Իզաբելլա Աբգարյան. «Երևանը հատկապես անհարմար է մանկահասակ երեխաներ ունեցող մայրերին»
WomenNet.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի 8-րդ հորիզոնականում առաջադրված Իզաբելլա Աբգարյանը, ով հայտնի է որպես բլոգեր, հասարակական գործիչ: Ակտիվ մասնակցություն է ունեցել Երևանի խնդիրներին առնչվող մի շարք պայքարներում՝ Մոսկվա կինոթատրոնի բացօթյա դահլիճ, Մաշտոցի պուրակ, Փակ շուկա և այլն: Ասում է՝ երազում է զբոսայգիներում «մոր և մանկան» անկյուններ ստեղծել, որտեղ հարմարեցված պայմաններում մայրիկները կկարողանան երեխայի հագուստը փոխել, հոգալ հիգիենայի կարիքները, բալիկին կրծքով կերակրել :
Ծնվել է 1976 թ.-ին Երևանում: 1998 թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետը՝ ստանալով ֆրանսերենի թարգմանչի և մանկավարժի որակավորում: Աշխատել է ԵՊՀ Միջազգային կապերի բաժնում որպես թարգմանիչ և Հայաստանի հանրային հեռուստատեսությունում՝ որպես լրագրող:2008 թ.-ին պարգևատրվել է Ռուսաստանի Գրողների միության «Ռուսաստանի ոսկե գրիչ» միջազգային մրցույթի պատվոգրով: 2013 թ.-ից առ այսօր «Մենք և մեր երկիրը հանուն ժողովրդավարության զարգացման» ՀԿ հիմնադիր նախագահն է: 2018 թ. հուլիսից՝ UPF Armenie (Ֆր անկոֆոն լրագրողների միջազգային միության հայաստանյան ներկայացուցչության) գլխավոր քարտուղարն է:
–Տեսակետ կա, որ ընտրական պայքարներում կինը ստիպված է տղամարդուց երկու անգամ ավելի ջանք ծախսել և երեք անգամ ավելի պատրաստված լինել՝ մրցակցության մեջ հաջողության հասնելու համար: Որպես ավագանու անդամի թեկնածու, ընտրարշավի ժամանակ նկատե՞լ եք կնոջ նկատմամբ այդպիսի հասարակական պահանջ:
– Դրական փոփոխություններ եմ նկատել: Շատ ավելի մեծ դեր է հատկացվում հատկապես կին թեկնածուներին բնակչության կողմից. Մարդիկ մոտենում են, լուրջ հարցերով դիմում: Բայց, այո, դեռ կա մեր հասարակությունում վերաբերմունքի տարբերություն: Մինչև խոսքով ապացուցելդ, ավելի շատ արտաքինիդ են ուշադրություն դարձնում: Ինձ համար ցավալի է, որ հիմնականում հենց կանայք են ավելի թերահավատորեն մոտենում ու սոցցանցերում շատ ավելի կոշտ, երբեմն նաև չարացած մեկնաբանություններ գրում կին քաղաքական գործիչների հասցեին, քան տղամարդիկ: Մեզ իսկապես ավելի դժվար է դիրքավորվել, բայց երբ հաջողվում է դա անել, շատ ավելի մեծ ուշադրության ենք արժանանում: Ինձ շատ ավելի հեշտ է գրավել այն ընտրողին, որոնք տարիներ շարունակ սոցցանցերում հետևել են գործունեությանս, իսկ անծանոթներին փորձում եմ հենց նույն այդ խնդիրների շուրջ ներկայացնել տեղեկացվածության մակարդակս, մոտեցումներս և լուծման եղանակները:
– Ի՞նչ եք պատրաստվում փոխել Երևանի կառավարման մոդելում: Ինչ նորամուծություններ եք առաջարկելու մայրաքաղաքի բնակիչներին:
– Երևանի կառավարման համակարգում անհրաժեշտ են թե՜ կառուցվածքային, թե՜ օրենսդրական փոփոխություններ, որոնց վերաբերյալ որոշումները կայացվելու են թիմային քննարկումների արդյունքում: Օրինակ, շինարարության թույլտվության և արդեն իսկ կառուցածը օրինականացնելու գործընթացը պետք է վերանայվի: Այսպես, օրինականացնելու համար հարևանների համաձայնությունը հայաստանյան մենթալիտետի պայմաններում սխալ է: Եթե եվրոպացին ստորագրությամբ չի տա իր համաձայնությունը մինչև հարցը չզննի, մեզանում դա արվում է վայրկենական, որովհետև հարևանի հետ հարաբերությունները չեն ուզում փչացնել՝ «բա հարևան մարդ ենք, ոնց չստորագրեմ…»: Բացի այդ, մեր ծրագրի առաջին կետում նշված է այն կարևորագույն սկզբունքը, որը պատրաստվում ենք ներմուծել՝ հանրաքվեների անցկացման միջոցով հանրության կարծիքը հաշվի առնելը, այլ ոչ թե անակնկալ որոշումներ հրամցնելը, ինչպես նախկինում էր:
