Հասմիկ Շափաղաթյան. «Ինձ առաջ է մղում նաև իմ մասնագիտությունը»

Երկրում առկա խնդիրները, դրանց վերաբերյալ մտահոգություններն ու լուծման պատրաստակամությունը, քաղաքական գործընթացներին որակ հաղորդելու մտադրությունը… Սրանք այն հիմնական պատճառներն են, որոնք  քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քաղաքագիտության ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ ամբիոնի դոցենտ Հասմիկ Շափաղաթյանին ստիպեցին մասնակցել խորհրդարանական ընտրություններին:  Նա առաջադրվել է  «Ծառուկյան» դաշինքի Սյունիքի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում, ներկայացված է  նաև համապետական ցուցակում:

 

 «Ես սյունեցի եմ, արմատներով գորիսեցի, այստեղ եմ ստացել միջնակարգ կրթություն, կարող եմ ասել, հիմնարար կրթություն եմ ստացել: Սյունիքը ես լավ եմ ճանաչում, ինձ այստեղ լավ են ճանաչում: Ես անցած տարիներին ապրել եմ Երևանում, բայց ծնողներս միշտ ապրել ու արարել են Գորիսում»,-WomenNet.am-ի հետ զրույցում ասաց թեկնածուն:  Նրա հայրը Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկանն է եղել, մայրը՝  մոտ 40 տարի Գորիսի պետական քոլեջի տնօրենը:

 

Քարոզարշավի շրջանակում մարզի տարբեր համայնքերի բնակիչների հետ հանդիպումների արդյունքում Հասմիկ Շափաղաթյանը եկել է մի համոզման՝ խնդիրներն ամենուր նույնն են:

 

«Խնդիրները վերաբերում են գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներին, գործազրկությանը: Չկա մի գյուղ, որ չբարձրաձայնեն վարկերի մասին: Մարդիկ այնքան են հիասթափված, որ չեն ուզում իրենց այգիները մշակել: Ծախսերը շատ են, իրացումը՝  բարդ, արդյունքում կանգնում են կոտրած տաշտակի առաջ: Ժողովրդական լեզվով ասած, մի տնով չենք մի հալով ենք»,-  ասում է նա, ավելացնելով, որ բոլոր խնդիրներն էլ ժամանակի ընթացքում կարելի է լուծել, եթե լինի կամք ու ցանկություն»:

 

Ասում է,  ընտրություններին մասնակցելու մտադրություն ուներ դեռ 5 տարի առաջ: Սակայն տեղի տալով հասարակությունում առկա կարծրատիպերին, այսօր էլ կիրառվող կեղտոտ տեխնոլոգիաներին, այդ քայլին չի գնացել: Այս անգամ առաջարկ ստացել է երեք կուսակցություններից, ընդունել է «Ծառուկյան» դաշինքինը:

 

«Կարծում եմ, ժամանակն է, որ քաղաքականությամբ առաջին հերթին զբաղվեն քաղաքագետներն ու իրավաբանները: Գուցե խտրականություն եմ դնում, բայց քաղաքականությունը բարդ ոլորտներից է, որն առնչվում է հենց  մարդու հետ:  Մարդուն հասկանալու, նրա պահանջներն ու շահերը գիտակցելու, ի կատար ածելու համար ցանկությունից ու կամքից առաջ պետք է ունենալ նաև մասնագիտական գիտելիքների որոշակի պաշար, որպեսզի կարողանաս գնահատել ստեղծված իրավիճակն ու խնդիրներին տալ ճիշտ լուծումներ»,- ասում է նա:

 

Հանրապետությունում խնդիրները շատ են: Որպես առաջնահերթ հարց քաղաքագետն առանձնացնում է արդարադատության ապահովումը:

 

«Շատ դեպքերում մարդիկ երկրից արտագաղթում են մի պարզ պատճառով, օրենքը չի գործում, այսինքն գործում է միայն  թույլերի համար, ընտրովի սկզբունքով: Դրա պատճառով մարդիկ երբեմն հայտնվում են անհավասար մրցակցության մեջ և գնում են», – նշում է նա:

 

Կանանց քաղաքական մասնակցության խնդիրներով նաև որպես հետազոտող  է զբաղվել՝  «ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցությունը. խնդիրներ և հեռանկարներ»  թեմայով հետազոտության համահեղինակ է:  Նշում է, որ քարոզարշավի ընթացքում ճաշակում է գենդերային անհավասարության դառը պտուղները.
 

«Ես իմ քաղաքական փորձից էլ սկսում եմ հասկանալ, որ սա մի խնդիր է, որի լուծման կարևորագույն ելքերից մեկը հենց կանանց հետ աշխատելն է: Ակնկալում էի, որ կանանց կողմից «կողքդ կանգնելու», աջակցելու վերաբերմունք կլինի: Բայց կարծես թե դա նկատելի չէ և դա, կարծում եմ,  այն պատճառով է, որ կարծրատիպերի մեջ ամբողջությամբ ապրող կանայք քաղաքականության մեջ առկա գենդերային անահավասարությունը որպես խնդիր չեն ընկալում և չեն ուզում որևէ բան փոխել: Եթե դու սկսես հակառակը համոզել, նրանք կսկսեն զարմանալ, կպատասխանեն՝ կինը մնում է կին: Ես այսօր շատ եմ լսում նման արտահայտություններ՝ «կանանց ինչի՞ եք ձայն տալիս, մեկ է՝ չեն ընտրվելու», «սա հո կանա՞նց կռիվը չէ»: Չեմ ընկճվում դրանից, պատրաստ  էի, որ նման երևույթների շատ եմ հանդիպելու: Փորձում եմ   իմ վարքով  հակառակն ապացուցել:  Շատ հաճախ տղամարդկանց առաջարկում եմ նստել բանավեճի սեղանի շուրջ, հասկանալ ո՞վ կարող է իր ասելիքն ավելի լավ տեղ հասցնել, ո՞վ է ավելի լսելի»,-ասում է Հասմիկը:

