«Շատ ժամանակ անցկացրեք ձեր երեխաների հետ»․ հայրիկների խորհուրդը հայրիկներին

 

Պահպանողական հասարակությունները սովորաբար միայն մայրիկներից են ակնկալում լինել հոգատար երեխաների նկատմամբ, երբեմն նրանց հետ կապված բոլոր հարցերը՝ խնամքի, առողջության, դաստիարակության ու կրթության վերաբերյալ, ընկալվում են որպես բացառապես մայրիկների պարտականություն, իսկ հայրիկների մասնակցությունը դիտարկվում է որպես զուտ օգնություն կնոջը, բարի կամքի դրսևորում։ Սակայն այս կարծրատիպերն աստիճանաբար փոխվում են՝ բացելով ավելի լայն հնարավորություններ հայրիկների համար լինելու լիարժեք ծնողներ։ WonenNet.am-ի զրուցակից հայրիկները հոգատար ծնողի հրաշալի օրինակներ են, ովքեր իրենց կենսակերպով փոխում են հայրության վերաբերյալ հասարակական ակնկալիքները և ստեղծում  երեխայի խնամքին լիարժեք մասնակցող հայրիկների նոր մոդելներ։

 

Կարեն.  «Ես ու կինս փորձում ենք ուժեղ ու համարձակ աղջիկներ դաստիարակել»…

 

 

37-ամյա Կարենն երկու դուստրերի հայր է։ Աղջիկների ծնված օրվանից ներգրավված է եղել նրանց խնամքին, դաստիարակությանը, կրթությանը վերաբերող բոլոր հարցերում։ 7-ամյա Լուսեի և 5-ամյա Սոֆիի հայրիկն ասում է, որ երեխաների հետ կապված չկա մի բան, որ ինքը չկարողանա անել։ «Ծնված օրվանից գիշերը ես էի օրորում-քնեցնում, կնոջս թողնում էի՝ քնի, հանգստանա, որ առավոտյան ինքը զբաղվի երեխայով, իսկ ես աշխատանքի գնամ»,- ասում է մեխանիկի մասնագիտություն ունեցող Կարենը։ Նա հիշում է, որ ինքն էլ է հոգատար հայրիկ ունեցել․ հայրն է փոքր տարիքում քնեցրել որդուն, հեքիաթներ է կարդացել նրա համար։

 

Կարենը հայր է դարձել 30 տարեկանում, ասում է, որ միանգամայն պատրաստ էր ծնող դառնալուն, քանի որ «շատ երկար է սպասել նման հրաշքի»։ «Իմ բոլոր ընկերներն ինձնից շուտ են ամուսնացել ու երեխաներ ունեցել, բոլորին օգնել եմ երեխաների հարցում։ Բոլորի երեխաների հետ խաղացել եմ, ընկերություն եմ արել»,- պատմում է Կարենը։

Հայրիկը երեխաների դաստիարակության համար կիրառում է լսելու և բացատրելու մեթոդը․ «Երեխային նախ պետք է լսել, հասկանալ, թե նա ինչ է ուզում, ապա խոսել հետը, բացատրել։ Պետք չէ գոռալ երեխայի վրա, ամեն ինչ հնարավոր է բացատրելով անել։ Օրինակ, մեծ աղջիկս հաճախ չի ցանկանում դաս անել, դիմադրում է, կապրիզ է անում։ Փորձում եմ իր հետ խոսել, պատմում եմ իմ փորձից, երբ ես իր տարիքում էի։ Հիմա իր համար տնային հանձնարարություններ անելը հաճելի զբաղմունք է, անգամ մենակով նստում է, անում է իր դասերը»։

Կարենի խոսքով՝ չի եղել երեխաների վերաբերյալ որևէ հարց, որ կինն իրեն չվստահի, իսկ շրջապատը շատ դրական է արձագանքում հայրիկի հոգատարությանը, ծանոթ թե անծանոթ ուրախանում են, երբ տեսնում են դուստրերի հետ զբոսնող հայրիկին։ «Միայն մեկ անգամ է եղել, երբ կնոջս ընկերուհու ամուսինը, տեսնելով, որ ես եմ երեխայով զբաղվում, ասել է՝ «արի նստի, թող կնանիք անեն»։ Բայց ինձ չի ճնշում դա, ինձ առհասարակ շատ հարցերում մարդկանց կարծիքը չի հետաքրքրում։ Ես գիտեմ, թե ինչ է պետք իմ երեխաներին և պատրաստ եմ դա տալ նրանց,- վստահեցնում է հայրիկը և ավելացնում,- երբ ծնող ես դառնում, չես կարող չանել, երբ երեխադ նայում է քեզ, գրկում է քեզ, դու ամեն ինչ պատրաստ ես անել իր համար»։

