Կառավարությունը խոստանում է ընդլայնել կանանց տնտեսական հնարավորությունները
Փետրվարի 6 –ին հրապարակված ՀՀ Կառավարության ծրագրում անդրադարձ է կատարվել կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման խնդրին: Կանանց իրավունքների մասին ուղղակի հիշատակումները կենտրոնացած են «Ազատ արժանապատիվ և երջանիկ քաղաքացի» գլխում: Մասնավորապես, այդ գլխի «Աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը և ժողովրդագրությունը» բաժնում գործադիրը խոստանում է.
«Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու նաև կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը:
Կիրականացվի զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության բարձրացում, նոր ծրագրերի ներդրում՝ նպատակաուղղված աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանը, «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների խթանմանը, գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերի համալրմանը, արդյունքում՝ գործազրկության մակարդակի նվազմանը»։
Կառավարությունը նախատեսում է նաև պարզեցնել աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները, համապատասխանեցնել դրանք միջազգային պայմանագրերով ամրագրված պահանջներին, ինչպես նաև ապահովել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական և արդյունավետ պետական վերահսկողության համակարգի ներդրումը:
Նկատենք, որ կանանց ուղղակի հիշատակման առումով նոր ծրագիրը որոշակի առաջընթաց է, օրինակ, 2016 թվականի կառավարության ծրագրի համեմատ ։ Այնտեղ միայն մեկ անգամ էր «կանանց» բառը նշված, այն էլ զինծառայության համատեքստում։ Կարեն Կարապետյանի կառավարությունը նախատեսել էր. «Կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունների ընդլայնում»։ Իսկ 2017-2022 հնգամյա ծրագրում էլ կանայք երկու անգամ էին հիշատակվել՝ զինծառայության ու հավասար իրավունքների համատեքստում։ Նշվել էր. «Մինչև 2022 թվականի ավարտը կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ընդյալնման նպատակով ինտեգրել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում սեռի հատկանիշով բաղադրիչը, ներդնել իրավիճակի գնահատման և մոնիթորինգի գործիքները»։ Ի դեպ, երեք ծրագրերում էլ «գենդերային հավասարության» բառակապակցությունը բացակայում է։
Խտրականության բացառման համատեքստում նոր ծրագրում առանձին խոսվում է միայն հաշմանդամության հիմքով խտրականությունը բացառելու կառավարության պարտավորության մասին: Դրա հետ մեկտեղ կառավարությունը խոստանում է «բոլորի՝ օրենքի առջև հավասարության երաշխավորման, խտրականության դրսևորումների կանխման, ինչպես նաև հավասար իրավունքների իրագործման նպատակով ներկայացնել իրավահավասարության ապահովման, խտրականության բացառման վերաբերյալ համապարփակ օրենսդրություն, ինչը հնարավորություն կստեղծի յուրաքանչյուր անձին իր խախտված իրավունքների վերականգնման համար օգտվելու արդյունավետ իրավական մեխանիզմներից»:
Նշենք նաև, որ ծրագրի առողջապահության ոլորտին վերաբերող հատվածում կառավարությունը խոտանում է՝ հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մոր և մանկան առողջության պահպանման, վերարտադրողական առողջության բարելավման, վաղ մանկության շրջանի և դեռահասության առողջապահական խնդիրները, սրտանոթային և քաղցկեղային հիվանդությունների բուժման և վերահսկման արդյունավետության բարձրացումը: Թվեր, ցուցանիշներ առկա իրավիճակի ու ակնկալվող արդյունքի վերաբերյալ չկան։ Ձևակերպումները խիստ ընդհանրական են, բարի ցանկությունների ու բարեմաղթանքների նման։ Հենց ցուցիչների, ծրագրերի իրականացման մեխանիզմների բացակայությունն էլ հարուցել է շատերի դժգոհությունը։ Տարբեր ոլորտների մասնագետներ նշում են՝ չկա ցուցանիշ, չկա վերահսկողություն, չկա հաշվետվողականություն ու պատասխանատվություն։
Քիչ թե շատ թվեր ներկայացված են ծրագրի՝ կրթության բաժնում։ Օրինակ, կառավարությունը որպես հանրակրթության ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներից մեկը սահմանել է, որ պետք է բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի։
Նախատեսում է 2020-2021 թվականների ընթացքում հզորացնել խնամակալության և հոգաբարձության ինստիտուտը՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն իր սոցիալական միջավայրում կազմակերպելու նպատակով։ Բացի այդ, գործադիրը խոստանում է ապահովել բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին կայուն դպրոցական սննդով, անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում մինչև 2023 թվականը։
Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը։ Նույն բաժնում նշվում է՝ լառավարությունը հետևողական է լինելու երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, նրանց ընտանիք վերադարձնելու, ինչպես նաև մանկատնից դուրս եկող երիտասարդների անկախ կյանքի կազմակերպման գործընթացը սահուն կազմակերպելու հարցում։
Նախորդ ժամանակաշրջանում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով, ըստ ծրագրի, մշակվելու և կյանքի են կոչվելու ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնց շրջանակներում, ըստ անհրաժեշտության, կվերանայվեն նաև գործող ծրագրերը։ Թիրախային ծրագրեր են մշակվելու նաև հայրենադարձ ընտանիքների համար՝ առաջնահերթ դիտարկելով երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքներին։
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 2322