Երեք հարց Գորիսում առաջադրված կին թեկնածուներին
Հոկտեմբերի 17-ին Գորիս բազմաբնակավայր համայնքում սպասվող համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել երեք ուժ՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ընդհանուր առմամբ ընտրական ցուցակներում ներառված է 101 թեկնածու, որոնցից 33-ը կանայք են (33%)։
WomenNet.am -ը զրուցել է Գորիսում ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում առաջնային դիրքերում ներկայացված կանանց հետ, առաջարկելով նրանց պատասխանել երեք հարցի՝ ընտրություններին մասնակցելու դրդապատճառների, համայնքի առաջնահերթ խնդիրների և քարոզարշավի ընթացքում դժվարությունների մասին: Ի դեպ, թեկնածուների հետ զրույցների ընթացքում պարզվեց, որ երեքն էլ անկուսակցական են, և հավասարապես մտահոգված են իրենց համայնքի անվտանգության խնդրով՝ համարելով այն գերխնդիր…
Անի Գալստյան.
«Առաջադրվելու գլխավոր պատճառն այն ծանր իրավիճակն է, որով բոլորս ենք մտահոգված»
Անի Գալստյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին կին թեկնածուն է: Մասնագիտությամբ քիմիկ է, նաև մանկավարժի որակավորում ունի: 2004 թվականից աշխատում է Գորիսի պետական համալսարանում (ԳՊՀ) որպես կենսաբանության և քիմիայի ամբիոնի դասախոս:
– Ինչո՞ւ եք որոշել մասնակցել ընտրություններին հենց ՔՊ ցուցակով:
– Ես անկուսակցական եմ, երբևէ որևէ կուսակցության ներկայացուցիչ չեմ եղել և չեմ պատրաստվում: Իհարկե, գուցե հետո ինչ-որ բան փոխվի, ես չգիտեմ, բայց կոնկրետ հիմա ես այն կարծիքին եմ, որ այսպես ավելի անկախ եմ ու ավելի ազատ կարող եմ իր կարծիքը արտահայտել:
Թե ինչու որոշում կայացրեցի…. Ինչպես և շատերի համար, գլխավոր պատճառն այս ծանր իրավիճակն է, որով բոլորս ենք մտահոգված: Բայց ես հասկացա, որ բոլորս քննադատում ենք, խոսում, իսկ ինչո՞ւ ոչինչ չանենք հենց մենք: Ես ինքս ինձ այդ հարցը տվեցի՝ ինչո՞ւ ոչ ես, գուցե ես էլ կարո՞ղ եմ ինչ-որ բանով օգտակար լինել իմ երկրին:
– Որոնք են այն առաջնահերթ խնդիրները, որ պատրաստվում եք լուծել ընտրվելու դեպքում:
– Առաջին գերխնդիրը մեր անվտանգության ապահովումն է: Իհարկե, սա պետական մակարդակով լուծվող հարց է, բայց մեր համայնքն էլ իր մասնակցությունը, ինչպես և յուրաքանչյուր համայնք, պետք է ունենա այդ գործում: Դա համար առաջին հարցն է, գերհարցն է. Գորիսի աշխարհագրական դիրքն էլ գիտենք, թե ինչպիսինն է, թշնամին այսօր եկել ավելի է մեզ մոտեցել: Իմ ընտանիքը 15 տարինեի ընթացքում արդեն նախկին ազատագրված տարածքներում շինարարություն է իրականացրել, իմ ամուսինս այնտեղ շինարարությամբ է զբաղվել, մեր ընտանիքն այնտեղ տուն-հողամաս ուներ… այդ ամենը կորցրեցինք: Իհարկե այս նյութական կորուստներն անհամեմատելի են անդառնալի մարդկային կորուստների, գերության մեջ մնացածների, անհայտ կորածների հետ…. մեզ մոտ էլ քրոջս որդին է անհայտ կորել…
