Կանանց միջազգային օր – 2022. «Գենդերային հավասարությունն այսօր` հանուն վաղվա կայունության»

 

Այս տարի ՄԱԿ -Կանայք կառույցի  առաջարկով   Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ը (IWD 2022) կանցնի  «Գենդերային հավասարությունն այսօր՝ հանուն վաղվա կայունության»  թեմայի ներքո: Այն  միտված է  ճանաչելու կանանց և աղջիկների ներդրումն  ու առաջատար դերն  ողջ աշխարհում կլիմայի փոփոխությանն   արձագանքելու,  հարմարվելու, դրա հետևանքները մեղմացնելու և բոլորի համար ավելի կայուն ապագա կառուցելու հարցում:

 

 

Կլիմայական ճգնաժամի և աղետների ռիսկերի նվազեցման համատեքստում գենդերային հավասարության առաջխաղացումը ապահովելու խնդիրը 21-րդ դարի գլոբալ մարտահրավերներից է: Կլիմայի փոփոխության և էկոլոգիական կայունության հիմնախնդիրները ծանր և տևական ազդեցություն են ունեցել և կունենան շրջակա միջավայրի, տնտեսական և սոցիալական զարգացման վրա:  Ակնհայտ է, որ դրանք ամենախոր ազդեցությունն են թողնում ամենախոցելի սոցիալական խմբերի վրա այն: Կանայք գնալով ավելի խոցելի են դառնում կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ,  քանի որ նրանք կազմում են աշխարհի աղքատների մեծամասնությունը և ավելի շատ կախված են բնական ռեսուրսներից, որոնց կլիմայի փոփոխությունն առավել է սպառնում:

 

 

Միևնույն ժամանակ, կանայք և աղջիկները արդյունավետ և հզոր առաջնորդներ և նախաձեռնողներ են կլիմայի փոփոխությանը հարմարվելու և դրա հետևանքները մեղմացնելու տեսակետից: Նրանք ներգրավված են ողջ աշխարհում կայունության ապահովման նախաձեռնություններում, և նրանց մասնակցությունն ու առաջնորդությունը հանգեցնում են ավելի արդյունավետ գործողությունների: Այս առումով կարևոր է ապահովել կանանց և աղջիկների  մասնակցությունը կլիմայի փոփոխության և կայունության հետ կապված որոշումների կայացման հարցում,  ինչը կարևոր նախապայման է գենդերային հավասարության հասնելու համար: Առանց գենդերային հավասարության այսօր կայուն և հավասար ապագան մնալու են անհասանելի :

 

Միավորված ազգերի կազմակերպության կողմից Կանանց միջազգային օրվա տոնակատարությունը կնշանավորվի բարձր մակարդակի վիրտուալ (TBC) միջոցառմամբ, որը տեղի կունենա երեքշաբթի՝ 2022 թվականի մարտի 8-ին և որին կմասնակցեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Գլխավոր ասամբլեայի նախագահը, Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նախագահը, ՄԱԿ-Կանայք  գործադիր տնօրենը, ինչպես նաև գենդերային հավասարության և կլիմայի փոփոխության ակտիվիստներ և հայտնի մարդիկ: Միջոցառմանը կհաջորդի բարձր մակարդակի պանելային քննարկում և երաժշտական բեմականացում:

 

 

Կանանց միջազգային օրվա թեման համահունչ է մարտի 14-ից մինչև 25-ը մեկնարկող  Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (CSW66) 66-րդ նստաշրջանի առաջնահերթ թեմային, այն է.«Գենդերային հավասարության ձեռքբերում և բոլոր կանանց և աղջիկների հզորացում կլիմայի փոփոխության, բնապահպանական և աղետների ռիսկի նվազեցման քաղաքականության և ծրագրերի համատեքստում»:

 

 

COVID-19 համաճարակի շարունակական ազդեցության պատճառով Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 66-րդ նստաշրջանը  տեղի կունենա հիբրիդային ձևաչափով: Պետությունների ներկայացուցիչների մակարդակով նիստերը կկայանան ՄԱԿ-ի կենտրոնական կայանի շենքում, իսկ բոլոր զուգահեռ միջոցառումները ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ  կլինեն ամբողջությամբ վիրտուալ։

 

 

Նստաշրջանին նախորդել էր փորձագիտական խմբի հանդիպումը, որը մշակել էր նստաշրջանի թեմային առնչվող փաստաթղթերը:

 

 

Բացի վերը նշված առաջնահերթ թեմայից  նստաշրջանի շրջանակում քննարկվելու են հանձնաժողովի 61-րդ նստաշրջանում ընդունված  համաձայնեցված եզրակացությունների     կատարողականի մասին պետությունների հաղորդումները, որոնք վերաբերում են « Կանանց տնտեսական հզորացումը փոփոխվող աշխատանքի աշխարհում» թեմային: Հայաստանը նույնպես ներկայացնելու է այդ ուղղությամբ կատարված քայլերը:

 

 

Նստաշրջանի արդյունքներն ամփոփվելու են  համաձայնեցված եզրակացությունների նախագծի  ընդունմամբ,  որը բանակցվելու է  բոլոր անդամ պետությունների հետ:

 

 

Ակնկալվում է, որ նստաշրջանում  Կանանց կարգավիճակի հանձնաժողովը կներկայացնի նաև  առաջարկություն 2025 թվականին Կանանց Չորրորդ համաշխարհային համաժողովի 30-րդ  տարեդարձը լավագույնս նշելու կապակցությամբ:

 

 

 

Դիտումների քանակը` 1238

Գլխավոր էջ