– Ի՞նչ խնդիրներ ունեն Երևանի կանայք և երեխաները: Ինչպե՞ս եք պատկերացնում օրինակ՝ մանկապարտեզների, դրանց մատակարարվող սննդի, առաջնային բուժօգնության օղակները վերազինելու հետ կապված խնդիրների լուծումը: Այսօր մանկապարտեզները գերբեռնված են և մինչև հերթագրված երեխայի հերթը հասնում է, դպրոց գնալու ժամանակն է լինում:
– Երևանը հատկապես անհարմար է մանկահասակ երեխաներ ունեցող մայրերին: Այգիներն ու պուրակները քիչ են, իսկ այնտեղ մանկասայլակով հասնելը՝ հաճախ անհնարին: Ուստի, նպատակ ունենք տրանսպորտի շարժակազմի թարմացման ժամանակ շեշտը դնել նաև այս հարցի լուծմանը, որպեսզի մայրերը կարողանան ավտոբուսով հանգիստ մանկասայլակով երեխային տեղափոխել: Անձամբ ես ունեմ նաև մի երազանք, որն առաջացել էր, երբ երեխաներս փոքր էին: Զբոսայգիներում «մոր և մանկան» անկյուններ ստեղծել, որտեղ հարմարեցված պայմաններում մայրիկները կկարողանան թե երեխայի հագուստը փոխել և հոգալ հիգիենայի կարիքները, թե՝ կրծքով կերակրել բալիկին: Այսպես նրանք կկարողանան շատ ավելի երկար ժամանակ անցկացնել երեխայի հետ մաքուր օդին և հանգստանալ: Մանկապարտեզների, ինչպես և դպրոցի սննդի հարցը համարում եմ ազգային անվտանգության կարևոր հարց, որը պահանջում է համապատասխան լրջագույն վերաբերմունք: Ցավոք, մեզ հայտնի են այս ոլորտում չարաշահումների դեպքեր, որոնք պետք է բացառենք: Առաջին հերթին, սննդի մատակարարման մրցույթների պայմանների խստացման կարիք կա: Ավելորդ է ասել, որ տենդերների հարցում բացառելու ենք կոռուպցիան և հովանավորչությունը: Նաև սննդակարգը պետք է նպաստի առողջ ապրելակերպի կանոններին և ձևավորի ճիշտ սնվելու սովորություն:
Մանկապարտեզների թվի պակաս ունենք, եղածներում էլ՝ գերծանրաբեռնվածություն: Պատճառը մանկապարտեզների շենքերը աջ ու ձախ օտարելու մեջ է: Բոլոր այդ գործարքները պետք է վերանայվեն և հնարավորության դեպքում շենքերը վերադարձվեն իրենց նախկին գործառույթին: Գաղտնիք չէ, որ երեխային մանկապարտեզ տեղավորելու հարցում մեծ կոռուպցիոն ռիսկեր կան, որոնց բացառման համար նախատեսել ենք հերթագրման էլեկտրոնային հրապարակային եղանակ: Սա արդեն իսկ նախատեսված է մեր կողմից: Դրա հետ մեկտեղ երբ հնարավորություն ունենանք հանդիպումներ կազմակերպել մեծ ընկերությունների և հաստատությունների ղեկավարների հետ, կարող ենք խրախուսել նրանց բացել երեխաների խնամքի ու դաստիարակության սենյակներ իրենց իսկ մոտ: Դա շատ տարածված է արևմտյան երկրներում, կարող է նաև կիրառվել մեզ մոտ: Այսպես, ծնողը ժամանակ չի կորցնում մանկապարտեզ տանելու և այնտեղից վերցնելու, օրվա ընթացքում էլ կարողանում է այցելել իր երեխային, ինչն ամրապնդում է ծնող-երեխա կապը: Մեկ այլ դրական կողմ՝ մայրիկները ավելի շուտ են կարողանում դուրս գալ աշխատանքի ֆիզիոլոգիական արձակուրդից հետո, որովհետև իրավունք ունեն կերակրել բալիկին: Մենք անընդհատ խոսում ենք ծնելիության աճի կարևորության մասին, սակայն միշտ կենտրոնանում ենք նպաստների վրա: Իսկ մայրերը հաճախ ավելի շատ երեխաների խնամքը կազմակերպելու պայմանների կարիք ունեն:
– Երկրում տեղի ունեցած փոփոխություններն ինչպե՞ս են անդրադառնալու ավագանու աշխատանքի վրա և ի՞նչ է ունենալու երևանցին, որը նախկինում չուներ:
-Մեր թիմի հաղթանակի դեպքում կլինի սահուն և ներդաշնակ համագործակցություն կառավարության հետ, համատեղ ջանքերով բազմաթիվ լավ գաղափարների թիմային իրագործում: Հեղափոխության տված առաջնայնությունները՝ կոռուպցիայի և մսխումների բացառումը կլինի նաև աշխատելաոճի կարևորագույն սկզբունքը: Երևանցին էլ տեսնելու է, որ քաղաքի բյուջեն լվացքատան մեթոդով չի մսխվում՝ տարին տաս անգամ նույն փողոցը ասֆալտելով կամ թանկ ծաղիկներ տնկելով, այլ զգալու է յուրաքանչյուր դրամի ծախսը իր կյանքի որակի բարձրացմամբ:
Լուսինե Կարապետյան
Դիտումների քանակը` 2543