրծքով կերակրող կինը կարող է ունենալ հավելյալ առնվազն 1 ժամ ընդմիջում։ Բայց գործնականում 30 րոպեում կինը չի կարող գնալ տուն, կերակրել երեխային ու վերադառնալ աշխատավայր։ Իսկ եթե ենթադրենք, որ աշխատող կինը հասցնում է 30 րոպեում գնալ տուն, կերակրել ու վերադառնալ, և դա անում է աշխատանքային օրվա մեջ երկու կամ երեք անգամ, ապա, հաշվի առնելով ֆիզիկական հոգնածությունը, անհնար է ակնկալել, որ նրա աշխատանքի արդյունավետությունը բարձր կլինի։ Փաստացի, ՀՀ օրենսդրությամբ ճկուն աշխատանքային ժամեր նախատեսված չեն հղի կամ մանկահասակ երեխա ունեցող կանանց համար։ Փաստացի, կինը ընտրության առջև է կանգնում. կա՛մ աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով և ունենալ քիչ եկամուտ, կա՛մ աշխատել ամբողջ դրույքով և ռիսկի տակ դնել մանկահասակ երեխայի կրծքով կերակրվելու իրավունքն ու բավարար խնամքը»,– ասում է Աստղիկը։
Որպես հնարավոր լուծում կազմակերպությունն առաջարկում է լրացուցիչ կարգավորումներ սահմանել աշխատավայրում կրծքով կերակրելու սենյակների առկայության վերաբերյալ՝ հաշվի առնելով գործատու ռեսուրսները, և ամրագրել կրծքով կերակրող կանանց հեռավար աշխատելու իրավունքը՝ հաշվի առնելով աշխատանքի բնույթը։
«Իրականում, սրանք շատ պարզ լուծումներ են, որոնք զգալիորեն կբարելավեն ոչ միայն կանանց աշխատանքային պայմանները, կնպաստեն, որպեսզի վաղ մայրության շրջանում գտնվող կանայք հնարավորինս սահուն վերադառնան աշխատանքի, այլև կնպաստեն, որպեսզի մեզանում ձևավորվի հանրային պահանջ՝ ունենալու ընտանիքամետ աշխատանքային պայմաններ, որը, ի դեպ, բխում է ոչ միայն կնոջ շահերից, այլև ողջ հասարակության և պետության»,– ասում է Աստղիկ Կարապետյանը։
Սոնա Մարտիրոսյան
Դիտումների քանակը` 1218