Հավասարությունն ու արդարությունը, շրջակա միջավայրի կայունությունը որպես երկրների երջանկության չափանիշներ
Օրերս ՄԱԿ-ի կողմից հրապարակված «Աշխարհի երջանկության զեկույցը » / «WORLD HAPPINESS REPORT 2016»- ը միտված է ցույց տալ երջանկության և երկրների սոցիալ-տնտեսական զարգացման միջև անմիջական կապը: Երջանիկ երկրների մասին համաշխարհային առաջին զեկույցը հրապարակվել է 2012-ին՝ բարեկեցության թեմայով բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո, երբ որոշվեց, որ երկրի ՀՆԱ-ի ցուցանիշը բավարար չափով չի արտահայտում մարդային զարգացման որակը և դրա լավագույն չափանիշը երջանկությունն է: Այսինքն, առաջարկվեց երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը գնահատելու ժամանակ հաշվի առնել նաև այն փաստը, թե ինչքանով են մարդիկ իրենց բարեկեցիկ և երջանիկ զգում տվյալ երկրում:
«Երջանկությունը հետզհետե ընկալվում է որպես սոցիալական առաջընթացի չափանիշ և հանրային քաղաքականության նպատակ։ Սա Երջանկության համաշխարհային չորրորդ զեկույցն է, և մի քանի ասպեկտներով տարբերվում է նախորդներից։ Տարբերություններն հիմնականում վերաբերում են ժամանակագրությանը, բովանդակությանն ու աշխարհագրությանը», – նշվում է զեկույցում:
Աշխարհի ամենաերջանիկ երկրների տասնյակում են Դանիան, Շվեցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Կանադան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Ավստալիան, Շվեդիան:
Հայաստանը 121-րդ հորիզանոկանում է, 2015-ին եղել է 127-ում: Տարածաշրջանի երկրներից Ադրբեջանը 81-րդ տեղում է, Իրանը՝ 105-րդ, Վրաստանտը՝ 126-րդ հորիզոնականներում:
Վերջին հորիզոնականներում են Նիգերիան, Հարավային Աֆրիկան, Բոսնիա և Հերցեգովինան, Ուգանդան:
Հետազոտության մեջ ներառված տվյալները ստացվել են 150 երկրներում ապրող 3 000 հարցվածքների պատասխանների հիման վրա: Նրանք իրենց կյանքը գնահատել են 10 միավորանոց սանդղակով, որտեղ 0-ն ամենավատն է, իսկ 10-ը՝ լավագույնը:
Զեկույցի հեղինակները նշում են, միշտ չէ, որ երջանկության մակարդակը համընկնում է կենսամակարդակին: Քաղաքացիների ինքնազգացողության եւ գոհունակության վրա ազդում է տնտեսական, սոցիալական արդարության, բնապահպանական գործոնների համադրությունը: Ամենաերջանիկ երկրների ինդեքսը կազմելիս մասնագետները հաշվի են առել երկրներում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, սոցիալական աջակցության, առողջ կյանքի տևողության, ընտրություն կատարելու ազատության, աշխատանքային պայմանների, առատաձեռնության ու մեծահոգության, կաշառակերության գործոնները: Այսինքն, այն ամենը, ինչ մարդկանց պատկերացումներում արդար և բարեկեցիկ հասարակությունն է բնորոշում։
Երջանկության չափը գնահատելիս զեկույցի հեղինակները հաշվի են առել, թե ինչքանով են մարդիկ հոգ տանում ուրիշների երջանկության համար: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ երջանիկ են ապրում հատկապես այն հասարակություններում, որտեղ երջանկությունը համաչափ է, չկան խիստ արտահայտված անհավասարություններ:
Ուշագրավ է, որ ամենաերջանիկների թվում այն նույն սկանդինավյան երկրներն են, որոնք գլխավորում են նաև գենդերային հավասարությանը վերաբերող ռեյտինգները: Դա ամենևին զարմանլի չէ, քանի որ հավասարության ապահովումը,այդ թվում նաև գենդերային հավասարության, սոցիալական արդարության հիմնական տարրերից մեկն է , նաև կայուն զարգացման կարևոր նախապայման: Ակնհայտ է , որ հասարակությունը չի կարող երջանիկ լինել, եթե նրա ներկայացուցիչների կեսը ճնշված վիճակում է:
Նշենք, որ այս տարվա զեկույցում շեշտադրվել է էկոլոգիական կայունությունը, ինչը նույնպես կայուն զարգացման նախապայման է:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է երջանկության միջազգային օր և այս տարվա օրվա թեմա էր ընտրվել Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ մոլորակն ավելի երջանիկ վայր դարձնելու նպատակով:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3276