Ծխախոտը հանգցրել է ձեռքին. այրվածքն ապացուցվել է փորձաքննությամբ
«Տարիներ շարունակ ամեն փոքր առիթով ամուսինս ծեծում ու ստորացնում էր ինձ: Սկզբում ձեռքերով էր խփում, հետո անցավ ոտքերին, հետո արդեն ինչ ձեռքի տակ ընկնում էր, դրանով սկսում էր ծեծել…»: Ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի գործով հաջորդ դատական նիստի ժամանակ հրապարակվելու է փորձագիտական եզրակացությունը, որով ապացուցվելու է, որ Հասմիկի ձեռքին առկա սպին այրվածք է, որը հասցվել է ծխախոտով:
Կնոջը խոշտանգելու մեջ մեղադրվող Սարգիս Հակոբյանն ինքն էր պահանջել այս փորձաքննությունը, որի եզրակացությունը, սակայն, ավելի կբարդացնի իրեն հասցեագրված մեղադրանքը:
«Պաշտպանական կողմը փաստորեն իր ձեռքով մեզ հանձնեց մեկ այլ ապացույց, համաձայն որի` Հասմիկ Խաչատրյանի մարմնի վրա առկա սպին այրվածքի հետեւանքով է գոյացել»,- «WomenNet.am»-ին ասաց տուժողի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը:
Փաստաբանի կարծիքով` սեպտեմբերի 22-ին կայանալիք դատական նիստի ընթացքում հավանաբար կավարտվի գործով ձեռք բերված ապացույցների քննությունը, որին կհաջորդեն մեղադրողի եւ տուժողի ճառերը:
Հասմիկը Գավառի շրջանի Գանձակ գյուղից է, ամուսնացել է 9 տարի առաջ՝ համագյուղացի Սարգիս Հակոբյանի հետ, ով հայտնի գուշակ Վարսիկի որդին է: Մինչ ամուսնությունը Հասմիկը երբեւէ չի հանդիպել Սարգիսի հետ. նրան հավանել են ամուսնու ծնողներն ու հարս տարել:
Հասմիկի խոքով ՝ ամուսնության առաջին տարիներին իր նկատմամբ բռնությունը միայն հոգեբանական բնույթ է կրել. ամուսինը՝ Սարգիս Հակոբյանը, նախ արգելել է Հասմիկին շփվել քեռու և հորեղբոր որդիների հետ, ապա նաև այցելել ծնողներին: Հետագայում, ամուսինը սկսել է ծեծել նրան: Հասմիկը դաժանաբար ծեծի է ենթարկվել նաեւ հղիության շրջանում: Նրա առաջնեկը՝ 7-ամյա Վարսիկը, լսողության խնդիր ունի: Սարգիսը կնոջը տեւականորեն ծեծի է ենթարկել հենց երեխաների ներկայությամբ:
Մանրամասները կարդացեք այստեղ
Արման Ղարիբյան
Հ.Գ. Ընդդեմ կանանց նկատմամբ կանանց կոալիցիան հայտնում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Գավառ) կայանալիք դատական նիստին մասնակցել ցանկացողներին կտրամադրվի փոխադրամիջոց, որը Հանրապետության Հրապարակից Գավառ է մեկնելու սեպտեմբերի 22-ին` ժամը 12:00-ին: Տեղեկությունների համար զանգահարել 060 525 535
Դիտումների քանակը` 4478