Զեկույց. «Ողջ աշխարհում կանայք շարունակում են ավելի քիչ վարձատրվել, քան տղամարդիկ»

Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրապարակված այս տարվա Աշխատավարձի  գլոբալ զեկույցի (Global Wage Report 2018/19) տվյալներով` աշխարհում կանանց ու տղամարդկանց տրվող աշխատավարձերի չափերի միջև խզումը՝ 16-22 տոկոս է կազմում։ Զեկույցի հեղինակներն այս եզրակացությունն արել են` ուսումնասիրելով կանանց ու տղամարդկանց տրվող աշխատավարձերի չափերը 73 երկրներում, որտեղ ապրում է աշխատողների 80 տոկոսը։ Զեկույցում գենդերային խզումը  հաշվարկված է նորարական ու ավելի ճշգրիտ եղանակով։ Զեկույցը նաև նպատակ ունի բացահայտելու  կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի տարբերության պատճառները:

 

Ըստ զեկույցի աշխատավարձերի միջև եղած անհավասրության տատանումները տարբեր երկրներում տարբեր են, օրինակ Պակիստանում 34 տոկոս է կազմում, իսկ այ Ֆիլիպիններում  կանայք մինչև 10.3 տոկոսով ավելի շատ են վարձատրվում, քան տղամարդիկ։  Նշվում է, որ անհավասար վճարումների խնդիրն առկա է բոլոր երկրներում, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի եկամուտ ունեցող երկրների շարքին  է դասվում տվյալ պետությունը։  Զեկույցը բացահայտում է, որ բարձր եկամուտ ունեցող երկրներում  այս խզումը  ավելի մեծ է առավել բարձր աշխատավարձ ստացողների շրջանում, մինչդեռ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում՝ ցածր աշխատավարձ ստացողների շրջանում։

 

 

Զեկույցի հեղինակները հարց են հնչեցնում՝ արդյոք տղամարդիկ ավելի շատ են վճարվում ավելի լավ կրթություն ունենալո՞ւ, թե՞ ավելի արդյունավետ աշխատելու համար։ Անդրադառնալով այս հարցադրմանը,  զեկույցը  ցույց է տալիս, որ ավանդական ու դասական այն բացատրություններն ու հիմնավորումները, ըստ որոնց կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը պայմանավորված է կրթության մակարդակով, շատ քիչ դեր են խաղում աշխատավարձերի գենդերային խզումը  բացատրելիս։

 

 

«Շատ երկրներում կանայք շատ ավելի բարձր կրթություն ունեն, սակայն ավելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ, նույնիսկ այն դեպքում, երբ նույն մասնագիտական կատեգորիաներում են»,-ընդգծել է զեկույցի հեղինակներից Ռոզալիա Վազքեզ-Ալվարեզը, ով  կազմակերպության տնտեսագետներից ու աշխատավարձի մասնագետներից է։ Նա ընդգծել է, խնդրի լուծման համար քայլեր ձեռնարկելիս պետք է շեշտադրել կանանց ու տղամարդկանց վճարման հավասարությունը։

 

 

«Թե տղամարդկանց, թե կանանց աշխատավարձերը հատկապես ցածր են այն ձեռնարկություններում ու մասնագիտությունների դեպքում, որտեղ գերակշռում է կանանց աշխատուժը։ Հետևաբար, աշխատավարձի խզումը  նվազեցնելու համար պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել կանանց և տղամարդկանց հավասար վարձատրության ապահովմանը, ինչպես նաև կանանց աշխատանքի թերագնահատման խնդրի լուծմանը»,-ընդգծել  է նա։

  

 

Աշխատավարձերի  գենդերային տարբերության  վրա բացասաբար ազդող գործոններից մեկն էլ մայրություն է։ Զեկույցը ցույց է տալիս, որ մայրիկներն ավելի հակված են ցածր աշխատավարձով աշխատանքի, քան ոչ մայրիկները։ Դա կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով, ինչպիսիք են օրինակ աշխատաշուկայում ընդհատումները, աշխատաժամանակի կրճատումը, քիչ զբաղվածությունը։ Ուշագրավ է սակայն, որ ներկայացված փաստերը վկայում են, որ մինչ մայրանալն էլ արդեն գենդերային խզումն  առկա է։  Սա ենթադրում է կարծրատիպերի և խտրականության դեմ պայքարի անհրաժեշտություն հենց աշխատաշուկա մուտք գործելու պահին։

 

 

Ըստ զեկույցի,  աշխատաշուկա մուտքի հնարավորությունը նույնպես խնդիր է, այն  հավասարաչափ մատչելի չէ կանանց ու տղամարդկանց համար։ Աշխատաշուկայի մասնակցության գենդերային խզումը 27 տոկոս է,  այն առավել մեծ է Արաբական երկրներում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային Ասիայում։ Այ երկրներում խզումը մոտ 50 տոկոս է։ Կանանց առավել քիչ են հասանելի բարձր վարձատրվող աշխատատեղերը, պատճառներից մեկն էլ տան և ընտանիքի խնամքի հետ կապված գործերն են, այսպես կոչված չվճարվող աշխատանքը, որն անհավասար է բաշխված կանանց ու տղամարդկանց միջև։ Հիմնականում հենց կանայք են զբաղվում կենցաղային գործերով, խնամում երեխաներին ու մեծահասակներին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք ավելի երկար ժամանակ են տրամադրում չվարձատրվող աշխատանքի կատարման համար, և այդ անհամաչափ բաշխումը խոչընդոտ է դառնում աշխատանքի շուկայում կանանց մասնակցության համար։ Բացի այդ, կանայք ավելի քիչ ժամեր են կարողանում հատկացնել տնից դուրս աշխատելուն, քան տղամարդիկ։