Երկրորդ հերթին կարևորում եմ խոսքի ազատության այն մթնոլորտը, որ արդեն երեք տարի և ավելի առկա է Գորիսում, մինչդեռ ես գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ վերջին տասնամյակներին գորիսեցին միշտ եղել է զգուշավոր՝ կամքը, միտքը, կարծիքը չի արտահայտել, որովհետև հետևանքները ցավոտ են եղել: Իսկ հիմա այդպես չէ ,սակայն որոշ դեպքերում խոսքի ազատությունը միշտ չէ, որ ճիշտ է ընկալվում մեր հասարակության կողմից, ազատությունը լավ բան է, բայց այն պետք է լինի չափի մեջ՝ դա իմ կարծիքն է: Կարծում եմ, որ առաջնահերթ է, որպեսզի մենք՝ համայնքային բնակիչներս, կարողանանք ավելի տեղին օգտագործել խոսքի ազատությունը:
Երրորդը բնականաբար այն ծրագրերի իրագործումն է, որոնք կարող են բարեկեցիկ կյանք ապահովել գորիսեցիներին: Երբ առաջին երկուսը իրագործվեն՝ սահմանները անվտանգ լինեն, ազատ լինենք, մենք պետք է մտածենք բազմաթիվ ծրագրերի իրագործման մասին, որոնք, օրինակ, կնպաստեն երիտասարդների խնդիրների լուծմանը, կբարելավեն կրթությունը:
– Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել քաղաքականություն մտնելու ճանապարհին:
– Ի սկզբանե, երբ ես ստացա ընտրություններին մասնակցելու առաջարկը, մերժեցի: Մտածում էի՝ չի լինի՝ ամուսին, ընտանիք ունեմ, չեն թողնի և այլն: Բայց այդ երկմտանքը շատ կարճ տևեց. երբ տեսա դրական արձագանքը իմ ամուսնու, հորս կողմից, հասկացա, որ իմ պատկերացումները ճիշտ չէին և ես կարող եմ, ինչո՞ւ ոչ: Եվ հիմա տեսնում եմ, որ դա առավելություն է և շատ ուրախ եմ, որ ստացել եմ այդ հնարավորությունը առաջադրվելու, այդ թվում և Ընտրական օրենսգրքի պահանջի շնորհիվ: Կարծում եմ, որ կանանց մասնակցությունը որոշակիորեն զսպում է տղամարդկանց… Միանշանակ կողմ եմ, որպեսզի հնարավորինս մեծ թվով կանայք ընդգրկված լինեն քաղաքական գործընթացներում:
Հերմինե Դիլանչյան.
«Պատերազմից հետո հասկացա, թե ինչպիսի մեծ անտարբերություն կա մարդու նկատմամբ»
Ներքին Խնձորեսկի դպրոցի անգլերենի ուսուցչուհի Հերմինե Դիլանչյանը ընդդիմադիր «Առուշ Առուշանյան» դաշինքի ընտրական ցուցակի երրորդ կին թեկնածուն է: Անկուսակցական է: Դիլանչյանը ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում՝ վերջին չորս տարիներին «ՏԱՐՈՆ» Երիտասարդական Զարգացման ՀԿ-ի նախագահն է, իսկ ամռան ամիսներին սիրով զբաղվում է գիդի աշխատանքով, քանի որ սիրում է բացահայտել օտարերկրյա զբոսաշրջիկների համար Սյունիքի գեղեցկությունը, Գորիսի, Խնձորեսկի հրաշալիքները: 2011-ին թվականին, որպես ուսուցչուհի, փոխանակման ծրագրով սովորել է ԱՄՆ-ում:
– Ինչո՞ւ եք որոշել մասնակցել ՏԻՄ ընտրություններին հենց «Առուշ Առուշանյան» դաշինքի ցուցակով:
