Գյումրի-2016. Կուսակցությունների մեծ մասը ներկայացրել են կանանց առաջին եռյակում/ ինֆոգրաֆիկա
Հոկտեմբերի 2-ի Գյումրիի ավագանու ընտրություններին 11 կուսակցություն է մասնակցելու: Նրանց նախընտրական ցուցակներում, ընդհանուր թվով 419 թեկնածու է ներկայացված, որոնցից 128-ը կամ 30,5 % -ը կանայք են: Հիշեցնենք, որ օրենքով սահմանված պահանջով, կուսակցությունները պետք է ապահովեն իրենց նախընտրական ցուցակներում սեռերի առնվազն 25/75 համամասնությունը: Նշենք նաեւ, որ Գյումրիի գործող ավագանու 21 անդամից միայն մեկն է կին:
Գյումրիում առաջադրված 11 կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մինիմումը 25 % է («Բալասանյան» դաշինք և «Բարգավաճ Հայաստան» ) , իսկ մաքսիմումը ՝ 44 % է ( «Գյումրեցու ոգի», «Գործարար» ): Մյուս կուսակցությունները 30 -33% կին են ներկայացրել իրենց ցուցակներում:
Ընդհանուր առմամբ Գյումրիում առաջադրված կուսակցությունների ցուցակներում ներկայացված թեկնածուների մեկ երրորդը կանայք են: Ընդ որում, 11 կուսակցություններից 8-ը ներկայացրել են կին թեկնածուներին ցուցակի առաջին եռյակում, մնացած երեքը ՝ 4-րդ համարից սկսած: Ցուցակներից միայն մեկն է կին գլխավորում՝ Եպրաքսյա Մեխակյանը ( ՀԱԿ) : Կուսակցություններից 7-ը երեք կին են ընդգրկել իրենց ցուցակների առաջին տասնյակում:
Ներկայացնենք առաջադրումներն ավելի մանրամասն.
«Ալյանս» կուսակցություն
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը մասնակցում է Գյումրու ավագանու ընտրություններին 22 թեկնածուով, որոնցից 7-ը կանայք են (32%): Առաջին տասնյակում երեք կին թեկնածուի անուն կա՝ Վարդուհի Մուրադյան (ՀԱՊՀ Գյումրու Մասնաճյուղ, Կրթության որակի ապահովման և վերահսկողության բաժնի աշխատակից, ընդունելության պատասխանատու քարտուղար, «Ալյանս.-ի անդամ)՝ 3-րդ հորիզոնական, Լիանա Սեֆերյան (Գյումրու Ա. Տիգրանյան անվ. թիվ 3 երաժշտական դպրոց, ուսուցչուհի, «Ալյանս»-ի անդամ)՝ 6-րդ հորիզոնական և Գայանե Ղազարյան (չի աշխատում, «Ալյանս»-ի անդամ)՝ 9-րդ հորիզոնական:
«Բալասանյան» դաշինք
Գյումրու ընտրություններին առավելագույն թվաքանակով ընտրական ցուցակ ներկայացրել է «Բալասանյան» դաշինքը, որի կազմում ընդգրկված են Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունը: Մեծամասնությամբ իշխող կուսակցության մասնակցությաամբ ձեւավորված այս դաշինքը գլխավորում է Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ընդհանուր առմամբ ցուցակում ներառված է թեկնածուների առավելագույն թույլատրելի թվաքանակը՝ 99 թեկնածու, որոնցից միայն 25-ն են կանայք (25%): Նրանք, հիշեցնենք, պայքարելու են ավագանու 33 տեղերի համար: Առաջին կին թեկնածուն՝ Լոլյա Խաչատրյանը («ՀԷՑ» ՓԲԸ -արհմկոմի նախագահ, ՀՀԿ անդամ), ներկայացված է ցուցակում 4-րդ հորիզոնականում՝, երկրորդը՝ Լուսինե Սանոյանը («Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-արտաքին կապերի վարչության պետ,անկուսակցական), 8-րդում և այդպես շարունակ, յուրաքանչյուր քառյակում մեկ կին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը ներառում է 49 անուն, այն գլխավորում է Վարդևան Գրիգորյանը: Նրանցից միայն 12-ն են կանայք (24,5%): Առաջին կին թեկնածուն՝ Սուսաննա Աստոյանին («Լենտեքս» ՍՊԸ՝ գլխավոր ինժեներ,ԲՀԿ անդամ), ներկայացված է երրորդ հորիզոնականում: Հաջորդ կին թեկնածուն՝ Արմենուհի Մխիթարյանը (Չի աշխատում, ԲՀԿ անդամ), ներկայացված է 8-րդ հորիզոնականում: Այսպիսով, ԲՀԿ-ն ևս առաջին տասնյակում ընդամենը երկու կին թեկնածու է ներկայացրել: Այնուհետ գործում է սկզբունքը՝ ամեն քառյակում մեկ կին թեկնածու:
«ԳԱԼԱ» կուսակցություն
Նորաստեղծ «Գաղափարակից լիբերալների Ալյանս» կամ «ԳԱԼԱ» կուսակցությունը մասնակցում է Գյումրու ավագանու ընտրություններին 22 թեկնածուներից կազմավորված ընտրական ցուցակով: Այն գլխավորում է Վահան Խաչատրյանը: Ընտրական ցուցակում 7 կին թեկնածու կա (32%), ընդ որում առաջին տասնյակում երեք կին է. Քրիստինա Մկրտչյանը («ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊԸ www.galatv.am կայքի գլխավոր խմբագիր, «Թիմ ռեսուրս» քաղաք. նախաձ. կենտրոն ՀԿ հաղորդման հեղինակ, «ԳԱԼԱ»-ի անդամ), տեղակայված է առաջին եռյակում՝ 3-րդ հորիզոնականում: Հաջորդը Արմենուհի Վարդանյանն է («Թիմ ռեսուրս» քաղաք. նախաձ. կենտրոն ՀԿ հաղորդման հեղինակ, «ԳԱԼԱ»-ի անդամ ), ով ներկայացված է 5-րդ հորիզոնականում և Հերմինե Մկրտչյանը («ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊԸ, ԳԱԼԱ Հ/Ը, լրատվական ծառայության համակարգող, «Թիմ ռեսուրս» քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, հաղորդման հեղինակ, «ԳԱԼԱ»-ի անդամ) ՝ 7-րդ հորիզոնականում:
«Գյումրեցու ոգի» կուսակցություն
Կուսակցության նախընտրական ցուցակում 16 թեկնածուի անուն կա, որոնցից 7-ը կանայք են (44%): Կանանց տոկոսային ներկայացվածությամբ այս կուսակցության ցուցակն առաջատարներից մեկն է: Առաջին տասնյակում երեք կին թեկնածու կա՝ 3-րդ հորիզոնականում Արմենուհի Նիկողոսյանն է (Հահմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղի նախագահ,անկուսակցական), 5-րդում՝ Սոֆյա Հովհաննիսյանը (Հայկաձորի միջն. դպրոց, «Գյումրեցու ոգի») և Սիրանուշ Հակոբյանը (Երեխաների խնամքի և պաշտպանության Գյումրու թիվ 1 գիշերօթիկ դպրոց՝ դաստիրակ, «Գյումրեցու ոգի») 9-րդ հորիզոնականում:
«Գործարար» կուսակցություն
«Գործարար» կուսակցության նախընտրական ցուցակում կին թեկնածուները նույնպես 44% են: Ցուցակում 16 թեկնածու է ընդգրկված, որոնցից 7-ը կանայք են, իսկ առաջին տասնյակում երեք կին թեկնածու կա: 3-րդ հորիզոնականում ներկայացված է Էլյանորա Ավետիսյանը,(«ՑԱՅԳ» ՍՊԸ, ֆինանսական գծով փոխտնօրեն, «ԳՈՐԾԱՐԱՐ» կուսակցության անդամ), Աննա Պետրոսյանը (Չի աշխատում, «ԳՈՐԾԱՐԱՐ»)՝ 7-րդ հորիզոնականում և Շուշան Երանոսյանը (Չի աշխատում, «ԳՈՐԾԱՐԱՐ») 10-րդում:
«Համախմբում» կուսակցություն
ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը ընտրական ցուցակի առաջին հորիզոնականը վստահել է Հովհաննես Ասոյանին, իսկ առաջին կին թեկնածուն՝ Սեդա Ղազարյանը (Չի աշխատում,Համախմբում), ներկայացված է ցուցակի 4-րդ հորիզոնականում: Առաջին տասնայկում եւս երկու կին կա: Երկրորդ թեկնածուն՝ Սիրանուշ Սերոբյանը (Չի աշխատում,«Համախմբում»), 6-րդ հորիզոնականում, եւ Բելլա Հովհաննիսյանը (Ա/Ձ «Բելլա Հովհաննիսյան» ,«Համախմբում») 10-րդ հորիզոնականում: Ընդհանուր առմամբ՞ «Համախմբում» կուսակցության ընտրական ցուցակում 33 թեկնածու է ներկայացված: Ցուցակում 11 կին թեկնածու կա կամ 33%-ը:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
