Հայոց Մեծ Եղեռն ու կանայք. ողբերգության վերաիմաստավորում

 

Եղեռնի տարիներին հայերի նկատմամբ իրականացված ֆիզիկական բնաջնջման ու բռնությունների մասին շատ է խոսվում, սակայն կանանց, երեխաների հոգեբանական ճնշումների, բռնի դավանափոխման ու ամուսնությունների պատմություններն այսօր էլ շարունակում են պակաս հայտնի մնալ: Այս  հիմնախնդիրներին են անդրադառնում  Հոդված 3» ակումբում  կայացած  «Հայոց Մեծ Եղեռն ու կանայք. կրկնակի զոհեր, պաշտպանության հերոսներ և ողբերգության հանրայնացնողներ» քննարկման բանախոսները։

 

 

Արեւմտյան Հայաստանի տարբեր համայնքներում ապրող հայ կանայք, իրենց ամուսինների բռնի հավաքագրումից հետո, դարձել են հայի ինքնության պահպանման երաշխավորները: Գաղթի ճանապարհը հայ կանանց ու երեխաների համար բազմաթիվ փորձություններով ու զրկանանքերով է ուղեկցել: Հաճախ հարյուրավոր հայեր ստիպված են եղել օրեր լուսացնել կողպված կացարաններում, որտեղ ոչ միայն սանիտարահիգիենիկ պայմաններ չեն եղել, այլեւ պառկելու, նստելու տեղն է անգամ քչություն արել:

 

-Պատկերացնում եք՝ ինչ համերաշխություն են դրսեւորել այդ կանայք իրար նկատմամբ, ինչ գթասրտությամբ են վերաբերվել իրենց ու ուրիշների երեխաներին, որ հերթափոխել են նստելու, կանգնելու տեղերը, առանց ջրի ու հացի մի քանի օր խաղաղ ապրել փակ տարածքում,- ասում է Քլարկ համալսարանի Հոլոքոստի և Ցեղասպանությունների ուսումնասիրությունների Սթրեսլեր կենտրոնի դոկտորանտ Աննա Ալեքսանյանը:

 

Ֆիզիկական ոչնչացումից ու բռնություններից բացի հայ կանայք ենթարկվել են հոգեբանական բռնությունների, որոնք տարիներ անց այս կամ այն կերպ իրենց հետքն են թողել նրանց կյանքի վրա: Առավել ծանր է եղել գեղեցկատես հայ աղջիկների դրությունը, որոնք թիրախավորվել ու սեռական բռնության են ենթարկվել հենց գեղեցիկ լինելու համար: Խոշտանգումներից խուսափելու համար հայերը ստիպված են եղել գեղեցկությունը թաքցնելու միջոցներ գտնել: Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, ով  Եղեռնից վերապրածների ու նրանց ժառանգների հետ շփվելու բազմաթիվ առիթներ է ունեցել, պատմում է.

 

-Ասում են, որ գեղեցիկ աղջիկների դեմքին հայերը մուր են քսել, տղամարդու հագուստ հագցրել, որպեսզի գաղթի ճանապարհին լրացուցիչ բռնության չենթարկվեն: Այդ կանայք եկել են Արեւելյան Հայաստան, տեղավորվել այստեղ, բայց ոչնչացման վախն այնքան մեծ է եղել նրանց մեջ, որ տղամարդու հագուստից չեն  հրաժարվել: Գյուղերից մեկում մի այդպիսի կին կար, որին Սուսլիկ Հովհաննես էին ասում՝ կին, որը հոգեբանական տրավմաների պատճառով տարիներ շարունակ ապրել էր որպես տղամարդ:

 

Շատ դեպքերում ապահովված հայ ընտանիքների կանայք թուքերի կողմից որպես միջոց են օգտագործվել՝ նրանց ունեցվածքը յուրացնելու համար: Վկայությունները փաստում են, որ առանց ամուսինների մնացած կանանց հաճախ ստիպել են երկրորդ անգամ ամուսնանալ թուրքերի, քրդերի հետ՝ այդկերպ օրինականացնելով հայերի հսկայական ունեցվածքի փոխանցումը:

 

-Եվրոպական քաղաքակրթությամբ դաստիարակված հայ կանայք, որոնք լեզուների էին տիրապետում, երաժշտական կրթություն ունեին, բարեկեցիկ ընտանիքներից էին, Եղեռնի տարիներին բռնի կերպով ամուսնանում էին երկրորդ անգամ: Իսկ երբ թուրք կամ քուրդ ամուսինն օրինապես տեր էր դառնում հայ կնոջ ունեցվածքին, նրան ու երեխաներին դուրս էր վռնդում՝ մատելով բախտի քմահաճույքին,- պատմում է Անուշ Հովհաննիսյանը:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում շատ են լուսանկարներն ու արխիվային նյութերը, որոնք խոսում են հայ կնոջ խիզախության ու պայքարող ոգու մասին: Հայտնի լուսանկարներից մեկում Թանգիկն է՝ մի ձեռքում հրացան, մյուս ձեռքով՝ որդու՝ Ռուբենի ձեռքը բռնած: Լուսանկարն արվել է Վանի Շատախ շրջանում, որտեղ մինչեւ 1915թ.-ն արդեն բռնությունները սկսվել էին:

 

-Կինը, որի որդուն քրդերը գերեվարել էին, հրացանը վերցրել ու գնացել էր որդուն ազատելու: Լուսանկարն այդ հաղթանակի վկայությունն է,- նշում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչ Գոհար Խանումյանը:

 

Պահպանված վկայությունները մեծամասամբ տղամարդկանց հուշագրություններն են, ինչը հիմք է տալիս կարծելու, որ հայ կանայք անգամ իրենց ժառանգներին խուսափել են պատմել թուրքերի կողմից խոշտանգումների ենթարկվելու, բռնի ամուսնությունների, սեռական ոտնձգությունների մասին՝ վախենալով, որ հասարակությունը ճիշտ չի ընկալի, որ յուրայինների մեջ կդառնան օտարը:  Կոլումբիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Անի Քալաջյանի  դիտարկմամբ,  չխոսելը վկայում է նաև վերապրածների ցավի չհաղթահարման մասին. ցավն ու սարսափն այնքան ուժգին էին, որ դժվար էր այդ մասին պատմելը, առավել ևս խոսելը հարազատների հետ:

 

-Մեր հարցվածների 75 տոկոսն առաջին անգամ իրենց անցած ճանապարհի մասին խոսել են մեզ հետ հարցազրույցի ժամանակ, իմ հայրը ևս երբեք չի խոսել, ես 16 տարեկան էի, երբ Հալեպից գնացի Նյու Յորք սովորելու և միայն այնտեղ իմացա Ցեղասպանության արհավիրքի մասին, սա բնորոշ է նաև այլ ցեղասպանված խմբերի, ազգերի ևս, բայց սա նաև բնորոշ էր կանանց, քանի որ հնարավորինս փորձում էին խնայել իրենց զավակներին, փորձում էին մոռանալ, ապրել նոր կյանքով,- ասում Քալաջյանը՝ ներկայացնելով  “Meaningfulworld” ծրագրի շրջանակում կատարված  իրենց հետազոտությունները:  Ծրագիրը   նաև հոգեբանական աջակցություն  է ցուցաբերում  աշխարհի ամենաթեժ կետերում , արհավիրքների հետևանքով տուժածներին: 

 

  Ուսումնասիրությունները  փաստում են, որ չնայած մեկ դար է անցել, Ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի երկրորդ, երրորդ սերունդներն այսօր էլ դեռ կրում են դրա հետեւանքները, որն ավելի է խորանում Թուրքիայի ժխտողական կեղվածքի պայմաններում: 

 

-Շատերը մեղավոր էին զգում, որ կենդանի են մնացել, մինչդեռ իրենց հարազատներին չեն կարողացել փրկել, սա իրենց ողջ կյանքում տանջել է, չնայած ԱՄՆ-ում արդեն կայացած ու հաջողակ էին , սակայն զգացական դաշտում խորը կսկիծ ունեին, ամեն հարցից հետո հուզմունքն անխուսափելի էր,- պատմում  է Քալաջյանը:

 

Դրա հիմնական պատճառը, նրա համոզմամբ,  Ցեղասպանության փաստի Թուրքիայի կողմից մերժողականությունն է.

 

-Դրա պատՃառով է, որ  անկախ իրենցից, վերապրողները, անգամ երկրորդ սերունդը փորձում է պահել իր մեջ ցավը, որպեսզի կարողանա ցույց տալ ողջ աշխարհին, որ այդ հանցագործությունն իրապես տեղի է ունեցել, ներքին վախ կա, որ դա հաղթահարելով առավել կնվազի ճանաչման պարտադրանքը,-  ասում  է Քալաջյանը:

 

Նրա խոսքով,  սա հոգեբանության մեջ տարածված խնդիր է, քանի որ երբ հանցագործությունը վավերացված չէ, տուժողը չի կարողանում և ինչ-որ տեղ նաև չի ուզում հաղթահարել զոհի սինդրոմը: Ընդ որում, Քալաշյանի պարզաբանմամբ,  սա միայն հայերին բնորոշ խնդիր չէ, նույնը  իրենց հետազոտական խումբը նկատել է նաև ցեղասպանություն վերապրած  Ռուանդայում, Սիեռե Լեոնեում, Կոնգոյում, Հայիթիում… Այս մասին են խոսում մերօրյա բազմաթիվ հետազոտությունները:

 

 

 

Տաթևիկ Սարգսյան

Դիտումների քանակը` 3337

Գլխավոր էջ