22- ամյա աղջկա մահը ոտի է հանել Իրանի կանանց
22- ամյա աղջկա մահը ոտի է հանել Իրանի կանանց: Կանայք ցուցադրաբար դեն են նետում գլխաշորերն ու այրում դրանք, հրապարակային կտրում մազերը… Այդկերպ նրանք բողոքի իրենց ձայնն են բարձրացնում գլխաշորերի դեմ, պահանջում, որ պետությունը ազատի իրենց՝ դրանք կրելու պարտավորությունից:
Մասսայական ցույցերի ալիքը բարձրացել է 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո: Նա բերման էր ենթարկվել Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից հիջաբը ոչ ճիշտ կրելու պատճառով և ուղարկվել ոստիկանությանն ու ռազմական հետախուզությանը պատկանող «Ֆարաջա» կենտրոն՝ բացատրական զրույցի համար: Այդ կենտրոնում աղջկա մոտ սրտի կաթված է տեղի ունեցել, որից հետո նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Երեք օր անց՝ սեպտեմբերի 16-ին, նա մահացել է, ինչից հետո երկրի տարբեր քաղաքներում մարդիկ սկսել են ցույցեր անցկացնել փողոցներում։
Բողոքի ակցիայի մասնակիցները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը, պնդում են, որ աղջիկը մահացել է ոստիկանական բաժանմունքում իրավապահների կողմից դաժան ծեծի հետևանքով: Ոստիկանությունը հերքում է, որ աղջկա նկատմամբ բռնություն է կիրառվել։ Հակակառավարական բողոքի ցույցերը շարունակվում են, կան տուժածներ, մահացածներ:
Նշենք, որ բարքերի ոստիկանությանը, որը պաշտոնապես հայտնի է որպես Gasht-e Ershad, ի թիվս այլ գործառույթների, կոչված է ապահովելու, որ կանանց հագուստը համապատասխանի իշխանությունների կողմից «պատշաճ» հագուստի մեկնաբանությանը: Ոստիկանները կարող են կանգնեցնել կանանց և գնահատել՝ արդյոք նրանց մազերը չափից ավելի են երևում գլխաշորի տակից, տաբատները և վերարկուները չափազանց կարճ են կամ նեղ, կամ կնոջ դիմահարդարումը աչքի ընկնող է, թե՝ ոչ։ Կանոնները խախտելու համար նախատեսված պատիժները ներառում են տուգանք, բանտարկություն կամ մտրակահարում:
Դիտումների քանակը` 791