Կարինե Միքայելյան. «Արտաշատ քաղաքի ցանկացած խնդիր նաև իմ խնդիրն է»
«Գործը շահում է, երբ նրանում սիրտ ու հոգի կա», – այս բանաձևով է առաջնորդվում սեպտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններում Արտաշատում առաջադրված ավագանու թեկնածու, «Ռոբադա» ՍՊԸ-ի տնօրեն Կարինե Միքայելյանը:
Թվում է, թե, գազալցակայանի տնօրինումը միայն տղամարդու մենաշնորհն է, սակայն Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գործող «Ռոբադա» գազալցակայանի տնօրեն Կարինե Միքայելյանն իր 10-ամյա գործունեությամբ կոտրեց այդ կարծրատիպը ապացուցելով, որ այդ գործը հաջողությամբ կարող է անել նաև կինը:
-Այն, որ կարողանում եմ գրագետ ու ճիշտ ղեկավարել իմ կազմակերպությունը, դա նաև ամուսնուս ու որդուս աջակցության շնորհիվ է, ովքեր բոլոր հարցերում օգնում են ինձ: Ես խստորեն հետևում եմ նաև աշխատանքի անվտանգության պահպանման կանոններին, աշխատողների աշխատանքային պայմաններին, որպեսզի որևէ խախտում չլինի: Այս տարի նշեցինք մեր կազմակերպության 10-ամյակը, այդ ընթացքում «Ռոբադա» ՍՊԸ-ի կենսագրության մեջ որևէ խախտում չի արձանագրվել,- պատմում է Կարինեն:
1992 թվականին Կարինեն ավարտում է Երևանի Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցը՝ բարձր առաջադիմությամբ։ 1993 թ. ամուսնանում և տեղափոխվում է Արտաշատ քաղաք: Ուսումը շարունակելու ձգտումը չի մարում անգամ երեք զավակների մայր դառնալուց հետո և Արտաշատի համալսարանում ստանում է իրավաբանի մասնագիտություն: 2007 թվականին Արտաշատում բացվող «Ռոբադա» ՍՊԸ–ի բաժնետերերի որոշմամբ գազալցակայանի ղեկավարումը վստահվում է Կարինե Միքայելյանին, ում ազնվության, կազմակերպվածության ու բարեխղճության հարցում բազմիցս էին համոզվել: Ժամանակը հասատատեց, որ նրանց ընտրությունը ճիշտ էր, քանի որ 10 տարիների ընթացքում Կարինեն ոչ միայն ապացուցեց, որ ազնիվ հարկատու է, այլև, որ հրաշալի ղեկավար է և գազակցակայանում 12 տղամարդ աշխատողների ու իր միջև ձևավորված փոխադարձ հարգանքից շահել է աշխատանքը:
Ինչ խոսք, պարտաճանաչ ու բարեխիղճ հարկատուն նույն հատկանիշները կարող է դրսևորել նաև այլ բնագավառներում, այդ թվում նաև քաղաքի ու նրա բնակիչներին հուզող բազմաթիվ խնդիրների լուծման հարցում: Ուստի ամեն անգամ ՏԻՄ ընտրություններում ավագանու թեկնածու առաջադրվելու հորդորները, այս անգամ ընդունվեցին Կարինեի կողմից, քանի որ պահը հասունացել էր:
Իր կյանքի 27 տարիներն Արտաշատում ապրած Կարինեի համար քաղաքը դարձել էր հարազատ, բնակիչների ու իր միջև հարգանքն ու սերը՝ փոխադարձ, բնակիչների կողմից օգնության ցանկացած խնդրանք անարձագանք չի մնացել:
-Ես էությամբ ակտիվ եմ և փորձում եմ ամեն ինչ անել ի նպաստ մեր քաղաքի: Ժամանակին բազմիցս բարձրաձայնել եմ քաղաքի աղբահանության, լուսավորության խնդիրները, որոնք մտահոգում են քաղաքի բնակչությանը: Ու երբ ասում եմ, որ մասնակցելու եմ ՏԻՄ ընտրություններին, նրանք ոգևորովում ու ողջունում են իմ որոշումը: Ապրում եմ Երևանյան փողոցում, մեր հարևանությամբ գործող այգի կա, որն անմխիթար վիճակում է, ամենուր փոշի ու աղբ է, չենք համարձակվում պատուհանները բացել: Քաղաքում չկան խաղահրապարակներ, ծառապատված հատվածները քիչ են –ասում է Կարինեն:
Ավագանու թեկնածուի փոխանցմամբ քաղաքում չկա լողավազան, մանուկների համար զբաղվածության կենտրոն, չկա խնամված այգի, միակ բարեկարգված վայրը քաղաքի եկեղեցին է, որը դարձել է բնակիչների հանգստյան միակ վայրը:
