«Չի կարող անկախության սերունդը ստրուկի մտածողություն ունենալ…»
Ազատուհու հետ մենք ծանոթացանք ուղիղ երեք տարի առաջ՝ Հայաստանի անկախության քսանամյակին: Նա Հայաստան էր եկել Իրանի Իսլամական Հանրապետությունից ու իր ամենամեծ ձեռքբերումն էր համարում ՀՀ քաղաքացի դառնալը: Պատմում էր, որ ծնվել է 1991-ի մայիսին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, և դրա համար էլ ծնողներն իր անունը դրել են Ազատուհի, իսկ իր ծնվելուց մի քանի ամիս հետո` սեպտեմբերի 21-ին, Հայաստանն անկախացավ: Ազատուհու մասին պատմող հոդվածը, որը տպագրվեց «Կինը եւ քաղաքականությունը» թերթում, մենք այդպես էլ վերնագրեցինք՝ «Ես էլ, Հայաստանն էլ 20 տարեկան ենք»:
Այն ժամանակ նա սովորում էր Երևանի պետական համալսարանում եւ երիտասարդական խորհրդարանի անդամ էր: Ոգեւորված էր Մահաթմա Գանդիի խոսքերով. «Եթե ուզում ես տեսնել ինչ-որ փոփոխություն, ապա ի՛նքդ եղիր այդ փոփոխությունը»… Պարզվեց, այսօր էլ է առաջնորդվում այդ նույն սկզբունքով…
Նրան կարելի է ամենուր տեսնել, ակտիվ մասնակցում է քաղաքացիական ամենատարբեր նախաձեռնություններում ՝ Մաշտոցի պուրակ, Աֆրիկյանների տուն, «Չվճարենք 150 դրամ», սիրիահայերի խնդիրներ…
– Արդարության համար պայքարում ես պատրաստ եմ կանգնել ցանկացածի կողքին, ով կգիտակցի այդ պայքարի գերակայությունը, դրա արժեքը, անկախ իմ քաղաքական, կուսակցական կամ անձնական հարաբերությունների որակից: Կան իհարկե մարդիկ, ովքեր մեր կողքին չեն, ովքեր հիասթափված են և ասում են, որ անիմաստ է պայքարելը: Ես այդ մարդկանց էլ եմ հասկանում, բայց կցանկանայի, որ իրենք էլ գիտակցեն, որ պայքարը հարատև է, այն չի ավարտվում մի ակցիայով, միայն ամեն մեկս մեզ վրա պատասխանատվություն վերցնելով, քարը քարին դնելով՝ կկառուցենք մեր երկիրը»…
Այս տարի Ազատուհին ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության ամբիոնի մագիստրատուրան և այժմ աշխատում է ԱԺ-ում, ՀՅԴ խմբակցության պատգամավոր՝ Միքայել Մանուկյանի օգնականն է: Նա նաեւ ՀՀ ԱԺ-ին կից Երիտասարդական խորհրդարանում Դաշնակցություն խմբակցության ղեկավարն է, որտեղ փորձում է երիտասարդների խնդիրները բարձրաձայնել.
– Երիտասարդությունը Հայաստանում շատ շերտավորված է. սոցիալական շերտերն ու խավերը հենց երիտասարդների շրջանում են առավել ցայտուն երևում: Կա երիտասարդ, ով գումար չունի, որ մետրո նստի և կա մեկ այլ երիտասարդ , ով Պորշ է քշում: Ունենք տաղանդավոր երիտասարդ, ով չի կարողանում ուսման վարձը մուծել, թոշակի հույսին է, բայց կան մարդիկ, ովքեր իրենց տգետ խելքով, բայց պապայի գումարով Օքսֆորդներում են սովորում… Սոցիական խնդիրներից բացի կա կուսակցականացված երիտասարդություն ու կա անտարբերություն…
Ազատուհու խոսքով, երիտասարդության շրջանում բազում խնդիրներ կան, սակայն չկա մի օղակ, որտեղ երիտասարդները կկարողանան բարձրաձայնել իրենց խնդիրների մասին:
– Այսօր Հայաստանում չկա այն կառույցը կամ օղակը, որը կարող է երիտասարդի համար հարթակ հանդիսանալ՝ ինչ որ բան փոխելու համար: Բոլոր օղակներն էլ կիսատ – պռատ են: Բայց ինչքանով հնարավոր է մենք փորձում ենք ներկայություն ապահովել բոլոր հնարավոր հարթակներում:
Ազատուհին նաև «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի պատասխանատուներից է, որը զբաղվում է սիրիահայերի աջակցման խնդրով.