 

 

Երբ Լուսեն նոր է սկսել դպրոց հաճախել, դասապատրաստման գործընթացին ներգրավված է եղել մայրիկը, սակայն ամիսներ անց հայրն իր վրա է վերցրել այդ գործը։ «Երեխաները շատ արագ են արձագանքում, դու տեսնում ես քո աշխատանքի արդյունքը իրենց խոսելու, վարվելաձևի մեջ, դու նկատում ես, որ իրենք շատ արագ են սովորում և դա շատ ոգևորող է»։

 

 

Սեփական փորձից պատմելուց բացի Կարենը նաև համպատրաստից հեքիաթներ է հորինում աղջիկների համար․ «Ես շատ բաներ հեքիաթների միջոցով եմ բացատրում, պահի տակ հեքիաթ եմ հորինում, որի հերոսը իր տարիքի աղջիկ է։ Պատմում եմ, որ այդ աղջիկը այսինչ բանն է արել, որը բացասական հետևանքներ է ունեցել, որպեսզի ուրիշի օրինակով հասկանա, որ պետք չէ այդինչ բանն անել»։

 

 

Հայրիկը նշում է, որ ինքն ու կինը փորձում են ուժեղ ու համարձակ աղջիկներ դաստիարակել, երեխաներին բացատրում են, որ ծնողները ամեն պահի կարող են իրենց  կողքը չլինել, բայց աղջիկները պետք է կարողանան պաշտպանել իրենց։ Կարենը ցանկանում է երրորդ, անգամ չորրորդ ու հինգերորդ երեխան ունենալ, իր համար էական չէ՝ տղա կլինի, թե աղջիկ, ասում է՝ աստված ինչ կտա։

 

 

Ներկա ու ապագա հայրիկներին Կարենը խորհուրդ է տալիս շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ։ «Դա ոչ միայն երեխաների համար է, այլև մեզ համար է լավ, երեխաները էներգիայի մեծ աղբյուր են»։

 

 

Արետ. «Երեխայի խնամքի հետ կապված ցանկացած բան կարող եմ անել՝ սկսած լողացնելուց մինչև մազերը հյուսել…»

 

 

 

31-ամյա սփյուռքահայ Արետը  ևս աղջկա հայր է։ Թուրքիայում ծնված Արետը 2009 թվականից ապրում է Հայաստանում, առաջին մասնագիտությամբ դաշնակահար է, ներկայումս աշխատում է որպես նկարիչ-անիմատոր, The Crowdfunding Formula մարքեթինգային ծրագրավորման ընկերության վիզուալ բաժնի ղեկավարն է։

 

 

Արետը 27 տարեկանում է հայր դարձել, ասում է, որ պատրաստ էր ծնող դառնալուն, սակայն կինն ավելի պատրաստված է եղել։ «Կինս ավելի շատ էր կարդացել գրականություն, իսկ իմ դեպքում ավելի շատ ընտանիքից եկող ավանդույթներն են եղել, ես տեսել եմ հայրիկիցս, հորեղբայրներիցս, քեռիներիցս, նրանք բոլորը ընտանիքին նվիրված մարդիկ են։ Իսկ ավելի հստակ հայր լինել սովորել եմ աղջկաս ծնունդից հետո»,- ասում է Արետը։

 

 

Նախքան երեխայի ծնվելը կնոջ հետ չեն քննարկել, թե ինչպիսի աշխատանքային բաժանում պետք է ունենան երեխայի խնամքի, դաստիարակության հարցում, ամեն ինչ բնական է ստացվել։ Կրծքով կերակրման փուլում ավելի շատ կինն է ներգրավված եղել, իսկ բոլոր այն դեպքերում, երբ հավասարապես կարող էին մասնակցել և՛ հայրիկը, և՛ մայրիկը, Արետը փորձել է հնարավորինս շատ ժամանակ հատկացնել երեխային։

 

 

