Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը

WomenNet.am –ը  փորձել է շոշափել Ազգային ժողովի պատգամավորների  տրամադրվածությունը այս հարցի  շուրջ,   մինչ  Ընտրական օրենսգրքի շուրջ  լայն քննարկումների  մեկնարկը:

 

 

Հովհաննես Սահակյան,

ՀՀԿ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ.

 

«Քննարկումներ կծավալենք և կհասկանանք, թե որն է ամենաճիշտ տարբերակը»

 

Ձեր կարծիքով՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցումը կարող է նպաստել ԱԺում կանանց թվի ավելացմանը:

– Կանանց դերակատարումը քաղաքական, հասարակական կյանքում և առավել ևս բարձրագույն  պաշտոններում անշուշտ  պետք է ավելացվի: Կարծում եմ, որ նախընտրական ցուցակներում կանանց ներգրավվածության 20 տոկոսի պահանջը առնվազն պետք է պահպանվի, եթե ոչ՝ ավելանա: Եվ եթե կան քաղաքական ուժեր, որ ցուցակներում այս պահանջը չեն պահպանել և Ազգային Ժողովում էլ կին պատգամավոր չունեն, ապա Հանրապետականն այդ իմաստով առաջամարտիկ է և ՀՀԿ խմբակցության կազմը  դա արտացոլում է :

Իսկ արդյո՞ք անհրաժեշտություն չեք տեսնում, որ  կնոջ ինքնաբացարկի  կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում  նրա փոխարեն  ԱԺ պետք է գա կուսակացական  ցուցակով հաջորդ կինը:

– Դա իրականում մի  քիչ բարդ մեխանիզմ է , որովհետև կա նաև հերթականություն և այստեղ կարող են իրար տարբեր շահեր բախվել, տարբեր խնդիրներ առաջ քաշվել: Բայց իհարկե մենք այդ խնդրի, մտահոգության հետ կապված քննարկումներ կծավալենք և կհասկանանք, թե որն է ամենաճիշտ տարբերակը:

 

 

Վահան Բաբայան,

ԲՀԿ խմբակցության նախկին անդամ. 

«Քվոտաներով կին քաղաքական գործիչ չեն դառնում»

 

Ի՞նչ եք կարծում, 100 տոկոսանոց  համամասնականի անցումը ինչպես կանդրադառնա ԱԺում  կանանց թվի ավելացման վրա:

– Կանանց  ներգրավումը այս կամ այն կուսակցության  համամասնական  ցուցակում կարծում  եմ  կախված է  առաջին հերթին  քաղաքական  դաշտում նման կանանց առկայությունից: Կանայք կարող  են ակտիվ լինել հասարակական  դաշտում ,բայց  չլինել  քաղաքականության մեջ:  Աշխարհում կանայք միշտ իրենք են գրավել իրենց տեղը ոչ ոք այն չի նվիրել իրենց, կարծում եմ:

Իսկ գուցե այնուամենայնիվ   պե՞տք է ինչոր մեխանիզմ կամ մոտեցում քվոտավորման արդյունավետությունը բարձրացնելու համար:

– Քվոտաներով կին քաղաքական գործիչ չեն դառնում:

 

 

Մարգարիտ Եսայան,

ՀՀԿ խմբակցություն.

 

« Կանանց պակաս չի լինի»…

 

Ի՞նչ եք կարծում, 100 տոկոս համամասնականի անցումը ինչպես կանդրադառնա ԱԺում կանանց թվի ավելացման վրա:

–Կարծում եմ՝ շատ արդյունավետ, կանայք նոր խորհրդարանում  կլինեն այն թվով , ինչպես կպահանջի օրենքը,կանանց պակաս չի լինի:

– Կյանքը ցույց տվեց, որ միայն քվոտա ամրագրելը քիչ է, Ձեր կարծիքով՝ ի՞նչ է անհրաժեշտ այդ քվոտայի արդյունավետության բարձրացման համար:

