Հասմիկ Եղիազարյան. « Տեսակով պայքարող, մտածող և նորը ընդունող մարդ եմ»
Գյումրի քաղաքի ավագանու անդամ, ԱԺ պատգամավորի թեկնածու Հասմիկ Եղիազարյանը «Օրինաց Երկիր» կուսակցության համապետական ցուցակում զբաղեցնում է 9 հորիզոնականը, իսկ տարածքային ցուցակով առաջադրվել է Շիրակի թիվ 11 ընտրատարածքում:
Եվրոպական համալսարանի Գյումրիի մասնաճուղի տնօրենն է, ծավալում է հասարակական ակտիվ գործունեություն: Տարբեր տարիներին ղեկավարել է Շիրակի մարզի կրթության վարչությունը, եղել է Գյումրիի Քաղաքային կրթության վարչության պետ, «Պալատոն » Հունգարական վարժարանի տնօրեն, ինչպես նաև Գյումրու թիվ 26 ավագ դպրոցի տնօրեն: 68 ամյան Հասմիկ Եղիազարյանը 2 երեխաների մայր է և ունի 2 թոռնիկ, որպես ԱԺ պատգամավորի թեկնածու առաջին տասնյակում հանդես է գալիս առաջին անգամ:
-Ի՞նչ նոր գաղափարներով եք մասնակցում ընտրություններին:
-Քաղաքականության մեջ շատ վաղուց եմ, սկսած 18-20 տարեկանից, երբ կոմերիտմիության ակտիվ աշխատող էի, հետո մեր քաղաքի շրջանային խորհրդի պատգամավոր, քաղաքային խորհրդի պատգամավոր, այնուհետև զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, սակայն անկախ թե ինչքա՞ն զբաղված եմ եղել, մշտապես հասարակական ակտիվ գործունեություն եմ ծավալել: Նախորդ ԱԺ ընտրություններում էլ էի առաջադրվել, պարզապես առաջին տասնյակում չէի: Իսկ այս ընտրություններում ինձ համար հատկապես կարևոր է կրթության ոլորտի հարցերը: Ես լինելով այս ոլորտի մարդ, խորքից պատկերացնում եմ, թե ի՞նչը եղավ, որ չպիտի լիներ, ի՞նչը պիտի բարելավվի և ի՞նչ է պետք անել այսօր դպրոցը ճիշտ ուղղու վրա դնելու համար` կապված ավագ դպրոցի հետ, 8-ամյա կրթության հետ, 12- ամյա կրթության հետ, հանրակրթության կառավարման բնագավառի, կրթության պետական տեսչության աշխատանքի հետ: Ես կարծում եմ, որ պետության հիմքը կրթությունն է և կրթությանը պետք է շատ մեծ ուշադրության արժանացնել:
Հաջորդը, որպես մայր, որպես քաղաքացի ինձ անհանգստացնում է արտագաղթի խնդիրը: Իմ զավակներն էլ Հայաստանում չեն` տղաս ՌԴ-ում է, աղջիկս` ԱՄՆ-ում: Ցավալի է, երբ տեսնում ես երիտասարդ կանանց տխուր աչքերը, և դպրոցում ծնող ես կանչում, և ասում. «թող հայրը գա», իսկ այդ հայրը քաղաքում չէ, միայն պետք է տեսնել այդ երեխաների հուզմունքը: Ես առաջնային խնդիրներից եմ համարում, որ պետք է սկսվի ներգաղթը զարգացնող գործընթաց: Պետք է զարգացնել տնտեսությունը, ստեղծել նոր աշխատատեղեր: Եվ ԱԺ գնացող պատգամավորի ցանկացած թեկնածու իր ծրագրի մեջ պետք է ունենք այս կետը:
–Պաշտպանելու ե՞ք այրդյոք կանանց շահերը խորհրդարանում:
