Իշխանասարից՝ Իշխանասար․ տիկին Հայկուշի խանութ-դիտակետը

 

 

Առավոտից երեկո տիկին Հայկուշի հայացքն Իշխանասարին  է։ Համանուն գյուղի կենտրոնում գտնվող իր փոքրիկ խանութի  լուսամուտից ձյունածածկ Իշխանասարի տեսարանն է։ Տարիներ շարունակ այնտեղից տարածվող արևի առաջին ճառագայթներից ուժ ու վստահություն էր ստանում, հիմա՝ պատերազմի տագնապն անգամ լռության մեջ է․․․

 

 

 

 Այդ տագնապն առաջին անգամ զգացին 2021-ի նոյեմբերին, ավելի սաստիկ՝ անցյալ  տարվա սեպտեմբերին։ Հիմա ապրում են առօրյա կյանքով, առօրյայի մտքերն ու մտահոգություններն են փոքր-ինչ այլ։

 

 

   -Հայկո՛ւշ տատի, հաց տուր․ պապան ա ասում,- տասը- տասներկու տարեկան տղա է, որ սովորական դարձած տեքստը շնչակտուր արտասանում է խանութի դռների միջից ու հացը վերցնելուն պես՝ արագ հեռանում՝ առանց վճարելու։

 

 

 «Հիմնական առևտուրը պարտքով է։ Նպաստի, թոշակի, աշխատավարձի օրերին են վճարում։ Կան նաև անպարտաճանաչ մարդիկ, բայց դե այլ տարբերակ չկա․ գյուղում առանց պարտքի ցուցակի առևտուրը չի ստացվի»,- ասում է Հայկուշ Մկրտչյանը։

 

 Դուռը ճռռալով նորից բացվում է։

 

 

 -Հայկուշ տոտա ալկոհոլ տուր, մի ուտելու բան էլ, որ բանվորներիս ճամփեմ,- այս անգամ հաճախորդը երիտասարդ է։

 

 

  Տիկին Հայկուշը, որ լավատեղյակ է յուրաքանչյուր հաճախորդի ճաշակին, մի կտոր երշիկ  է դնում կշեռքին ու գումարում հաշիվը։

 

 

  Երիտասարդը գոհ հեռանում է՝ խոստանալով՝ ամսվա կեսին գումարը կլինի։  Պարտքերի մատյանում գրանցելու տեղ կարծես էլ չկա։ Թվերը նոր տետրի առաջին էջում են ուրվագծվում։

 

 

            

   

   Մասնագիտությամբ հաշվապահ 61-ամյա Հայկուշ Մկրտչյանը 2000-ականների սկզբին է Սիսիանի Անգեղակոթ գյուղից ընտանիքով տեղափոխվել Իշխանասար։ Որդին՝ Հունանը,      «Դո-ռե-մի» մրցույթին էր մասնակցում։ Նրա համար երաժշտական ապագա ապահովելու նպատակով ծախեցին իրենց տունը՝ ավելի էժան հողաշեն տուն գնելով այստեղ։ Երգարվեստը, սակայն, այդպես էլ հաջողություն չբերեց տղային, իրենք էլ  մնացին Իշխանասարում՝ փորձելով ընտանիքի ապրուստը ստեղծել հողագործությամբ, անասնապահությամբ․․․

 

 

  Չորս երեխաների մայրը սկզբում գյուղապետի հարսի խանութում էր աշխատում, հետո ինչ-ինչ հանգամանքներից բարկացավ ու որոշեց՝ իր սեփականը պիտի ստեղծի։ Կարճ ժամանակ պահանջվեց, որ շրջապատին ու անգամ տնեցիներին ապացուցի, որ կարող է։ Արդեն 14 տարի է՝ խանութն անխափան աշխատում է․ դժգոհ չէ։ Գյուղացիներն էլ կարծես թե իրենից են գոհ։ Թվային ու մարկետինգային մեր ժամանակների շունչը դեռ գյուղ չի թափանցել․ առևտրային հարաբերություններն այստեղ այլ են։ Եթե մեկի տանն ինչ-որ բան պակասում է, վստահ են՝ այստեղից կարող են վերցնել, անգամ եթե գումար չկա․․․

