«Երանի նրանք էլ աղջիկ լինեին…»
Հայ հասարակության մեջ տարածված այն կարծիքը, թե տղա երեխան «ցեղը շարունակողն է», «տան ծուխը վառ պահողը» կամ էլ «մի բաժակ ջուր տվողը», այնքան էլ բացարձակ ճշմարտություն չէ:
… Ռուբեն պապը 76 տարեկան է: Նա միայնակ թոշակառու է, թեկուզ ունեցել է 4 զավակ` երեք տղա և մեկ աղջիկ: Աղջկա` Սառայի անունը տալիս չի կարողանում զսպել արցունքները, միաժամանակ նաև լայն ժպիտը: Սառան մահացել է 45 տարեկանում`քաղցկեղից:
Ռուբեն պապի տղաները ամուսնացել են ու ամեն մեկն, ինչպես ինքն է ասում «կնկան գրկել ու նստել ա»: Երկուսը Ռուսաստանում են ապրում, մեկ էլ` քաղաքում: Հիշում են պապին, չի բողոքում, բայց դե «աղջկա սիրտն ուրիշ է»: Սառան երկրորդ զավակն էր:
«Հիշում եմ, երբ պառավս աղջկաս ունեցավ, շատ էինք տխրել… Դե տղա էինք ուզում, մամաս, պապաս… Ախպերս երկու տղա ուներ… մի տեսակ թասիբի հարց էր: Բայց դե ինչ իմանայի, որ աղջիկն է ինձ պահողը լինելու … Երանի նրանք էլ աղջիկ լինեին…»,-ասում է Ռուբեն պապը:
Կնոջը կորցնելոց հետո Սառան է հորը խնամում: «Դե փոքր տղաս էլ ամուսնացավ, գնաց Երևան ապրելու: Ես մնացի լրիվ մենակ: Աղջիկս ինձ լավ տիրություն էր անում: Թեկուզ մարդու տեր էր, բայց շուտ-շուտ էր գալիս գնում, ինչի կարիք ունեի` օգնում էր»,-հիշում է նա:
Իհարկե, Ռուբեն պապը չի ուզում ասել, որ տղա երեխա ունենալը վատ է, այլ պարզապես հակադրվում է տարիներ առաջ իր իսկ ունեցած դիրքորոշմանը, կարծիքին, նույնիսկ կարելի է ասել կարծրատիպին: Նա վառ օրինակ է այն բանի, թե պետք չէ տխրել կամ հանդիմանել կնոջն աղջիկ երեխա ունենալու համար, որ հայ հասարակության մեջ տարածված այն կարծիքը, թե տղա երեխան «ցեղը շարունակողն է», «տան ծուխը վառ պահողը» կամ էլ «մի բաժակ ջուր տվողը», այնքան էլ բացարձակ ճշմարտություն չէ: Այս դեպքում էլ ինչպես կաեր իմ պապը` «մարդս մարդ լինի, կնիկ մարդ թե տղամարդ, ի՞նչ կապ ունի»:
Հայաստանում շատ են դեպքերը, երբ ընտանիքի անդամները ոչ միայն պահանջում են, որ կինը տղաներ ունենա, այլև վատ են վերաբերվում նրան, ով աղջիկ է ծննդաբերում։ Դեպքեր են եղել անգամ, որ ամուսինները բաժանվել են աղջիկ երեխա ունենալու պատճառով։
Սա է պատճառներից մեկը և, իմ կարծիքով գլխավորը, որ պայքար է մղվում աղջիկ երեխա ունենալու դեմ, առանց գիտակցելու, որ հենց այդ նույն աղջիկները ապագա մայրերն են, ովքեր լույս աշխարհ են բերելու իրենց այդքան ցանկալի տղա երեխաներին:
Արդիական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն էլ ավելի հզորացրեցին տղա երեխաներին նախապատվություն տվողների պայքարը: Մի տեսակ զավեշտալի է, բայց արդի տեխնոլոգիաները նպաստում են հին ավանդույթի, կարծրատիպի պահպանմանը:
«Վտանգավոր սահմանագծի ենք հասել»…
Պտղի սեռով պայմանավորված աբորտների հետևանքով Հայաստանում տարեկան մոտ 1500-2000 աղջիկ չի ծնվում։ Եթե այս միտումը շարունակվի, մոտ 20 տարի հետո մեր երկիրը կարող է լուրջ ժողովրդգրական խնդրի առաջ կանգնել՝ աղջիկների պակասի պատճառով։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով: Մինչդեռ Հայաստանում այս հարաբերակցությունը էականորեն խախտված է, ինչը ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին: Նման անհամամասնության ձևավորումը պայմանավորված է ինչպես հայ հասարակության մեջ տղա երեխային նախապատվություն տալու, ընտանիքում և հասարակությունում տղայի դերի և նշանակության մասին ձևավորված պատկերացումների հետ, այնպես էլ բժշկական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ապագա երեխայի սեռը պարզելու հնարավորության ստեղծմամբ:
