Կարինե Ասատրյան. «Եթե մարդիկ  իմ մեջ կարող ուժ են տեսնում, ուրեմն պետք է առաջադրվել ու պայքարել» 

Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղի ամբուլատորիայի  բուժքույր Կարինե Ասատրյանն սեպտեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում  համայնքում առաջադրված  3 կանանցից մեկն է: Կարինեն նախկինում ավագանու անդամ լինելու փորձ ունի:

 

 

-Ավագանու կազմում առաջին և միակ կինն եմ եղել մեր գյուղում: Սկզբում դժվար էր՝ 5 անդամներից միայն ես էի կին: Կարծրատիպեր կային ինչպես տարիներ առաջ, այնպես էլ՝ հիմա: Բայց ժամանակն ու մարդկային շփումներն ամեն ինչ իր տեղն են գցում: Աշխատանքի բերումով ես ստիպված եմ եղել օրվա ցանկացած ժամի տարբեր իրավիճակներում օգնել մարդկանց անկախ տարիքից, անկախ սեռից:

 

 

Կարինե Ասատրյանի ավագանու կազմում գործունեությունը հետագայում ընդմիջվել է: Իսկ այժմ, թավշյա հեղափոխությունից հետո,  դարձյալ որոշել է առաջադրվել՝ լսելով նաև իր համագյուղացիների ձայնն ու պահանջը.

 

 

– Մեր գյուղում անվանի, հարգված մարդիկ ինձ առաջարկեցին այս անգամ էլ ավագանու թեկնածություն առաջադրել: Ես գյուղում գրեթե ամեն տուն եմ մտնում, բոլորի հոգսերն ու խնդիրները գիտեմ, և մարդիկ գիտեն, որ ես կարող եմ անաչառ ձևով ներկայացնել այդ խնդիրները: Ու եթե մարդիկ տեսնում են ինձ այդ կառույցում, իմ մեջ կարող ուժ են տեսնում ու ես էլ գիտեմ, որ կարող եմ ինչ-որ բան անել իմ գյուղի համար, ուրեմն, պետք է առաջադրվել ու պայքարել: Որովհետև ավագանին գյուղում մեծ ու կարևոր անելիք ունի: Նախորդ անգամ գյուղում ավագանու ընտրություններին ամենաշատ ձայներով ընտրված անդամն էի և դա այնպիսի պատասխանատվություն էր, ես պիտի զգոն լինեի իմ որոշումների մեջ, որովհետև գյուղի մեծամասնությունը վստահել էր ինձ, ես պարտավոր էի արդարացնել այդ վստահությունը: Ավագանու անդամը պետք է ազնիվ, անաչառ լինի,  գյուղացու շահն առաջ տանի, ոչ թե անձնական շահով առաջնորդվի:

 

 

Կարինե Ասատրյանը ծնվել, մեծացել ու հավաստում է, որ շարունակելու է ապրել հայրենի Սարիգյուղում:

 

 

 

-Ուսանողությանս տարիներին անհամբերությամբ սպասում էի, թե երբ պիտի շաբաթ-կիրակիները գան, որ վերադառնամ գյուղ: Կանգնում էի պատշգամբում և ժամերով նայում բնությանը, փորձում էի կարոտս մեղմել: Տարիներ անց, ամուսինս հաճախ է առաջարկել գնալ արտերկիր, բայց ես ինձ մեր գյուղից դուրս չեմ պատկերացնում: Ցավով եմ վերաբերվում գնացողներին, գյուղը լքողներին, բայց ապրելու խնդիր է…

 

 

 

Կարինեն ուզում է գյուղում առաջընթաց տեսնել, պատրաստ է  ամեն ինչ անել դրա համար: Ասում է, եթե մարդը զգում է, որ ինքը հնարավորություն ունի որևէ լավ քայլ անել համայնքի համար,  պիտի ամեն հնարավորն անի:  Կարինեին այդ քայլն անելն օգնել է իր մասնագիտությունը, սիրում է օգնել մարդկանց և արդեն 25 տարի իրեն նվիրել է այդ գործին:

 

 

 

-Թեև մասնագիտությունս սիրելով չեմ ընտրել, – անկեղծանում է Կարինեն,-բայց մարդկանց նեղ պահին օգնության հասնելը և լավ արդյունք տեսնելն օգնեց, որ նվիրվեմ ու սիրեմ իմ գործը: Հիվանդի հետ հիվանդանում եմ, մեռնողի հետ մեռնում, ծանր է, դժվար, բայց հմտացել եմ գործիս մեջ և ամեն անգամ հպարտանում եմ, որ բուժքույր լինելով, առանց բժշկի միջամտության հիմնականում կարողանում եմ ճիշտ կլինիկական նշաններով հիվանդին առաջին օգնություն ցույց տալ և ճիշտ բժշկի մոտ ուղղորդել: Թոռոմած ծաղիկը ջրում ես՝ արթնանում է, չէ՞, ահա, այդպիսին է իմ աշխատանքը,-պատկերավոր ներկայացնում է նա:

 

 

 

«Ինչքանով կարևորում կանանց ներկայությունը ավագանիում » հարցին՝ պատասխանում է.