«Երեխայի խնամքի հետ կապված ցանկացած բան կարող եմ անել՝ սկսած լողացնելուց մինչև մազերը հյուսել (ծիծաղում է)։ Ես չեմ մտածում, թե երեխայիս հետ ժամանակ անցկացնելով՝ ես օգնում եմ կնոջս, կամ որ դա կնոջս գործն է կամ իմ գործն է։ Դա պարզապես վիճակ է, փուլ է, երբ դու երեխա ունես, պետք է շփվես հետը, մասնակցես իր կյանքի յուրաքանչյուր փուլին, այլապես տարիները կանցնեն ու դու չես էլ հասկանա, թե ինչպիսի երեխա է մեծանում քո ընտանիքում»։

 

Երաժիշտ հայրիկը նկատել է, որ փոքրիկ Արսինեն ևս երաժշտության հանդեպ անտարբեր չէ և սկսել է դա զարգացնել երեխայի մեջ։ «Ես նկատել եմ, որ Արսինեն ռիթմի լավ զգացողություն ունի, և մեր առաջին համատեղ երաժշտական փորձը եղել է մածունի տարրաների վրա նվագելը (ժպտում է)։ Կարող եմ գլուխ գովել, որ իմ երեխան հայկական ժողովրդական երաժշտություն լսելով ու երգելով է մեծանում։ Օտար լեզուներով երգեր էլ է լսում, բայց մեծամասամբ հայկական երաժշտություն է լսում ու սիրում»,- հպարտանում է երիտասարդ հայրիկը։

 

 

Բացի երգել-պարելուց Արետը նաև զարգացնող խաղեր է խաղում դստեր հետ, ամեն հարմար առիթով փորձում է զվարճացնել 4-ամյա աղջկան՝ նրա հետ վազում, թռչկոտում է։ «Փորձում ենք ամեն շաբաթ օր որևէ տեղ գնալ միասին։ Հանրային վայրերում էլ ես նույն հոգատար հայրիկն եմ։ Հասարակությունն ինձ որևէ կերպ չի կաշկանդում, որ ես լինեմ նույնքան հոգատար, որքան տանն եմ։ Չի եղել մի այնպիսի իրավիճակ, որ զարմանան, թե տղամարդն ինչու է այդքան հոգատար երեխայի նկատմամբ»։

 

Պատահել է, որ երեխայի խնամքով պայմանավորված ազատ օր է վերցրել աշխատանքից կամ տնից է աշխատել։ Այդպիսի դեպքերը հազվադեպ են եղել, հիմնականում առողջական վիճակով պայմանավորված։ Եղել են դեպքեր, երբ Արետը Արսինեին իր հետ աշխատավայր է տարել։ «Մեր գրասենյակում չկա մի մարդ, ով Արսինեին չի ճանաչում։ Եղել են դեպքեր, որ կամ ես կամ կինս պետք է մեզ հետ տանեինք երեխային աշխատավայր, ես եմ տարել, 4-5 անգամ եղել է։ Մի անգամ կեսօրին երեխային քնեցրել էի գրասենյակի հանդիպումների սենյակում։ Ես ինքս էլ քնել էի երեխայի կողքին, այդ ժամին հանդիպում է եղել այդ սենյակում, երբ աշխատակիցները տեսել են մեզ, ուրախացել են, լուսանկարել են մեզ»,- հիշում է Արետը։

 

 

Աշխատավայրում դրական են արձագանքել, ավելի շատ հիացմունք է եղել, որ հայրիկը աղջկա հետ եկել է աշխատանքի։ «Գուցե նախկինում շատ չեն տեսել նման բան, բայց արձագանքը միայն դրական է եղել։ Ես ինձ ավելի շատ գնահատված եմ զգացել, երբ  ասել են՝ «ի՜նչ պապա ա, է՜»։

 

Արետը կցանկանար ավելի շատ ժամանակ տրամադրել երեխային, ափսոսում է, որ աշխատանքով պայմանավորված երբեմն հնարավորություն չի ունենում ավելի շատ ներգրավվելու։ «Այս տարիքում օրեցօր է մեծանում, նոր բառեր է սկսում գործածել, նոր բաներ է սովորում։ Շատ ես ուզում որպես հայր այդ ամենում ներկա լինել։ Եթե ունեք հնարավորություն, ազատ ժամանակ, այդ ժամանակն անպայման անցկացրեք ձեր երեխայի հետ։ Նրա հետ հասունանում եք, նոր բաներ եք սովորում»։

 

 

Արման Ղարիբյան

 

 

Դիտումների քանակը` 1235

Գլխավոր էջ