-Այո միանշանակ: Ես ինքս էլ դեռ երիտասարդ տարիքում, և բոլոր ժամանակներում, ինձ վրա մշտապես զգացել եմ այդ ճնշումը: Տղամարդիկ մշտապես պայքարել են իմ դեմ, փակել են իմ ճանապարհը և ես միշտ մտածել եմ, որ եթե երբևէ հնարավորություն ունենամ պետք է այդ տղամարդկանց ասեմ, որ միևնուն է, խելացի, աշխատող կանանց գերազանցել չեն կարող: Տղամարդիկ կանանց մեջ միշտ մրցակից են փնտրում, քանի որ կանայք նվիրվում են իրենց աշխատանքին:
–Ինչու՞ ընտրողը պետք է ընտրի հատկապես ձեզ և հենց ձեր կուսակցությունը:
-Մեր կուսակցությունը իր ստեղծման օրվանից ապացուցել է, որ ԱԺ-ում կարող է լուրջ խոսք ասել: Խորհրդարանում գործելու ընթացքում մեր հեղինակած օրենքները, մեր բծախնդիր հետևողական աշխատանքը, մեր նախագծերը, որոնք օրենքի ուժ են ստացել և այդ օրենքների նկատմամբ մեր սկզբունքայնությունը մեզ թույլ է տալիս նորից ձգտել դեպի ԱԺ: Ես ինձ թույլ եմ տալիս ասել, որ այն ծրագրերը, որոնք մեր կուսակցությունը առաջարկել է, հիմա են առանձին կետերի տեսքով կյանքի կոչվում, գուցե մի փոքր ձևափոխված: Ես եղել և մնում եմ մեր կուսակցության մեծագույն սիրահարը:
Ինչ վերաբերվում է ինձ ընտրելուն. ինձ ոչ ոքից չեմ գերադասում, բայց այնքան էլ համեստ չեմ, որ պետք է ասեմ, որ որևէ մեկին զիջում եմ: Ես իմ տեսակով պայքարող, մտածող և նորը ընդունող մարդ եմ, իհարկե չեմ գտնում, որ ամեն նորն առաջավոր է, սակայն մտածում եմ, որ խելոք նորը պիտի ընդունվի: Ես նորարար մարդ եմ: Իմ ղեկավարած բոլոր հիմնարկներն առանձնացել են հենց դրանով: Ես միշտ պահանջկոտ եմ եղել մյուսների հանդեպ և առավել պահանջկոտ իմ հանդեպ:
-Բացի կրթության ոլորտից, որն արդեն նշել եք, Հայաստանի համար այսօր այլ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներներն որո՞նք են:
-Մենք պետք է կարողանանք ունենալ ժողովրդավարական սկզբունքներով կայացած Ազգային Ժողով: Կարողանանք հաղթահարել մենաշնորհային բարդույթները, ունենանք բազմակուսակցական խորհրդարան: Որտեղ պիտի լինեն նաև ընդդիմախոսներ, ընդդիմություն` խելոք քննադատական առաջարկներով: Իսկ եթե ունենանք ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ խորհրդարան , որ կարողանանք ստեղծել արժանի կառավարություն, ես դրանից մեծ հաջողություն չեմ տեսնում: ԱԺ-ում պետք է լինեն մարդիկ, որոնք ունեն անցած ճանապարհ, տիրապետում են իրենց ոլորտին, որ կարողանանք կարճ ժամանակահատվածում մեր այս բոլոր ավերված համակարգերը ոտքի կանգնեցնել:
Ես կուզեի տեսնել առողջ մտածողության տեր ընտրողներ, հասարակություն, որը կարող է իր հոգու արդար խոսքն ասել, հավատարիմ մնալ իր ներքին ձայնին և գոնե մեկ անգամ, քանի որ ստեղծվել է հնարավորությունը, ընտրի այն մարդուն, ով իսկապես արժանի է, ով իսկապես կարող է օգտակար գործ անել իր երկրի համար: Եվ թող աշխարհը մեզ գոնե մեկ անգամ ճանաչի, ոչ թե որպես զարկված և զրկված, այլ որպես պայքարող և հանուն երկրի խաղաղության մարտնչող ժողովրդի:
Կ. Պետրոսյան
Դիտումների քանակը` 1376