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայումս վտանգավոր սահմանագծի են հասել և դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք: Այսպես, 2011 թվականի դրությամբ այն կազմել է 114 տղա նորածին՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով: Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա): Ավելին, երրորդ և հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է (164 տղա 100 աղջկա դիմաց): Խնդիրը հատկապես արտահայտված է մարզերում (Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր):
Հարցին վերջերս անդրադարձավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ իր մտահոգությունը հայտնելով ծնունդների սեռային հարաբերակցության ցուցանիշներով: «Թե որպես քաղաքացի, թե որպես վարչապետ, թե որպես երկու աղջիկների հպարտ հայր ինձ խիստ անհանգստացնում է այն սոցիալական միջավայրը, որի արդյունքում այսօր մենք կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր: Հանձնարարում եմ աշխատանքի և սոցիալական ապահովության և առողջապահության նախարարներին մշակել և մինչև 2015 թվականի մարտ ամիսը ներկայացնել իրավիճակը շտկելու համապարփակ ծրագիր», – ասել է կառավարության ղեկավարը:
«Ոչ միայն առողջապահության ոլորտի, այլև ողջ հասարակության խնդիրն է»…
Ինպես «WomenNet.am»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից խնդրի լուծման նպատակով մշակվում է «Մարդու վերարտադրողական առողջության և իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի նոր փաթեթ: Նախարարությունը օրենքի նոր նախագիծը նախատեսում է կառավարության քննարկմանը ներկայացնել մինչև 2015թ. –ի առաջին եռամսյակը:
Նոր փաթեթը ենթադրում է օրենսդրորեն ամրագրել պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արգելքը, ինչը ներկայումս օրենսդրության մեջ արտացոլված չէ։ Նախարարությունը նպատակ ունի հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական լրացուցիչ այնպիսի կարգավորումներ և մեխանիզմներ մշակել, որոնք մոր առողջության համար ռիսկեր չեն ավելացնի։
Առաջնային կլինի նորածնի սեռի նախապատվության առումով կնոջ, ընտանիքի, հասարակության վարքագծի վրա ազդող մեխանիզմների մշակումը։ Ասենք` հղիության արհեստական ընդհատման հետևանքների մասին բուժաշխատողի կողմից կնոջը հանգամանալից տեղեկացնելու, հղիության ընդհատման որոշումը վերանայելու համար որոշակի ժամանակ տրամադրելու պարտադիր պահանջների սահմանում։ Կամ հղիության արհեստական ընդհատումից առաջ սոնոգրաֆիական հետազոտությամբ պտղի ներարգանդային կյանքը` շարժումները, դեմքը, սրտի բաբախը ցույց տալ մորը, հարազատներին։
Այս մոտեցումները գուցե ավելի արդյունավետ կլինեն, քան աբորտներն ու երեխայի սեռն իմանալն արգելող օրենքները; Կա տեսակետ, որ արգելքները լի են մի շարք վտանգներով և ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցնի։ Նշվող վտանգներից մեկն էլ այն է, որ եթե աբորտը արգելվի, ապա դրանից աբորտների քանակը չի պակասի, այլ դրանք ուղղակի կանցնեն ընդհատակ, և անօրինական ու վտանգավոր աբորտների թիվը կաճի։ Ինչպես ասում են, եթե մարդ մտքին դրել է միայն տղա երեխա ունենալ, ապա դրան հասնելու համար ամեն ինչի պատրաստ է։
Հիշեցնենք, որ ՀՀ Առողջապահության նախարարությունում քննարկվում էր նաև մեկ այլ եղանակ՝ արգելել բժիշկներին հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը մինչև պտղի 30 շաբաթական դառնալը: Սակայն այս պարագայում էլ կա վտանգ, որ կավելանա կոռուպցիոն ռիսկը, քանի որ մարդիկ մի տարբերակ կգտնեն սեռը իմանալու:
Իրականում, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը ոչ միայն առողջապահության ոլորտի, այլև ողջ հասարակության խնդիրն է: Այստեղ առկա է սոցիալական, հոգեբանական, աշխարհայացքի, ինչպես նաև ազգային մտածելակերպի խնդիր: Իսկ դա պետք է լուծել, ինչու չէ, հենց Ռուբեն պապի վառ օրինակը ներկայացնելով:
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 4174