 

Չնայած Գորիսում կանանց ուշեղ կազմակերպություններ են գործում, սակայն քաղաքում ու հարակից բնակավայրերում կարծրատիպերը կոտրելու ուղղությամբ դեռ մեծ անելիքներ կան: «Այս օրերին ես այնպիսի իրողությունների եմ հանդիպում, որ զարմանում եմ»,- անկեղծանում է թեկնածուն:

 

Խնդրի լուծման համար Հ. Շափաղաթյանի կարծիքով, անհրաժեշտ է հնարավորինս շատ կանանց ներգրավել քաղաքական գործընթացներում: «Փիլիսոփայության մեջ այսպիսի սկզբունք կա, քանակը նաև որակ է բերում: Այս ընտրությունները նաև այդ գործոնով եմ համարում կես քայլ առաջ, քանի որ նախորդների համեմատ առավել մեծ թվով կանայք են մասնակցում»,-ասում է նա:

 

ԵՊՀ դասախոսը խոստովանում է, որ իր ուսանողներին միշտ ասում է. բազմաթիվ չլուծված խնդիրների առկայությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ երկիրը ղեկավարվում է  տղամարդ գործիչների կողմից: «Մեր երկրի  համար շատ մեծ ճոխություն է կանանց պոտենցիալը չօգտագործելը: Հայ կանայք շատ խելացի են, նրանց միայն  կարծրատիպերից ազատել է պետք, և կունենանք  բազմաթիվ ակտիվ, կրթված, գործունյա, պատասխանատու գործիչներ»,-ասում է նա:

 

Քաղաքական գործընթացներում կանանց պասիվության  մեկ այլ  պատճառ  էլ է  նշում. «Այսօր ամեն ինչ դրամայնացվում է: Մենք գիտենք, որ կանայք շատ լուրջ ֆինանսական ռեսուրսներ չունեն, ինչը կարող է խոչընդոտ լինել նրանց ընտրություններում մասնակցության համար: Երբ սկսում ես հաշվարկել  ու տեսնում ես քո ունեցած ռեսուրսներն անչափելի են քաղաքական դաշտում առկա ռեսուրսների համեմատ, դա էլ կարող է կանանց  հետ պահել  ընտրական պայքարից»: 

 

Կանանց խնդիրներին քաջատեղյակ քաղաքագետը ողջունում է քվոտավորումը, մտածում, որ այդ օրինակը պետք է տարածվի նաև մյուս ոլորտներում: «Երբ աչքը սովորում է կանանց տեսնել  քաղաքական գործընթացներում, գիտակցությունն էլ է վարժվում դրան»,-ասում է նա: Ընտրվելու դեպքում մտադիր է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, որոնք ուղղված կլինեն հայ կնոջ արժանապատիվ ապրելուն:

 

«Նրանք արժանի են: Այդ գործում ես ջանք ու եռանդ չեմ խնայելու: Կարծրատիպեր կոտրելը մեկ տարվա բան չէ, բայց ես կմտածեմ իրավաքաղաքական ձևակերպումներ, որոնք կանանց դիրքերի ամրապնդման առումով պարտադիր կլինեն բոլոր քաղաքական ուժերի, կազմակերպությունների համար: Օրինակ, մեծ կազմակերպություններում եթե ղեկավարը տղամարդ է, ապա տեղակալը պետք է կին լինի: Այսօր նայում ենք կրթական համակարգը, կանայք որոշումների կայացման գործընթացից հեռացված են: Ես ուզում եմ, որ այս համամասնությունը, քվոտավորումը լինի բոլոր ոլորտներում»,-առաջիկա ծրագրերի մասին բարձրաձայնում է նա:

 

Շափաթաղյանի խոսքով, իրեն կայանալու, հաջողությունների հասնելու գործում օգնել են սյունեցուն բնորոշ հատկանիշները՝ կարծիքն առաջ տանելը, չնահանջելը, ճշմարտությունն ասելը, երբեք չքծնելը: «Ինձ շատ օգնում է  իմ ընտանիքը՝ հայրս, մայրս, ամուսինս:  Ինձ առաջ է մղում նաև իմ մասնագիտությունը: Գալիս է մի պահ, որ հասկանում ես, որ տեսական դաշտում դու լուրջ պրոֆեսիոնալ ես, քեզ պակասում է  այն կիրառական դաշտը, որ ներդնես գիտելիքներդ ի շահ երկրի ու քաղաքացու»,-նշում է նա:

 

Քաղաքական գործընթացների որակը փոխելու մտադրություն ունի, մտածում է, որ գործին պետք է լծվեն նախ և առաջ քաղաքագետները: «Ես միշտ ասում եմ, եթե մենք այնտեղ չենք, մեր տեղը թափուր չի մնալու: Մեր փոխարեն գալու են նրանք, ովքեր չպետք է լինեին: Ցավալի է, բայց մենք այսօր քաղաքական անգրագիտության, դիլետանտիզմի զոհ ենք: Հենց այս պատճառով է, որ ես ուզում եմ ավելի առաջ մղվեն պրոֆեսիոնալները»:

 

Այս ամենով հանդերձ նա լավատես է. «Ես վստահ եմ, որ բոլոր դեպքերում դուրս եմ գալու հաղթանակած»:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 2822

Գլխավոր էջ