– Ինձ համար այս գործը կարևոր է նախ որպես սփյուռքահայ, հայրենադարձ ու նաև որպես երիտասարդ: Պետք է հասկանանք , որ այս մարդիկ պատերազմի արդյունքում են հայտնվել այստեղ՝ թողնելով իրենց գույքը, կյանքը, մանկությունը, հայրերի և մայրերի գերեզմանները և եկել են մի կողմից հայրենիք, բայց մյուս կողմից «օտար երկիր», որտեղ առաջին անգամ ես ոտք դնում ու պետք է ամեն ինչ սկսես զրոյից: Նրանք հաճախ չունեն գումար անգամ մի սենյականոց բնակարան վարձակալելու համար: Պետք է հասկանանք, որ այս մարդկանց մոտ հոգեբանական ճգնաժամ է և մենք բոլորս պետք է աջակցենք նրանց …
Պատմում է, որ իր ընդմիջումներն անցկացնում է սիրիահայերի ստեղծած փոքրիկ մի ճաշարանում:
– Ինձ դուր է գալիս նաև այն մշակույթը, որ նրանք բերեցին Հայաստան, ընտանեկան բիզնեսի ջերմ մթնոլորտը. հայրը պատրաստում է, մայրը նույնպես աշխատում է խոհանոցում, իսկ երեխաները սպասարկում են: Իսկ մեզ մոտ փոքրիկ կրպակ են բացում, կողքին էլ տարածք են հատկացնում, որ շեֆը նստի՝ իր քարտուղարուհու հետ, մինչդեռ նա ընդամենը մեկ աշխատող կարող է ունենա:
Այսօր Ազատուհին հազվադեպ է հիշում, որ արմատներով սփյուրքահայ է, ասում է , որ իրեն հայաստանցի է համարում:
– Իմ մանկության ամենավառ հուշերից է, թե ինչպես միասին որոշեցինք ու ընտանիքով՝ ես, մայրս, հայրս ու եղբայրս տեղափոխվեցինք հայրենիք: Հստակ գիտակցում էինք, որ որոշակի խնդիրներ են առաջանալու, այստեղ մենակ ենք լինելու, Հայաստանում ոչ մի բարեկամ չունեինք, բայց եկանք…Այսօր ես ինձ լիովին հայաստանցի եմ համարում, հպարտ եմ, որ Հայաստանի քաղաքացիություն ունեմ , իմ ընկերների մեծ մասը հայաստանցիներ են, իմ սիրած տղան հայաստանցի է…
Ակտիվորեն ներգրավված լինելով քաղաքական կյանքում, Ազատուհին քաղաքանությունում կանանց մասնակցության մասին հարցը անիմաստ է համարում.
– Այս հարցադրումը ինձ համար աբսուրդ է, նույնը ինչ հարցնեն ՝ տղամարդը քաղաքանությունում կարո՞ղ է լինել, ժպտում ենք չէ՞ նման հարցի վրա: Կարծում եմ կինը հավասար է տաղամարդուն հարցը վաղուց է լուծվել, անցյալ դարում: Առաջին կին դեսպանն ենք տվել աշխարհում… Իրականում ինձ համար կարևորը մարդը պրոֆեսիոնալ լինի, իր տեղում լինի՝ կլինի վարորդ, բանվոր թե պատգամավոր:
Այլ հարց է Ազատուհու համար ՝ տեսնում է արդյո՞ք ինքն իրեն քաղաքական որեւէ պաշտոնում , թե ոչ,
– Քաղաքականությունում ես չէ, որ պետք է ինձ տեսնեմ: Եթե այդպես լինի, պետք է լինի այն, ինչ այսօր ունենք՝ պետք է փողով ընտրվես, իսկ ես ոչ գումար ունեմ, ոչ էլ այդպես ընտրվողներից եմ, ես դրա դեմ պայքարողն եմ: Կարծում եմ քաղաքականությունում քեզ պետք է պատկերացնի քո շրջապատը,մարդիկ, կուսակցությունը ու եթե ոչ, ուրեմն ճիշտ է, որ այնտեղ չեմ, ես այդպես եմ մոտենում այդ հարցին: Թեպետ քաղաքականությունը նախ և առաջ ինձ համար մասնագիտություն է, որը ինձ համար հետաքրքիր է:
Ազատուհին խոսովանում է, որ տարիների ընթացքում «անկախություն » բառն իր համար նոր բովանդակություն ու իմաստ է սստացել:
– Եթե առաջ անկախության գաղափարը ինձ համար ավելի շատ զգացմունքային հարթությունում էր, այսօր այն զուտ առօրեական կյանք է, նաև ինքնագիտակցություն է: Գուցե անկախությունը ոչ մեկին այսօր սնունդ, աշխատանք և բնակարան չի ապահովում և երջանկություն էլ կարող է չապահովել, բայց այն հավաքական, ազգային երջանկություն ու արժանապատվություն է ապահովում: Անհատը, կարող է երկրի անկախությունից չերջանկանանա, բայց դրա բացակայությունից՝ կդժբախտանա: Մենք չենք կարող մեր անկախությունը հարցականի տակ դնել, քանի որ ձեռք ենք բերել այն արյան, կորուստների, պատերազմի, ոգու, պայքարի շնորհիվ: Եվ ընդհանրապես, չի կարող անկախության սերունդը ստրուկի մտածողություն ունենալ…
Զրուցեց Լիլիթ Քոչինյանը
Դիտումների քանակը` 3344