«Հաստ շուրթեր»-ը որպես աշխատանքային բարձր ունակությունների ցուցանիշ
Հայաստանյան աշխատաշուկայի խնդիրները՝ ստվերը, աշխատանքի դիմաց անհամաչափ վարձատրությունը, արտաժամյա չվճարվող աշխատանք, առանց արձակուրդի աշխատելն ու աշխատողների գերշահագործման այլ ձևերը բոլորին են հայտնի: Եվ այս ամենի հետ մեկտեղ իր ուրույն տեղն ունի նաև կանանց նկատմամբ խտրականությունն իր ակնհայտ եւ թաքնված դրսևորումներով, ինչի մասին տարիներ շարունակ միայն խոսվում է, բայց ոչինչ չի փոխվում: Մինչ ոմանք կասկածի տակ են դնում աշխատանքի շուկայում գույություն ունեցող արատավոր երևույթների առկայությունը, գործատուները շարունակում են մասնագիտական ունակությունների կապ չունեցող հատուկ պահանջներ ներկայացնել աշխատանքի ընդունվող կանանց … Վառ ապացույցն էլ այն հայտարարություններն են, որոնք հայտնաբերեցինք Հայաստանի գովազդային կայքերում:
Ուշագրավն այն է, որ գործատուների կողմից առաջ քաշվող «բարետես արտաքինով երիտասարդ աղջիկներ» պահանջը, որ ամենից շատն է հանդիպում աշխատանքի հայտարարություններում, այժմ արդեն բավարար չէ: Որոշ գործատուները որոշել են կոնկրետացնել կանանց արտաքինի մասին իրենց պատկերացումները, ևս մեկ պահանջ առաջ քաշելով՝ ունենալ «հաստ շուրթեր»: Ընդ որում, դատելով այն հանգամանքից, որ այդ հատվածը, ի տարբերություն հայտարարության ամբողջական տեքստի, գրված է լատինատառ, կարելի է ենթադրել, որ գործատուն այդ մասին հիշել է վերջին պահին ու ընկնելով բուռն ֆանտազիաների գիրկը ապագա աշխատակցուհու մասով ուղղակի մոռացել է փոխել ստեղնաշարի տարատեսակը… Մեկ այլ գործատուն փնտրում է օգնական-քարտուղարուհի, որը կլինի ազատ ու զերծ կոմպլեքսներից ու, թերևս, հենց դրանով էլ պայմանավորում է հավելավճարներ ստանալու հեռանկարը…
Ցավալի է, սակայն փաստ. մասնագիտական հմտությունների ու պրոֆեսիոնալիզմի հետ կապ չունեցող պահանջները այսօր կարելի է գտնել «գործավարուհի» փնտրող հայտարարություններից գրեթե ամեն երկրորդում: Անհայտ է, որ նման պահանջները հող են նախապատրաստում հետագա սեռական ոտնձգությունների համար, քանզի «հաստ շուրթեր»-ի եւ այլ բարեմասնությունների մասին պահանջ ներկայացնելը որևէ այլ տրամաբանական բացատրություն չի կարող ունենալ:
Ի դեպ, վերջերս հրապարակված ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է տարածել գործող օրենքով ցանկացած ձևի (բնույթի) հարկադիր աշխատանքի և աշխատողների նկատմամբ բռնությունների արգելքը «ֆիզիկական և (կամ) հոգեկան և (կամ) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքների կամ դրա սպառնալիքների» վրա: Նշենք նաև, որ 2013-ին ընդունված Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքով ոչ միայն սեռական ոտնձգությունն է արգելվում, այլ նաեւ «այնպիսի պայմանների հաստատումը, պահանջների ներկայացումը, որոնք առաջացրել են կամ կարող են առաջացնել բացասական հետևանքներ` որոշակի սեռի անձանց վնաս պատճառելու ձևով»:
Լիա Խոջոյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Պահանջվում են մինչև 25 տարեկան, բարետես աղջիկներ….»
Դիտումների քանակը` 3931