Հեղինե Բիշարյան. « Ես այն պատգամավորն եմ եղել, ով ժողովրդի տված քվեով գնացել և ծառայել է  ժողովրդին»

 

WomenNet.am-ի  զրուցակիցն է  «Օրինաց Երկիր» կուսակցության փոխնախագահ, ՀՀ ազգային ժողովի մի քանի նախկին գումարումների պատգամավոր  Հեղինե Բրշարյանը: Նա զբաղեցնում է կուսակցության համապետական ցուցակի 3-րդ հորիզոնականը , իսկ ռեյտինգային համակարգով ,  ինչպես և նախորդ ընտրություններում առաջադրվել է, իր խոսքով  սիրելի,  Շենգավիթ- Մալաթիա-Սեբաստայա վարչական շրջանում՝ թիվ 3 ընտրատարածքում:

 

Դուք առաջին անգամ չէ, որ մասնակցում եք Ազգային Ժողովի ընտրություններին,  ի՞նչ տարբերություններ եք տեսնում այս անգամ:

 

-Նախկինում մեծամասնական ընտրակարգ էր, որով էլ  երկու անգամ առաջադրվել եմ, Շենգավիթ համայնքում և ես պետք է շնորհակալություն հայտնեմ Շենգավիթ համայնքի իմ ընտրողներին,որոնք ինձ ամեն անգամ, մոտավորապես 18 հազար ձայն են տվել ինձ: Բնականաբար ընտրակեղծիքների արդյունքում անցել է մեկ ուրիշ անձ: Ինչ վերաբերում է 2017 թ-ից  գործող ռեյտինգային համակարգին, ապա այդ ժամանակ նույնպես խայտառակ քանակի փող էր բաժանվում, և դուք լավ գիտեք, ովքեր են ռեյտինգայինով հաղթողները, այդ ժամանակ անհնար էր նույնիսկ մի ձայն հավաքելը: Սակայն  ամեն դեպքում ես  2000 ձայն  հավաքել եմ այս տարածքում: Հիմա ես կարծում եմ լրջագույն տարբերություն կա նախորդ և այս ընտրությունների միջև, քանի որ գոյություն չունի ընտրակաշառք և արդյունքները  կեղծելու հնարավորություն չկա, չեմ կարող դա չարձանագրել:

 

Ինչպիսի՞ն են ձեր սպասելիքները գալիք ընտրություններից:

 

-Եղել է հեղափոխություն, որի արդյունքում դեռ էյֆորիա կա և հասկանալի է, որ մարդիկ ուզում են իրենց ձայնը տան այն քաղաքական գործչին, ով կատարել է այդ հեղափոխությունը: Էյֆորիայի պայմաններուոմ  հասարակության մեջ դեռևս քաղաքականացված իրավիճակ չէ, որ ընտրողներն  ավելի սթափ և ավելի հանգիստ մտածեն՝ այլընտրանք տեսնելուհամար: Չմոռանանք, որ Սահմանադրության պահանջով առնվազն 3 քաղաքական ուժեր պետք է ներկայացված լինեն խորհրդարանում,  և քանի որ երկիրը խորհրդարանական է` կարևոր է , որ Ազգային ժողով անցնեն  գրագետ  մարդիկ,  ովքեր կկարողանան  բարձր պահեն մեր խորհրդարանի պատիվը` ոչ միայն երկրում, այլ երկրից դուրս: Կարծում եմ, այսպիսի մտայնությամբ պետք է գնալ ընտրության, բայց ինձ համար դեռևս մտահոգիչ է, արդյո՞ք կաշխատի նման խոհեմությունը: Արդյոք կշեռքի նժարին դրվելու են կուսակցություններ, որոնք իրենց  անցած ճանապարհով են  ապացուցել ժողովրդին ծառայելու  իրենց պատրաստակամությունը, կուսակցություններ,  որոնք ապագայում նույնպես կարող են ժողովրդի համար ծառայել այնպես, ինչպես ծառայել են նախկինում:

 

