«Տեսեք՝ ինչ լավ է հնչում, հայ-րութ-յան ար-ձա-կո՜ւրդ»

 

Իլոնան և Վարդանը երեք երեխա ունեն։ Մեծն ավարտեց առաջին դասարանը, միջնեկը դեռ մանկապարտեզ չի հաճախում, փոքրը դարձավ մեկ տարեկան։ Ամուսինները փորձում են հավասարաչափ կիսել երեխաների խնամքի հետ կապված հոգսերը.

 

«Ես միայնակ չէի կարողանա իրականացնել երեխաներիս խնամքն այս ծավալով ու այս սիրով, եթե չլիներ ամուսնուս աջակցությունը։ Առավոտյան մեծին տանում է դպրոց։ Մինչ ես նախաճաշն եմ պատրաստում, նա օգնում է երեխային հագնվել, սանրվել, կոշիկները հագնել։ Ճիշտ է, երբեմն որդիս ուշանում է դպրոցից, բայց բազմազավակ ընտանիքների երեխաներին ներելի է»,- ժպտում է Իլոնան։

 

Կինը գոհ է՝ ամուսինը շատ հաճախ լողացնում է փոքրիկներին, քնելիս էլ հեքիաթ պատմում, երբեմն էլ հասցնում է պարապմունքների տանել։

 

Վարդանն անհատ ձեռնարկատեր է։ Հաճախ լինում են դեպքեր, երբ հայրն է իր փոխարեն խանութը բացում, վաճառք իրականացնում․

 

«Մինչ երեխաների ծնվելը, ես բանկում էի աշխատում։ Հիմա մտածում եմ՝ մեծ ցանկության դեպքում անգամ իմ գործընկեր տղամարդիկ չէին կարողանա այսքան ժամանակ հատկացնել իրենց ընտանիքներին»,- ասում է Իլոնան ու խոստովանում, նաև ամուսնու շնորհիվ է, որ վայելում բազմազավակ մայր լինելու բերկրանքը, տնային ու երեխաների խնամքի գործերում չի խճճվում, նրանց հաճախ զբոսանքի է տանում, լուսանկարում ու կարճ հոլավակներ պատրաստում…

 

Ինֆորգրաֆիկայի աղբյուրը՝ Կետ 33

 

2020 թվականի հունիսին ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարվեց, որով սահմանվեց հայրական վճարովի արձակուրդի հնարավորությունը: Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»։

 

Հիշցնենք, որ մինչ այդ ՀՀ աշխատանքային օրենսգրքում հայրերը հնարավորություն ունեին օգտվել միայն անվճար արձակուրդից, որը, ըստ 176 հոդվածի, տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև՝ մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը: Փորձագետների գնահատմամբ,  այս դրույթն   ուժի մեջ մտնելու պահից կիրառվել է միայն մի քանի անգամ: Տղամարդիկ  չեն օգտվում օրենքով սահմանված հնարավորությունից՝ նախ, որովհետև արձակուրդն իրենց հաշվին է, երկրորդը՝   վախենում են  կորցնել աշխատանքը կամ ծաղրի ենթարկվել շրջապատի կողմից:   

 

Գարեգինը, որ աշխատում է տեխնիկայի երևանյան խանութներից մեկում, չի պատրաստվում օգտվել այս հնարավորությունից։ Նրանք երրորդ բալիկին են սպասում։ Կինը, որ ռուսաց լեզու էր դասավանդում մայրաքաղաքի դպրոցներից մեկում, երեխաների՝ հաճախ հիվանդանալու պատճառով թողել է սիրած աշխատանքը։ Հիմա տանն է պարապում ցանկացողների հետ։

 

«Ավելի լավ է ես ուրիշ տեղ էլ աշխատեմ, այդ գումարը տանք, դայակ վարձենք, քան ես խնամեմ։ Իմ նյարդերը չեն դիմանում, լացում են, գոռում են։ Մի քանի անգամ եղել է՝ գիշերը փոքրի լացի պատճառով սենյակից փախել եմ, հյուրասենյակում բազմոցին քնել»,- ասում է Գարեգինը։

 