 

 

  «Էս խանութը գյուղի շտապօգնությունն է, ես էլ սենց բարեգործ եմ։ – ասում է տիկին Հայկուշը, ծիծաղում, – էսօր հաց չկա՝ վազում են, կոֆեն վերջացել ա՝ գալիս են։ Հիմնական առևտուրը Սիսիանից են անում․ քաղաքը մոտ է։ Ինչը պակասում է, էստեղ են գալիս։ Դե ես էլ ինչը կարողանում եմ ծախել, էն եմ վերցնում առաքիչներից՝ սուրճ, կոնֆետ, հաց․․․»։

 

 

   —Ի՞նչ կա՝ հետաքրքրվում եք մեր գյուղով ,- խանութ մտած կանանցից մեկն է, ով գլխարկն ուղղելով՝ արագ տեղավորվում է ընկերուհու կողքին, որ լուսանկարը գեղեցիկ ստացվի։ Ու մինչ առևտուր անող համագյուղացին վերջին մանրադրամներն է հաշվում՝ հասկանալու՝ էլ ինչով կարող է հարստացնել սուրճի սեղանը, ինքը հասցնում է աշխույժով լցնել խանութը․․․

 

             

   Ուրիշ տեղ որ չստացվի, խանութում կանայք հաճախ են հանդիպում, խոսում դեսից-դենից, քննարկում սահմանային հարցեր, տեղեկանում գյուղի անցուդարձից․․․

 

 

           

 «Իշխանասարում բոլորն էլ աշխատող կանայք են,- ասում է տիկին Հայկուշը։ -Սեզոնին օրական 10-20 հազ․ դրամի եկամուտ էին ստեղծում միայն դաշտերից․ ավելուկ , շուշան, սունկ, բերում-ապրում էին, հիմա՝ կրակոցներից հետո, արդեն վախենում են՝ վերև բարձրանան․ ժողովրդի հացն էլ կտրվեց»։

 

 

 Ասում է՝ կրակոցներից արոտներն էլ են վառվել, գարնանը, երբ անասունը հանեն, առերեսվելու են  խնդրին։ Տիկին Հայկուշի պատմելով՝ նախանցյալ տարվա նոյեմբերին ու անցյալ տարվա սեպտեմբերին թշնամու  սահմանային ագրեսիան գյուղացիների մեջ վախ էր առաջացրել, բայց գյուղը լքողներ չեն եղել։ Իրենք, օրինակ, ինտենսիվ կրակոցների ժամանակ Սիսիան՝ որդու տուն են իջել։ Բայց մի քանի ժամ անց վերադարձել են․ տունը-տեղը, անասունը հո անտեր չէին թողնելու։

 

 

 

  Ու թեև Իշխանասարը համանուն սարի հենց քթի տակ է՝ թշնամու ուղիղ  նշանառության տակ, գյուղը սահմանամերձի կարգավիճակ չունի։ Բայց դրանից էլ չի դժգոհում տիկին Հայկուշը։ Միայն թե խաղաղություն լինի, երեխեքի մատը փուշ չմտնի։

 

             

 Ժամը 17։30-ին է մոտենում։ Գյուղում անցուդարձը դադարում է, առևտուրը՝ ևս։ Տիկին Հայկուշը փակում է խանութի դուռն ու թանձրացող մթնշաղի հետ Իշխանասարի լուռ հայացքի ներքո քայլերն ուղղում դեպի գյուղի մյուս ծայրը․․․ Երեք թոռնիկներն անհամբեր տատին են սպասում։ Առավոտյան՝ ուղիղ 8-ն անց կես, կրկին խանութում կլինի՝ ժպիտով ու լավատեսությամբ․․․

 

 

Աննա Ավետիսյան

 

 

Դիտումների քանակը` 2651

Գլխավոր էջ