-Առանձնացրեք, խնդրում եմ,  երեք խնդիր, որոնք ըստ ձեզ առաջնահերթ լուծում են պահանջում:

 

-Ես կառանձնացնեմ չորսը` առաջին հերթին մարդկանց աշխատատեղերի խնդիրը, որի պատճառով արտագաղթ կա երկրում, բայց այնպիսի աշխատատեղեր, որոնք արժանապատիվ աշխատավարձերով կլինեն, քանի որ  մեր երկրում կան մոտ 300 հազար քաղաքացիներ, որոնք աշխատում են և աղքատ են, այսինքն  նրանց աշխատավարձը  չի բավարարում իրենց գոյությունը պահպանելու համար և այդ իմաստով նրանց էլ  կարելի է  համարել գործազուրկներ:  Երկրորդը տնտեսության զարգացումը, որը խիստ անհրաժեշտ է, տնտեսության հավասարաչափ զարգացում, իսկ դա նշանակում է տնտեսության զարգացում բոլոր ուղղություններով` Ապարանում, Գորիսում, Սիսիանում, Ալավերդիում Հայասատանի ողջ մարզերում և համայնքներում, որովհետև արտագաղթից բոլոր գյուղերը դատարկվել են, այսօր գյուղական դպրոցներում աշակերտներ չկան: Երրորդ կարևորագույն խնդիրն մեր արտաքին քաղաքականության խնդիրն է, որը խիստ կարևոր է մեր երկրի համար, որտեղ  4 հարևան երկրներից 2-ի հետ  գրեթե չկան հարաբերություններ: Եվ վերջապես, անվտանգության խնդիրն է: Մենք ունենք Արցախի խնդիրը, լրջագույն առկախված խնդիր է: Անվտանգության մեջ նաև կներառեի բանակի վերազինման, սահմանների պահպանման խնդիրները:  

 

-Ի՞նչ նոր գաղափարներով եք հանդես գալիս այս ընտրություններին

 

-Քանի որ իշխանափոխություն է եղել երկրում, իսկ  նոր իշխանությունը պատրաստակամ են աշխատելու երկիրը փոխելու ուղղությամբ, մեր նման քաղաքական ուժերի համար հեշտանում է մեր գաղափարների, նպատակների և ծրագրերի ներկայացումը, որոնք մինչ այժմ չենք կարողացել ամբողջությամբ իրականացնել: Այսօր կարծում եմ, որ «Օրինաց Երկրի» համար մեծ հնարավորություն է բացվում ու մենք պարտավոր ենք մեր ներուժը ներդնելու մեր երկրում ինչ որ բան փոխելու համար:

 

Ինչու՞ պետք է ընտրողը հատկապես ձեզ  ընտրի

 

-Կարծում եմ, ովքեր  ուսումնասիրել են իմ անցած ճանապարհը,  գիտեն, որ ես  այնպիսի պատգամավոր եմ եղել, որը երբևէ որևէ պաշտոնյանից  ոչինչ չի խնդրել, երբեք ապօրինի չի հարստացել, ոչինչ չի ձեռք բերել…  Ասում եմ դա պարզ ճակատով, բարձրաձայն, քանի որ  բացի իմ առաքելությունը կատարելուց ուրիշ ոչինչով չեմ զբաղվել, ժողովրդի տված քվեով գնացել եմ և ծառայել եմ ժողովրդին:Ես կարծում եմ, որ այն ինչի համար հիմա հեղափոխություն է եղել  և պայքարել են, ես արդեն իրականցրել եմ իմ անցած ճանապարհով, և դրա համար առաջարկում եմ նորից ծառայել իմ ժողովրդին, եթե ժողովուրդը կվստահի ինձ…

 

Ո՞րն է  հաջողության ձեր բանաձևը:

 

Հաջողությունը աշխատանքի մեջ է, ազնվության և նվիրվածության մեջ է:

                                                                                             Կ. Պետրոսյան

Դիտումների քանակը` 1515

Գլխավոր էջ