Մարտի 8-ը նշանավորվեց Ազգային ժողովի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ
Մարտի 8-ին ր ԱԺ Ոսկեզօծ դահլիճում Ազգային Ժողովի և կանանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ՝ ստեղծել համագործակցության հարթակ ՀՀ օրենսդիր իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև՝ կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրական հավասարությունն ապահովելու ուղղությամբ ջանքերը համատեղելու համար:
Ստորագրումը տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ «ՕքսԵՋեն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ընթացքում: Միջոցառմանը ներկա էին ԱԺ բոլոր խմբակցությունների կին պատգամավորները, միջազգային և տեղական հևասարակական կազմակերպությունների , ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոթթա Յոնսոն Ֆորնարվեն և Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը: Ելույթներով հանդես եկան ԱԺ պատգամավորները և կանանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները…
Բանախոսներն անդրադարձան քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցությանը, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովման անհրաժեշտությանը: Նրանք խոսեցին աշխատանքի շուկայում կանանց ու տղամարդկանց միջև առկա անհավասարությունից, ներկայացրել ոլորտում իրականացված հետազոտությունների արդյունքները և վիճակագրական տվյալները: Կարևորեցին հասարակության մտածելակերպի փոփոխությանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը, կարժրատիպերի հաղթահարման , կանանց ինքնագնահատականի բարձրացման խնդիրները: Կանանց ներգրավվածությունը տարբեր ոլորտներում դիտարկվեց ոչ միայն կանանց առաջընթացի տեսակետից, այլ նաև որպես պետության զարգացման գրավական: Խոսվեց քաղհասարակության ու պետական ինստիտուտների միջև համագործակցության կարևորության մասին, ինչը արդյունավետ պետական կառավարման նախապայման է հանդիսանում: Ելույթ ունեցողները ողջունեցին եւ կարևորեցին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
«Կանանց դերը քաղաքականության մեջ. շվեդական փորձի ներկայացում» թեմայի շրջանակում Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ներկայացրեց իր երկրում տարբեր ոլորտներում գենդերային հավասարության խթանման ուղիները: Նա տեղեկացրեց, որ Շվեդիայի խորհրդարանում կանանց թիվն ավելացել է՝ հասնելով 46 տոկոսի:
Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը եւ ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրը: Իրենց ստորագրությունները դրեցին նաև նախաձեռնությանը միացած 22 հասարակական կազմակերպությունների և կոալիցիաների ներկայացուցիչները, որոնք զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանությամբ:
Հուշագրի տեքստն ու ստորագրյալների ցուցակն այստեղ:
Միջոցառումն իրականացվել է «Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունն ազգային մակարդակում» ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրն իրականացնում է ՕքսԵՋեն հիմնադրամը՝ «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
Միջոցառման ուղիղ հեռարձակումը ՝ Factor.am
Դիտումների քանակը` 1679