Ինգա Վարդանյան. «Մեր «Գրքաբաց»-ը ընթերցանության նոր մշակույթ է ստեղծում»

 

Երբ Հայ բարեգործական ընդհանուր միության կամավորները որոշեցին Երևանի որևէ դպրոցում գրադարանային դասասենյակներ ստեղծել, պատկերացնել անգամ հնարավոր չէր, որ գաղափարը կարճ ժամանակ անց դուրս կգա Երևանի սահմաններից և կընդգրկի ՀՀ մարզերն ու Արցախը: «Գրքաբաց», այսպես կոչվեց կամավորների նախաձեռնությունը, որն առաջին անգամ իրագործվեց Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցում:

 

«Գրքաբացի» շրջանակներում դպրոցի մի դասասենյակ, որը գտնվում էր անմխիթար վիճակում, ամբողջությամբ վերանորոգվեց  կամավորների ուժերով և վերածվեց յուրօրինակ գրադարան-ընթերցասրահի, որտեղ  պարբերաբար հյուրընկալվում են նաև հայտնի մարդիկ, արվեստի ներկայացուցիչներ, ովքեր դպրոցի երեխաների հետ անցկացնում են հեքիաթների, պատմվածքների ընթերցումներ: ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների երևանյան խմբի ղեկավար Ինգա Վարդանյանը վստահ է՝ «Գրքաբացը» ոչ միայն ընթերցանության նոր մշակույթ է երեխաների համար, այլև կարծիքների, մտքերի փոխանակման նոր ու ժամանակակից հարթակ: «Մեր նախաձեռնությունը սովորական գրադարան չէ, այն երեխաների համար շփման, երկխոսելու, կարծիքների արտահայտման հնարավորություն է: Երբեմն ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչպես են երեխաները վերլուծում այն գրքերը, որոնք ընթերցում են, ինչ քննական մտածելակերպ են դրսևորում, որքան խորը և բազմաշերտ են մտածում և վերլուծում: Կարծում եմ՝ քննարկելու, երկխոսելու, բանավիճելու և վերլուծելու ունակությունն այսօր ամենակարևորն է երեխաների համար, և ուրախ ենք, որ մեր նախաձեռնությունը նպաստում է դրան: Սա կրթության, ընթերցանության և գրքամոլության նոր մշակույթ է ստեղծում»,- ասում է նա:

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների երևանյան խմբի ղեկավարը հպարտանում  ու կարևորում է այն,  որ նախաձեռնությունն ամբողջությամբ իրականացվել է կամավորական սկզբունքով: «Դասասենյակի վերանորոգման և նկարազարդման աշխատանքները ևս իրականացվել են կամավորների կողմից: Մարդիկ, ովքեր ունեն լավ կրթություն, աշխատանք ու իրենց գիտելիքներով ու ու հմտություններով նպաստում են  մեր երկրի որևէ ոլորտի զարգացմանը, աշխատանքային օրվա ավարտին հավաքվում էին ՀԲԸՄ-ում և քննարկում բոլորի համար շատ կարևոր այս նախագիծը: Ուզում եմ հատուկ նշել, որ մեր կամավորների 90 %-ը երիտասարդ աղջիկներ են, և նրանք ջանք ու եռանդ չեն խնայել այս գաղափարի իրականացման համար: Նրանք  երբևէ նկարչությամբ չէին զբաղվել կամ հատակ չէին վերանորոգել, բայց  հանուն այս գաղափարի կարողացան անել այդ ամենը՝ դպրոցի 400 աշակերտների համար այս յուրօրինակ հարթակը ստեղծելու համար»,- պատմում է Ինգա Վարդանյանը, ավելացնելով, որ նախագծի շրջանակներում իրականացված յուրաքանչյուր աշխատանք կատարվել է մեծագույն սիրով ու նվիրումով: Պատմում է, որ պատերի  նկարազարդումները անելու  համար  կամավորները ոգեշնչվում էին՝ վերընթերցելով  ժողովրդական հեքիաթները, մանկական գրականությունը, իսկ գրադարանը համալրվել է մի քանի ամիս առաջ անցկացված բարեգործական համերգի շրջանակներում հավաքված նվեր-գրքերով, ինչպես նաև՝ նվիրաբերումներով:

 

 

Նա ուրախությամբ շեշտում  է, որ այսօր  «Գրքաբաց»-ի  քննարկումներին առավել ակտիվ են մասնակցում հատկապես աղջիկները, ովքեր սովորում են իրենց կարծիքն արտահայտել և տեսակետը պնդել՝ չընթարկվելով ոչ մի կարծրատիպերի. «Ես համոզված եմ, որ որևէ ոլորտում կայացած յուրաքանչյուր կին կարող է փաստել, թե որքան բարդ է կնոջ համար պնդել իր տեսակետը, բանավիճել կամ չկաշկանդվել մյուսների հետ համաձայն չլինելուց: Այդպես եղել է նաև ինձ համար: Ես ուրախությամբ եմ տեսնում, որ այսօր աղջիկներն արդեն չեն վախենում դրանից: Դա նրանց վաղվա հաջողության գրավականն է»,- ասում է նա:

 

Հաջորդ փուլով «Գրքաբացը», ինչպես նաև՝ ՀԲԸՄ և «Ռենեսանս» ԲՀ համատեղ «Բարև, Սարոյան» ծրագիրը կիրականացվեն ՀՀ մարզերում, հատկապես՝ սահմանամերձ շրջաններում.  «Մենք հստակ պատկերացնում ենք, որ սահմանամերձ շրջաններում ապրող երեխաներն ավելի շատ ունեն մեր աջակցության կարիքը, ոչ միայն այն պատճառով, որ շարունակում են ապրել մշտական վտանգի պայմաններում, այլև, որովհետև նրանց և երևանաբնակ երեխաների հնարավորությունները չափազանց տարբեր են իրարից: Փորձում ենք այս ծրագրերով ոգեշնչել նրանց, ինքնադրսևորման առավել լայն հնարավորություններ տալ: Կարծում ենք, որ մեկանգամյա օգնությունը սահմանին շատ հարց լուծել չի կարող: Այդ իսկ պատճառով, մենք շեշտը դնում ենք նրանց կրթական հնարավորությունների զարգացման վրա, քանի որ հավատում ենք, որ միայն կրթության միջոցով են հնարավոր հիմնավոր փոփոխությունները: Բացի այդ, մենք ցանկանում ենք, որ նրանք ավելի շատ կապվեն իրենց հողին, իսկ դրա համար պետք է հենց տեղում պայմաններ ստեղծել նրանց համար»,- ասում է Ի. Վարդանյանը:

 

Ի դեպ,  մյուս խոշոր ծրագիրը, որն իրականացնում է ՀԸԲՄ-ն սահմանամերձ շրջաններում, վերաբերում է կանանց վերապատրաստմանը և նրանց կարողությունների զարգացմանը: Կազմակերպիչները հույս ունեն, որ այդպիսով կկարողանան ոչ միայն ոգեշնչել սահմանամերձ շրջաններում ապրող կանանց, այլև հմտություններ տալ նրանց՝ տեղում որևէ արտադրություն հիմնելու, բիզնես նախագծեր իրականացնելու համար. «Մենք ծրագրում ենք, որ նախագծի իրականացման մեջ կարող ենք ներգրավվել նաև բիզնես ոլորտում և քաղաքականության մեջ բարձունքների հասած կանայք, ովքեր քիչ չեն, որպեսզի նրանք իրենց անձնական փորձով օգնեն սահմանին բնակվող կանանց կայանալ և առաջ գնալ: Մեզ համար կարևոր է, որ սահմանամերձ շրջանների և Երևանի կանայք ճանաչեն իրար, տեղյակ լինեն իրար խնդիրներից, բարդություններից, հնարավորություններից և կարողություններից, որովհետև միայն այս փոխադարձ ճանաչողության շնորհիվ է հնարավոր օգնել միմյանց»,- ասում է Ինգա Վարդանյանը:

 

 

Առաջին կինը, ով իր պատմությամբ կկիսվի սահմանամերձ շրջանների կանանց հետ, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանն է:  Նախաձեռնության շրջանակում  ծրագրում են հատուկ տաղավար կամ առևտրի կետ բացել, որում կվաճառվեն սահմանամերձ գոտիներում բնակվող կանանց ձեռքի աշխատանքները, նրանց պատրաստած քաղցրավենիքը, ինչը ոչ միայն կխրախոսի նրանց, այլև զգալի ֆինանսական աջակցություն կլինի: Երևանում նման կենտրոն ունենալուց առաջ, ծրագրվում է, որ տեղերում կբացվեն սենյակներ, որոնցում իրականացվող թրեյնինգները և վերապատրաստման ծրագրերը կնպաստեն կանանց դերի բարձրացմանը և հատկապես տուրիզմի զարգացմանը:  

 

 

ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների համաշխարային ցանցը ստեղծվել է 1995թ., իսկ Երևանյան խումբը, համաշխարհային ցանցի մի մասն և ստեղծվել է 2007-ին: Այն աշխարհի ամենամեծ երիտասարդական ցանցն է և ունի ավելի քան 18.000 կամավոր: Կամավորների գործունեության հիմնական նպատակն է իրականացվող ծրագրերի միջոցով զարգացնել Հայաստանի տարբեր ոլորտները ՝ կրթական, մշակութային, քաղաքական և այլն:

 

Սոնա Մարտիրոսյան

Դիտումների քանակը` 3305

Գլխավոր էջ