 

 

Աշխատավարձերի գենդերային խզման առկայությունը զեկույցի հեղինակները պայմանավորում են նաև ազգային օրենսդրությունների բացերով և այլ հարցերով։ Նրանք օրինակ, նկատել են, որ տղամարդիկ ավելի հաճախ են պարգևավճարների արժանանում աշխատավայրում երկար մնալու համար, իսկ կանայք դրանից զրկվում են, քանի որ ստիպված են ընտանեկան պարտականությունները կատարել և չեն կարող աշխատանքային ժամերից դուրս աշխատել։

 

 

Զեկույցի հեղինակները ուսումնասիրության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ բարձր եկամուտ ունեցող երկրների կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի միջև եղած տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Բարձր եկամուտ ունեցող երկրներից Շվեդիայում է, որ այդ անհավասարությունն ամենափոքրն է, իսկ  Չիլիում այն ամենամեծն է։

 

 

Ըստ զեկույցի , չնայած Հայաստանում աշխատավարձերի գենդերային խզումը (32,5%) բարձր է միջին ցուցանիշից (16-22%),  ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների խմբում Հայաստանում ու Մոնղոլիայում է, որ կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի միջև ամենաքիչ տարբերությունն է։ Այդ խմբի երկրների թվում ամենամեծ անհավասարությունն այդ առումով Հարավային Աֆրիկայում ու Նամիբիայում է։

 

 

Հիշեցնենք, որ 2017 թ. տվյալներով ՀՀ-ում կանանց միջին ամսական անվանական աշխատավարձը (վաստակը) կազմել է տղամարդկանց վաստակի 67,5%-ը, կամ վարձատրության տարբերությունը կազմել է 32,5%: Թեպետ Հայաստանի աշխատանքային ռեսուրսների կազմում բարձրագույն կրթություն ունեցողների 59%-ը կանայք են, սակայն կանանց մասնագիտական առաջընթացում առկա դժվարությունների պատճառով բարձր կրթական մակարդակը միշտ չէ, որ մեղմում է աշխատավարձի գենդերային խզումը: Աշխատավարձերի գենդերային տարբերությունը բացատրվում է աշխատանքի շուկայում հորիզոնական և ուղղահայաց խտրազատմամբ: Ղեկավար պաշտոն զբաղեցնող տղամարդիկ գերազանցում են կանանց 2,4 անգամ: Այդ  խտրազատումը պահպանվում է նույնիսկ զբաղվածության ավանդաբար կանացի համարվող ոլորտներում՝ առողջապահություն, կրթություն, մշակույթ, գյուղատնտեսություն: Կանայք ավելի շատ են ներգրավված բարձր (59%) և միջին (58%) որակավորում պահանջող աշխատանքներում, քան տղամարդիկ:

 

 

Զեկույցը կենտրոնանում է աշխատավարձերի գենդերային խզումը վերացնելու միջոցառումների վրա, իսկ մինչ այդ ենթադրվում է, որ անհրաժեշտ է որոշակի քայլեր կատարել աշխատավարձերի վերաբերյալ հիմնական քաղաքականության վերանայման ուղղությամբ: Հեղինակները նկատում են, որ խնդրի լուծման համար որոշ երկրներ օրենքով աշխատավարձի նվազագույն շեմ են սահմանել։ Մինչ շատերը «հավասար աշխատանք, հավասար վարձատրություն» են պահանջում, երկրների միայն 40 տոկոսն է որդեգրել այդ սկզբունքը։

 

 

Հետաքրքիր է Գերմանիայի օրինակը, երբ ըստ օրենքի, 200 և ավելի աշխատակից ունեցող ընկերությունը պարտավոր է բացահայտել բոլոր աշխատակիցների աշխատավարձերի չափերը։ Սա թափանցիկ է դարձնում գործընթացը։ Միացյալ Թագավորությունում էլ 2017-ից նման օրենք է գործում, որտեղ 250 և ավելի աշխատակից ունեցող կազմակերպությունները պետք է հրապարակեն աշխատավարձերի, բոնուսների, պարգևավճարների տարբերությունների մասին տեղեկատվություն։

 

 

Ըստ հեղինակների, նման հաշվետվություններն օգնում են բացահայտել գենդերային վճարումների խզումը, կանխել տղամարդկան ու կանանց անհավասր վճարելու դեպքերը։ Այդ նպատակին ուղղված կարևոր գործիք է  նաև  աուդիտը։Զեկույցի հեղինակները նշում են, որ վերջին տարիներին շատ երկրներում աշխատավարձերի գենդերային տարբերությունը փոքրացնելուն ուղղված գործիքներ են  մշակվում ու միջոցառումներ իրականացվում։ Այդ անհավասարությունը կրճատմանն ուղղված միջոցառումները պետք է ներառվեն գենդերային հավասարությանն ուղղված  առավել ընդգրկուն քաղաքականության  մեջ։

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

10 փաստ աշխատանքի շուկայում  կանանց ու տղամարդկանց անհավասարության մասին/ ինֆոգրաֆիկա

 

Դիտումների քանակը` 1706

Գլխավոր էջ