Ամալ Քլունին ընդդեմ Հայոց ցեղասպանությունը ժխտողների

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում օրեր առաջ կայացել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումը, որի առնչությամբ վճիռ կկայացվի առաջիկա ամիսների ընթացքում:

 

Հատկանշական է, որ Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբանական խմբի անդամ, միջազգային կարգի իրավապաշտպան Ամալ Քլունին դատական լսմանը ներկայացել է Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի խորհրդանիշ հանդիսացող Անմոռուկի կրծքանշանով:

 

Իր ելույթի ժամանակ Ամալ Քլունին անդրադարձել էր Թուրքիայում խոսքի ազատության մռայլ վիճակին և մարդու իրավունքների խախտումներին: Քլունին նաև անդրադարձել էր պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանը` շեշտելով, որ այն թուրք ազգայնականների ձեռքի գործն է:

 

Միջազգային լրատվամիջոցները  լայնորեն լուսաբանել են   Ամալ Քլունիի մասնակցությանը  ՄԻԵԴ-ում .

 

The Independent-ն այդ մասին գրում է. «Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում ներկայացնում է Հայաստանը Դողու Փերինչեքի դեմ գործում, ով 2007 թվականին դատապարվել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Քլունին վիճարկում է 2013 թվականի դեկտեմբերին ՄԻԵԴ-ի՝ Փերինչեքի օգտին կայացրած որոշումը»:

 

«Ամալ Քլունին Հայոց ցեղասպանության գործով դատավարությունում Թուրքիային մեղադրում է երեսպաշտության և խոսքի ազատությունը ոտնահարելու մեջ» խորագրով հոդված է հրապարակել The Telegraph-­ը: «Հայաստանը պետք է դատարանում ունենա իր օրը: Այս դատը շատ լավ հնարավորություն է Թուրքիային ցույց տալու խոսքի ազատության նկատմամբ իր սահմանափակումները: Այդ առումով մենք Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ գտել ենք 224 դեպք»,­ մեջբերել է պարբերականը Քլունիին:

 

Daily mail-ը ևս անդրադարձել է դրան. «Ամալը՝ ընդդեմ ցեղասպանությունը ժխտողների: Նա Եվրոպական դատարանում է ընդդեմ թուրք պատգամավորի, ով 1.5 միլիոն հայերի մահը որակել է սուտ»:

 

Associated Press-ը  գրել է. «Փաստաբան Ամալ Քլունին Մարդու իրավունքների եվրոպական բարձր դատարանում է՝ ընդդեմ մի մարդու, ով դատապարտվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար»:   Կայքը մեջբերել է նաև Քլունիի խոսքը, թե «դատարանի 2013 թվականի ամենամեծ սխալն այն է, որ Փերինչեքի օգտին որոշում կայացնելիս կասկած է գցել Հայոց ցեղասպանության իրողության վրա»:

 

 

Ամալ Քլունիի ելույթի  հայերեն թարգմանությունը  այստեղ

 

Ամալ Քլունին նաեւ բացառիկ հարցազրույց է  տվել   Հայաստանից   «Փաստինֆո»-ի  թղթակցին.

 

 Տիկին Քլունի, դատարանում ձեր ելույթի ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատին մեղադրեցիք դատական սխալներ թույլ տալու մեջ՝ նշելով, որ ցեղասպանության վերաբերյալ գնահատականն այս գործում անհրաժեշտ չէր, կարո՞ղ եք մանրամասնել։

 

-Առաջին հերթին մենք դատարանում ցանկանում էինք ներկայացնել, որ դատարանի ստորին պալատը աղետալի սխալներ է թույլ տվել այս գործում։ Ստորին պալատը եզրահանգել էր, որ ցեղասպանությունն անհայտ և անապացուցելի է՝ առանց օգտագործելու իր տրամադրության տակ առկա փաստահավաք գործիքներից որևէ մեկը:  Ինչպես գիտենք 1915թ․-ին սպանվեցին 1,5մլն հայեր, և ցեղասպանությունների միջև՝ հոլոքոտ և գենոցիդ, տարբերություն դնելը, մեկը համարել հաստատված, մյուսի եղելությունը վիճարկելը, ճիշտ չէ։ Մենք առաջին հերթին դատարանից խնդում էինք ճշգրտել ստորին պալատի կատարած սխալները և հույս ունենք, որ այդպես էլ կլինի։

 

Տիկին Քլունի, ինչպիսին են Ձեր տպավորությունները Փերինչեքի կողմի ներկայացրած փաստարկներից։

 

-Չեմ կարծում, որ Հայաստանի կառավարությունը մտահոգված է, թե ինչ կասի պարոն Փերինչեքը տեղի ունեցած իրադարձություների վերաբերյալ։ Մենք գիտենք, որ Փերինչեքը Թուրքիայի դատարանի կողմից դատապարտված է և ռասիստ, ինչպես որ գտել էր Շվեյցարիայի դատարանը։ Հայաստանը գործում 3-րդ կողմ էր, և գործն իրականում Փերինչեքի և Շվեյցարիայի միջև էր։ Հայաստանի և մեզ համար կարևոր էր ցույց տալ, որ Հայաստանը չի վիճարկում խոսքի ազատությունը։ Թուրքիայում կան տասնյակ հազարավոր հայեր, ովքեր ևս պետք է հնարավորություն ունենան բանավիճել այս հարցերի շուրջ։ Մենք գիտենք նաև Հրանտ Դինքի գործից, որը ևս հասավ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։Եթե դուք ցեղասպանության մասին Թուրքիայում ասեք ճշմարտությունը, ապա կդատապարտվեք թուրքությունը վիրավորելու համար։

 

Տիկին Քլունի, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ հնարավոր է Ջորջ Քլունին ժամանի Հայաստան և մասնակցի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման 100-ամյակին, արդյո՞ք ճիշտ են այդ տեղեկությունները:

 

-Ներեցեք, ես չեմ պատասխանի իմ ամուսնուն վերաբերող հարցերին, այդ հարցով պետք է իրեն դիմեք։

 

Այդ դեպքում, հնարավո՞ր է Հայաստանում Դուք մասնակցեք ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։

 

-Շնորհակալ եմ հրավերի համար և գնահատում եմ այն։ Հույս ունեմ, որ հնարավոր կլինի։

 

 Կարդացեք թեմայի շուրջ  մեր կայքում.

 

The Telegraph. Ամալ Քլունին կներկայացնի Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում

 

 

Դիտումների քանակը` 5222

Գլխավոր էջ