– Երբեք չեմ մտածել քաղաքականություն մտնելու մասին, թեև մասնակցել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի մենթորության բաղադրիչին։ Պատերազմից հետո հասկացա, թե ինչպիսի մեծ անտարբերություն կա մարդու նկատմամբ: Եվ հիմա տեսնում եմ, որ «Առուշ Առուշանյան» դաշինքը սրտացավ ուժ է, հայրենասեր և հենց դա էլ պատճառ դարձավ, որ ես որոշում կայացրեցի հենց այդ թիմում ընդգրկվել: Որոշում կայացնելու առումով մեծ դեր խաղաց այն հանգամանքը, թե Առուշ Առուշանյանն իր պաշտոնավարման ընթացքում մեծ ներդրում է ունեցել Գորիս քաղաքի կյանքում:
– Որոնք են այն առաջնահերթ խնդիրները, որ պետք է լուծվեն համայնքի կյանքում:
– Թերևս ամենագլխավորը անվտանգությունն է: Սա գլոբալ հարց է ու թեև համայնքային իշխանության իրավասությունները շատ քիչ են այն երաշխավորելու համար, բայց դա անհրաժեշտություն է, որպեսզի համայնքը դուրս գա վերջապես այս անորոշությունից: Մեր գյուղը սահմանամերձ է , և սահմանների պաշտպանությունը գլխավոր առաջնահերթություն է այնտեղ բնակվող մարդկանց համար, նրանք պետք է վստահ լինեն իրենց ապագայի հարցում, մինչդեռ այսօր այդ վստահությունը չկա ՝ դժվար է ամեն առավոտ տանից դուրս գալ ու տեսնել թշնամու դրոշոները:
Երկրորդ խնդիրը զբաղվածությունն է: Պատերազմի պատճառով մարդիկ այսօր չեն կարող այլևս զբաղվել, օրինակ, անասնապահությամբ, ինչը նշանակում է, որ աշխատատեղեր պետք է ստեղծվեն համայնքում, մարդկանց զբաղվածության հարցը պետք է օր առաջ լուծվի: Մենք Խնձորեսկում հացի արտադրամաս ենք բացել, յոթ հոգի արդեն աշխատում են և եթե նման արտադրամասեր բացվեն, բնական է, որ ավելի մեծ թվով մարդիկ կապահովվեն աշխատանքով: Զբաղվածության խնդիրը կարևոր է այն տեսանկյունից, որ երիտասարդները ստիպված չեն լինի հեռանալ համայնքից:
Կարևոր հարց է նաև համայնքի մշակութային կյանքի զարգացումը, որն այսօր ի սպառ բացակայում է: Սա նաև շենքային պայմանների բացակայությամբ է պայմանավորված, դպրոցից բացի համայնքում այլ շենք չունենք, բայց անչափ կարևոր է ունենալ մի կենտրոն, որը տարբեր ուղղություններով՝ սպորտ, մշակույթ և այլն, ժամանցի խնդիր կլուծեր մարդկանց համար:
— Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել քաղաքականություն մտնելու ճանապարհին:
– Խոչընդոտներ միշտ էլ կան, դրանք պայմանավորված են կարծրատիպերով: Քո գաղափարները, ծրագրերը ներկայացնելիս էլ զգում ես, որ մարդիկ դեռ կարծրատիպերի տիրապետության տակ են ու հենց դրանով էլ պայմանավորված հաճախ ուղղակի չեն էլ գալիս հանդիպման: Իհարկե, արդարության համար պետք է նշեմ, որ Ներքին Խնձորեսկում այդ խնդիրը չկա, բայց մյուս գյուղերում այն տեսանելի է: Վերջին օրերին ես անձամբ իմ վրա եմ զգացել ճնշելու փորձերը, որպեսզի խեղճանամ, ընկվճեմ ու առաջ չգնամ: Այդ թվում և այն պատճառով, որ կին եմ, տղամարդիկ փորձում են հոգեբանորեն ընկճել, ազդել քո վրա, բայց դա կնոջը չպետք է կաշկանդի:
Նարե Հովհաննիսյան.