– Բոլոր կին պատգմավորներն էլ այսօրվա խրհրդարանում աշխատում են գրագետ , նվիրված և պրոֆեսիոնալ: Ոչ թե քվոտան է բարձրացնում աշխատանքի արդյունավետությունը, այլ՝ աշխատանքը:

-Ի՞նչ եք կարծում, քանի կին պատգամավոր պետք է լինի Ազգային Ժողովում:

-Վերջերս ես աֆրիկյան մի երկրում էի, որտեղ պատգամավորների թվի կեսը կանայք էին, իհարկե, մեր իրականության մեջ դա չափազանց մեծ շռայլություն կդիտվի, բայց, հուսամ, նոր խորհրդարանում՝ 2017-ի, մենք ավելի շատ կլինենք, քան այսօր։

 

 

Ալեքսանդր Արզումանյան ,

«Ժառանգություն» խմբակցություն .

 

«Այս հարցում  պետք է բացառել մանիպուլյացիան»

 

Ինչպե՞ս եք վերաբերվում կանանց աջակցող  քվոտայի կիրառմանը 

–  Ես ինքս քվոտավորման  կողմնակից եմ, քանի որ դեռևս մեր հասարակությունը այդքան չի զարգացել, որ դա գիտակցաբար անի: Բացի  քվոտայից պետք է  պարտադիր լինի ու գործի այն նորմը, որ դուրս եկող կնոջ փոխարեն ցուցակով հաջորդ կինը գա Ազգային ժողով:  Այսինքն , պետք է բացառել մանիպուլյացիան՝ կին ներառել ցուցակում օրենքի տառին համապատասխանելու համար, բայց հետո կնոջը խնդրել, որ հրաժարական տա ու բերել հաջորդ տղամարդուն: Եթե մենք խոսում ենք քվոտայից, ուրեմն որոշակի թվով տեղեր   պետք է ամրագրվեն  յուրաքանչյուր  կուսակցության կին ներկայացուցիչների համար: Միայն այդպես, կարծում եմ, հնարավոր կլինի  ինչ-որ հարց  լուծել կանանց ներկայացվածւթյունը ապահովելու առումով:

 

 

Ռուզաննա Մուրադյան,

ՀՀԿ խմբակցություն.

 

«Կուսակցությունը   ծրագիր ունի  կանանց ներկայացվածության ավելացման ուղղությամբ»

-Կարծում եմ, համամասնական ընտրակարգի անցումը   կնպաստի քաղաքական գործընթացում կանանց մասնակցության ակտիվացմանը: Սա ևս մեկ քայլ է ՝ ի նպաստ կանանց քաղաքականության մեջ ներգրավման առումով :  Ասեմ, որ  ՀՀԿ-ն  մշակել է կուակցության ներսում  ռազմավարական ծրագիր, որն ուղղված է կանանց դերի բարձրացմանն,  ինչպես նաև Ազգային ժողովում և տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներկայացվածության ավելացմանը:

 

– Ձեր կարծիքով՝  ի՞նչ է  անհրաժեշտ  քվոտայի արդյունավետության բարձրացման համար:

-Անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմներ և գործիքներ, որոնք կնպաստեն հասարակության տարբեր շերտերի՝ կանանց,տղամարդկանց, ազգային փոքրամասնության ներկայացուցիչների  ընդգրկվածությանը ընտրացուցակներում:

-Հնարավո՞ր է  առաջարկով  հանդես  գաք ԸՕ  քննարկման  ժամանակ`  ուղղված  այս  խնդրի կարգավորմանը:

-Իմ գործունեության ընթացքում միշտ էլ հանդես եմ գալիս  տարբեր օրենսդրական նախաձեռնություններով և առաջարկություններով, Ընտրական Oրենսգրքի նոր նախագծի վերաբերյալ նույնպես պատրաստվում եմ ներկայացնել մի շարք առաջարկներ:

 

Զրուցեց ՝ Լիա Խոջոյանը

 

 

Դիտումների քանակը` 3061

Գլխավոր էջ