Սրանք խնդիրներ են, որոնք վաղուց պետք է լուծված լինեին, Արտաշատում քանի-քանի քաղաքապետ ու ավագանի է փոխվել: Սակայն Կարինեի համոզմամբ խնդիրը ոչ միայն ավագանու չկայացած ինստիտուտի, այլ նաև ազգային մտածելակերպի մեջ է, քանի որ ՏԻՄ ընտրություններում ոմանք առաջադրվում և հաղթում են ծանոթ-բարեկամների լայն շրջանակի աջակցությամբ:
Շուրջ երեք տասնամյակ Արտաշատում բնակվող Կարինե Միքայելյանին քաղաքում շատերն են ճանաչում: Երեք զավակների ուսման տարիներին որպես ծնող աչքի է ընկել իր ակտիվությամբ, մշտապես եղել է ծնողկոմիտեի նախագահ, դպրոցի կառավարման խորհրդի անդամ, մասնակցել կազմակերպչական բոլոր խնդիրների լուծմանը; «Երբևէ քաղաքի կամ դպրոցի խնդիրները չեմ օտարել ինձանից, չեմ ասել՝ սա իմը չէ ու վերջ: Եթե դա իմ քաղաքի խնդիրն է, ուրեմն նաև իմն է, եթե իմ դպրոցինն է, ուրեմն իմն է, եթե հարևանինն է, ապա նաև իմն է»:
Կարինեի համոզմամբ ավագանու կազմում կանանց ներգրավվածությունը պայմանավորված է ոչ այնքան քանակով, որքան նրանց պատրաստակամությամբ, աշխատելու ցանկությամբ, գործն ավարտին հասցնելու վճռակայությամբ:
-Ես կարծում եմ ավագանու կազմում կանանց ներգրավվածությունը պարտադիր է, քանի որ նրանք ավելի պատրաստակամ են աշխատելու, գործն ավարտին հասցնելու վճռականությամբ, ինչպես նաև կնոջ մտածելակերպը, մտահղացումը, հեռատեսությունը, նրբանկատությունը, հոգատարությունը կարևոր հատկանիշներ են քաղաքի կառավարման գործընթացն իրականացնելու համար։ Նրա խոսքով, կնոջ ներկայությունը կարևոր է ավագանու նիստում, քանի որ նա չի գալիս իշխելու, այլ գալիս է իր քաղաքի ու քաղաքացու կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու նպատակամղումով, քաղաքացուն օգնելու, աջակցելու, նրան ժպիտ պարգևելու համար: Բնակիչն էլ, իր հերթին, տանից դուրս գալիս չպետք է մտածի, որ իր տան շեմից դուրս արդեն իրենը չէ, այլ որ շեմից դուրս սկսվում է իրենը, որը պարտավոր է մաքուր պահել, չվնասել հանրային գույքը, ծառն ու ծաղիկը:
-Համոզված եմ, որ մի քաղցր բառը կամ ջերմ վերաբերմունքը բացում է նեղվածի հոգու դուռը, ու մարդը քեզ վստահում է իր հոգսը, իր ցավը: Մեր մեջ սերն է պակասում, քաղաքացիների սերը միմյանց հանդեպ, քաղաքակիրթ վերաբերմունքը, ժպիտը: Գիտեք, հասարակությանն այնքան քիչ բան է պետք ուրախ լինելու համար՝ կանաչապատ և մաքուր հանգստյան գոտիներ, գեղեցիկ խաղահրապարակներ, լուսավորված փողոցներ և մի փոքր հոգատարություն․ միթե շատ է նրանց ուզածը, -ասում է Կարինե Միքայելյանը:
Հարցին, թե կոնկրետ քաղաքի կառավարման որ ոլորտում է պատկերացնում իր կարողությունների ու հմտությունների կիրառումը, Կարինեն կարևորեց շինարարական ոլորտը: Հարևանները կարող են վկայել, որ արդեն երրորդ անգամ նրա միջոցներով ու ջանքերով վերանորոգվել է շենքի մուտքը, մաքրվել ողջ տարածքը, ու նա երբևէ չի մտածել, թե դա իր պարտականությունը չէ։ Իր էությամբ կառուցող ու շինարար կինը պատրաստակամ է աջակցել համաքաղաքացիներին նաև իրավական գիտելիքներով, քանզի համոզված է, որ այսօր շատերն անտեղյակ են իրենց իրավունքներից և օրենքներից:
-Ուզում եմ, որ աշխատասեր արտաշատցին գրագետ լինի նաև իրավական գիտելիքների առումով, իմանա, թե որոնք են իր և քաղաքային իշխանությունների իրավունքներն ու պարտականությունները, իմանա, թե որտեղ է ավարտվում իր իրավունքի սահմանը և որտեղից է սկսվում հանրային շահը :
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 2479