ՀԱԿ-ը Գյումրու ՏԻՄ ընտրություններում միակն է, որի ընտրական ցուցակը կին է գլխավորում: Առաջին հորիզոնականը կուսակցությունը «Շրջապատ» շաբաթաթերթի հիմնադիր, անկուսակցական Եպրաքսյա Մեխակյանին է վստահել, եւ կուսակցության հաջողության դեպքում Գյումրին կունենա առաջին կին քաղաքապետը: 5-րդ հորիզոնականում ներկայացված է Յուղաբեր Ղազարյանը («Բարեփոխում և զարգացում» իրավապաշտպան հ/կ նախագահ, անկուսակցական), 9-րդ հորիզոնականում՝ Անի Տոնոյանը (Hair style սալոն, վարսահարդար, ՀԱԿ): Ընդհանուր առմամբ, կուսակցության ցուցակում ընդգրկված 22 թեկնածուից 7-ը կանայք են (32%):
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
ՀՅԴ-ն Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցում է 33 թեկնածուով համալրված նախընտրական ցուցակով, որը գլխավորում է Աշոտ Կուրղինյանը: Ցուցակում 10 կին է ներկայացված (32%) : Առաջին կին թեկնածուն 3-րդ հորիզոնականում է՝ անկուսակցական Արաքսյա Մարգարյանը (ԵԳՊԱ Գյումրու մասն. Կերպարվեստի տեսության ամբիոնի վարիչ, անկուսակցական), իսկ առաջին տասնյակում ՀՅԴ-ն ներառել է ընդամենը երկու կանանց՝ երկրորդ կին թեկնածուն 8-րդ հորիզոնականում է՝ Սիրանուշ Ղուկասյանն է (Գյումրի Ն. Ա. Մելիքյանի անվ. թիվ 2 պոլիկլինիկիայի տնօրեն, անկուսակցական): Տեղ-տեղ «յուրաքանչյուր քառյակում» սկզբունքը «խախտվում» է ՝ օրինակ, ցուցակի 15-րդ և 16-րդ հորիզոնականներում իրար հետեւից կանայք են ներկայացված:
«Հայկական վերածնունդ» կուսակցություն
Վերափոխված «Օրինաց երկիր» կուսակցությունը, որն այսուհետ հանդես է գալիս որպես «Հայկական վերածնունդ» կուսակցություն , Գյումրու ավագանու ընտրություններին կմասնակցի բավականին պատկառելի ընտրական ցուցակով, որում ընդգրկված են 90 թեկնածեր: Ցուցակը գլխավորում է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Ցուցակում 30 կին թեկնածուի անուն կա (30%): Առաջինը՝ Հասմիկ Եղիազարյանը (ԵԿՏԱ Գյումրու մասնաճյուղի ռեկտոր, «Հայկական Վերածնունդ»), ներկայացված է 3-րդ հորիզոնականում: Հաջորդը ՝6-րդ հորիզոնականում է ՝ Գոհարիկ Շահբազյանն է (Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրեն, Հայկական Վերածնունդ) և 7-րդ հորիզոնականում Հեղինե Ադամյանը (Ալեքպոլ ՍՊԸ, տնօրեն, Հայկական Վերածնունդ): Այսինքն, ցուցակի առաջին տասնյակում երեք կին կա:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ընտրություններին կմասնակցի 17 թեկնածու ունեցող ընտրական ցուցակով: Այն գլխավորում է կուսակցական Արթուր Համբարձումյանը, իսկ առաջին կին թեկնածուն ներկայացված է 4-րդ հորիզոնականում՝ Էմմա Պալյանը («Արարատնյուզ» Լրատվական Կայքի խմբագրի օգնական, «Քաղաքացիական պայմանագիր»): Առաջին տասնյակի երկրորդ կին թեկնածու Լուսինե Առաքելյանն է (Թումո Տեխնոլոգիական Կենտրոն, Ուսումնական մասի համակարգող, «Քաղաքացիական պայմանագիր») ներկայացված է 8-րդ հորիզոնականում: Առաջին տասնյակում ընդամենը երկու կին թեկնածու է ընդգրկված, իսկ ընդհանուր առմամբ ցուցակում 5 կին թեկնածու կա (29%):
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 2593