Ինչպե՞ս է արգելակվում կանանց մուտքն աշխատաշուկա
Երիտասարդ կանայք աշխատանքի շուկա մոտք գործելուց ավելի անբարենպաստ վիճակում են գտնվում, քան տղամարդիկ՝ նրանք ավելի երկար ժամանակ են ծախսում աշխատանք գտնելու վրա, ավելի հաճախ ենթարկվում խտրականության և ավելի քիչ վարձատրվում…
Չնայած իրենց ավելի բարձր կրթական մակարդակին, երիտասարդ կանայք ավելի ցածր մասնակցություն ունեն (36.8 % ) աշխատանքի շուկայում քան տղամարդիկ (53 % ) և զգալիորեն ավելի բարձր գործազրկության մակարդակ (համապատասխանաբար 36,6 %՝ 24.2 %-ի համեմատ)։ Բացի այդ երիտասարդ տղամարդ աշխատողները միջին հաշվով, 1.5 անգամ ավելի բարձր ամսական աշխատավարձ են ստանում, քան երիտասարդ կին աշխատողները։ Աշխատանքի շուկայում կանանց նկատմամբ խտրականության այս և այլ դրսևորումների մասին են փաստում Նիկոլաս Սերիերի «Հայաստանում երիտասարդ կանանց և տղամարդկանց անցումն աշխատաշուկա» (2014թ.) հետազոտության տվյալները, ինչպես նաև WomenNet.am-ի կողմից հավաքագրված պատմությունները…
Շահագործում փորձաշրջանի պատրվակով
Մինչ մագիստրատուրան ավարտելը 24-ամյա Աննան արդեն աշխատանք էր փնտրում, որպեսզի ավարտելուն պես անցնի աշխատանքի: Լեզվի մասնագետները կփաստեն՝ որքան էլ լավ օտար լեզու սովորես, այն պրակտիկա է պահանջում, այլապես կմոռացվի: Սակայն պարզվեց, որ օտար լեզվի մասնագետները այդքան էլ մեծ պահանջարկ աշխատաշուկայում չունեն, իսկ քիչ թե շատ լուրջ ընկերություններն ու հեղինակավոր կազմակերպությունները առանց աշխատանքային փորձի դիմումներն անգամ չեն էլ քննարկում: Աշնան վերջին Աննան ընդունվեց աշխատանքի մի ընկերություն, որը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով, որն ուներ բավականին լուրջ մարկետինգային և արտաքին կապերի բաժին: Ճիշտ է, Աննային միանգամից աշխատանքի չվերցրեցին, այլ մեկ կամ երկու ամիս տևող փորձաշրջան նշանակեցին, որից հետո էլ խոստացան լիարժեք աշխատանքի վերցնել: Սակայն 1.5 ամիս անց Աննային տեղեկացրեցին, որ կարող է այլևս չգալ պրակտիկայի, քանի որ ինչ-ինչ պատճառներով նա իրենց չի համապատասխանում.
«Իրականում ես ոչ թե պրակտիկա էի անցնում, այլ լիարժեք աշխատում՝ կատարելով բոլոր այն պարտականությունները, որ այդ հաստիքում պետք է կատարեր աշխատակիցը: Ես վարում էի նամակագրություն անգլերենով և ռուսերենով, պատասխանում էի հեռախոսազանգերի, կազմում փաստաթղթերի տրցակ, շատ անգամներ մնացել եմ նաև արտաժամյա, քանի որ արտասահմանցի գործընկերների հետ աշխատաժամերի տարբերությունը դա էր պարտադրում: Իսկ հետո ինձ ասացին, որ ես չեմ համապատասխանում ու, բնականաբար, աշխատածս 1,5 ամսվա համար էլ չվարձատրեցին»,- նշեց Աննան:
Խնդիրը, սակայն, նրանում չէր, որ իրեն չեն վերցրել, այլ նրանում, որ այդ գործելաոճը սովորական էր դարձել այդ ընկերությունում, ինչն էլ պարզեց Աննան լրիվ պատահական, երբ նրան facebook-յան ցանցում գրեց մի աղջիկ, որն այդ ընկերությունում աշխատել էր մինչ իր գործի անցնելը: Ընկերությունը նույն սկզբունքով աշխատացրել է նաև նրան ու, կարելի է ենթադրել, շարունակում է նույն գործելաոճը՝ առանց հաստիքի, փորձաշրջանի անվան տակ մեկ-երկու ամիս աշխատացնելով մեկին, իսկ հետո մյուսին: Տարվա կտրվածքով ընկերությունն, այդպիսով, կլորիկ գումար է խնայում և որևէ կերպ չի տուժում, քանզի անհրաժեշտ գործառույթներն իրականացվում են: Ի դեպ, այս գործելակերպը անխափան աշխատում է երիտասարդ կանանց դեպքում, շահագործել տղամարդկանց նշված եղանակով գործատուները զգուշանում են…
Միշտ չէ, որ գործատուն է մեղավոր