 

 

 

-Կինը տնտեսող է, ավելի լավ կարող է կառավարել, հենց ընտանիքի օրինակով, բայց ամենաճիշտը փոխընբռնումն է: Պետք է մարդը խորհրդակցելու, լսելու, վերլուծելու կարողություն ունենա ու եթե ընտանիքում դա կարևոր է, ուրեմն ավագանին էլ ընտանիք է, պետք է որոշումներն այդպես կայացվեն:

 

 

 

Կանանց առաջադրվելու հարցում կարևորում է  ընտանիքի դերը: Իր ընտանիքը միշտ իր կողքին է. 3 երեխա ունի, թոռնիկներ: Ասում է, ամուսնուս հետ փոխհամաձայնությունն ու փոխվստահությունը բարձր մակարդակի վրա են: Նրա  աջակցությունը միշտ է զգում, և տանը, և աշխատանքի բնագավառում ու համոզված է, որ ինչպես նախկինում, այս անգամ էլ ընտրություններին ակտիվորեն օգնելու է իրեն:

 

 

– Շատ կարևոր է, որ ընտանիքներն աջակցեն կանանց ու աղջիկներին առաջ գնալու հարցում: Կանայք ու աղջիկներն ավելի շատ դժվարանում են իրենց ընտանիքներում քայլ անելու մեջ: Էդ առաջին  քայլ անելն է շատ դժվար: Եթե ընտանիքում աջակից են, հեշտ է, բայց եթե ընտանիքում խոչընդոտ լինի ու պայքար սկսվի կարծրատիպերով, կյանքդ հենց քո ընտանիքի ներսում կվերածվի պայքարի: Ու այս դեպքում, կանայք ու աղջիկները նախընտրում են ընտանեկան խաղաղությունը: Հենց սա է խանգարում շատ կանանց ու աղջիկների օգտագործել իրենց հնարավորություններն ու ներուժը: Նրանք, ովքեր իսկապես ի վիճակի են գործելու, ակտիվ լինելու, պետք է միավորվեն, խմբեր կազմեն, աշխատեն միասին, որովհետև, նույնիսկ եթե ընտանիքներում էլ խնդիրներ լինեն, կամ շրջապատում կարծրատիպերը խանգարեն, միևնույնն է, ժամանակի ընթացքում ամեն ինչ կարելի է փոխել: Եթե կանանց թիվը մեծանա, նրանց ձայնի կշիռն ավելի մեծ կլինի, խոսքն ու առաջարկներն ավելի կկարևորվի, սայլը տեղից կշարժվի, մենք պիտի գնանք դրան, թե չէ հիմա թվում է հետընթաց ենք ապրում:

 

 

 

Սարիգյուղի խնդիրներից խոսելուց , ջրի բացակայությունն  առաջին հերթին  նշում, ասում է,  մարդիկ ջերմոցային տնտեսություններ ունեն գյուղում, ու այս տարի, քանի որ շատ շոգ ամառ էր, ջրի բացակայության պատճառով՝ լուրջ կորուստներ ունեցան…

 

 

 

 

 -Սահմանամերձ գյուղում տարրական կարիքների համար ջուր ենք առնում: 3 տոննան  5000 դրամով ջուր ենք առնում: Բայց կարծես էս հարցում սայլը տեղից ուզում է շարժվել, հույս ունենք, որ հարցը լուծում կստանա: Յուրաքանչյուր հարց լուծելու համար առաջնային է ճիշտ հաշվարկն ու ուժերի  բաշխումը,- ասում է Կ. Ասատրյանը և շարունակում թվարկել,-մշակույթի տունն է վթարային վիճակում: Ժամանակին տիպային շենք էր, 300 տեղանոց սրահ, բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել այնտեղ դեռևս իմ մանկության ու դպրոցական տարիներին: Բայց կարևոր է, որ գյուղում այսօր մի խմբակ լինի, մի ջոցառում, ես հարց եմ ուզում տալ մեր ղեկավարությանը. նրանք իրենց երեխաների կյանքն առանց մշակութային ու արտադպրոցական միջոցառումների ու խմբակների՝ պատկերացնու՞մ են: Դժվար, չեմ կարծում, որ նրանցից որևէ մեկն էդպես ապրի,-մտորում է թեկնածուն  ու անցնում հաջորդ խնդրին:

-Ամբուլատորիան էլ շատ վատ վիճակում է: Ամառը՝ շոգը, ձմռանը՝ ցուրտն է նեղում: Նույնիսկ հեղուկ ամպուլաները ցրտից սառչում ու պայթում են, ես այստեղ, այսպիսի պայմաններում կարո՞ղ եմ հիվանդ ընդունել: Ստիպված վազում եմ իրենց տները: Բազմիցս բարձրացրել ենք էս հարցը, հույսս չեմ կորցնում:

 

 

 Կարինե Ասատրյանը գիտի, որ հայրենի Սարիգյուղի առաջընթացին իր նպաստը բերելու պարտավորություն ունի, այդ մասին լսում է անընդհատ, իր շրջապատում ու այցելությունների ժամանակ: Իսկ նախընտրական քարոզարշավը, որպես այդպիսին, չի կարևորում, գյուղում իրեն բոլորն են ճանաչում, բավական է միայն իմանան, որ թեկնածություն է առաջադրել:

 

 

Նարինե Մաթևոսյան

Դիտումների քանակը` 2551

Գլխավոր էջ