«Հավասարության սերունդ» ֆորում.  Հայաստանն ընտրվեց «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր

 

Հուլիսի 1-ին Հայաստանն ընտրվեց «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» գործողությունների կոալիցիայի առաջնորդ երկիր, այս մասին է հայտնում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:

 

 

«Հավասարության սերունդ» ֆորումը գործում է Գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման պատասխանատու մարմնի՝ ՄԱԿ-Կանայք կառույցի  (UN-Women),  ինչպես նաև Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունների նախաձեռնությամբ՝ քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ։

 

 

Նախաձեռնությունը միտված է պետությունների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության համագործակցության խթանմանը՝ Կանանց հարցերով համաշխարհային չորրորդ համաժողովի և դրա շրջանակներում ընդունված Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 25-րդ տարելիցի համատեքստում։

 

 

Ֆորումը կառուցված է 6 թեմատիկ կոալիցիաների շուրջ, որոնք միտված են գենդերային հավասարության և կանանց իրավունքների կենսագործմանը և խթանմանը տնտեսական հզորացման, առողջապահության, կլիմայի, ինչպես նաև գենդերային բռնության կանխարգելման, ֆեմինիստական շարժումների և առաջնորդության ոլորտներում։

 

 

Կոալիցիաների առաջնորդների կազմում ընդգրկված են թվով 20 երկրներ, ՄԱԿ համակարգի մաս կազմող և միջազգային այլ կառույցներ, բարեգործական կառույցներ, ինչպես նաև ոլորտում հայտնի հասարակական կազմակերպություններ։

 

 

 

Առաջնորդների ընտրությունը կայացվել է համապատասխան թեմատիկ ոլորտում թեկնածուների հանձնառության դրսևորման, ոլորտում արձանագրած առաջընթացի և այլ չափանիշների հիման վրա։ Տեխնոլոգիաների և նորարարության ուղղությամբ թեմատիկ կոալիցիայի  համար առաջնորդության իր թեկնածությունն առաջադրելիս՝ Հայաստանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթություններն` ուղղված կանանց իրավունքների պաշտպանության, քաղաքական և տնտեսական ոլորտներում կանանց դերի բարձրացմանը, ինչպես նաև տեխնոլոգիաների ու նորարարության ոլորտներում ՀՀ արձանագրած առաջընթացն ու հանձնառությունները։

 

 

«Տեխնոլոգիաների և նորարարության» թեմատիկ կոալիցիայի աշխատանքներն ուղղորդվելու են առաջնորդ ընտրված 3 երկրների՝ Հայաստանի, Ֆինլանդիայի և Թունիսի կողմից, ՄԱԿ մանկական հիմնադրամի /UNICEF/ և Հեռահաղորդակցության միջազգային միության /ITU/ հետ համագործակցությամբ։

 

 

«Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում նախաձեռնվում է նաև Կանանց, խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործողության վերաբերյալ նորարարական համաձայնագրի մշակումը, որը միտված է ռեսուրսների ներդրմանը` խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործողությունների ապահովման նպատակով։ Համաձայնագիրը կամրապնդի արդեն իսկ առկա նախաձեռնությունների և համագործակցությունների համակարգումը՝ վերահաստատելով կանանց և երիտասարդների մասնակցության կարևորությունը խաղաղության, անվտանգության և մարդասիրական գործընթացներին՝  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանանց, խաղաղության և անվտանգության վերաբերյալ 1325 բանաձևի ընդունումից 20 տարի անց։

 

 

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է «Հավասարության սերունդ» ֆորումի  կայքում։

 

 

Հիշեցնենք, որ «Հավասարության սերունդը» գլոբալ ֆորումը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականին Մեխիկոյում և Փարիզում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն տեղափոխվել է հաջորդ տարի և անցկացվելու է 2021 թվականի առաջին կեսին:

 

«Հավասարության սերունդը» ֆորումը  քաղաքացիական հասարակության գլոբալ միջոցառում է, որը կազմակերպում է ՄԱԿ-Կանայք կառույցը՝ Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունների հետ համագործակցությամբ: Համաժողովի նպատակն է նոր լիցք հաղորդել ողջ աշխարհի ֆեմինիստական և կանանց շարժումներին, համախմբել երիտասարդ առաջնորդներին, այդ թվում՝ տղամարդկանց, «Գործողությունների կոալիցիաների» շուրջ:

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Պեկին+ 25. «Կանանց իրավունքների ոլորտում առաջընթացն այնքան էլ հեռուն չի գնացել»

 

«Աշխարհը չի կարող այդքան քիչ կին ունենալ իշխանության մեջ». զեկույց

 

Մարտի 8-ի կարգախոսը՝ «Ես հավասարության սերունդն եմ. իրագործե՛նք կանանց իրավունքները»

 

ՄԱԿ-ը կրճատել է Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը կորոնավիրուսի պատճառով

 

Դիտումների քանակը` 2214

Գլխավոր էջ