Համաշխարհային բանկը «Կանայք, բիզնես և օրենսդրություն» 2022 թ. տարեկան զեկույցում ողջունել էր 23 երկրում, այդ թվում՝ Հայաստանում կատարված վճարվող հայրության արձակուրդի ներդրման ուղղությամբ օրենսդրական բարեփոխումները։ Ընդ որում այս զեկույցի վարկանիշային ցուցակում Հայաստանը բարելավել է իր դիրքերը նախորդ տարիների համեմատ այդ օրենսդրական փոփոխությունները կատարելու շնորհիվ:

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից WomenNet.am-ին հայտնեցին, որ չունեն վիճակագրություն, թե քանի հայր է օգտվել օրենքով իրեն ընձեռված հայրության արձակուրդի հնարավորությունից։

 

«Իմ տղաներն արդեն մեծ են՝ 10, 8 տարեկան։ Եթե այն ժամանակ նման հնարավորություն լիներ, ես անպայման կմնայի տանը։ Ծննդաբերությունից հետո կինս թույլ էր, երեխայից բացի նրան էր խնամք պետք։ Սա շատ լավ հնարավորություն է։ Հաջորդ երեխայի ծնվելուց անպայման օգտվելու եմ հայրության արձակուրդից։ Տեսեք՝ ինչ լավ է հնչում, հայ-րութ-յան ար-ձա-կո՜ւրդ»,- ասում է Արմենը։

 

 

Ի՞նչ են փաստում հետազոտությունները

 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից 2015-2016-ին անցկացված «Տղամարդիկ և գենդերային հավասարությունը Հայաստանում» զեկույցի համաձայն, Հայաստանում հարցված տղամարդկանց մոտ 12 %-ը և կանանց 10 %-ը նշել են, որ նրանք երեխայի խնամքը միասին են կազմակերպում, հարցված կանանց 57 %-ը և տղամարդկանց 2 %-ը նշել են, որ նրանք դա միայնակ են անում:

 

Տղամարդկանց 6 %-ն ասել է՝ երեխայի տակդիրներն ու շորերը հերթով են փոխում, կանանց 4 %-ն է նման բան ասել։ Տղամարդկանց 0.6 %-ն է ասել, որ դա անում է միայնակ, կանանց՝ 45 %-ը։

 

Տղամարդկանց 7 %-ն ասել է,որ երեխային միասին են լողացնում, կանանց 4 %-ն է նման բան ասել։ Հարցված տղամարդկանց 1 %-ը և կանանց 51 %-ը նշել են, որ նրանք դա, հիմնականում, մենակ են անում:

 

ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի և ՄԱԿ-Կանայք Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից նույն մեթոդաբանությամբ անցկացված 2022 թվականի հետազոտությունը հնարավորություն է տալիս տեսնել այդ խնդիրը  ուրիշ երկրների հետ համեմատության մեջ:   Այպես,   «Կարծրատիպերի ելակետային ուսումնասիրություն Արևելյան գործընկերության երկրներում» հետազոտության արդյունքները փաստում են, որ տնային տնտեսությունների դինամիկայում շարունակում է գերակշռել այն ընկալումը, որ կանայք հիմնականում պետք է լինեն տնային տնտեսուհի և մայր:

 

 

Բոլոր հետազոտված երկրներում կանանց մեծամասնությունը նշում է, որ առաջին հերթին իրենք են պատասխանատու կենցաղային չվճարվող աշխատանքի կատարման համար։ Մոլդովայում այդ համոզմունքն են հայտնել յուրաքանչյուր տասը կնոջից վեցը (60 %), Ուկրաինայում կանանց երեք քառորդը (71 %) և Բելառուսում (79 %), Հայաստանում յուրաքանչյուր տասը կնոջից ինը (89 %) և Ադրբեջանում (92 %)։

 

 

Տղամարդկանց հայացքները ավելի շատ են տարբերվում ըստ երկրների: Օրինակ,  Մոլդովայում (42 %), Ուկրաինայում (44 %), Բելառուսում (46 %) տղամարդկանց զգալի մասը կարծում է, որ այդ բեռը պետք է կիսել հավասարապես։ Իսկ  Ադրբեջանում (57 %) և Հայաստանում (77 %) տղամարդկանց մեծ մասը ընդգծում է, որ տնային հոգսերը հիմնականում կանայք են հոգում:  

 

 