Միշտ չէ, որ աշխատավայրում խնդիրները ի հայտ են գալիս գործատուի պատճառով: Մեր իրականության մեջ քիչ չեն դեպքերը, երբ երիտասարդ աղջիկը հրաժարվում է աշխատանքից ծնողների պատճառով: 25-ամյա Ալինան մագիստրատուրայում սովորելուն զուգահեռ աշխատում էր մասնավոր մի ընկերությունում, որը բազմապրոֆիլ գործունեություն է իրականացնում՝ ֆիլմերի և փոքրիկ տեսահոլովակների նկարահանում և մոնտաժում, տարբեր առիթների համար տեքստերի պատրաստում և այլն: Ալինան երկրորդ հերթափոխով մոնտաժող էր, աշխատանքային ժամը 16.00-ից մինչ 21.00-ն էր, բայց շատ հաճախ՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, աշխատանքային օրը երկարում էր: Ի տարբերություն Ալինայի, ով իր աշխատանքը սիրում էր ու ամենևին չէր նեղսրտում, որ արտաժամյա է աշխատում, վերջինիս ծնողների սրտով չէր այդ աշխատանքը, քանի որ իրենց ընտանիքում «աղջիկը ժամը տասից ուշ տուն մտնելու իրավունք չունի»: Գործատուն երբեմն նրան տաքսիով էր տուն ճանապարհում, որպեսզի նշված ժամից ուշ աղջիկը տանը չլինի: Առաջին երեք ամիսները մի կերպ այդ ճնշումների տակ աշխատած Ալինան, ի վերջո որոշում կայացրեց աշխատանքից դուրս գալ, դրանով իսկ ազատելով իրեն ամենօրյա խոսակցություններից և արդարացումներից, իսկ գործատուին ավելորդ լարվածությունից: Ալինայի խոսքով, ինքը լսել էր, որ ընկերուհիների ընտրյալները կամ ամուսինները նման պահանջներ են դնում, անտեղի խանդում ու արգելում զբաղվել սիրած աշխատանքով, բայց այն փաստը, որ նա ստիպված էր հրաժարվել աշխատանքից ծողների պահանջով հոգեբանորեն շատ ծանր էր ընդունել:
«Կնգա գործ չի»…
Երիտասարդ կանանց մոտքը հաճախ արգելակվում է ոչ միայն անբարեխիղճ գործատուների կամ ծնող-ամուսինների արգելքների, այլ նաև հասարակական կարծիքի պատճառով: Հասարակությունը պիտակավորում է այս կամ այն զբաղվածության ոլորտները «կնգա գործ չի» կամ «էդ էր մնում կնիկս/քուրս/մայրս դրանով զբաղվեն» որակավորումների միջոցով:
Վերջին շրջանում երևանյան փողոցներում կին վարորդները արդեն սովորական երևույթ են և տղամարդիկ հիմա, կարծես, քիչ են զարմանում կանանց ղեկին տեսնելով: Սակայն դա միայն այն դեպքում, երբ խոսքը սեփական աավտոմեքենայով երթևեկող կնոջն է վերաբերում, իսկ եթե կինը ղեկին է որպես աշխատակից, ապա այստեղ է, որ հասարակությունը չի կարողանում թաքցնել իր «մեղմ ասած» զարմանքը: Ու թեպետ կան որոշ օնլայն տաքսի ծառայություններ, որտեղ կանայք իրենց սեփական ավտոմեքենաներով են աշխատում՝ համատեղությամբ կամ ամբողջ օրվա կտրվածքով, հիմնականում այն ընկերությունները, որոնք վարորդ-աշխատակից են փնտրում կին դիմումատուներին չեն ընդունում: 32-ամյա Լիանան պատմում է, որ երբ կարդաց հայտարարություն այն մասին, որ տուրիստական գործակալություններից մեկին հարկավոր են վարորդներ իրենց սեփական ավտոմեքենաներով՝ տուրիստներին Հայաստանով մեկ տեղափոխելու համար, անմիջապես զանգահարեց ընկերություն… Ու թեպետ մյուս կողմում խիստ զարմացան, որ նման աշխատանքով կին է հետաքրքրվում, բայց հարցազրույցի հրավիրեցին: Լիանայի խոսքով, այդ ժամանակ իր կյանքում բավականին բարդ շրջան էր՝ աշխատանքից դուրս էր եկել, նոր, ավելի հարմար բան չէր գտնում, իսկ եղբայրն ուներ 7-տեղանոց ավտոմեքենա, որը կարելի էր պատվեր լինելու դեպքում օգտագործել: Բայց ընկերությունում իր էնտուզիազմը չկիսեցին ու թեև նա առնվազն 10 տարվա վարորդական ստաժի մասին վկայող փաստաթղթեր ցույց տվեց , իրեն բացատրեցին, որ կին վարորդների հետ չեն աշխատել ու առաջիկայում էլ չեն պատրաստվում, քանի որ «դժվար թե մեր տուրիստները կին վարորդի վստահեն իրենց կյանքն ու անվտանգությունը»: Լիանան չի վիճել ու չի հակադարձել, որ, օրինակ, տուրիստների մեծ մասը այնպիսի երկրներից են ժամանում Հայաստան, որտեղ գենդերային անհավասարությունը վաղուց հաղթահարված է… Նաև չի հիշեցրել, որ դեռ խորհրդային Հայաստանում հասարակական տրանսպորտը վստահվում էր կին վարորդների և այն ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցնում վախենալ սեփական կյանքի կամ անվտանգության համար: Ստիպված է համակերպվել է այն մտքի հետ, որ որքան էլ լավ վարորդ լինես, իր այդ հմտությունը մեր հասարակությունում հնարավորություն չի տա իրեն գումար վաստակել, առավել ևս մշտական զբաղվածություն դարձնել այն:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 2663