Բոլիվուդյան աստղը «ՄԱԿ-Կանայք»-ի առաջին տղամարդ դեսպանն է

Դերասան, ռեժիսոր, հեռուստահաղորդավար, սցենարիստ եւ պրոդյուսեր Ֆարհան Ախթարը առաջին տղամարդն է, ով ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց բարի կամքի դեսպան: Ֆարհանի ընտրությունը պատահական չէ. նախ նրա հայրենիքում՝ Հնդկաստանում բազմաթիվ են կանանց իրավունքների խախտման դեպքերը, բացի այդ դեռ երկու տարի առաջ բոլիվուդյան աստղը նախաձեռնել էր իր անձնական սոցիալական արշավը, որը կոչվում էր «Տղամարդիկ ընդդեմ բռնաբարության եւ խտրականության» (“Men Against Rape and Discrimination):

 

Ներկայումս նա ստանձնել է կանանց իրավունքների համար տարվող արշավը միջազգայնորեն իրագործելու պատասխանատվությունը:  «The New York Times»-ը ներկայացնում է Ֆարհան Ախթարի տված հարցազրույցից մի քանի դրվագներ:

 

–          Ի՞նչը դրդեց Ձեզ ներգրավվել ծրագրերում,որոնք նպաստում են կանանց հզորացմանը:

 

–          Ես մեծացել եմ հիմնականում կանանց միջավայրում, մայրս եւ քույրս մեծ ազդեցություն են ունեցել հակառակ սեռի նկատմամբ իմ աշխարհայացքի ձեւավորման հարցում: Իմ մայրը տիպիկ ավանդական տնային տնտեսուհի էր, եւ ես տեսել եմ, թե ինչպիսի ջանքեր պահանջվեցին նրանից վերալիցքավորելու համար իր կյանքը հորիցս ամուսնալուծվելուց հետո… Ամեն օր ես նոր բան եմ սովորում, քանի որ իմ կինը եւ երկու դուստրերս ինձ դարձնում են ավելի գիտակից, եւ ես հասկանում եմ հավասար իրավունքների կարեւորությունն առհասարակ: Այնպես որ, երբ Հնդկաստանի մամուլում լուրեր շրջանառվեցին հանրային տրասնպորտում բռնաբարության դեպքերի մասին, ինձ համար շատ բնական էր ոտքի կանգնել, օգտագործել իմ ձայնը, որպեսզի իրազեկեմ մարդկանց, թե որքան մտահոգիչ է սա:

 

–          Ինչպե՞ս եք Դուք պատրաստվում գենդերային բռնության դեմ պայքարում ներգրավվել ավելի շատ տղամարդկանց:

 

–          Առաջին հերթին բոլորս պետք է գիտակցենք, թե որքան ամոթալի եւ ստորացուցիչ է ցանկացած կնոջ նկատմամբ բռնության ակտը: Պետք է հասկանալ այս խնդրի դեմ պայքարելու կարեւորությունը: Խնդրի ընկալումը կարող է փոխել մարդկանց մենթալիտետը: Բոլորին հայտնի է, որ փոփ աստղերին մարդիկ շատ են սիրում, նրանց վերաբերում են ինչպես հերոսների: Այնպես որ ես օգտագործելու եմ մարդկանց սերը իմ նկատմամբ՝ բարձրաձայնելու համար գենդերային հավասարության խնդիրը առաջին հերթին իմ երկրում:

 

Երբ ես կարողանամ գոնե փոքր փոփոխություն անել նախ իմ հայրենիքում, դրանից հետո միայն ես կարող եմ ծառայել ՄԱԿ-ի կանանց առաքելությանը՝ ներգրավելով մարդկանց ամբողջ աշխարհից: Ես պատրաստվում եմ արական սեռի ուսանողների ներգրավել այս շարժման մեջ: Ես ուզում եմ համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ, միասին կստեղծենք նախագծեր՝ օգտագործելով կարճ ֆիլմեր եւ երաժշտություն, որոնք կատալիզատորներ կլինեն մարդկանց մենթալիտետը փոխելու համար:

 

 

Պատրաստեց Արման Ղարիբյանը

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանանց նկատմամբ բռնությունը թանկ է նստում աշխարհի վրա

 

Տղամարդիկ պետք է ավելի մեծ դերակատարում ունենան ընտանեկան բռնության դեմ ուղղված պայքարում

 

Պանդեմիայի հասնող կանանց նկատմամբ բռնությունը/ ինֆոգրաֆիկա եւ ֆիլմ

 

 

Դիտումների քանակը` 3877

Գլխավոր էջ