Հատկանաշական է, որ խնամքի չվճարվող  աշխատանքի վերաբերյալ տղամարդիկ ավելի են հակված արձանագրել, որ իրենք որոշակի առաջընթաց են տեսնում խնամքի և տնային չվճարվող աշխատանքի ավելի արդար բաժանման ուղղությամբ, քան կանայք։ Հայաստանում (41 %), Մոլդովայում (46 %), Բելառուսում (49 %) և Ուկրաինայում (56 %) տղամարդկանց զգալի մասը նշում է, որ նրանք նույնքան պատասխանատու են, որքան կանայք՝ երեխաների և/կամ տարեցների խնամքի հարցում։

 

 

Այս արդյունքները համապատասխանում են վերևում ներկայացված խնամքի և տնային չվճարվող աշխատանքի բաշխման վերաբերյալ կանանց պատկերացումներին. կանայք մեծ մասամբ կատարում են տնային և խնամքի չվճարվող աշխատանքները ինքնուրույն, մինչդեռ նրանց զուգընկերները կամ երրորդ անձիք ավելի շատ զբաղվում են երեխաների խնամքով:  

 

 

Ըստ հետազոտողների, կանանց և տղամարդկանց ակտիվ ներգրավվածությունը երեխայի խնամքում ինքնության կարևոր մաս է: Այնուամենայնիվ, նրանք երկուսն էլ հակված են կարևորելու իրենց դերը երեխաների դաստիարակությանը, կրթությանը և ժամանցին աջակցելու հարցում, այլ ոչ թե իրենց մասնակցությունը կենցաղային առօրյա գործերին, ինչպիսիք են ճաշ պատրաստելը, մաքրություն անելը, երեխայի տակդիրները և հագուստը փոխելը, նրանց կերակրելը։

 

 

 

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ աջակցող համակարգերն ու քաղաքականությունները, որոնք օգնում են կոտրել գենդերային կարծրատիպերը խնամակալության դերերի շուրջ և աջակցում են կանանց աշխատելուն և հայրերի ներգրավվածությանը տնային գործերում, սահմանափակ են: Արևելյան գործընկերության երկրներում մայրության արձակուրդը, ծնողական ճկուն արձակուրդը և ընդհանուր արձակուրդի պայմանավորվածությունները մնում են անհասանելի կամ անբավարար:

 

 

 

 «2020 թ․–ի հոկտեմբերի դրությամբ Հայաստանում և Մոլդովայում ուժի մեջ են մտել հայրության արձակուրդի մասին օրենքի փոփոխությունները, որոնք հայրերին տալիս են համապատասխանաբար 5 և 14 օր արձակուրդ, մինչդեռ Ադրբեջանում, Բելառուսում և Մոլդովայում ծնողական արձակուրդի տևողությունը ընդհանուր ժամկետով մոտ 3 տարի է»,- ասված է հետազոտության մեջ։

 

 

Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի ապրիլի դրությամբ Ուկրաինան հայրերին տալիս է վճարովի հայրության արձակուրդ մինչև 14 օրացուցային օր երեխայի կյանքի առաջին երեք ամիսների ընթացքում։ Ավելին, այն տղամարդիկ, ովքեր ունեն մինչև 14 տարեկան կամ հաշմանդամություն ունեցող երեխաներ, ինչպես նաև միայնակ ծնողներ են, ունեն կրճատված աշխատաժամանակի իրավունք։

 

 

Դրա հետ մեկտեղ, ըստ հետաոտողների,  ուժեղ են «լավ մայր» լինելու կարծրատիպերը, որոնք ստիպում են կանանց մնալ տանը՝ երեխաների նախադպրոցական տարիներին՝ սահմանափակելով նրանց մասնակցությունը աշխատաշուկայում: Բոլոր հետազոտված երկրներում տղամարդկանց մեծամասնությունը համաձայն է, որ նախադպրոցական տարիքի երեխաների համար ավելի լավ է չաշխատող մայր ունենալ։ Հատկանշական է, որ այդ կարծրատիպն առավել տարածված է Հայաստանում։ Այստեղ տղամարդկանց 75 %-ն այդ կարծիքն ունի, Ուկրաինայում՝ 65 %-ը, Մոլդովայում՝ 60 %-ը, Բելառուսում՝ 58 %-ը, Ադրբեջանում՝ 52 %-ը։ Հայաստանում այս կարծիքի հետ համամիտ են նաև շատ կանայք. Նրանց շրջանում բարձր ցուցանիշ նկատվում է միայն Հայաստանում (66 %) և Ուկրաինայում (55 %)։ Մյուս երկրներում այս տեսակետի հետ համաձայն է յուրաքանչյուր տասից չորսը (Մոլդովա՝ 47 %, Բելառուս՝ 46 %, Ադրբեջան՝ 41 %): Բոլոր դեպքերում նման դիրքորոշումն  ինքնին սահմանափակում է նաև երեխայի խնամքի հարցերում հայրերի մասնակցության հավանականությունը:

 

 

Վերաբերմունքը գենդերային հավասարությանը

 

Ընդհանուր առմամբ, Արևելյան գործընկերության երկրներում կանայք և տղամարդիկ կարծում են, որ գենդերային հավասարության հասնելու ուղղությամբ առաջընթաց է գրանցվել: Վրաստանում (համապատասխանաբար 75% և 70%), Հայաստանում (համապատասխանաբար 67% և 55%) և Բելառուսում (համապատասխանաբար 61% և 52%) կանանց և տղամարդկանց մեծամասնությունը  գտնում է, որ կինը և տղամարդը այսօր ավելի հավասար են իրենց մանկության տարիների  համեմատ:

 

 

  Շատ երկրներում կանանց և տղամարդկանց ճնշող մեծամասնությունը գենդերային հավասարությունը համարում է շահավետ իրենց երկրի տնտեսական զարգացման համար: Սա հատկապես ակնհայտ է Հայաստանում (92 % և 79 %), Վրաստանում (90 % և 82 %), Մոլդովայում (84 % և 76 %), Ուկրաինայում (80 % և 81 %) և Բելառուսում (75 % և 73 %), որտեղ կանայք ավելի հակված են համաձայնել այս տեսակետին, քան տղամարդիկ։

 

 

Ի՞նչ անել

 

Հետազոտության արդյունքների հիման վրա արվել է վեց առաջարկությունների շարք՝ Արևելյան գործընկերության հասարակություններում առաջադեմ և հավասարակշիռ նորմերը, հարաբերություններն ու պրակտիկաները խթանելու համար։

 

 

Օրինակ, առաջարկվում է ամրապնդել գենդերային մեյնսթրիմինգի և գենդերային հավասարության սկզբունքները ազգային կրթական համակարգերում: Կրթությունն է ձևավորում այն, թե ինչպես մարդիկ կտեսնեն և կհասկանան մեզ շրջապատող աշխարհը, և, որպես այդպիսին, հենց կրթությունն է սոցիալական դրական փոփոխությունների հիմնական շարժիչ ուժը: Ուստի այն առանցքային դեր է խաղում կարծրատիպերի ձևավորման, ինչպես նաև պահպանման համար:

 

 

Առաջարկվում է նաև մեդիա հարթակներում զարգացնել հիմնական դերակատարների կարողությունները, որպեսզի հաղորդագրություններն ու հաղորդակցությունը չվերարտադրեն կամ չխթանեն գենդերային կարծրատիպերը, փոխարենը խրախուսեն բազմազանությունն ու հավասարությունը։

 

 

Հետազոտության հեղինակները խորհուրդ են տալիս իրականացնել ազգային հաղորդակցման արշավներ՝ խթանելով գենդերային ավելի հավասար նորմերը, այդ թվում՝ ուշադրություն հրավիրելով ամուսնության դրական և հավասար պատկերացումներին՝ ընդգծելով երեխաների խնամքի և տնային գործերում տղամարդկանց ներգրավվածության արժեքը, և գենդերային բռնությունը կանխելու կարևորության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

 

 

Ըստ փորձագետների, կառավարությունները և մասնավոր հատվածը կարող են հիմնվել աշխատաշուկայում մասնակցության և արժանապատիվ աշխատանքի հասանելիության հարցում կանանց և տղամարդկանց կողմից ներդրման բարձր արժեքի վրա՝ մշակելով քաղաքականություններ և ծառայություններ, որոնք աջակցում են կանանց և տղամարդկանց՝ համատեղելու իրենց ընտանիքն ու աշխատանքային կյանքը՝ ներառյալ հայրության և ծնողական արձակուրդի սխեմաներ, աշխատանքային ճկուն պայմանավորվածությունները մայրերի, հայրերի և տարեցներին խնամողների համար։

 

 

Հ. Կարապետյան

 

 

 

Դիտումների քանակը` 1029

Գլխավոր էջ