Հայաստանում առաջին անգամ նշվում է Տղամարդկանց միջազգային օրը
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ, Հայաստանում առաջին անգամ նոյեմբերի 19-ը նշվում է որպես Տղամարդկանց միջազգային օր:
Այսօր առավոտյան Երևանի Մետրոպոլիտենի հինգ կայաններում այցելուներին է դիմավորել պաստառների շարքը՝ ազդարարելով Տղամարդկանց միջազգային օրը։ Հետք Մեդիա Գործարանի ուսանողները զրուցել են մետրոպոլիտենի այցելուների հետ և հարցրել իրենց ՝ տեղյակ են արդյոք Տղամարդկանց միջազգային օրվա մասին:
Տղամարդկանց միջազգային օրվա կապակցությամբ, Գյումրիում ամփոփվեցին «Հայրս» խորագրով շարադրութունների մրցույթի արդյունքները և տեղի ունեցավ մրցանակաբաշխություն:
– Շուրջ հիսուն հայ երիտասարդ աղջիկներ և տղաներ, ընտանիքում հոր դերն ընդգծող իրենց շարադրություններով, մասնակցեցին «Հայրս» խորագրով մրցույթին, որը կազմակերպել էր «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակում «Ապագան այսօր» ծրագրի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը, խոսելով տղամարդկանց ներգրավվածության մասին, ընդգծեց, որ առանց տղամարդկանց ներգրավման հնարավոր չէ հասնել լիարժեք իրավահավասարության։ Դա հաշվի առնելով է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը ձգտում Հայաստանում խթանել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը ու խրախուսել պատասխանատու հայրությունը։
«Բոլոր կողմերը շահում են, երբ տղամարդիկ ավելի շատ են ներկա լինում իրենց ընտանիքների, երեխաների կյանքում։ Մենք, որպես կազմակերպություն, այդ ճանապարհին առաջիններից ենք Հայաստանում և աշխատելու ենք ավելի ու ավելի շատ կողմեր ներգրավել»,- ասաց նա։
«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած միջոցառումը համախմբել էր մարզպետարանների, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ու համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաև «Հայրս» խորագրով շարադրությունների մրցույթի երիտասարդ մասնակիցներին։
«Տղամարդկանց միջազգային օրվան նվիրված այս միջոցառումն առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու ընտանիքում տղամարդու և հոր դերի կարևորությունը՝ մասնավորապես երեխաների խնամքի և դաստիարակության հարցում։ Մենք հավատում ենք, որ առողջ և երջանիկ հասարակության հիմքը այն ընտանիքներն են, որտեղ կան հոգատար տղամարդիկ, ծնողավարման մեջ ներգրավված հայրեր և փոխըմբռնող ամուսիններ»,- իր ողջույնի խոսքում ասաց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային խորհրդի նախագահ, Շիրակի մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը։
Անդրադառնալով շարադրությունների մրցույթին՝ Արթուր Նաջարյանը նշեց, որ 13-16-ամյա աղջիկներն ու տղաները հրաշալի կերպով ներկայացրել են իրենց պատկերացումները հոր դերի մասին։
Լավագույն շարադրությունների հեղինակները ստացան պատվոգրեր և մրցանակներ։
«Շարադրությունը գրելիս ոգեշնչվել եմ հայրիկիս կերպարով, ով ինձ համար ոչ միայն հայր է և ընկեր, այլև իմ կյանքի լույս-փարոսն է: Կյանքն անկանխատեսելի օվկիանոս է, և կլողանք այդ օվկիանոսի մեջ, քանի դեռ կան մեր լույս-փարոսները»,- ասաց մրցանակակիրներից Մարի Եղոյանը:
Միջոցառման մասնակիցները դիտեցին «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում ստեղծված «Հայրիկները կարևոր են» սոցիալական տեսահոլովակները, որոնք ներկայացնում են ընտանիքի խնամքի պատասխանատվությունը կիսող հայտնի հայ հայրիկներին։
Միջոցառման ավարտին մասնակիցները նաև հնարավորություն ունեցան շարունակել պատասխանատու հայրության և տղամարդկանց ներգրավվածության կարևորության շուրջ քննարկումները:
Ըստ ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Շատ ժամանակ անցկացրեք ձեր երեխաների հետ»․ հայրիկների խորհուրդը հայրիկներին
Առաջին ՊաՊաԲլոգը Հայաստանում պատմում է հոգատար հայրիկների մասին
«Տեսեք՝ ինչ լավ է հնչում, հայ-րութ-յան ար-ձա-կո՜ւրդ»
Դիտումների քանակը` 664