«Իսկ դու ունե՞ս աղջիկ».

Ֆլեշմոբի լուսանկարների ցուցահանդես` Երևանում 

«Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆեյսբուքյան ֆլեշմոբը, որը մեկնարկել էր այս տարվա օգոստոսին անսպասելի տարածում գտավ. հազարավոր  ծնողներ` հատկապես հայրեր, ֆլեշմոբի շրջանակներում իրենց դուստրերի նկարներն են համացանցում տեղադրել, իսկ ֆլեշմոբին նվիրված ֆեյսբուքյան էջն ընդամենը չորս օրում 120 հազարից ավելի դիտում է ապահովել:

 

Այսօր ՀՀ առողջապահության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում բացվեց  «Իսկ դու ունե՞ս աղջիկ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:  Ցուցահանդեսին ներկայացված էին համանուն ֆլեշմոբին մասնակցած հայրերի և դուստրերի լուսանկարները: Բացի այդ, միջոցառման ընթացքում ցուցադրվեց սելեկտիվ աբորտների մասին տեսաֆիլմ, որի միջոցով հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրվեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրին:

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը խնդիր է ոչ միայն առողջապահության ոլորտի, այլև հասարակության համար: Այստեղ  սոցիալական, հոգեբանության, մտածելակերպի, ինչպես նաև մենթալիտետի խնդիր ունենք: Կարծում եմ, որ խնդրի լուծումը պետք է լինի առողջապահության համակարգի և հասարակության ակտիվ մասնակցության շնորհիվ»,- ասաց ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

 

Ինչ վերաբերում է ֆլեշմոբին` փոխնախարարը նկատեց, որ մասնակիցները մեկ անգամ ևս փորձեցին հանրությանը ցույց տալ`  աղջիկ երեխա ունենալը մեծ հարստություն է և այս փաստը պետք է բոլորը ընդունեն:

 

Փոխնախարարը տեղեկացրեց նաև, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության  և միջազգային փորձագետներն ուսումնասիրում են այլ երկրներում կիրառվող մեթոդներն ու դրանց արդյունավետությունը: Բանակցություններ են վարվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ։  Արդյունքում կմշակվի «Մարդու վերարտադրողական առողջության և իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի նոր փաթեթ, որը ենթադրում է օրենսդրորեն ամրագրել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արգելքը, ինչը ներկայում օրենսդրության մեջ արտացոլված չէ։

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքերով էլ` ֆլեշմոբ անցկացնելու գաղափարը առաջացել է ինքնաբուխ: Նա  շնորհակալություն հայտնեց ֆլեշմոբի հեղինակին` Արամազդ  Ղալամքարյանին, ով ֆեյսբուքյան էջում առաջինը դրեց իր դստեր նկարը, և խնդրի  վերաբերյալ իր անձնականը տեսակետը հայտնեց: «Այս ֆլեշմոբը ցույց տվեց, որ իրականում տվյալ խնդրի մասին խոսելու հասարակական պահանջ կա»,- ասաց Գ.Հայրապետյանը:

 

Նրա խոսքերով` ակցիան մեկ անգամ ևս ցույց տվեց, որ որպես քրիստոնյա ազգ ունենք ավանդույթներ, որոնք հարիր չեն այն մշակույթին ու արժեքներին, որոնց դավանում ենք: «Այս ակցիայով բացահայտ երևաց այն, որ մեր հասրակարությունում կան մարդիկ, ովքեր խնդիրը ընդունում են այնպես, ինչպես կա, և կան մարդիկ, ովքեր հպարտանում են իրենց աղջիկներով  և ապացուցում են, որ աղջիկ երեխայի արժեքը ոչնչով պակաս չէ տղա երեխայի արժեքից»,- ասաց Գ.Հայրապետյանը:

 

 

Ի դեպ, նրա կարծիքով, տղա երեխա ունենալը ծնողների մոտ ավելի շատ կապրիզ է, քան ցանկություն: «Ասում են` տղան մեծ տարիքում մեզ կաջակցի, բայց դրա հետ մեկտեղ ասում են` ջուր տվողը աղջիկն է, ոչ թե տղան: Անգամ եթե տղա ունես, ջուրը հարսն է տալիս»,- նկատեց Գ.Հայրապետյանը:

 

Արամազդ Ղալամքարյանը՝ ֆլեշմոբի նախաձեռնողներից մեկը, պատմեց, թե երբ և ինչպես էր ծագել ֆլեշմոբի գաղափարը:

 

Պարզվում է, ամեն ինչ սկսել է նրանից, երբ Արամազդը համացանցում է տեղադրել իր դստեր լուսանկարը և հարց ուղղել այլ հայրերին՝ մի՞թե նրանք էլ չեն ցանկանում նման դուստր ունենալ: «Ես արտահայտել եմ իմ տեսակետը որպես հայր՝ աղջկա հայր, ու իմ անկեղծ խոսքն եմ ուղղել ապագա հայրերին, ապագա մայրերին` առաջարկելով մտածել, թե ինչու ենք մենք ուզում երեխա ունենալ: Արդյո՞ք մենք ուզում ենք դա ուրախություն պարգևելու համար՝ ինքներս մեզ ու այդ երեխային: Իմ կոչն այն էր, որ մի արեք մի բան, որի արդյունքը չգիտեք: Դուք չգիտեք, թե ինչ հրաշք եք կորցնում: Դա ծայրահեղ հիմար քայլ է, քանի որ դուք ինքներդ ձեզ զրկում եք աղջիկ ունենալու հրաշքից»,- ասաց Ա. Ղալամքարյանը:

 

Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալներին,  ապա աշխարհում ծնունդների բնականոն  սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղան՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով: Մինչդեռ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» հետազոտության տվյալների համաձայն Հայաստանում այս հարաբերակցությունը էականորեն խախտված է: Այսպես, 2013 թվականի դրությամբ այն կազմել է 114 տղա նորածին՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով։ Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված  հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում  (երրորդը՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո): Ավելին, երրորդ և հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է (2008-2012 թթ. միջին ցուցանիշը կազմել է` 164 տղա 100 աղջկա դիմաց): Խնդիրը հատկապես արտահայտված է մարզերում (Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր): Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում Հայաստանը մինչև 2060 թվականը կկորցնի մոտ 93,000 աղջիկ երեխա։

 

 

Նշենք նաև, որ ֆլեշմոբի մասնակիցներին նվիրեցին Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գիրքը, ինչը բազմանշանակ ակնարկ էր` օրվա թեմայի հետ անմիջապես առնչվող…

 

Մ. Մարգարյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…

 

«Ով տղա է բերել ուրախացել են, ով աղջիկ է բերել ասել են՝ տարեք երեսի վրա շուռ տվեք…»

 

Ֆեյսբուքյան ֆլեշմոբ` ընդդեմ սելեկտիվ աբորտների / ֆոտոշարք

 

«Իմ ուղեղում չի տեղավորվում, թե ինչու են մարդիկ պտուղը վերացնում սեռի հիմքով»

 

«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…

 

Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց

 

Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ եւ դեմ

 

 Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում

 

«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում

 

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

 

Դիտումների քանակը` 6126

Գլխավոր էջ