«Հիմնական խնդիրը համայնքում համերաշխության ու միասնականության վերականգնելն է»
Նարե Հովհաննիսյանը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակի առաջին կին թեկնածուն է: Առաջին մասնագիտությամբ բանասեր է, երկրորդ մասնագիտությամբ իրավաբան: Հիմնական գործունեությունը ծավալում է հասարակական ոլորտում, իսկ 2017 թվականից հիմնադրել և ղեկավարում է Իրավական նախաձեռնությունների կենտրոնը, որը հիմնականում կենտրոնացած է ազատազրկված անձանց խնդիրների վրա: Անկուսակցական է:
-Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ՏԻՄ ընտրություններին հենց ՀԱԿ-ի ցուցակով:
– Ընտրություններին մասնակցելու առաջարկն ընդունեցի, քանի որ խոսքը իմ համայնքի ապագայի մասին է: Պատերազմին հաջորդած իրադարձություններից հետո ես հասկանում էի, որ պետք է ինչ-որ բան անել, որովհետև Գորիսը բավականին ծանր իրավիճակում է հայտնվել: Ընդունեցի առաջադրվելու ՀԱԿ-ի առաջարկը, որովետև տեսա, որ իմ մտահոգությունները նույնությամբ արտահայտված են ՀԱԿ ծրագրում, ինչպես նաև համոզված եմ, որ իմ մասնակցությունը արդյունավետ կարող է լինել այդ խնդիրների կարգավորման հարցում: Ես միացել եմ այն թիմին, որի թե՛ ցուցակում ընդգրկված անձինք, թե՛ նախընտրական ծրագիրը ինձ հոգեհարազատ են:
-Որոնք են այն առաջնահերթությունները, որ պետք է լուծվեն համայնքում:
-Հիմնական խնդիրն այն է, որ համայնքում պետք է վերականգնվի համերաշխությունը, միասնականությունը: Այս ՏԻՄ ընտրություններում էլ մարդկանց բևեռացրել են ճիշտ այնպես, ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ էր: Մարդկանց մեջ չկա համերաշխություն, անգամ նույն ընտանիքում տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ են, ինչը լուրջ խնդիրների առիթ է դառնում: Համերաշխությունն ու միասնականությունը հնարավոր է վերականգնել մարդու կարիքը լսելով, նրան հասկանալու ճանապարհով, բայց լուծել ոչ թե անհատական մակարդակով, ինչպես արվել են մինչև հիմա, այլ համակարգային :
Երկրորդ առաջնահերթությունն ինձ համար անվտանգությունն է, ինչը մարտահրավեր է ոչ միայն համայնքի, այլև Հայաստանի համար: Սա գլոբալ, ոչ այնքան համայնքային կոնտեքստում լուծվող խնդիր է, բայց այն ավելի է ահագնանում, երբ տեսանելի է, որ տեղի իշխանությունները զբաղված են միջանձնային հարցեր պարզելով կամ միմյանց գզրվրտելով:
Ինձ համար կարևոր նշանակություն ունի նաև ներհամայնքային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործումը: Մենք շփվում ենք բնակիչների հետ և տեսնում, որ երիտասարդները համայնքից հեռանում են, իսկ մնացած անձինք պայմաններ չունեն անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, զբաղվածության հարց լուծելու և այլն: Այս շարքում ես հատկապես կնշեի կանանց զբաղվածության խնդիրը, այսինքն մարդկանց կենսագործունեության համար մինիմալ պայմաններ համայնքում գոյություն չունեն:
– Ի՞նչ խոչընդոտներ են հանդիպել քաղաքականությամբ զբաղվելու ճանապարհին:
– Իրականում ես իմ այս առաջադրումը չեմ դիտարկում որպես քաղաքական դաշտ մտնելու փորձ, ինձ համար սա քայլ է, որը համայնքի խնդիրները լուծելու հնարավորություն է տալիս: Խոչընդոտներ թերևս չեն եղել, որովհետև ես ունեմ ինքնուրույնություն, որոշումներ կայացնելու ունակություն, որևէ ազդեցությունից դուրս եմ: Հուսամ այս ամենը կկարողանամ օգտագործել նաև ընտրվելու դեպքում ի շահ համայնքի:
Զրուցեց Լիա Խոջոյանը
Դիտումների քանակը` 2135